Ռիօ տը Ժանէյրոյի մէջ տեղի ունեցող 2016-ի ամառնային ողիմպիական խաղերուն, տղոց թենիսի մրցաշարքին ծիրին մէջ սպանացի Ռաֆայէլ Նատալ ապահովեց քառորդ աւարտականին իր տոմսը` 7-6 եւ 6-3 արդիւնքով յաղթելէ ետք ֆրանսացի Ժիլ Սիմոնին: Անոր յաջորդ մրցակիցը պիտի ըլլայ պրազիլցի Թոմաս Պելուչի:
Քառորդ աւարտական հասան նաեւ արժանթինցի Խուան Մարթին Տել Փոթրօ եւ սպանացի Ռոպերթօ Պաութիսթա:
Անոնց միացան նաեւ անգլիացի Էնտի Միւրէյ եւ ամերիկացի Սթիւ Ճոնսըն:
Տղոց պասքեթպոլի մրցաշարքին ծիրին մէջ, Քարմելօ Անթոնի Միացեալ Նահանգներու տղոց ազգային խումբին ամէնէն արդիւնաւէտ մարզիկը կը նկատուի:
Անթոնի, որ չորրորդ անգամ ըլլալով կը մասնակցի ողիմպիական խաղերուն, Աւստրալիոյ դէմ իր կազմին արձանագրած յաղթանակին ընթացքին (98-88) նշանակեց 31 կէտ: Ան ցարդ նշանակած է 293 կէտ: Ան գրաւեց Լեպրըն Ճէյմսի դիրքը, որ նահանջեց 2-րդ դիրք (273 կէտ):
Ինչ կը վերաբերի այլ ամերիկացիի մը` լողորդ Մայքըլ Ֆելփսին, որ 21-ակի ախոյեան է, այժմ կը հանդիսանայ անհատական մարզաձեւի մէջ ողիմպիական խաղերու բոլոր ժամանակներու ամէնէն աւելի տիտղոսակիր մարզիկը:
Աղջկանց ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ տեղի ունեցած կարգ մը մրցումներէն ետք, աւարտեցան խմբակներու դրութեամբ կատարուող ճակատումները:
Ե. խմբակին մէջ Հարաւային Ափրիկէ – Պրազիլ եւ Չինաստան – Շուէտ մրցումները աւարտեցան 0-0 արդիւնքով:
Է. խմբակին մէջ Քոլոմպիա 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Միացեալ Նահանգներու հետ, մինչ Ֆրանսա 3 անպատասխան գնդակ ուղարկեց Նոր Զելանտայի բերդին մէջ:
Այսպիսով, քառորդ աւարտականի մրցումները պիտի շարունակեն Պրազիլ, Չինաստան, Շուէտ, Քանատա, Գերմանիա, Աւստրալիա, Միացեալ Նահանգներ եւ Ֆրանսա:
Տղոց քառորդ աւարտականի մրցումները պիտի ընթանան հետեւեալ ձեւով.
Փորթուգալ – Գերմանիա
Նիկերիա – Դանիա
Հարաւային Քորէա – Հոնտիւրաս
Պրազիլ – Քոլոմպիա
Տղոց ֆութպոլի մրցաշարքին գծով, Դ. խմբակին մէջ Արժանթին 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրելէ ետք Հոնտիւրասի հետ, դուրս մնաց մրցաշարքէն:
Վերջին անգամ 1964-ին էր, որ Արժանթին չէր կրցած յաղթահարել ողիմպիական խաղերու խմբային հանգրուանը:
Այս խմբակէն փլէյ-օֆի հանգրուան հասան Փորթուգալ (7 կէտ) եւ Հոնտիւրաս (4 կէտ):
Տղոց ժիւտոյի 81 քկ դասակարգի մրցումներուն, հասան Խալմուրզայեւ իր երկրին` Ռուսիոյ համար ապահովեց 3-րդ ոսկի մետալը (5 արծաթ եւ 3 պրոնզի կողքին), երբ աւարտականին իր կատարած մրցումին յաղթեց ամերիկացի Թրեւիս Սթիւընսընին:
Շարունակելով իր յաջող ելոյթներու շարքը` ողիմպիականի իր երրորդ ոսկի մետալին տիրացաւ հունգարացի լողորդ Քաթինքա Հոսու:
Աղջկանց 200 մեթր լողարշաւի մրցումներուն, ան արձանագրելով 2′ 06″ 58 արդիւնք մը, ոչ միայն ոսկի մետալին տիրացաւ, այլ նաեւ հաստատեց աշխարհի նոր մրցանիշ մը:
Ան իր առաջին երկու ոսկի մետալներուն տիրացած էր 100 եւ 400 մեթր լողարշաւի մրցումներուն:
Ստորեւ` մետալներու դասաւորումը.
ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԳՈՒՄԱՐ | |
1.- Միացեալ Նահանգներ | 13 | 12 | 10 | 35 |
2.- Չինաստան | 10 | 6 | 9 | 25 |
3.- Ճափոն | 6 | 1 | 12 | 19 |
4.- Աւստրալիա | 5 | 3 | 6 | 14 |
5.- Հարաւային Քորէա | 5 | 2 | 4 | 11 |
6.- Հունգարիա | 5 | 1 | 1 | 7 |
7.- Ռուսիա | 4 | 7 | 6 | 17 |
8.- Գերմանիա | 4 | 3 | 1 | 8 |
9.- Իտալիա | 3 | 6 | 3 | 12 |
10.- Անգլիա | 3 | 5 | 6 | 14 |
11.- Ֆրանսա | 2 | 4 | 4 | 10 |
12.- Ղազախստան | 2 | 2 | 3 | 7 |
13.- Թայլանտ | 2 | 1 | 1 | 4 |
14.- Սպանիա | 2 | 0 | 1 | 3 |
14.- Զուիցերիա | 2 | 0 | 1 | 3 |
16.- Խրուաթիա | 2 | 0 | 0 | 2 |
17.- Նոր Զելանտա | 1 | 3 | 0 | 4 |
18.- Հոլանտա | 1 | 2 | 2 | 5 |
19.- Շուէտ | 1 | 2 | 0 | 3 |
20.- Պելճիքա | 1 | 1 | 1 | 3 |
20.- Պրազիլ | 1 | 1 | 1 | 3 |