ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ
Օրեր առաջ կարդացինք Ռուսաստանի Լիպերալ դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ Ժիրինովսքու կեղտոտ բարբաջանքը Հայաստանի հասցէին: Պաշտօնական շրջանակներ ներկայացնող կամ պարզապէս ռուսասէր տարբեր անձինք նման պարագաներում փորձում են երեւոյթը մեղմել` մեկնաբանելով, թէ գործ ունենք գժի հետ:
Իրականում Ժիրինովսքին սովորական գիժ չէ: Նախ` նա յետխորհրդային Ռուսաստանի իշխանութեան մէջ ներկայացուած ամենաերկարակեաց քաղաքական առաջատար ուժերից մէկի առաջնորդն է: Նա այն մարդն է, որը աշխուժօրէն ներկայ է իր երկրի հասարակական-քաղաքական կեանքում, իսկ Ռուսաստանը քիչ թէ շատ ճանաչելով` կարելի է վստահ լինել, որ եթէ նա իր «իւրայատուկ» դերի մէջ պահանջուած չլինէր, վաղուց կ՛անհետանար ասպարէզից, ինչպէս անհետացան ուրիշ նորակազմ կուսակցութիւններ: Այս անձի եւ նրա ներկայացրած քաղաքական ուժի ի յայտ գալու ժամանակներում դեռեւս ռուսական աղբիւրներից փաստեր ի յայտ եկան այն մասին, որ վերափոխուող Ռուսաստանում եւրոպական դասական միաժամանակ ժամանակակից կուսակցութիւններին համահունչ ինչ-որ բան իրենց երկրում ստեղծելու եւ այն գլխաւորելու համար խորհրդային Պետական անվտանգութեան կոմիտէի գզրոցներից էր դուրս բերուել Վլատիմիր Ժիրինովսքու անունը:
Եւ այն, որ նա անկախ թէ քաղաքական դաշտի որ` հատուածում կը լինի, յստակօրէն քաղաքական պատուէրի կրող է, կարծես թէ ակնյայտ է: Նա այն ջոկատի գործիչներից է, ովքեր տանում են վելիկոռուսական շովինիզմի քրքրուած դրօշը: Խնդիրը, սակայն, Ժիրինովսքին չէ: Ոչ էլ` տարբեր տրամաչափի ու կարգավիճակի քաղաքագէտ քաղաքականագէտ-վերլուծաբանները, ովքեր ժամանակ առ ժամանակ «յիշեցնում են» հայութեանը, թէ «ձեզ վատ պահէք», կը խռովենք, կ՛առնենք մեր զօրքն ու կը հեռանանք Հայաստանից: Այստեղ ամենաէականն այն է, որ մենք իրապէս հաւատում ենք, թէ մեզ լաւութիւն անելու համար է ռուսական զօրքն ու ռուսական ազդեցութիւնը Հայաստանում ներկայ, եւ մենք ըստ այդմ պէտք է մեզ պահենք: Սա մի հանգամանք է, որ բարդոյթաւորում է մի ամբողջ ժողովրդի ու նախ եւ առաջ հոգեբանական կախուածութեան մէջ է դնում շատ-շատերին:
Իրականութիւնն այն է, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդէպ միշտ էլ խարսխուած է եղել ռուսական շահի յստակ հաշուարկի վրայ:
19 եւ 20-րդ դարերում տեղի ունեցած ռուս-թուրքական երեք պատերազմների (1828-1829, 1877-1878, 1914-1918) հետեւանքում Ռուսաստանը պատմական Հայաստանը դիտարկեց որպէս ռազմաքաղաքական փորձադաշտ` մեզ ներքաշելով դրա մէջ, ռազմարշաւներ կազմակերպեց դէպի Արեւմտահայաստան, ապա, ինչ-ինչ խնդիրներ լուծելուց յետոյ, ետ քաշուեց` հայութեանը թողնելով թուրքական եաթաղանի ու տեղահանութեան հարկադրանքի առջեւ:
Կարելի է յիշել, որ Ա. Համաշխարհային պատերազմի նախօրեակին հայ քաղաքական կեանքի առաջնորդ Դաշնակցութիւնն իր բարձրագոյն ժողովում որոշել էր, որ պատերազմի պարագայում, հայութիւնը պէտք է չէզոքութիւն պահպանի եւ որպէս հպատակ ժողովուրդ` թէ՛ Ռուսաստանում եւ թէ՛ Թուրքիայում իր գործողութիւնները պէտք է համընկեցնի տուեալ երկրների պետական շահերի հետ: Ինչպէս, սակայն, գրում է ազգային ազատագրական պայքարի եւ Ա. հանրապետութեան նշանաւոր գործիչ Ռուբէն Տէր Մինասեան «Հայ թուրքական կնճիռը» աշխատութեան մէջ, Ռուսաստանը թուրքական արշաւանքների մէջ էր ներգրաւում կովկասեան ժողովուրդներին: Հայութեան շրջանում էլ յայտնուել էին կասկածելի մարդիկ, ովքեր ռուսական շահի քարոզն էին անում եւ այլ ելք չէր մնում, քան` ժողովրդի ճակատագրի տնօրինութիւնը չթողնել բախտախնդիրների ու արկածախնդիրների ձեռքին: Ի հարկէ հայկական կամաւորական շարժումը նաեւ պարտադրուած քայլ էր կրակի բոցերում յայտնուած արեւմտահայութեանը հնարաւորինս պաշտպանելու համար: Ռուսները, սակայն, ցեղասպանութեան շեմին հեծեծացող ժողովրդին ուղղակիօրէն լքեցին ու ետ դարձան, իսկ յետոյ փրկեցին Թուրքիային Սեւրի դաշնագրի ամբողջական հետեւանքներից եւ ընդհանրապէս կայսրութեան մնացորդացի քայքայումից` տրամադրելով զօրք, զէնք, ոսկի, քաղաքական հովանաւորութիւն: Ի դէպ, այս անգամ եւս մոռանալով, թէ նախօրեակին որքան ռուս զինուորների էին մորթել թուրքերը, ինչպէս, ի դէպ, կովկասեան թաթար նրանց եղբայրները:
Հեռւում օրինակներ չփնտռելու համար պարզապէս մտաբերենք, որ «անկախացած» Ռուսաստանի պաշտօնական ներկայացուցիչները տարբեր առիթներով յայտարարել են, որ ցանկացած երկրի հետ յարաբերութիւնները կառուցելու են միմիայն Ռուսաստանի շահերի հաշուարկմամբ:
Շա՛տ լաւ, ո՛չ զարմանում ենք եւ ո՛չ էլ տխրում, բնականօրէն այդպէս պէտք է լինի: Միւս կողմից` ինչո՞ւ որոշ հայերի ու ռուսների մօտ ցնցումներ է առաջանում այն մտքից, որ Հայաստանն էլ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները պէտք է կառուցի սոսկ հայկական շահերի հաշուառմամբ:
Վերադառնանք ռուսական շահերի հարցին: Ռուսաստանն այսօր Ազրպէյճանին զէնք է վաճառում` շատ լաւ իմանալով, որ այդ զէնքը հիմնականում հայերի վրայ կրակելու համար է, Ռուսաստանը յարաբերութիւններ է կառուցում նոյն Ազրպէյճանի ու Թուրքիայի հետ` իրական վտանգ ստեղծելով հայութեան շահերի դէմ: Ի դէպ, խորհրդային դասագրքերով պատմաբան դարձած որոշ մարդիկ այսօր էլ պնդում են, որ եթէ Դաշնակցութիւնը 19 կամ 20 թուականներին շուտ յանձնէր իշխանութիւնը պոլշեւիկներին, ապա չէր լինի հայկական հողերի ռուս- թուրքական առեւտուրը: Լաւ կը լինի` պատմաբանները նաեւ բացատրեն, թէ ինչո՛ւ է այսօր ծառացել ազատագրուած տարածքների հարցը, երբ Հայաստանը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի դաշինքների մէջ է Ռուսաստանի հետ:
Հասնենք հայ ժողովրդին արուող «լաւութիւնների» հարցին: Դարեր շարունակ, ռազմավարական հայեցակարգի համաձայն, Ռուսաստանը ցանկանում է շրջապատել իրեն դաշնակից երկրներով, նախ եւ առաջ հնարաւոր պատերազմները, այսպէս կոչուած, պուֆերային գօտում վարելու համար: Հայաստանի սահմաններին կանգնած ռուսական զօրքը Ռուսաստանի համար առաջին հերթին ունի աւանդական թշնամու հնարաւոր առաջխաղացումը իր սահմաններից հեռու կասեցնելու գործառոյթ: Եթէ այդ հնարաւոր պատերազմները տեղի ունենան Ռուսաստանի հարաւային սահմանի վրայ, ապա այլ անցանկալի հանգամանքների կողքին, հաւանական է այստեղ ապրող թուրք-մահմետական ցեղերի անջատողական ապստամբութիւնների բռնկումը:
Ռուսաստանը ներկայումս խիստ մտահոգ է իսլամական ծայրահեղականութեան բորբոքած կրակի տարածումից նոյն հարաւային սահմաններում: Պատահական չէր նախագահ Փութինի այցելութիւնը Հայաստան` Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից յետոյ եւ մեր երկրում ունեցած ռազմական ուժի ու զինատեսակների համալրումը: Դեռեւս 2014 թուականի ամրանը, երբ հայ-ազրպէյճանական հակամարտութեան սրումից յետոյ Փութինը Սոչիում կազմակերպեց հանդիպում Սերժ Սարգսեանի ու Ալիեւի հետ, ռուս վերլուծաբանները գրեցին, թէ Փութինը վախենում է, որ պատերազմի բռնկումը առիթ կը դառնայ իսլամականների թափանցման համար Ազրպէյճան ու այստեղից էլ շուռ գալը դէպի Ռուսաստան: Պատահական պէտք չէ համարել նաեւ, որ 2016 թուականի ապրիլեան յայտնի իրադարձութիւնների ժամանակ Ռուսաստանը զօրավարժութիւններ սկսեց Ազրպէյճանին սահմանակից Տաղստանում: Նոյն Ժիրինովսքին ռուս-թուրքական լարուածութեան օրերին տրուած հարցազրոյցում ասաց, որ եթէ արտաքին ուժերը բախումներ հրահրեն միանգամից Ռուսաստանի հարաւային սահմանում, Տոնպասում եւ Միջին Ասիայում, ապա Ռուսաստանի համար չափազանց բարդ կը լինի այդ իրավիճակները յաղթահարել:
Խորհրդային Միութեան քայքայումից յետոյ ըստ էութեան, Անդրկովկասը ռուսական ազդեցութեան ծիրում է մնացել Հայաստանի ռուսական կողմնորոշման շնորհիւ: Որքան էլ այդ երկիրը սիրախաղեր անի Ազրպէյճանի հետ, նա հրաշալի գիտի, որ յարմար առիթի դէպքում ազրպէյճանցիները դարձեալ ռուսներին կը մորթէն, ինչպէս հարիւր տարի առաջ մորթեցին թուրքական ճակատից տուն վերադարձող զինուորներին եւ հեշտութեամբ քաղաքական արեւելումները կը վերանայեն, ինչով որ զբաղուած են քառորդ դար շարունակ: Հայաստանի դերակատարութիւնը կենսական նշանակութիւն ունի Ռուսաստանի համար` որպէս կովկասեան խաղացողի, որպէս հակաթուրք երկրի, որպէս մերձաւոր-միջին արեւելքի բանալու, որպէս քրիստոնէական կղզեակի ու հոգեւոր- քաղաքակրթական կենտրոնի, որպէս գիտական եւ այլ առումներով քնած ներուժ ունեցող ժողովուրդի եւ այլն: Այնպէս որ, դեռ պէտք է հաշուել` ո՞վ ի՛նչ է տալիս եւ ի՛նչ է ստանում այս յարաբերութիւններից եւ երբեմն այդ մասին բացատրել մեր դաշնակիցներին:
Հասկանալի է, որ ռուսական մեծապետական շովինիզմի ներկայացուցիչները կատաղում են` տեսնելով, որ Հայաստանը այս տարիներին փորձում է բազմաբեւեռ քաղաքական, տնտեսական, ուժանիւթային, ռազմական եւ այլ կապեր ստեղծել` հնարաւորինս նուազեցնելով միակողմանի կախուածութիւնները:
Բոլոր այս դատողութիւնները, ի դէպ, չեն ենթադրում գնալու հայ-ռուսական յարաբերութիւնների վատթարացման: Դա չի բխում մեր շահերից: Ինչո՞ւ, օրինակ, մենք պէտք չէ պահպանենք ու զարգացնենք ՀԱՊԿ-ի մեր հնարաւորութիւնները, երբ ամբողջ աշխարհն է ձգտում ռազմական դաշինքների, եւ մանաւանդ որ համարժէք այլընտրանք չի նշմարւում: Ինչո՞ւ պէտք չէ զարգացնենք ԵՏՄ-ին մեր հնարաւորութիւնները, եթէ դրանք մեզ համար ենթադրում են առեւտրատնտեսական հնարաւորութիւնների ընդլայնում, մուտք` հաւանական նոր շուկաներու եւ այլն:
Հայաստանը կարող է եւ պէտք է դառնայ հզօր երկիր` դուրս գալով այս արատաւոր շրջանից եւ ծրագրուած հետեւողականութեամբ զարգանալով: Ռուս-հայկական շահերի ու հետաքրքրութիւնների հեռանկարը տեսանելի ապագայում պահպանուելու է, բայց այդ` յարաբերութիւնները պէտք է կառուցուեն հաւասար գործընկերութեան, միմեանց ինքնիշխանութեան յարգման սկզբունքների վրայ: Մենք պէտք չէ շատ յուզուենք, միաժամանակ հաշիւ պահանջենք, եթէ ինչ-որ շովինիստ փորձում է վերեւից նայել:
Արժանապատիւ պահուածք եւ գործելակերպ ունենալու համար Հայաստանն ունի բոլոր նախադրեալները:
«ԴՐՕՇԱԿ»