ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ
Անկախ նրանից , թէ յուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած յեղաշրջման փորձը բեմականացուած էր, թէ ոչ, մէկ բան ակնյայտ է. Էրտողանն այս պատմութեան միջից դուրս եկաւ աւելի հզօր, աւելի անվախ, ապահովեց իր հետագայ անսահմանափակ լիազօրութիւնները երկրի կառավարման հարցում, կարճ ասած` նա գրեթէ օսմանեան փատիշահ է: Այլ կերպ ասած` նա երբեւէ այսքան մօտ չի եղել իր երազանքին, ինչպէս այսօր: Փաստացի, յուլիսի 16-ից յետոյ այլեւս նրա ձեռքերում են երկրի երեք հիմնական քաղաքական ուժերը, ամբողջովին հնազանդեցուած է բանակը, մամուլը, եւ ամենակարեւորը` հասարակութեան մէջ Էրտողանի առանց այդ էլ բարձր վարկանիշը արդէն իսկ հասնում է ամպերին: Կարող ենք ասել, որ եթէ այս յեղաշրջման փորձն իրական էր, ապա հեղինակները աւելի մեծ լաւութիւն անել չէին կարող Էրտողանին, իսկ եթէ ոչ, ապա Էրտողանը մեր ժամանակների ամենաարկածախնդիր, ամենափառասէր, դաժան եւ, ցաւօք սրտի, քարիզմաթիք ու բախտաւոր առաջնորդներից է:
Այս նշանակալից յաղթանակը Էրտողանը տարաւ իր ձեռքում եղած երեք կարեւորագոյն գործօնների շնորհիւ, որոնց վրայ նա աշխատել է մէկ տասնամեակից աւել: Դրանք են` հոգեւորականութիւնը, երեք հիմնական քաղաքական ուժերի աջակցութիւնը, մամուլը:
Առաջինի դէպքում գործ ունենք մի համակարգի հետ, որն ի սկզբանէ սնուցուել ու թափ է հաւաքել հէնց Էրտողանից, վերջին 15 տարիների ընթացքում: Իշխող կուսակցութիւնն, ի դէմս Էրտողանի, առաջինն էր, որը կոտրելով Աթաթուրքի ստեղծած գաղափարախօսութեան մի քանի կարեւոր առանցքներ` կրօնը բերեց, կամ աւելի ճիշդ` վերադարձրեց Թուրքիայի քաղաքական դաշտ: Իշխող կուսակցութեան կառավարման տարիներին մզկիթից հնչող էզանի ձայնը Թուրքիայում բարձրանում էր իմամների աշխատավարձերին զուգահեռ, իսկ այդ ընթացքում սնանկացող մշակութային ակումբների, թատրոնների ու մասնաւոր քոլեճների տեղում սնկի պէս աճում էին Ղուրանի դասեր կազմակերպող հաստատութիւններն ու պետական «Իմամ Հաթիփ» կրօնական դպրոցները: 15 տարուայ ծայրայեղական իսլամական քարոզչութիւնից յետոյ, 2016 թ.-ի յուլիսի 16-ի դրութեամբ արդէն աճել, հասունացել էր այն սերունդը, որը կը պառկէր բանակի հրասայլերի դիմաց` իր սիրելի նախագահի իշխանութիւնը պահելու համար եւ «Ալլահու աքպար» գոռալով` տանջամահ կ՛անէր անգամ սեփական երկրի զինուորին: Այստեղ պէտք է նշել, որ քեմալիզմը Թուրքիայում, որի գաղափարախօսութեան մեջ առաջնային տեղ էր զբաղեցնում զինուորականութեան, բանակի կատարեալ հերոսացումն ու մեծարումը, իր մահկանացուն կնքեց յուլիսի 16-ի առաւօտեան` ծեծուելով սպաննուած 20-ամեայ շարքային զինուորների հետ միասին, Վոսփորի ջրերում: Էրտողանի կերպարը հասարակութեան մէջ գնալով աւելի է նոյնականացւում օսմանեան փատիշահների կերպարի հետ, իսկ զինուորներին պատժելու մեթոտները յիշեցնում են օսմանեան ժամանակներում դաւաճանների հանդէպ կիրառուող հրապարակային հաշուեյարդարները: Այսպիսով, կարելի է ասել, որ յուլիսի 16-ին Էրտողանին յաջողուեց ճնշել ոչ միայն վատ կազմակերպուած յեղաշրջումը, այլեւ աւելի մեծ բան` «Աթաթուրքի հանրապետականութեան» հաստատութիւնը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սա իսլամական Էրտողանի հին ու ամենամեծ երազանքներից էր:
Յուլիսի 16-ը նաեւ կը նշուի Թուրքիայի Հանրապետութեան պատմութեան մէջ որպէս իսլամականութեան բացարձակ յաղթանակ: Էրտողանի կողմնակիցները, որոնց մեծ մասը արտաքնապէս եւ հոգեպէս չի տարբերւում ՏԱՀԵՇ-ի ահաբեկիչներից, այլեւս աւելի ազատ ու սանձարձակ են: Յեղաշրջման տապալումը տօնողները տարբեր քաղաքներում թիրախաւորել են եկեղեցիներ, սկսել են յարձակումներ ալեւի բնակիչների վրայ: Էրտողանին ծառայող հոգեւորականութիւնը թուրքական կոտորածների մշակոյթ վերադարձրեց «Սելայի սինտրոմը», որը վաղուց մնացել էր հայ, յոյն, հրեայ ու ալեւի բնակչութեան վատ երազներում միայն: Սելան, դա մզկիթներից ուղղուող յատուկ կոչ է ժողովրդին, որը ժամանակին օգտագործում էին լուրեր հաղորդելու համար, երբ չկար հեռուստատեսութիւն եւ համացանց: Սակայն թուրքական հասարակութեան մէջ սելան յաճախ օգտագործուել է նաեւ հիմնականում հէնց ժողովդրին փողոց դուրս բերելու, անկարգութիւններին ու կոտորածներին մասնակից դարձնելու, կրօնական հողի վրայ տարբեր ոճիրների մէջ քաղաքացիներին օգտագործելու համար: Սա կիրառուել է նաեւ հայերի, յոյների, ասորիների ու հրեաների դէմ տարբեր տարիներին, սակայն քարոզչական այս մեթոտը շատ վաղուց դուրս էր մղուել քաղաքականութիւնից: Եւ հետաքրքիր է, որ 21-րդ դարում սելան ունեցաւ այսպիսի մեծ ազդեցութիւն աշխարհիկ երկրի մէջ եւ, փաստօրէն, «Սելայի սինտրոմը» Թուրքիայում վաղուց կորցրել է իր բուն նշանակութիւնն ու փոխակերպուել` դառնալով բռնութեան ազդարար ու կոչ: Էրտողանի կառավարութիւնը սա օգտագործեց առաջին անգամ եւ յաջողեց: Երիտասարդ սերունդը սելան լսում էր առաջին անգամ: Սելայի ձայնը յուլիսի 16-ի գիշերը չի լռել մինչ լուսաբաց ու շարունակւում է կարդացուել նաեւ հիմա, երեկոյեան ժամերին: Սա արդէն յիշեցնում է, ոչ աւել, ոչ պակաս, ժիհատի վարժանք:
Ինչ վերաբերւում է մամուլին, ապա ի տարբերութիւն կրօնական զանգուածների` մամուլն ամբողջովին իրեն ենթարկելու համար Էրտողանից պահանջուեցին տարիներ: Կարելի է ասել, որ հէնց այս տարուայ սկզբին այդ գործընթացը հասաւ իր տրամաբանական աւարտին: Իշխող կուսակցութեան ժամանակաշրջանը ի սկզբանէ խափուսիկ խաղաղ էր մամուլի ներկայացուցիչների համար, սակայն մի քանի տարի անց բոլորը հատ-հատ սկսեցին պատասխան տալ գրուածների եւ անգամ չգրուածների համար, ինչպէս դա եղաւ Հրանդ Տինքի պարագայում: Այս տարի ազատ մամուլի հիմնական կորիզը համարուող վերջին զանգուածային լրատուամիջոցների փակումից յետոյ միւսներին տիկնիկի պէս խաղացնելն այլեւս խնդիր չէր: Յուլիսի 16-ին ականատես եղանք մամուլի անխափան ու աշխուժ աշխատանքին, որը, սակայն, գրեթէ ամբողջովին ծառայում էր Էրտողանի կառավարութեանը եւ շատ մեծ դեր խաղաց մարդկանց փողոց դուրս բերելու գործում:
Ի հարկէ, թուրք լրագրողների, թուրքական մամուլի պատմութեան մէջ դա նոյնպես արտակարգ ու պատմական գիշեր էր: Թուրքիայում արտակարգ վիճակների պարագայում սովոր ենք տեսնել «թեմայի վերաբերեալ ինքնուրոյն տեղեկատուութիւն տարածելու պետականօրէն դրուած արգելք», համացանցի կայքերի աշխատանքի մշտական խափանումներ, եւ յաճախ թուրք քաղաքացիները երկրում տեղի ունեցածների վերաբերեալ տեղեկատուութիւն են փնտռում օտարերկրեայ կայքերից: Մինչդեռ յուլիսի 16-ի գիշերը այլ էր: Մամուլն աշխատում էր շատ աշխուժ եւ գրեթէ անխափան: Ֆեյսպուքը միանգամից չարգելափակուեց, եղած արգելափակումն էլ բաւականին կարճ տեւեց, կարծես թէ աւանդոյթը չխախտելու համար: Որոշ ժամանակով խափանուել էր միայն Հանրային հեռուստաալիքի համացանցային կայքի աշխատանքը, որը գրաւուել էր յեղաշրջման մասնակից գրոհայինների կողմից: «Սի. Էն. Էն. թիւրք»-ի եթերը կարճ ժամանակով դադարեցուեց դրսում հնչող կրակոցների պատճառով, երբ անձնակազմը հեռուստաընկերութեան շէնքից դուրս բերուեց ոստիկանութեան աշխատակիցների կողմից:
Մինչ օրս անհասկանալի է մնում, թէ ինչպէ՞ս ստացուեց, որ գրաւուած օդակայանում վայրէջք կատարած Էրտողանի կողքին այդքան արագ հաւաքուեց լրագրողների մի մեծ խումբ, ու անխափան կերպով ասուլիս անցկացրեցին: Նորից եմ կրկնում` գրաւուած օդակայանում:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մամուլի զգալի մասը կողմնակալ էր ու էրտողանահաճոյ:
Յատկանշական է, որ Ժողովրդահանրապետական կուսակցութեան նախագահ Քըլըճտարօղլուն յաջորդ օրը շտապեց շնորհակալութիւն յայտնել թուրքական մամուլին` «նրբանկատ եւ արհեստավարժ» աշխատանքի համար եւ յաւելեց, որ յեղաշրջման տապալման գործում մեծ է նաեւ այս լրագրողների վաստակը:
Եւ այսպէս, չմոռանանք նաեւ Քըլըճտարօղլուին ու իր միւս գործընկերներին, որոնք բոլորն էլ օսմանեան հնազանդ փաշաների պէս գլուխ խոնարհեցին Էրտողանի առաջ յուլիսի 16-ի գիշերը: Սկզբում, ինչպէս եւ սպասւում էր, իշխանութեանն իր աջակցութիւնը յայտնեց ազգայնական կուսակցութեան նախագահ Տեւլեթ Պահչելին, ինչը կանխատեսելի էր: Որոշ ժամանակ անց նրան հետեւեց Քըլըճտարօղլուն, եւ ամենավերջում, կարծես թէ՛ ուսերը թափ տալով, յեղաշրջման դէմ արտայայտուեցին նաեւ քրտերը` ի դէմս Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան: Այն, որ քրտամէտ այս կուսակցութիւնն արդէն իսկ իրեն սպառել էր, երեւում էր նաեւ այս դէպքերից առաջ, սակայն սա կարելի է դիտարկել նրանց` որպէս քաղաքական ուժ աստիճաններից վերջնականապէս գլորուելուն: Սա չի նշանակում, որ երկրում քրտական գործօնն ու պայքարը վերացել է. կուսակցութիւններ վերջին 30 տարուայ մէջ քրտերը ձեռնոց շատ են փոխել: Սակայն փաստ է, որ յեղաշրջման տապալման առիթով ստեղծուած տօնախմբութիւններին առկայ էին նաեւ բազմաթիւ քրտեր: Մինչ այդ քրտաբնակ մի շարք քաղաքներում նոյնպէս մարդիկ դուրս էին եկել` «Դէմ ենք յեղաշրջմանը» վանկարկումներով: Սա յիշեցնում է այն, թէ ինչպէս քարոզարշաւների ընթացքում Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան առաջնորդ Սալահէտտին Տեմիրթաշը բոցաշունչ ելոյթներում չէր մոռանում թուրքերին յիշեցնել, որ իրենք` քրտերը, թուրք եղբայրների հետ ուս ուսի պայքար են մղել եւ 1071 թ.-ին Մալազգիրտում եւ 1922 թ.-ին քեմալական ազգայնական շարժման ընթացքում, որը Թուրքիայում անուանում են «փրկութեան պատերազմ»: Այդ ժամանակ էր, որ քրտամէտ կուսակցութեան կողմնակից հայերը այդպէս էլ չստացան իրենց մէջ ծագած հետեւեալ հարցի պատասխանը. «Այդ ումի՞ց էք փրկել այս հայրենիքը, հայերի՞ց, յոյների՞ց: Մալազգիրտում, Տարտանելում ուս ուսի տուած` ո՞ւմ էիք մորթում, քրիստոնեաների՞ն»: Քրտերը, փաստացի, այս անգամ էլ չխախտեցին պատմական աւանդոյթն ու նախապատուութիւնը տուեցին կրօնական եղբայրութեան առասպելին: Չի կարելի ասել, որ սա վերաբերւում է բոլոր քրտերին, սակայն փաստ է, որ անկախ թուրք-քրտական մշտական գզվռտոցից` պատմական բոլոր կարեւորագոյն իրադարձութիւնների ժամանակ քրտերի մէջ գերակշռում ու յաղթում է կրօնական եղբայրութեան գործօնը: Սա չի նշանակում, որ Թուրքիայի արեւմուտքի եւ արեւելքի, քրտերի ու թուրքերի միջեւ սառոյցը հալուեց: Սա չի նշանակում, որ քիւրտ երեխաներ, կանայք ու ծերեր այլեւս չեն սպաննուելու: Սակայն քրտաբնակ շրջաններում մէկ տարուայ դաժան կոտորածներից յետոյ քրտամէտ կուսակցութեան եւ քիւրտ ժողովրդի մի հատուածի` Էրտողանին աջակցելու կոչերը յուշում են, որ քրտերը միշտ եւ ամէնուր կաղալու են պատմական յիշողութեան հարցում, երբ հերթը հասնում է կրօնական քարոզին: Սրան պատահականօրէն չենք անդրադառնում. Թուրքիայում վերջին իրադարձութիւններից մենք` հայերս, ունենք որոշակի կարեւոր դասեր քաղելու, դրանց թուում քրտական գործօնը ամենակարեւորներից մէկն է:
Կ. Պոլսի հայ համայնքը կանգնած է պատմական մեծ մարտահրաւէրի առաջ
Այն, որ Թուրքիայի հայ համայնքին սպասում են ծանրագոյն օրեր, ակնյայտ է:
Յեղաշրջման տապալուած փորձի անմիջապէս յաջորդ օրը բոլորն արթնացան մէկ այլ, նոր Թուրքիայում: Անյայտ է, թէ մինչեւ ե՛րբ պիտի շարունակուի կտրուկ լարուած վիճակը, սակայն, այն, որ այլեւս ոչինչ նախկինի պէս չի լինելու, հաստատ է: Կիրակնօրեայ պատարագին եկեղեցիները կիսադատարկ էին, երկուշաբթի հայկական դպրոցներ նոյնպէս երեխաների մի մասը չեկաւ: Երրորդ օրն անընդմէջ չդադարող «Ալլահու աքպար» կոչերը ամէն փողոցի անկիւնում, ծայրայեղ ազգայնականների հոծ զանգուածները քաղաքի տարբեր մասերում խիստ անհանգստութիւն են պատճառում հայկական թաղամասերի բնակիչներին:
Նրանք սովոր են եւ գիտեն, որ մշտական քաղաքական տատանումների մէջ գտնուող Թուրքիայում ցանկացած անկայունութիւն եւ ծայրայեղականութիւն առաջինը կոտրւում է իրենց գլխին: Շատ ժամանակ չանցած փողոց դուրս գալուն պէս, խանութների վաճառողուհիներից, հաւաքարարներից կամ թաքսիի վարորդներից կը լսեն (կամ էլ արդէն լսել են), որ իբր Վոսփորի կամրջի վրայ մորթուած զինուորները իրականում հայկական արմատներ ունէին եւ արժանի էին նման հաշուեյարդարին եւ այլն: Սա պատահում է իւրաքանչիւր ժամանակ, երբ երկրում եղած խնդիրները պէտք է բարդել ինչ-որ մէկի վրայ, դրա համար Թուրքիայում գոյութիւն ունի «հայ» անունը: Կարծում եմ` հարկ չկայ նշելու, որ սպաննուած զինուորներն այնքանով էին հայ, որքան` Օճալանն ու Թուրքիային դաւաճանած իւրաքանչիւր ոք: Սա, անշուշտ, պոլսահայութեան ապրած ամենաբարդ շրջանը չէ Թուրքիայում, սակայն կարելի է կանխատեսել, որ սպասուելիք հարուածներն աւելի ցաւոտ ու կործանարար կը լինեն համայնքի համար: Նախ, չմոռանանք, որ ներկայում Կ. Պոլսի հայ համայնքը հասել է վերջին հարիւրամեակում եղած իր ամենանօսր վիճակին եւ սրա հետ մէկտեղ պատրիարքարանը աչքի չի ընկնում հայանպաստ գործունէութեամբ (իսկ այս իրադարձութիւններից յետոյ պատրիարքարանի էրտողանահաճոյ գործողութիւնները կարող են աւելի սուր բնոյթ ստանալ): Կանխատեսելի է, որ հնարաւորութեան դէպքում Պոլսի համայնքի շատ ներկայացուցիչներ կը նախընտրեն բռնել Եւրոպայի, իսկ շատ աւելի փոքր, ես կ’ասէի նոյնիսկ` չնչին հատուածը, Հայաստանի ճանապարհը: Ինչ խօսք, եւրոպական երկրներում պոլսահայութեան ձուլումը տեղի է ունենալու շատ աւելի արագ, քան` հէնց Թուրքիայում, որտեղ որոշակի անազատութիւնը պատճառ էր դարձել համայնքի աւելի փակ եւ մեկուսի դառնալուն, որն էլ իր հերթին որոշակիօրէն կանխում էր ամբողջական ձուլումը: Ներկայ պահին Պոլսի համայնքը պատմական երեւի թէ ամենամեծ մարտահրաւէրի առաջ է կանգնած:
2016/07/20