Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ճարտարապետութիւնը Քարէ Համանուագ Է»

July 1, 2016
| Մշակութային եւ Այլազան
0
Share on FacebookShare on Twitter

Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Նա տեսել է արեւային մի քաղաք…
Ինչպէս մաքուր մարմարի կապոյտ կողին նկարած
Արեւային ժամացոյց` քարտէ՜զն ահա քաղաքի,
Պողոտաներ, փողոցներ` բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտէ մի բագին»

ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

Չարենցի այս տողերը  ճարտարապետ, Երեւանի յատակագծի հեղինակ,  հայ նոր ճարտարապետութեան հիմնադիր Ալեքսանդր Թամանեանին են նուիրուած: Նաեւ այս օրն է իրեն  նուիրուած` յուլիսի 1-ը ` Ճարտարապետութեան համաշխարհային օրը, որը նշւում է դեռ 1985 թուականից:

Տօնի հասցէատէր, երեւանցիների սիրելի Թամանեանը այն հանճարեղ ճարտարապետն էր, ում մասնագիտական ներդրումը նոր ուղի  բացեց հայ ճարտարապետութեան աւանդոյթները զարգացնելու գործում: Աւանդականի հիման վրայ նա նաեւ նորը ստեղծեց, որի արդիւնքում էլ սկզբնաւորեց ճարտարապետութեան թամանեանական դպրոցը: Երեւանում նրա նախագծով ստեղծուած կառոյցների թւում  են Օփերայի եւ պալէի թատրոնի շէնքը` բոլորիս սիրելի օփերան,  Հանրապետութեան հրապարակում գտնուող կառավարութեան շէնքը:

13551110_1035146993205425_913126083_n13551008_1035146853205439_1890649579_nՍակայն Թամանեանի առաջին ճարտարապետական աշխատանքն է եղել Երեւանի գլխաւոր յատակագիծը` 150 հազար բնակչի համար, որն հաստատուել է 1924 թուականին: Սակայն ինչպէս պատմութիւնն է բազմիցս փաստել, նորարարութիւնը «զոհեր» է պահանջում. այդ նախագծի իրագործումով մեծապէս տուժել է 16-18-րդ դարերի Երեւանի պատմաճարտարապետական տեսքը:

Իսկ 1934 թուականին նա սկսում է մշակել «Մեծ Երեւանի» յատակագիծը 500 հազար բնակչի համար: Սակայն այն մնում է անաւարտ:

Հին Երեւանը
Հին Երեւանը

«Օփերայի» շէնքի ստեղծման պատմութիւնը

Ինչպէս ներկայացւում է «Ժողտուն (նախապատմութիւնը)» գրքում, Թամանեանի թողած հսկայական ժառանգութեան մէջ օփերային թատրոնի նախագիծը եղել է նրա ամենասիրելին ու փայփայածը: Միեւնոյն ժամանակ ոչ մի կառոյց նրան այնքան հոգս ու դառնութիւն չի պատճառել, հոգեկան ու ֆիզիքական ուժերի այնպիսի լարում չի պահանջել, որքան` օփերային թատրոնի շէնքը կամ Ժողտունը, ինչպէս այն նախապէս կոչուել է:

1923թ. մարտին Երեւան հրաւիրուելով` Թամանեանը ստանձնում է մի շարք պաշտօններ եւ դառնում է հանրապետութեան շինարարական գործի ղեկավարներից մէկը: 1926թ. յունուարին որոշւում է Երեւանում կառուցել Ժողտուն` թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով: Նախագծի կատարումը եւ շինարարութեան ղեկավարութիւնը յանձնարարւում է Թամանեանին:

Օփերայի շէնքի շինարարութիւնը
Օփերայի շէնքի շինարարութիւնը

Նա գտնում էր, որ Ժողտան նման կարեւոր հասարակական կառոյց նախագծելուց առաջ անհրաժեշտ է անցկացնել մրցոյթ: Վերջինս պէտք է ներկայացնէր շէնքի կերպարի, ոճի, քաղաքաշինական դերի, չափերի եւ այլ ճարտարապետական հարցերի լուծումները: Ժողտան շինարարութեան կոմիտէն համաձայնում է Թամանեանի հետ եւ իբրեւ օժանդակ միջոց` 1926թ. մայիսին յայտարարում է մրցոյթ: Խորհրդային Հայաստանում անցկացուող  այն առաջին խոշոր ճարտարապետական մրցոյթն էր: Ըստ Թամանեանի ծրագրի, համալիրը պէտք էր ապագայում ներառէր Ժողտանն անհրաժեշտ բոլոր տարածութիւնները` թատրոն 1200 հանդիսատեսի համար, համերգային սրահ, լսարաններ, գրադարան` ընթերցարանով, ցուցասրահներ, խմբային պարապմունքների սենեակներ, ճաշասենեակ:  Սակայն պահանջւում էր մանրամասն մշակել առայժմ միայն թատրոնը: Նշւում են կառոյցի ճարտարապետական-գեղարուեստական ցանկալի յատկանիշները, օրինակ` «Ժողտան ոճը պէտք է համապատասխանի Հայաստանի բնութեանը եւ ժողովրդական արուեստին»:

13576401_1035147009872090_1550398852_n

Սկսելով Ժողտան նախագիծը եւ այն շարունակաբար կատարելագործելով` Թամանեանը ձգտել է իրականացնել բոլոր նորագոյն պահանջները բաւարարող թատրոն, նաեւ` մայրաքաղաքին համապատասխանող ե՛ւ բովանդակութեամբ, ե՛ւ ճարտարապետական լուծումով: Նա թատրոնը ձեւակերպել է երկդահլիճ, մէկ ընդհանուր մեծ բեմով: Թամանեանը նախատեսել է երկու հաւասարարժէք դահլիճներ, որոնք կարող են գործել ե՛ւ անջատ, ե՛ւ անհրաժեշտութեան դէպքում միանալով` մէկտեղ:

Դահլիճների տարբերութիւնն այն է, որ մէկը ձմեռային է, ամէն կողմից փակ է (1500 տեղ), միւսը` ամառային (1200 տեղ): Ամառային դահլիճն աւելի շատ տարբերակներ է ունեցել: Առաջին տարբերակներում ծածկ չի եղել, յետոյ աւելանում է ծածկը, եւ չկային պատերը (սիւնաշար էր): Ամառային դահլիճի գաղափարը գալիս էր Երեւանի տաք կլիմայից: Այն նոյնիսկ ճեմասրահ չունէր, ընդմիջումներին հանդիսատեսները դուրս էին գալու այգի:

13552786_1035146966538761_2035050742_n

1927թ. յուլիսի 6-ին Հայաստանի կառավարութեան ղեկավարների միացեալ նիստը քննարկում է մի քանի տարբերակներով ներկայացուած Երեւանի Ժողտան էսքիզային նախագիծը: Գլխաւոր յատակագծի տարբերակներից ընտրւում է այն, որում ձմեռային դահլիճը նայում է դէպի հարաւ, իսկ յատակագծային տարբերակներից այն, որտեղ երկու դահլիճները կարող են միաւորուել մէկ բեմի շուրջ: Ճակատներից ընտրում են այն, որի տանիքները հարթ էին: Նախագիծը հաւանութիւն է ստանում, եւ որոշւում է այն իրականացնել երկաթպեթոնէ կմախքով: Կառուցման տեղը, ըստ Երեւանի գլխաւոր յատակագծի, նոյնպէս վերջնականօրէն  հաստատւում է:

Թամանեանը, շարունակ կատարելագործելով, ստեղծում է օփերայի շէնքի 6 լիարժէք նախագիծ- տարբերակներ, իսկ ճակատների տարբերակները բազմաթիւ են: Կառոյցին իւրայատկութեամբ է օժտում  նաեւ շինաքարը` կրանիթը:

13563533_1035147013205423_1362219465_n

1939 թ. Ժողտան ձմեռային դահլիճի շինարարութիւնն աւարտւում է, այն յանձնւում է օփերային թատրոնին: Ամառային դահլիճի շինարարութիւնը ձգւում է եւս 20 տարի: Նախագծային աշխատանքները ղեկավարում եւ աւարտում է (որոշ փոփոխութիւններով) Թամանեանի աւագ որդին` ճարտարապետ Գէորգ Թամանեանը:

Օփերան 1981 թուականին
Օփերան 1981 թուականին

Կառավարութեան շէնքի մասին

Գտնւում է Հանրապետութեան հրապարակում: Ի սկզբանէ նախագծուել (1926-1928թթ.) եւ կառուցուել է ներկայիս շինութեան հիւսիս-արեւմտեան հատուածը, որի շինարարութիւնն աւարտուել է 1929թ.-ին:

Քաղաքաշինական առումով այն` Ժողտան (օփերային թատրոնի շէնքի) հետ միասին դառնալու էր նախագծուող Հիւսիսային պողոտայի առանցքը: 1941թ., սակայն, ընդհատուել է շինարարութիւնը, եւ չեն իրականացել համալիրի կենտրոնական եւ արեւելեան հատուածների նախագծերը:

Շէնքի յատակագիծը
Շէնքի յատակագիծը

Կառավարական տան շինարարութիւնը  եւս 1952 թուականին աւարտել է հեղինակի որդին` Գէորգ Թամանեանը, ով իր նոր նախագծով արեւելեան մասում յաւելել է նաեւ նիստերի ընդարձակ դահլիճ:

Կառավարական տունն առաջին շէնքն է, որ կառուցուել է Թամանեանի` 1924թ. քաղաքի գլխաւոր յատակագծով նախատեսուած կենտրոնական օվալաձեւ հրապարակում, եւ դրանով իսկ իրենով պայմանաւորել է հետագայում կառուցուած շէնքերի բարձրութիւնը, ոճական առանձնայատկութիւնները: Շէնքը կառուցուած է վարդագոյն տուֆով` պազալթէ գետնի վրայ: Կառավարական տան համար 1942թ. Թամանեանին շնորհուել է պետական մրցանակ:

Կառավարութեան շէնքը 1970-ականներին
Կառավարութեան շէնքը 1970-ականներին

Օփերային թատրոնի շէնքը եւ կառավարական տունը, այն կառոյցներն են, որոնք կանխորոշել են Երեւանի քաղաքաշինական կարեւորագոյն հանգոյցների` Հանրապետութեան հրապարակի եւ Հիւսիսային պողոտայի կառուցապատումը:

Ի դէպ, Թամանեանի անունով են կոչուել Երեւանում փողոց` յուշարձանով, շինարարական ուսումնարանը, Հայաստանի Ճարտարապետների միութեան տունը, 89-րդ Հայկական հրաձգային զօրագունդը: 2001 թուականին Հայաստանի Ճարտարապետների միութիւնը սահմանել է Թամանեանի անուան ոսկէ մետալ: Հայաստանի կառավարութեան 2002 թուականի  որոշմամբ ստեղծուել է Ալեքսանդր Թամանեանի թանգարան-հիմնարկը: Նրա  մասին գրուել են պոէմներ, որոնցից մէկի հեղինակը Աղասի Այվազեանն է:

«Ճարտարապետութիւնը քարէ համանուագ է» մի առիթով ասել է շինութիւն-հրաշալիքների հեղինակ Ալեքսանդր Թամանեանը: Եւ գուցէ նրա այս բնորոշման հետ է կապուած անչափ զարմանալի մի երեւոյթ. շատերն են, որ Երեւանի փողոցներով շրջելիս յաճախ սկսում են մտքում կամ կիսաձայն ինչ-որ տողեր երգել… Մարդիկ այդպէս անում են յատուկ կամ ակամայ… Իսկ ամէն ինչ սկսւում է այսպէս.  երբ քարէ կառոյցները հանճարեղ լուծումներով են լինում, գեղեցկութիւնը թւում է`  երգող է դառնում, ամէն շինութիւն տարածում է իր մեղեդին, իսկ մենք` Երեւանի սիրահարներս, աննկատ «կախարդուելով» մասնակից ենք դառնում քարից  ծնուած այդ համընդհանուր համանուագին:

Կենսագրութիւն. Ալեքսանդր Թամանեան

13553195_1035146783205446_1816667477_nԾնուել է 1878 թուականին` Եկատերինոտարում (այժմ` Քրասնոտար): 1904 թուականին աւարտել է Ս. Փեթերսպուրկի գեղարուեստի ակադեմիայի բարձրագոյն գեղարուեստի ուսումնարանի ճարտարապետութեան բաժինը` նկարիչ-ճարտարապետի կոչումով: 1917 թուականին եղել է Ս. Փեթերսպուրկի գեղարուեստի ակադեմիայի խորհրդի նախագահը` ակադեմիայի փոխնախագահի իրաւունքներով: Երկար տարիներ նա ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիւ շինութիւններ: 1919-ին տեղափոխուել է Երեւան, 1921 թուականին` Իրան: 1923 թուականին հրաւիրուել է Հայաստան, ծաւալել բուռն ու եռանդուն աշխատանք: Նախագահել է մի շարք կազմակերպութիւններում:

Թամանեանի առաջին գործը Ս. Փեթերսպուրկի Սուրբ Կատարինէ հայկական եկեղեցու (1779, ճարտարապետ` Ֆելթեն) վերակառուցումն է (1904-1906): Հետեւելով Նիկողայոս Մառի Անիի պեղումներին` նախագծել է Անիի թանգարանը (1908, չի իրականացուել):

Թամանեանի նախագծերով 1907-1913 թթ. կառուցուած շէնքերում կիրառուած են դասական եւ 18-19 դդ. սկզբի ռուսական ճարտարապետութեան ձեւերը:

 

Նախորդը

Թուրքիա Փորձեց Շուքի Մէջ Ձգել Պապին Այցելութիւնը

Յաջորդը

Գիրքերու Մտերմութեան Հետ. «Յաւերժի Ճամբորդ Հայը» (Հեղինակ` Յովսէփ Էսկիճեան)

RelatedPosts

Ամերիկեան Ափը Մերժեց, Որ Ափրիկեան Մշակոյթը Մեռնի
Մշակութային եւ Այլազան

Ամերիկեան Ափը Մերժեց, Որ Ափրիկեան Մշակոյթը Մեռնի

October 16, 2026
Արհեստական Բանականութիւնը Զսպելը Հրատապ Դարձած Է
Մշակութային եւ Այլազան

Արհեստական Բանականութիւնը Զսպելը Հրատապ Դարձած Է

October 9, 2026
Պատերազմները Դադրեցնել, Փրկել Գետերը
Մշակութային եւ Այլազան

Պատերազմները Դադրեցնել, Փրկել Գետերը

September 25, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.