ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը հրապարակեց «Փերինչեքն ընդդէմ Զուիցերիա» արդէն իսկ տասը տարի ձգձգուող գործի վերաբերեալ որոշումը, որով մերժեց դատարանի ստորին պալատի կայացրած որոշումը բեկանելու` Զուիցերիոյ ներկայացրած հայցը:
Յիշեցնենք, որ Զուիցերիոյ դատարանը 2005-ին, մի աշխատաժողովի ժամանակ Փերինչեքի` Հայոց ցեղասպանութիւնը «միջազգային սուտ» բնորոշող յայտարարութիւնը որակել էր ցեղային խտրականութեան եւ ազգայնամոլութեան դրսեւորում, իսկ Հայոց ցեղասպանութիւնը` ապացուցուած պատմական փաստ: Գտնելով, որ թուրք գործիչը խախտել է Ցեղասպանութեան ժխտումը, Հրէական ողջակիզման օրինակով, քրէական յանցագործութիւն համարող իր օրէնսդրութիւնը, նրան դատապարտել էր պայմանական ազատազրկման եւ պարտաւորեցրել տուգանք վճարել:
2013-ին Փերինչեքն այս վճիռները բողոքարկել էր Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում, որը դեկտեմբերին բաւարարել էր նրա հայցը` համարելով, որ զուիցերիական դատարանը խախտել է նրա` ազատ արտայայտուելու իրաւունքը: 2014-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը ստորին պալատի այս որոշումն աւելի բարձր ատեանում վիճարկեց Զուիցերիան, եւ այդ գործում, որպէս երրորդ կողմ, ներգրաւուեցին Հայաստանն ու Թուրքիան:
Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբաններ` Ճեֆրի Ռապըրթսընը եւ Ամալ Քլունին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի այս որոշումը համարել են յաղթանակ: Հիմնական փաստարկն այն է, որ գործում Հայաստանի ներգրաւման հիմնական պատճառը եղել է Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը ստորին պալատի` 2013-ի կայացրած որոշման մեջ Ցեղասպանութեան փաստը կասկածի տակ առնող պնդումները հանելուն հասնելը, ինչը դատարանը կատարել է: Ըստ փաստաբանների, դատարանը նաեւ ճանաչել է իրենց եւ իրենց նախնիների արժանապատւութեան յարգումը պահանջելու` հայերի իրաւունքը:
Նոյնաբովանդակ յայտարարութեամբ է հանդէս եկել նաեւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի` Գէորգ Կոստանեանի գրասենեակը:
Այսպիսով, թէեւ Զուիցերիան փաստացի պարտուել է Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում, իսկ թուրք գործիչը փաստացի վաստակել է Ցեղասպանութիւնը այսուհետեւ եւս ազատօրէն «սուտ» որակելու իրաւունքը, հայկական կողմը համարում է, որ ինքը յաղթանակ է տարել:
Նախ` պէտք է արձանագրել, որ Հայաստանն այս գործում ներգրաւուել է անհրաժեշտաբար, ոչ թէ նախաձեռնողի, այլ, ըստ էութեան, պաշտպանուողի կարգավիճակով: Փերինչեքի հայցի բաւարարման հիմքում Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը դրել էր Ցեղասպանութեան փաստը առնուազն վիճելի նիւթ համարելու մօտեցումը` փորձելով այդ կերպ տարբերակել Հրէական ողջակիզումից եւ հիմնազրկել դրա ժխտումը քրէականացնելու` հայութեան նախաձեռնութիւնները: Եթէ Փերինչեքը յաղթեր այս հիմնաւորումներով, ստեղծուելու էր վտանգաւոր մի նախադէպ, երբ ցանկացածը կարող էր իրեն Ցեղասպանութիւնը ժխտող, նոյնիսկ վիրաւորող յայտարարութիւններ թոյլ տալ` յղում անելով Ցեղասպանութեան փաստը ժխտելու կամ առնուազն կասկածի տակ առնելու` եւրոպական դատարանի դիրքորոշումը: Մեծ էր վտանգը, որ նման որոշումը Թուրքիոյ կառավարութեան կողմից վերածուէր ընդհուպ Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը կասեցնելու լրջագոյն իրաւական գործիքի: Այս մասով հայկական կողմն իսկապէս հասել է յաջողութեան:
Բայց սա չի նշանակում, թէ դա լիարժէք յաղթանակ է: Հայկական կողմը կանգնել է մի իրողութեան առջեւ, երբ կարող է տանուլ տալ Հայոց ցեղասպանութեան ժխտումը միջազգայնօրէն քրէականացնելու գործընթացը: Ֆրանսայում ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու մասին` խորհրդարանի ընդունած օրէնքն այդ երկրի սահմանադրական խորհուրդը 2012-ին անվաւեր ճանաչեց հէնց այն հիմնաւորմամբ, որ քրէականացումը սահմանափակում է ազատ արտայայտման իրաւունքը, եւ Ցեղասպանութիւնն, այս իմաստով, համադրելի չէ Հրէական ողջակիզման: Հիմա այս տեսակէտն ամրապնդւում է Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշմամբ, որը դառնալու է Ֆրասայում, այլ երկրներում քրէականացմանը հասնելու նախաձեռնութիւններին դիմագրաւելու ամենալուրջ իրաւական փաստարկը:
Միւս կողմից` թերեւս բարոյապէս ճիշդ չէ, եթէ չասենք` երախտամոռութիւն է, ընդհանուր վճռի միայն Հայաստանին հետաքրքրող մասը կտրելը եւ այդ մասով յաղթանակ արձանագրելն այն դէպքում, երբ Զուիցերիան, որն իր օրենսդրութիւնը պաշտպանելուն զուգահեռ, այսպէս, թէ այնպէս, ստանձնել էր նաեւ Հայ դատը պաշտպանելու գործառոյթը, պարտութիւն է կրում: Բացարձակապէս հասկանալի չէ յատկապէս ցնծագին հնչեղութեամբ հաղորդագրութիւն տարածելու` Հայաստանի գլխաւոր դատախազութեան մղումը: Եթէ սա ակնառու յաղթանակ էր, ապա առնուազն տարօրինակ է, որ գոնէ արտաքին գործերի նախարարութիւնը համապատասխան յայտարարութեամբ հանդէս չի գալիս: Չէ՞ որ, երբ Զուիցերիան որոշեց մարտ 2014-ին վիճարկել Փերինչեքին արդարացնող` Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի ստորին պալատի որոշումը, ոչ միայն արտաքին գործերի նախարարութիւնը շտապեց ողջունել այդ քայլը, այլ նաեւ` Հայաստանի նախագահը: Ակնյայտ է, որ սա միանշանակ յաղթանակ հռչակելիս հայաստանեան պատուիրակութեան անդամները, մեղմ ասած, չափն անցել են:
Երրորդ` Ցեղասպանութեան փաստը կասկածի տակ առնող ձեւակերպումները Մարդու իրաւունքների եւրոպական դատարան նախորդ վճռից հանուել են ոչ թէ Ցեղասպանութեան իրողութեան հարցում դատարանի միանշանակ համոզուածութեան պատճառով, այլ` դատաւորների միջեւ տարաձայնութիւնների: Նրանցից տասը նշել է, որ քննութեան առարկան Փերինչեքի ազատ արտայայտուելու իրաւունքն է, այլ ոչ թէ Ցեղասպանութեան փաստի վիճարկումը: Մինչդեռ դատաւորներից միայն եօթն են Ցեղասպանութիւնը յստակ պատմական փաստ համարել:
Սա առաւել քան հասկանալի է դարձնում, որ չի կարելի երբեք յոյս ունենալ, թէ Ցեղասպանութեան ճանաչմանը հնարաւոր է հասնել միջազգային դատարանների միջոցով: Նրանց կողմից կայացուող որոշումները ոչ այնքան իրաւական, որքան քաղաքական նշանակութիւն ունեն: Այս դէպքում էլ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը դիմել է, այսպէս կոչուած, «Ե՛ւ մեխին, ե՛ւ նալին» ձեւին. մի կողմից խօսքի ազատութեան սկզբունքի հիման վրա ճանաչում է Ցեղասպանութեան փաստը վիճարկելու` Փերինչեքի, հետեւաբար` ցանկացած անձի իրաւունքը, միւս կողմից` ճանաչում է «իրենց եւ իրենց նախնիների արժանապատուութեան նկատմամբ յարգանք պահանջելու»` հայերի իրաւունքը: Սա յաւերժ դատական վէճերի տեղի տուող մօտեցում է, որովհետեւ Ցեղասպանութիւնը բացայայտօրէն ժխտողներն իրենց հերթին են պաշտպանուելու համար յղում կատարելու Փերինչէքի գործով այս որոշմանը եւ այն նախադէպային համարելու, հայութիւնը` իր հերթին: Այնպէս ո՛ր, չի բացառւում, որ սա ոչ թէ հարցին վերջն է, այլ` խառնաշփոթ ստեղծող մի նոր գործընթացի սկիզբ:
(Յապաւումով)

