ՍԱՅԻԹ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ
Քաղաքից դուրս գալիս շարասիւնը կանգնեցրեցին: Նահանգապետը քոլեճի տնօրէնին կանչեց եւ ցանկացաւ, որ վերջինս վկայութիւն տայ առ այն, որ այս երիտասարդ կանայք կրօնափոխ լինելու համար որեւէ անյարիր ճնշման չեն ենթարկուել: Այնուհետեւ ոստիկանութիւնը իւրաքանչիւր երիտասարդ կնոջ հարցրեց, թէ սարսափելի ճամբորդութիւնից փրկուելու համար համաձա՞յն են կրօնափոխ լինել եւ մուսուլման դառնալ: 62-ն էլ մերժեցին: Մի քանի քիլոմեթր յետոյ նոյնը կրկնուեց: Ու կրկին բոլորը հրաժարուեցին: Առաջին գիշերը Ամասիա հասան եւ գիշերը քաղաքի մօտակայքում գտնուող անտառում անցկացրին: Յաջորդ առաւօտ ամերիկացի տնօրէնը նրանց մօտ ուտելիք ու գումար թողեց: Յետոյ աղջիկներին թողնելով` Ամասիայի նահանգապետից տուն վերադառնալու հրաման ստացաւ: Օգոստոսի 13-ի երեկոյեան Մերզիֆոն վերադառնալիս շատ տխուր էր, մտածում էր, որ աղջիկներին այլեւս չի տեսնելու: Չորս օր անց, երբ նրան թոյլատրուեց տեսնել Սվազի նահանգապետին, յոյս տածեց` մտածելով, որ իրեն յաջողուել է վերջինիս համոզել հրամայել աղջիկներին յետ վերադարձնել: Շարասեանը հանդիպեց Սվազի այն հատուածում, որն ուղիղ մեզ էր նայում: Տեսաւ, որ 62 աղջիկներից 21-ը առեւանգուել է: Մնում էին 41-ը: Նրանց Սվազի ամերիկեան դպրոց տանելու թոյլտուութիւն ձեռք բերեց: Քանի դեռ այնտեղ սպասում էին, նրան յաջողուեց նահանգապետին համոզել, որպէսզի թոյլ տայ 41 աղջիկներին Մերզիֆոն վերադարձնել: Մօտ մէկ ամիս ճանապարհներին անցկացնելուց յետոյ սեպտեմբերի 6-ին շարասիւնը վերադարձաւ Մերզիֆոն:
Այսպիսով վայրենիները տարել էին այն զոհերին, որոնց ամենաշատն էին հաւանել: Քաղաքի 12 հազար հայ բնակիչներից, որոնք աքսորուեցին, սպաննուեցին կամ բռնի իսլամացուեցին, մնացին միայն այս 41 աղջիկները: Այն, ինչ պատահեց Մերզիֆոնում, Փոքր Ասիայի միւս բոլոր քաղաքներում տեղի ունեցածների միայն մի օրինակն է»:
«Սեպտեմբերի 1-ին դուրս եկանք Սվազից եւ Մերզիֆոն ուղեւորուեցինք… Հինգերորդ օրը Մերզիֆոն հասանք: Յիշում եմ, թէ ի՛նչ մեծ ուրախութիւն ապրեցինք: Մեր քոլեճում սովորող յոյն տղաներն ու աղջիկները մեզ սիրով դիմաւորեցին: Մեր նախկին տեղերում տեղաւորուեցինք եւ դպրոցի առօրեայ կեանքին վերադարձանք»:
Քոլեճում ուսումը շարունակւում է մինչեւ 1916 թ. ապրիլ ամիսը: Մայիսի 16-ին Շ. Ուիլլարտն աշակերտներին հաւաքում եւ յայտարարում է, որ օսմանեան կառավարութիւնն իրեն Ամերիկայի Միացեալ Նահանգներ է ուղարկում, իսկ դպրոցը փակւում է:
Շ. Ուիլլարտն այս պատմական զարգացումները մանրամասն նկարագրում է իր գրքում: Նա ամէն աղջկայ համար 40 ոսկի էր ծախսել:
Քանի որ դպրոցը փակուել էր, Շուշանիկը մի յոյնի տանն է բնակութիւն հաստատում: «Երբ մեր քոլեճի հացթուխի տղան` Արշամը, եկաւ ու ասաց, որ ես ու Զարուհին մի յոյնի տուն ենք գնալու, մեր քոլեճն արդէն շրջապատուած էր զինուորների կողմից: Մենք տիկին Դեսփինայի տանը սկսեցինք ապրել: Օգնում էինք տնային գործերում: Նրանք տանը թուրքերէն էին խօսումէ: Նմանօրինակ փոխօգնութիւնները, որքան էլ դժուար լինեն, քրիստոնէական համերաշխութիւն են: Տարածաշրջանում տեղի ունեցած բազմաթիւ այլ օրինակներ էլ կան: Բժիշկ Մեթաքսասն էլ Տրապիզոնում Լեւոնի ընտանիքին է օգնել. «Յոյն բարեկամները, ովքեր կարողանալու էին մեզ օգնել, ցրուած էին տարբեր գիւղերով: Սակայն բժիշկ Անտրէաս Մեթաքսասը քաղաքում էր եւ
երկնային հրեշտակի նման` մեզ տեսնելու էր եկել: Նա մեր միակ յոյսն էր, արտաքին աշխարհի հետ կապուելու միակ միջոցը: Թուրքական մի փողոցում մեզ այցելելն իսկապէս խիզախութիւն էր պահանջում… Տղամարդիկ նոր հանդիպման համար բժիշկ Մեթաքսասի հետ ննջարան էին գնացել: Այստեղ որոշում ընդունուեց տղաներից մէկին անմիջապէս յունական մենաստան ուղարկել, որտեղ նաեւ բժշկի ընտանիքն էր գտնւում: Պոնտոսի վայրի լեռներում, ամէն ինչից հեռու այս մենաստանը կատարեալ վայր էր մի հայի թաքցնելու համար: Մենաստանի անունը Սիւմելա էր… Օնիկը, յոյն գիւղացի երեխաների նման հագնուելով, մի յոյն ջորեպանի հետ մենաստան գնաց: Փառք Աստծու, մեզնից մէկը փրկուած էր: Եթէ բոլորս մահանայինք, Օնիկն էր շարունակելու ընտանիքի անունը»:
Երբ հայերը մահուան ճամբաներով առաջ էին գնում, այն տանը, որտեղ մնում էր Շուշանիկը, մուսուլման կանայք զուարճանում էին. «Բարձրաստիճան օսմանեան պաշտօնեաների ոսկէ զարդերով պճնուած կանայք այցի էին գալիս, երգում, ուտ նուագում… Ես քոլեճում դաշնամուր նուագել էի սովորել եւ բաւականին լաւ էի նուագում, ուստի երբեմն-երբեմն նուագակցում էի նրանց երգերին, սակայն ինձ վատ էի զգում, քանզի այն դէպքում, երբ իմ ժողովուրդը հոգեվարքի մէջ էր, ես ստիպուած էի մասնակցել այս անտարբեր կանանց զուարճանքներին: Երբ քաղաքական դրութիւնը փոխուեց, 1918 թ. մեզ նորից յետ վերցրեցին յունական ընտանիքներից, եւ գիշերօթիկ դպրոցը նորից բացուեց: Սակայն դա եւս կարճ տեւեց»: Այս անգամ կենտրոնական բանակի հրամանատար կաղ Նուրէտտին փաշան քոլեճը փակում է` այլեւս չբացելու հեռանկարով:
Մինչդեռ բոլորը Շուշանիկի նման յաջողակ չեն: Տրապիզոնում 8-10 տարեկան աղջիկ երեխաներին բռնաբարելը եւ յետոյ սպաննելը տեղահանութիւնն ու կոտորածներն իրականացնող բազմաթիւ բարձրաստիճան ղեկավարների` իրենց համար հարեմ ստեղծելն ու շուայտանքի հաւաքոյթներ կազմակերպելը գրեթէ սովորական իրողութիւններ են: Օրինակ` Տրապիզոնում Կարմիր մահիկին պատկանող հիւանդանոցը նահանգապետ Ճեմալ Ազմիի եւ այլ պաշտօնեաների կողմից օգտագործւում էր որպէս երիտասարդ աղջիկների հետ սեռական յարաբերութիւններ ունենալու խրախճանքի կենտրոն: Տրապիզոնի տեղահանութեան եւ կոտորածների դատական գործի` մարտի 26-ի նիստում հարցը օրակարգ է բերուել, եւ դատաւորը փորձել է պարզել, թէ այդ դէպքերի մասին մեղադրեալներն ու վկաներն ինչ գիտեն : Այսպէս, երիտասարդ աղջիկներին միմեանց նուէր տալը բաւականին տարածուած սովորութիւն է: Տրապիզոնում Ամերիկայի հիւպատոսը գրում է. «Այն, որ ամենագեղեցիկ աղջիկներին… աւազակախմբի անդամներին իրենց տներում էին պահում [սեռական] խրախճանքների համար, այստեղ օրէնք է դարձել… Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան մի ներկայացուցիչ իր եւ ընկերների կողմից շահագործուող ամենագեղեցիկ տասը աղջիկներին քաղաքի կենտրոնում գտնուող իր տանն է պահում»:
«Վերջին փաստը, որ անհրաժեշտ է յաւելել, կանանց եւ երեխաների նկատմամբ իրականացուող սեռական ոտնձգութիւնները հնարաւոր չէ բացատրել միայն որոշ անձանց հաճոյքների բաւարարումով: Ինչպէս հայ կին գրող Զապէլ Եսայեանն է իրաւացիօրէն նշում, այս յանցագործութիւններն իրականացւում էին` ըստ որոշակի օրէնքների ու կարգաւորուածութեան, ինչպէս նաեւ հայ ժողովրդին ստորացնելու նպատակ էին հետապնդում: Հայ կանանց ու աղջիկների մարմինների վրայ յարձակումը որպէս այդ ազգի պատուի հետ խաղալ էր ընկալւում, իսկ յանցագործների համար «թշնամի ազգին» պատկանող տարածքի շրջափակումն էր ապահովում»:
Միացեալ Նահանգների արտակարգ եւ լիազօր դեսպան Հենրի Մորկենթաուի` 1915 թ. յուլիսի 29-ին արտաքին գործերի նախարարութիւն ուղարկուած եւ Տրապիզոնում Միացեալ Նահանգների հիւպատոս Օսկար Ս. Հեիզերի 1915 թ. յուլիսի 28-ի զեկոյցներում տեղ են գտել կանանց ու երեխաների նկատմամբ կիրառուած անմարդկային իրողութիւնները. «Թոթց գիւղում, որ Տրապիզոնից 2 ժամուայ հեռաւորութեան վրայ էր, առաքելական եւ կաթողիկէ հայեր ու թուրքեր էին բնակւում: Վստահելի մի ականատեսի վկայութեամբ` հարուստ եւ յարգարժան հայ Պօղոս Մարիմեանին ու երկու տղաներին իրար յետեւից շարելով` գնդակահարել են: Թուով 45 կանանց ու տղամարդկանց գիւղի մերձակայքում գտնուող մի հովիտ են տարել: Ոստիկանների սպաները նախ բռնաբարել են Արտես անունով մի հայի կնոջն ու աղջիկներին, այնուհետեւ նրանց յանձնել ժանտարմներին` սպաննելու համար: Մի երեխայի սպաննել են` գլուխը ապառաժին խփելով եւ ուղեղը ցաքուցրիւ անելով: Բոլոր տղամարդիկ սպաննուել են, 45 անձից բաղկացած խմբից եւ ոչ մէկը կենդանի չի մնացել»: Միացեալ Նահանգների հիւպատոսը միեւնոյն ժամանակ նաեւ որբանոցների հայ երեխաներին մուսուլմաններին, աւազակախմբի անդամներին յանձնելու մասին է վկայում. «Երեխաներին դպրոցներում կամ որբանոցներում տեղաւորելով` չեղեալ յայտարարուեց այն ծրագիրը, որը կազմել եւ հովանաւորում էր յոյն արքեպիսկոպոսը, ըստ որի, երեք մուսուլման եւ երեք քրիստոնեայ անդամներից բաղկացած կոմիտէն, որի նախագահը նահանգապետն էր, իսկ փոխնախագահը` արքեպիսկոպոսը, իր հսկողութեան տակ էր վերցնելու երեխաներին եւ փրկելու նրանց: Աղջիկ երեխաները մուսուլման ընտանիքների խնամակալութեանն են յանձնւում եւ այս կերպ ցիրուցան լինում: Այն, որ որբանոցները փակուեցին ու երեխաներն այս կերպ այս ու այն կողմ նետուեցին, մեզ եւ յոյն արքեպիսկոպոսի համար երազանքների խորտակում էր: Յոյն արքեպիսկոպոսն այս ուղղութեամբ շատ էր աշխատել, անգամ նահանգապետի աջակցութիւնն էր ձեռք բերել: Սակայն Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան տեղական ղեկավար Նայիլ պէյը դէմ դուրս եկաւ այս ծրագրին եւ կարճ ժամանակում կարողացաւ խոչընդոտել դրա իրականացումը: Բազմաթիւ փոքրահասակ տղայ երեխաներ հողագործներին յանձնելու համար [Փալաթանա Փուլաթհանէ Աքչաաբաթ] ուղարկուեցին: Որբանոցներում որպէս դայեակ մնացած չափահաս ամենագեղեցիկ աղջիկներին տարան ամէնաազդեցիկ աւազակապետերի տները` նրանց հաճոյքները բաւարարելու համար: Հաւաստի աղբիւրներից մէկի համաձայն, Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան անդամներից մէկի համար քաղաքի կենտրոնում գտնուող սեփական տանն է փակել տասը աղջկայ` իր եւ իր ընկերների հաճոյքները բաւարարելու: Աւելի երիտասարդ որոշ աղջիկներին յարգարժան մուսուլման ընտանիքների տներն են տարել: Ամերիկացի միսիոնարների նախկին աշակերտներից շատերը այժմ միսիոնարների հետ մտերիմ մուսուլմանների տներում են գտնւում եւ Նայիլ պէյի կողմից այցելութիւնների չեն արժանանում, սակայն ոչ բոլոր աղջիկներն են այսչափ յաջողակ»:
Ընտանիքներին, որոնց մօտ են բաշխուել այս երեխաները, ամսավճար է յատկացուել: Նրանց նաեւ հնարաւորութիւն է տրուել իւրացնել մուսուլմանացուած եւ հարեմ վերցուած հայ աղջիկների ու կանանց, ինչպէս նաեւ` որբ մնացած երեխաների ընտանիքներին պատկանող ունեցուածքը: Կրթութեան նախարար Շիւքրիւի կողմից 1915 թ. յունիսի 26-ին Տրապիզոնի նահանգ ուղարկուած հեռագիրը հայ երեխաներին որբանոցներում թուրքացնելու մասին է:
Բռնի ձուլման քաղաքականութեան ամենակարեւոր քայլը տղայ եւ աղջիկ երեխաների դէմ էր ուղղուած: Թաներ Աքչամն այս քաղաքականութիւնը մեկնաբանելիս որոշակի առումով նաեւ Պոնտոսում 1915 թ. տեղի ունեցած գործընթացներն է ներկայացնում:
Նպատակը` եղած հնարաւորութիւնների չափով երիտասարդ աղջիկներին ու տղաներին կա՛մ որբանոցներում տեղաւորելով, կա՛մ մուսուլման ընտանիքներին յանձնելու միջոցով իսլամական-թուրքական մշակոյթի ոգով դաստիարակելն էր: Երիտասարդ աղջիկներին բռնի մուսուլմանների հետ ամուսնացնելը եւս այս ծրագրի մի մասն է: Այստեղ կարեւոր է այն, որ այս ձուլման քաղաքականութեան հիմնական սկզբունքները դեռ նախքան մեծ գաղթի իրականացումն էին ծրագրուել: Ձուլման ու ֆիզիքական ոչնչացման քաղաքականութիւնները զուգահեռ են տարուել, եւ մանկահասակ աղջիկներին ու տղաներին, հայ ազգաբնակչութեանը տարբեր մեթոտներով սպաննելը կամ սովից ու հիւանդութիւններից մահուան մատնելը ամբողջ գաղթի ընթացքում նկատելի իրողութիւններ են եղել: Մանկահասակ տղայ երեխաներին նաւ նստեցնելով` ծովում խեղդելն օրինակներից միայն մէկն է, որ կարելի է նշել այս իրավիճակի համար: Ա. Համաշխարհային պատերազմից յետոյ` 1919-1921 թթ. Պոլսում ընթացող դատական ամենակարեւոր գործերից մէկի` Տրապիզոնի հայցի ժամանակ այս հարցում իրենց կենսափորձն ունեցող վկաները մանրամասն տեղեկութիւններ են հաղորդել:
Օրինակ` 1919 թ. ապրիլի 3-ի նիստում մի կին վկայութիւն է տալիս առ այն, որ Ճեմալ Ազմի պէյը «տղաներին հաւաքելով լաստանաւերով Քումքալէ ուղարկելիս` զինուորներին հրամայել է իրենց ցանկութեամբ տղաների մի մասին գնդակահարել, միւս մասին էլ ծովը նետելով` բոլորին սպաննել: Վկան յաւելել է նաեւ, որ նահանգապետը երեխաների «մի մասին դէպի Տեղիրմենտերէ է ուղարկել, իսկ միւս մասին Նիյազի էֆենտիի ղեկավարութեան տակ գտնուող լաստանաւերով ծովն է նետել»: Ապրիլի 8-ի նիստում վկայութիւն տուող Տրապիզոնի կաթողիկէ միսիոնարների ղեկավար իտալացի Լորան Միլքը պատմում է. «Որոշ հայ կանայք ու երեխաներ, քանի որ այնպիսի վայրում էին բնակւում, որ ծովին էր նայում, լաստանաւերը նստեցուեցին ու տեղափոխուեցին, սակայն տեսայ, որ այդ լաստանաւերը դափ-դատարկ վերադարձան»:
Ծովերում ու գետերում խեղդուած հայ կանանց ու երեխաների այն դիակները, որոնք հետագայում ափ էին դուրս եկել, յոյն կանայք աւազի մէջ են թաղել:
(Վերջ)
«Օրթաք Հապեր»
Թարգմ.` ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»