ՔՆԱՐ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
Վայքի պատմական Խաչիկ գիւղ տանող միակ ճանապարհն սկսւում է Արենիից, որից յետոյ` լեռնիվեր 21 քմ ոլորաններ: Այստեղ հասնելու միակ միջոցը սեփական մեքենայ ունենալը կամ պատահական մեքենայ որսալն է: Ճիշդ ժամանակին էր խաչիկցի պայմանագրային զինծառայող Գեղամի` իր մեքենայով յայտնուելը: Ճանապարհի երկարութիւնը կարճուեց գիւղի մասին զրոյցով: «Գո՞հ էք ծառայութիւնից»: «Ի հարկէ, տղաս էլ է ծառայում, շատ գոհ ենք: Բացի այդ, Խաչիկի բարիքները եթէ խելքով բանեցնես, ապրուստի խնդիր չես ունենայ»:
Ասելիքիս` իմ մտապատկերում եղած կառոյցը գիւղ մտնելուն պէս փլուզուեց: Այդ պահից սկսած, իրենք` խաչիկցիները, մէկը միւսի ետեւից յայտնուեցին տողերիս մէջ ու պարտադրեցին իրենցը:
Արսէն Սարկաւագ Մաթեւոսեան
Արդէն իրիկնային ժամերգութեան պահն էր: Գիւղի վրայ տարածուել էր եկեղեցու զանգերի ձայնը: Ակամայ միացանք եկեղեցի շտապող գիւղացիների հոսքին, յատկապէս, որ ուզում էինք տեսնել գիւղի զօրամասի հոգեւոր սպասաւոր Արսէն սարկաւագին, որի մասին շատ էինք լսել: Եկեղեցու ներսում ազատ տեղ չկար: Օրուայ պատուիրանը մերձաւորին ցանկացած պարագայում ձեռք մեկնելու անհրաժեշտութիւնն էր: Երիտասարդ սարկաւագի մատչելի խօսքն անարգել թափացում է ներկաների սրտերը: Ակներեւ էր` խաչիկցիները մեծ հաճոյքով եւ վստահութեամբ ընդունում էին նրա հանդարտ, հաճելի պարիթոնով ասուած քարոզի իւրաքանչիւր բառը:
Երբ օրուայ խորհուրդը հաղորդուած էր, եւ մայրերը երեխաներին մօտեցնում էին` սարկաւագի օրհնութիւնն ստանալու, եկեղեցու խորքում մի ուրիշ յուզում նկատուեց: Գիւղացի կանայք մեծ աշխուժով տարոսի տուրմ էին հիւրասիրում: Առիթը սարկաւագի` օրերս կայացած ամուսնութիւնն էր: Բոլորը հրաւիրուեցին Մշակոյթի տուն, որտեղ երեխաները անակնկալ էին պատրաստել Արսէն սարկաւագի եւ նորահարսի` Հայկուհի Մարտիրոսեանի համար: Վարագոյրը բացուեց, յայտնուեց գիւղի երեխաների եւ կանանց պատրաստած մեծ զարդարուն սեղանը: Սարկաւագի կողմից ձեւաւորուած երգի եւ պարի խմբակի սաներն սկսեցին ոգեւորութեամբ կատարել իր իսկ սովորեցրած ազգային երգերն ու պարերը. իսկ սարկաւագն առանց երկար-բարակ մտածելու հանեց սքեմը եւ պար բռնեց նրանց հետ:
Յաջորդ հանդիպումը սարկաւագի հետ լինելու էր զօրամասում:
Ռիմա Մայրիկ
Երբ պատրաստւում էինք մեքենայով զօրամաս մեկնել, սարկաւագին մօտեցաւ գիւղացի տարեց մի կին. «Արսէ՛ն սարկաւագ, մի բան խնդրեմ»: Տեսնես` ի՞նչ էր խնդրելու: Պարզուեց` Ռիմա մայրիկը նախկինում աղանդաւորական խմբի ծուղակում է եղել, սակայն դարձի գալով` այժմ Առաքելական եկեղեցու ջերմեռանդ նուիրեալ է: «Ասում էր` խնձոր ունեմ, թող զինուորները գան` քաղեն, տանեն ուտեն», պարզաբանեց սարկաւագը: Ետդարձին հիւրասիրուելու էինք տիկին Ռիմայի այգում եւ ականատես էինք լինելու, թէ ինչպէս էր տիրուհին զինուորների դոյլերը պռնկէ պռունկ խնձոր լցնում ու ասում. «Ուզում ենք, որ զինուորները պահեն մեր թիկունքը: Բա մե՞նք ինչ ենք անում իրենց համար: Ես իմ աղօթքներում, ի հարկէ, յիշում եմ մեր բոլոր զինուորներին, նրանց բարի ծառայութիւն ու բարի վերադարձ ցանկանում, բայց երէկ մտածեցի` եթէ նրանք ճաշակեն իմ պարտէզի բարիքներից, կը զգան, որ մենք էլ իրենց թիկունքում ենք»:
Այց Զօրամաս
Զօրամաս հասնելու ճանապարհին կանգ առանք գիւղի դպրոցի մօտ: Բարեկարգ շինութիւն է: Բոլոր պայմանները կան երեխաների ուսուցումն առաւելագոյն արդիւնաւէտ իրականացնելու համար: Աչք է գրաւում դրսում` հէնց շէնքի դիմաց գտնուող փոքրիկ ջերմոցը, որը բուսաբանութեան դասաժամերի գործնական աշխատանքների համար է: Իսկ նախնական զինուորական պատրաստութեան համար անհրաժեշտ բոլոր պարագաներով ապահովուած դասասենեակի պատուհանից երեւում է թշնամու հրաձգային զօրավարժարանը…
– Խաչիկցուն պէտք չէ հայրենասիրութեան դասեր տալ. նա ամբողջ հասակով, մեծով-փոքրով կանգնած է սահմանին,- արդէն զօրամասում ասում է հրամանատարի տեղակալ ուժ Ցոլակեանը: Գիւղացի երեխաները ռազմագիտութեան դասին իրենց պատուհանից ամէն օր տեսնում են, թէ ինչպէս է մարզւում թշնամին: Մենք բոլորս` զինուոր ու գիւղացի, նոյն գործն ենք անում` պաշտպանում ենք մեր տունը, սահմանը, հայրենիքը: Այս բոլորը միասին հզօր ուժ է:
– Դպրոցի հետ ինչպէ՞ս էք համագործակցում:
– Տարբեր առիթներով մենք միշտ դպրոցում ենք: Մեր ներկայութիւնը, որին ընտելանում է երեխան, նրա համար դառնում է կենսական կապ: Շատ երեխաներ կան, նոյնիսկ` աղջիկներ, որ երբ հարցնում ես` ի՞նչ ես ուզում դառնալ, ասում են` ենթասպայ: Դպրոցի զինղեկը` Համլէտ Ներսիսեանը, ազատամարտի մասնակից է, եղել է զօրամասի հրամանատար, գաղափարապէս զօրեղ անձնաւորութիւն է: Ղեկավարում է նաեւ գիւղի «Պատանի երկրապահների ակումբը»:
Զրոյցին ներկայ է զօրամասի հոգեւոր սպասաւոր Արսէն սարկաւագը, որն ուշադիր հետեւում է մեր զրոյցին:
– Երբ թշնամուց մեզ ընդամէնը մի քանի քիլոմեթր է բաժանում, մենք պարտաւոր ենք միասին լինել,- ասում է հոգեւորականը: Բնակչութիւն, զինուորական եւ հոգեւորական եռեակը նման է Սուրբ Երրորդութեանը, որտեղ Հայրը, Որդին ու Սուրբ Հոգին միասին են: Այսօր մեզ` թէ՛ հոգեւորական, թէ՛ զինծառայող, թէ՛ բնակիչ, վստահուած է պատմութեան այս հատուածը, այս փոքրիկ լեռնային գիւղը: Մեզ համար աւելի մեծ վարձ չի կարող լինել:
Յետոյ հրամանատարի պաշտօնակատարի ուղեկցութեամբ շրջում ենք զօրամասում, ծանօթանում ծառայութեան պայմաններին: Ամէնուր կարգուկանոն է, զինուորները խանդավառ են, ներքին խաղաղութեան ու համերաշխութեան մթնոլորտն` ակներեւ:
Մարտական Յենակէտում
Այդ օրը դիրքում զինուորների կողքին մարտական հերթապահութիւն էր անցկացնում պայմանագրային զինծառայող, գիւղի բնակիչ Երանոս Սարգսեանը: Երանոսը մասնակցել է արցախեան ազատամարտին, ճանաչում է թշնամուն եւ գիտէ նրա հետ «խօսելու» լեզուն:
– Այն տարիներին բանակը նոր-նոր կազմաւորւում էր: Ի հարկէ, բազմաթիւ խնդիրներ կային, այդ թւում` զէնքի, զինուորական հագուստի, տարրական կենցաղային պայմանների եւ սննդի: Այժմ այս բոլոր հարցերը լուծուած են, բանակի մարտունակութիւնը բարձր է: Մենք շատ աւելի կազմակերպուած ենք, ուժեղ եւ, ամենակարեւորը, թէ՛ զինուորը եւ թէ՛ գիւղացին հոգեպէս պատրաստ են կանգնելու, պաշտպանուելու եւ պատասխանելու թշնամուն…
– Դուք Խաչիկի բնակիչ լինելով` նաեւ հայկական բանակի զինուորական էք: Ի՞նչ զգացումներ էք ունենում դիրքերում:
– Հպարտ եմ, որ դիրքում եմ: Նայում ես ետ` այնտեղ քո տունն է, հարազատները: Միեւնոյն ժամանակ, ծառայութիւնը նաեւ իմ աշխատանքն է. ե՛ւ հող եմ պաշտպանում, ե՛ւ ընտանիք եմ պահում: Մինչեւ թոյլատրելի տարիքս անպայման ծառայելու եմ:
Վերադառնալով գիւղ` հանդիպում ենք նաեւ Երանոսի բազմանդամ ընտանիքին, շրջում նրանց մեծ այգում, սուրճի սեղանի շուրջ զրուցում կնոջ հետ: Գիւղում մեծ տնտեսութիւն ունեն. անասնապահութեամբ, հողագործութեամբ են զբաղւում: Տիկին Յասմիկի խօսքերով` ամուսինն ամսուայ կէսը մարտական յենակէտերում է. տանը ինքն ու աղջիկներն են մնում: Տղամարդու օգնութեան կարիքն անկասկած զգացւում է, բայց ինքը հպարտ է, որ ամուսինն իրենց եւ հարեւանների անդորրն է պաշտպանում. «Ժողովրդի մէջ էլ մեծ վստահութիւն կայ սահմանը պահող զօրքի հանդէպ»:
Ռոզա Մայրիկը
Երեկոյեան արդէն Ռոզա մայրիկի տանն ենք: Տունը գիւղի ծայրին է, թշնամու դիրքերին մօտ: Այս փոքրիկ, խարխուլ տնակը շատ նշանաւոր հիւրեր է ունեցել: Պատերազմի տարիներին Ռոզա մայրիկը մեծ թուով զինուորներ է պահել, խնամել իր յարկի տակ: Այստեղ էլ որոշում ենք մնալ ու սպասել ազատամարտիկների ջոկատի տղաներին:
Ռոզա մայրիկը Խաչիկի այն բնակիչներից է, որոնք երբեք երկար ժամանակով չեն հեռանում գիւղից. նմանները ուրիշ տեղ չեն կարող ապրել: Հէնց վերջերս է վերադարձել Ռուսաստանում բնակուող որդու մօտից` չհամակերպուելով օտարութեանը: Երեւանաբնակ միւս որդին ու հարազատներից շատերն էլ փորձում են համոզել` թէ արի, մի քիչ մեզ մօտ մնայ: Բայց Ռոզա մայրիկն անդրդուելի է: Հրաշալի զրուցակից է, պայծառ մտքի տէր, տեղեկացուած է թէ՛ գիւղի բոլոր խնդիրներից եւ թէ՛ աշխարհաքաղաքական զարգացումներից:
– Որ թուրքը գայ, ի՞նչ կ՛անես, Ռոզա՛ մայրիկ,- կատակում եմ:
– Ի՞նչ պիտի անեմ, մանտիրովքայով դէմները կ՛ելնեմ,- իբր լուրջ-լուրջ պատասխանում է փոքրամարմին կինը: Յետոյ դուրս է գալիս տնից ու վերադառնում երկաթէ մի ահագին լինգ ձեռքին:
– Հրե՛ս:
Ռոզա մայրիկի տեսքը սպառնալից է… ծիծաղից ուշաթափւում ենք: Իսկ նա չարաճճի աւելացնում է. «Իմ մասին գրէք, ի՞նչ վատ նիւթ եմ»:
… Իսկ յետոյ երեկոն լցւում է նրա յիշողութիւններով` թուրքական ողջակիզումից մազապուրծ 12-ամեայ հօր, նրա ընտանիքի միւս անդամների ճակատագրի մասին… «Իմ սրտի մէջ ցեղասպանութեան ասկոլկան (բեկոր) խրուել ու դուրս չի եկել, աղջի՛կ ջանէ, ասում է կամաց: Եւ նրա աչքերում անամոք վշտի մի փոքրիկ ստուեր է նշմարւում, որը յաջորդ պահին խնամքով թաքցնում է…
Ազատամարտիկները
Խաչիկ գիւղի «Ե.Կ.Մ.» նախագահ Վանուշ Գրիգորեանի համոզմամբ, ներկայիս բանակի ամենակարեւոր ձեռքբերումներից է բարձր մարտունակութիւնը, կարգուկանոնը: Խօսելով զօրամասի մասին` որպէս կարեւոր փաստ` հարկ է համարում նշել, որ այստեղ տարիներ շարունակ ոչ կանոնադրային յարաբերութիւններ չեն գրանցուել. «Բացառւում է, որ գիւղում պարապ թրեւ եկող զինուոր տեսնես»: Այս ամէնին, ըստ նրա, մեծապէս նպաստում է նաեւ այն, որ դիրքերում, ժամկէտային զինծառայողի կողքին, այսօր կանգնած են պայմանագրային զինծառայողները, մարդիկ, որ ժամանակին Խաչիկի ինքնապաշտպանական մարտերի մասնակիցն են եղել. «Մենք խաչիկցի ենք, իսկ խաչիկցին երբեք իր տունը հէնց էնպէս չի թողնի»:
– Ինչպէ՞ս էք արձագանգում սահմանային միջադէպերին:
– Երբ սահմանին որեւէ լուրջ միջադէպ է լինում, ես` որպէս Խաչիկ գիւղի Երկրապահների միութեան նախագահ, առաջին հերթին անմիջապէս հաւաքում եմ ջոկատի տղաներին: Նոյն կերպ ենք վարւում, եթէ ահազանգ է հնչում մեր երկրի մէկ այլ սահմանամերձ գօտուց:
Վանուշ Գրիգորեանին լրացնում է ազատամարտիկ Քաջիկ Օհանեանը: Նա նշում է, որ պատերազմի ժամանակ եւ դրանից տարիներ անց էլ ջրի խնդիրը խաչիկցու համար հարցերի հարցն է եղել, որ իրենք` ազատամարտիկները, օրերով ջուր չէին ունենում: Իսկ այժմ պատկերը բոլորովին փոխուել է, գոնէ խմելու ջրի հարցը հիմա լիովին լուծուել է:
Վիգէն Զոհրաբեանն էլ իր հերթին նշում է, որ ազատամարտիկները վստահութեամբ են նայում մեր բանակի առաջընթացին եւ պատրաստ են, անհրաժեշտութեան դէպքում, զինուորականների կողքին կանգնելով, ցանկացած մարտական առաջադրանք կատարել. «մարտական դիրքերում հերթապահող իւրաքանչիւր զինծառայող յստակ գիտակցում է` ինչո՛ւ է այստեղ, եւ ո՛րն է իր դերը: Սա մեր գիւղի այսօրուայ ամենակարեւոր ձեռքբերումներից է»:
Հողը, Ոգին Ու Զէնքը…
Սեպտեմբերի 21-ն է` մեր երկրի անկախութեան օրը: Խաչիկցին սրտանց ուրախանում է: Դարձեալ գիւղամիջում են բոլորը` մանկական խմբերը` ռազմահայրենասիրական երգ ու պարով, գիւղի բնակիչները, զօրամասի հրամանատարական կազմն ու ժամկէտային զինուորները, ինքնապաշտպանական ջոկատի տղաներն ու Արսէն սարկաւագը: Այսինքն` ամբողջ գիւղը, այսինքն` հայ ժողովրդի այս հզօր, անկոտրում հատուածը:
Հերոսական խաչիկցիների մասին երկու օրուայ ընթացքում շատ բաներ իմացանք. մի յօդուածի սահմաններում չես ամփոփի: Իմացանք նաեւ փաստեր, որոնք որպէս մարդկային անկեղծ տեսակի մասին յուշարձաններ պահելու ենք մեր հոգու խորքում: Մեկնում ենք Երեւան… Իսկ Խաչիկն ապրելու է իր ամէնօրեայ կեանքով: Գիւղացիները պատրաստուելու են ցրտաշունչ ձմրանը. հաւաքելու են խաղողը, աղալու են ցորենը, հնձելու են խոտը եւ զէնքը ձեռքին սպասելու են գարնան տաք օրերին…
Սարերի մշուշում անէանում է Խաչիկ գիւղը, որ երկու օրում մեզ համար նիւթեղէնացաւ, դարձաւ հոգու, հողի, զէնքի միասնութեան խորհրդանիշ…
«Հայ Զինուոր»