Հազարապետ ՍՈՒՐԷՆ ՍԱՐՈՒՄԵԱՆ
ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» թերթի գլխաւոր խմբագիր
Ազրպէյճանի սանձարձակ պահուածքն այլեւս ոչ մէկին չի զարմացնում, սակայն հրադադարի հետզհետէ լկտիացող խախտումներն ու այդ ընթացքում հակառակորդի կողմից կիրառուող զինատեսակների տրամաչափի խոշորացումը, որքան էլ առաջին հայեացքից տարօրինակ թուայ, վկայում է նրա ծրագրերի ձախողման մասին:
Ազրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, փորձելով ապահովել ղարաբաղեան հակամարտութեան իրենց տեսանկիւնից ընդունելի լուծումը, որդեգրել է մի ռազմավարութիւն, որի հեռահար նպատակը հայկական կողմի բարոյահոգեբանական վիճակի եւ նիւթական միջոցների ջլատումն է: Ազրպէյճանն այդ ռազմավարութիւնը սկսել է իրագործել դեռեւս տարիներ առաջ` շարունակաբար սաստկացնելով կրակային ներգործութիւնը հայկական դիրքերի վրայ: Որոշ ժամանակ անց Ազրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան համար, ըստ երեւոյթին, պարզ դարձաւ, որ նոյնիսկ խոշոր տրամաչափի հրաձգային զէնքերի` «Իսթիքլալ» դիպուկահար հրացանների եւ «ՏՇՔ», «ՆՍՎ» գնդացիրների կիրառումն արդիւնաւէտ չէ: Հայկական կողմի` աշխարհագրական առումով հիմնականում նպաստաւոր դիրքերը, մինչ այդ իրականացուած լայնածաւալ երկրաչափական աշխատանքները, անձնակազմին անհատական պաշտպանութեան ժամանակակից միջոցներով ապահովելը զինծառայողների մարտական հերթապահութեան կրման կարգը պահպանելու դէպքում դիրքապահի խոցման հաւանականութիւնը հասցրել էին նուազագոյնի: Եւ եթէ ժամանակ առ ժամանակ ազրպէյճանական ստորաբաժանումներին յաջողւում էր խոցել հայ զինծառայողի, հատուցումը լինում էր անխուսափելի եւ դաժան:
Գիտակցելով այս ամէնը` ազրպէյճանական կողմը անցեալ տարուայ ամրանը կտրուկ փոխեց մարտավարութիւնը` ԼՂՀ պետական սահման գործուղելով արհեստավարժ պայմանագրային զինծառայողներով համալրուած յատուկ նշանակութեան ստորաբաժանումներ եւ դրանց ներգրաւմամբ ձեռնարկեց խափանարարական-հետախուզական նոր գործողութիւններ, որոնք որոշ փորձագէտների համար հիմք հանդիսացան պնդելու, թէ ղարաբաղեան հակամարտութիւնը թեւակոխել է նոր` խափանարարական պատերազմի փուլ: Հայկական կողմն անյապաղ ձեռնարկեց համապատասխան միջոցառումներ, եւ մի քանի տասնեակ ազրպէյճանցի խափանարարներ իրենց անփառունակ վախճանը գտան ՊԲ դիրքերի մատոյցներում:
Հասկանալով, որ իրենց սանձազերծած խափանարարական պատերազմը եւս չի կարող ապահովել ռազմավարական խնդրի կատարումը, Ազրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը հերթական անգամ փոխեց մարտավարութիւնը` առաջնագծում հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ կիրառելով հրետանի: Կիրառուող հրետանային զինատեսակները նախ սահմանափակւում էին 60 եւ 82 մմ տրամաչափի ականանետներով, իսկ ձեռքի եւ հաստոցային նռնականետներ օգտագործուել էին նաեւ նախկինում, թէեւ` զգալիօրէն աւելի ցածր յաճախականութեամբ:
Ազրպէյճանական կողմը բաւականին արագ հասկացաւ, որ գումարտակային օղակի հրետանաւորների պատրաստութեան աստիճանը անգամ նշանացուցման համար անօդաչու թռչող սարքերի ընդգրկման պարագայում հնարաւորութիւն չի տալիս յաջողութեամբ կատարելու առաջադրուած կրակային խնդիրները. ականանետային փոխհրաձգութիւնների արդիւնքում հայկական կողմը կորուստներ չունեցաւ, ինչը չի կարելի ասել նախայարձակ հակառակորդի մասին:
Անգամ աննախադէպ գրաքննութեան պայմաններում Ազրպէյճանի կրած զգալի կորուստների փաստը կոծկել չյաջողուեց, ինչը զարմանալի չէ, եթէ հաշուի առնենք, որ միայն այս տարուայ օգոստոս ամսուայ ընթացքում ազրպէյճանական բանակը տուել է 30-ից աւելի զոհ, իսկ 2013-15 թթ. ազրպէյճանական կորուստների ընդհանուր թիւը կազմել է 283 ասկեար:
Չհամակերպուելով ձախողման հետ` Ազրպէյճանը հերթական անգամ փոխեց կիրառուող զինատեսակների դասը` սեպտեմբերի 25-ին, բացի թուրքական «Թէ.Էռ.-107» ռէաքթիւ հրետանային կայանքներից, գործի դնելով նաեւ հաուպիցային հրետանի: Կրակ բացուեց առաջնագծից 5-6 քմ հեռու իրենց առօրեայ ծառայական խնդիրները կատարող հայկական ստորաբաժանման մարտիկների վրայ, իսկ դրա նախորդ օրը հրետակոծուեցին Հայաստանի Տաւուշի մարզի բնակավայրերը: Հրետակոծութեան հետեւանքով զոհուեցին ՊԲ 4 զինծառայողներ, Տաւուշի մարզում երեք խաղաղ բնակիչ` երեք կին:
Հայկական պատասխանը, բնականաբար, չուշացաւ:
Միայն Ակնայի ուղղութեամբ իրականացուած պատժիչ գործողութեան ընթացքում ոչնչացուեցին շուրջ 14 ազրպէյճանցի զինծառայողներ, ընդ որում` հայկական կողմը, հաւատարիմ մնալով հրադադարի պահպանման իր ստանձնած պարտաւորութիւններին, ձեռնպահ է մնացել փողային հրետանու կիրառումից:
Ազրպէյճանի լկտիութեանը անդրադարձել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը. ելոյթ ունենալով Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի նիստի ընթացքում: Նախագահն ասել է.
«Քաղաքակիրթ աշխարհի օրէնքը կոչ է անում մարդկութեանը վերջ դնել մարդկութեան հանդէպ յանցագործութիւնների անպատժելիութեանը: Հայաստանի Հանրապետութիւնը հաստատակամ է այս խնդրում: Մենք հետեւողականօրէն բացայայտելու, յայտնաբերելու եւ հետապնդելու ենք նման յանցագործութիւնների իւրաքանչիւր մեղաւորի` հրաման կատարող շարքայինից մինչեւ նման հրաման արձակող հրամանատարութիւն:
Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռուելուց չենք վախենում, դատարկ խօսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացուած տարածքներից է: Գիտէք, որ դեռ մեր պապերն են ասել` կռուի մէջ փլաւ չեն բաժանում: Եւ պարտադրուած հրադադարի աւելի քան 20 տարուայ ընթացքում, որը, Պաքուի իշխանաւորների կամօք, այդպէս էլ հնարաւոր չեղաւ վերածել խաղաղութեան, մենք ամէն ինչ արել ենք` խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մէջ պատժիչ գործողութիւններն էլ են մտնում, որպէսզի հակառակորդը չմտածի, թէ մարսեց իր լկտի պահուածքը:
Մենք կը ստիպենք, վստահաբար կը ստիպենք Ազրպէյճանի կառավարութեանը հաշուետու լինել իր ժողովրդին` նրան պատճառած նորանոր տառապանքների համար: Առայժմ այսքանը»:
Ակնյայտ է, որ Ազրպէյճանի գործողութիւնները տարածաշրջանում ձեւաւորել են նոր ռազմաքաղաքական իրավիճակ, երբ հայկական կողմը` շահագրգիռ լինելով հրադադարի հետագայ պահպանման եւ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղուած բանակցային գործընթացի շարունակականութեամբ, պարզապէս ստիպուած է բոլոր հնարաւոր միջոցներով կանխարգելել Ազրպէյճանի սադրիչ գործողութիւնները: