ՍԱՅԻԹ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ
Օսմանեան կայսրութեան նուաճումից յետոյ Պոնտոսն արմատական փոփոխութեան ենթարկուեց: Սուլթանական պալատը, որ չկարողացաւ թուրք քոչուորներին տարածաշրջանում տեղաւորել, ձեռնամուխ եղաւ ափամերձ` Պաթումից մինչեւ Սիւրմենէ, Ռիզէ եւ Օֆ տարածքներում բնակուող ուղղափառ ժողովուրդների բռնի իսլամացման քաղաքականութեան իրականացմանը: Բռնի իսլամացումն ամենամեծ գործօններից մէկն է, որ այլ քրիստոնեայ ժողովուրդների նման` հայերը եւս այլ ազգաբնակչութեան հետ են միախառնուել:
1915 թ. Պոնտոսում հայ կնոջ մասին խօսելը համարժէք է պատմական գործընթացում վերջակէտ դնելուն: Պոնտոսում հայերի գոյութեան վերացմամբ վերջ դրուեց նաեւ կանանց գոյութեանը: Կանանց մեծ մասը ոչնչացուել է մահուան ճամբորդութեան ժամանակ, իսկ միւս մասն էլ` գերեվարուել եւ տեղ գտել մուսուլմանական հարեմներում:
պոնտոսի Լազիստանի գաւառում 1915 թ. նախաշեմին, այսինքն մինչեւ հայերը մահուան ճամբորդութեան կը հանուէին, ուսումնասիրողներ Ռ. Գեւորգեանն ու Պ. Փափուջեանը նշում են, որ միայն 35 հայ էր մնացել: 1880-ական թթ. վերջերին տարածաշրջան այցելած Վիտալ Քուինեթն արձանագրել է, որ այստեղ 100 կաթողիկէ, 5000 ուղղափառ, ընդհանուր առմամբ` 5100 հայ է բնակուել:
Հանրապետական ժամանակաշրջանում 1927 թ. կատարուած մանրամասն մարդահամարով հաստատւում է, որ Լազիստանի գաւառում ոեւէ հայ չի մնացել:
Երբ նայում ենք 1927 թ. ամբողջ Պոնտոսի հայ կանանց պատկերին, յստակ տեսնում ենք զարգացումը: Ափամերձ հատուածում, Տրապիզոնում կրօնական պատկանելութիւնն անյայտ 58 հայ կին է մնացել, որոնցից 53-ի մայրենի լեզուն հայերէնն է եղել, Օրտուում 59 հայ կին է եղել եւ 163 կանայք, որոնց մայրենին հայերէնն է եղել, Կիրասոնում 1 հայ կին է մնացել, իսկ կին, որի մայրենի լեզուն հայերէնն է, չկար, Սամսոնում մնացել է 111 հայ կին, սակայն 121-ի մայրենի լեզուն հայերէնն է եղել: Արդուինում եւ Գիւմուշհանէում հայ կին չի մնացել, չկար նաեւ կին, որի մայրենի լեզուն հայերէնը լինէր: Պոնտոսի ափամերձ շրջաններում որպէս հայ մնացած կանանց թիւը 229 է, իսկ 337 կանանց մայրենի լեզուն հայերէնն է: Հետեւաբար` կարելի է հետեւեալ եզրայանգմանը գալ. մահուան ճամբորդութիւնից սպրդած Պոնտոսի հայերի մօտ մէկ երրորդն իսլամացուել է: Մինչդեռ Պոնտոսի ներքին շրջաններում այս ցուցանիշն աւելի բարձր է. Ամասիայում 138 հայ կին է մնացել, եւ ապշեցուցիչ է, որ 596 կանանց մայրենի լեզուն հայերէնն է եղել:
Այնուամենայնիւ, պէտք է ընդգծել, որ որեւէ թուաքանակ կամ վիճակագրութիւն չի կարող ներկայացնել այս մարդկանց ողբերգութիւնը:
Նախքան պատերազմի մէջ ներքաշուելը, Եւրոպայում պատերազմի սկսուելուն պէս Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութեան քարտուղարները Տրապիզոն են գալիս եւ ձեռնամուխ լինում յատուկ կազմակերպութեան (Թեշքիլաթը Մահսուսա) ձեւաւորմանը: Նախ «Մահակով գաւառապետ» անունը ստացած եւ այդ ժամանակահատուածում Ռիզէի գաւառապետ Ճեմալ Ազմի պէյը Տրապիզոնի նահանգապետ է նշանակւում: «Ճեմալ Ազմի պէյի բազմաթիւ գործողութիւնները Յատուկ կազմակերպութեան հետ էին առնչւում: Եւ կասկած չկար, որ առաջիկայում էլ իրենից մեծ օգուտ էր լինելու: Այս պատճառով Ճեմալ Ազմիին Յատուկ կազմակերպութեան մէջ ներգրաւելու որոշումից յետոյ նա եւս սկսում է մասնակցել Տրապիզոնի պատուիրակների ժողովներին»:
Ռիզէի գաւառապետ Սիւլէյման Սամի Քեփենեքը, Կիւմիւշհանէի գաւառապետ, Յատուկ կազմակերպութեան սուսերամարտիկ Ապտիւլքատիր պէյը, բանակից յետոյ Կիրասոնի գաւառապետ Ալի Ֆայիք Քունթը, Սամսոնի գաւառապետ Սիւլէյման Նեճաթի Սելանը, Ամասիայի գաւառապետ Սուլէյման Սըրրը Թաւաթը եւ Սվազի նահանգապետ Մուամմեր Ճանքարտեշը, որպէս հայերի մահուան ճամբորդութեան կազմակերպման գլխաւոր դերակատարներ, համալրեցին անձնակազմը: Այս բոլոր կառավարիչները պատերազմից յետոյ տեղահանութեան փաստի կապակցութեամբ բանտարկութեան ենթարկուեցին: Սակայն Ա. Համաշխարհային պատերազմի վերջում Մալթա կղզին (Ա. Համաշխարհային պատերազմից յետոյ Օսմանեան կայսրութեան ռազմական ատեանները սկսեցին հայերի կոտորածների պատասխանատուների դատաքննութիւնը: Մեղադրեալների մի մասը, հետագայում դատուելու նկատառմամբ, Մեծն Բրիտանիայի կողմից աքսորուեց Մալթա կղզի, սակայն Անգլիան Հայոց ցեղասպանութեան պատասխանատուներին ի վերջոյ փոխանակեց անգլիացի ռազմագերիների հետ, «Ակունք»-ի խմբ.) Նիւրեմպերկի չվերածուեց:
Յատուկ կազմակերպութեան ընդունած առաջին որոշումներից մէկն է` «Օգտուել Տրապիզոնի բանտում գտնուող կալանաւորներից, նրանց դուրս բերել բանտից, սպաների հրամանատարութեան ներքոյ աւազակախմբեր ձեւաւորել եւ պարագլուխ դարձնել բոլոր նրանց, ովքեր հռչակ են ձեռք բերել յատկապէս աւազակութեամբ զբաղուելու շնորհիւ»:
Այսպիսով, Յատուկ կազմակերպութեան աւազակախմբերի, այսինքն իրագործող ջոկատների ձեւաւորումն աւարտւում է: Այս աւազակախմբերի առաջնային պարտականութիւնն այդ թուականներին Ռուսաստանի հովանու ներքոյ գտնուող Արդուինի, Արդանուչի, Կարսի եւ Արտահանի հայկական գիւղերը թալանելն էր: Այստեղ պարտութեան մատնուելով` Յատուկ կազմակերպութեան աւազակախմբերը պետութեան հսկողութեան տակ սկսում են ներքին շրջանների` Պոնտոսի հայերի թալանն ու կոտորածները: Սրանցից ամենաճանաչուածը Թօփալ Օսմանն է, որի պաշտօնը հասել է մինչեւ Չանքայայի պահակային զօրագունդ:
1901 թ. Տրապիզոնում ծնուած Շուշանիկ Յովհաննէսի Փաչաջեանը, ով 1915 թ. զուտ պատահականութեամբ էր կարողացել ողջ մնալ, նկարագրում է այն ողբերգական ճամբորդութիւնը, որ 1915 թ. կատարուել է Մերզիֆոնից դէպի անյայտութիւն. «Հայրս` Յովհաննէսը, երեք եղբայր ունէր: Օնիկ Մախոխեանը նկարիչ Վարդան Մախոխեանի աւագ եղբայրն էր: Նրանց ծնողները հարուստ մարդիկ էին եւ երեխաներին լաւ կրթութեան էին տուել: Երբ հօրաքոյրս նշանուել է, մինչեւ ամուսնանալը ֆրանսերէն սովորելու համար յատուկ ուսուցիչ են վարձել, դաշնամուր են բերել տուն, որպէսզի նա նուագել սովորի: Միայն դրանից յետոյ է հօրաքոյս հարս գնացել»: Այս խօսքերը Պոնտոսի մշակութային մակարդակն են ցոյց տալիս: 1905 թ. Տրապիզոնում ծնուած գրող Լէոն Զաւէն Սուրմելեանի «Ձե՛զ եմ հարցնում, տիկնա՛յք եւ պարոնա՛յք» վերնագրով ինքնակենսագրական պատմուածքում «Ցանկանում էին, որ մենք` երեխաներս, մեր ընդունակութիւնները ցոյց տայինք: Նուարդը դաշնամուր էր նուագում, Օնիկը` ջութակ…»: Այստեղ նկարագրուածը այդ ժամանակաշրջանի առօրեան է: Դաշնամուրը Պոնտոսի միջին դասին պատկանող ընտանիքների կողմից ընդունուած երեւոյթ է: «Թայմզ թերթի Պուքրէշի թղթակիցը, ականատեսներին վկայակոչելով, Լոնտոն փոխանցած տեղեկատուութեան մէջ գրում է, որ Տրապիզոնում հայերից առգրաւուած մի դաշնամուրը վաճառւում էր 10-15 «ղուրուշ»-ով: Մինչդեռ այդ թուականներին շուկայում մէկ ափսէի գինը 5 ղուրուշ էր:
Մերզիֆոնում սկզբնական շրջանում հայերին իսլամ ընդունելու կոչ էին անում. «Մեր քոլեճի ուսուցիչ Կիւլեանի երկու աղջիկները` Արմինէն ու Հրանուշն, Անատոլիա քոլեճն աւարտեցին: Աղջիկներից մեծը` Արմինէն, ինձ երրորդ դասարանում ուսողութիւն է դասաւանդել: Տեղահանութիւնից առաջ նրան պարտադրել են կրօնափոխ լինել եւ Մերզիֆոնի թուրքական դպրոցում աշխատել: Նա հայերէնի, թուրքերէնի եւ ֆրանսերէնի լաւ մասնագէտ էր: Սրա շնորհիւ նրան չեն աքսորել եւ դա էլ, բացի աղջկայ ընտանիքից, նրա աներորդու եւ կնոջ, եղբօր կնոջ ու Յասմիկ եւ Լութֆիկ անուններով երկու հայ աշակերտների կեանքն է փրկել: Մեր քոլեճում դասաւանդող Սվազլեանը տիֆով վարակուեց եւ չկարողացաւ փրկուել: Նրան մուսուլմանական գերեզմանոցում, յուղարկաւորութեան մուսուլմանական ծիսակարգով թաղեցին»: Շուշանիկից տեղեկանում ենք, որ մնացած բոլոր ուսուցիչները աքսորուել ու սպաննուել են:
Շուշանիկի ճամբորդութիւնը սկսուել է օգոստոսի 12-ին Մերզիֆոնից. «Ես չորս տարեկանից ի վեր ամերիկեան որբանոց եմ գնացել, այնուհետեւ սովորել Մերզիֆոնի Անատոլու քոլեճում, որի տնօրէնը Շարլոթ Ուիլլարտն էր: 1915 թ., երբ սկսուեց տեղահանութիւնը, մեր քոլեճի մարդիկ եւս աքսորուեցին: Մենք մեր ուսուցիչների հետ միասին էինք: Բոլորիս տասնհինգ սայլի մէջ աքսորեցին. ոչ ոք չգիտէր, թէ ուր ենք գնում: Շուկաներով, իջեւանատներով անցնելով` հասանք Ամասիա: Որպէսզի քնենք, այնտեղ մեզ մի շէնքի երկրորդ յարկում գտնուող երկու փոքրիկ սենեակներում տեղաւորեցին»: Աքսորների, ամբողջ գիշեր մարդու սիրտը կտոր-կտոր անող հառաչանքների ու գոռում-գոչիւնների պատճառով չեն կարողանում քնել: «Առաւօտեան իմացանք, որ այդ շէնքի առաջին յարկում` ճիշդ մեր սենեակների տակ գտնուող սենեակներում, իրար վրայ շարուած, գլուխները կտրած հայերի դիակներ կային. այս հայերը հոգեվարքի մէջ են եղել, եւ մենք էլ սարսափի մէջ նրանց ճիչերն ենք լսել»:
Շ. Ուիլլարտը, մինչեւ Ամասիա, իր աշակերտների հետ էր: Ամասիայից հետ է վերադարձւում: Մինչդեռ Շ. Ուիլլարտն ու իր օգնականը` տիկին Քեյգը, Օսմանեան կայսրութիւնում Ամերիկայի արտակարգ եւ լիազօր դեսպան Մորկենթաուին նամակ էին ուղարկել եւ թոյլտւութիւն ստացել, որպէսզի քոլեճի աշակերտները չտեղահանուեն: Թուրհալի գաւառապետին հնարաւոր չէր այս թոյլտւութիւնը բացատրել, եւ աշակերտները ծանր ճամբորդութեամբ Սվազ են հասնում:
«Թուրհալի գաւառապետն առաջ քաշեց այն փաստարկը, որ բոլոր հայերին առանց բացառութեան աքսորելու հրամանն իրեն Մերզիֆոնի նահանգապետն է տուել: Այնտեղ` իջեւանատան մի անկիւնում շարժուող մի ուրուապատկեր կար: Երբ աղջիկների հետ նրան մօտեցանք, տեսանք, որ այդ մարդը հայ էր. ժանտարմները (ոստիկանները) նրա վրայ ջրաղացի քար էին նետել եւ ողնաշարը կոտրել. սակայն ինքը դեռ չէր մահացել: Թէեւ գիտէինք, որ այդ վիճակով երկար չէր ապրի, մեր ուտելիքի մի մասը նրան տուեցինք` մտածելով` թող գոնէ կուշտ մահանայ: Յետոյ սայլապանները մեզ Շարքըշլայ տարան: Սայլապանի կողքին նստած ժանտարմը (ոստիկանները) իջաւ սայլից: Սայլապանն էլ իջաւ, եւ միասին մեզնից փող ուզեցին: Մինչդեռ մենք աշակերտներ էինք եւ փող չունէինք: Յատկապէս մեր տնօրէնին զգուշացրեցին, որ ճամբորդութեան ծախսերը լրիւ պէտք է վճարուեն: Սայլապանն ու ժանտարմը տեսնելով, որ ոեւէ մէկն իրենց փող չի վճարելու, սպառնացին, թէ մեզ յաջորդ կանգառում են թողնելու եւ իրենց ճանապարհը մենակ շարունակելու: Այս կերպ Ենիհան հասանք եւ սայլերից իջանք: Մեզ մի դատարկ սրահ տուեցին, սակայն դռնապանը բնական կարիքները հոգալու համար անգամ առանց փողի ոչ մէկին դուրս չէր թողնում: Այդ երեկոյ այդ զինուած դռնապանը մի լաւ գումար վաստակեց»:
Աղջիկների շարասիւնը հսկողները տիրանում են այն աղջիկներին, որոնց հաւանել են. «Շիւքրիւ պէյը Ամասիայից սկսած` մեզ է հետեւում, քանի որ մեր ուսուցիչներից մէկին է հաւանել եւ նրա յետեւից է գալիս: Մեզ հետեւեց այնքան, մինչեւ վերջում նրան տիրանալով` կնութեան վերցրեց»: Ճանապարհին տիրանում են աղջիկներից 21-ին:
Շարասիւնը թերի է շարունակում ճանապարհը. «Հասանք Սվազ: Այնտեղ էլ աղջիկների ամերիկեան քոլեճ կար, սակայն բոլորն աքսորուել էին: Նրանց մահճակալներն ու անկողինը տեղում էր մնացել: Մեզ այնտեղ տեղաւորեցին: Սվազում երեք շաբաթ մնացինք: Նահանգապետը Սվազում չէր, եւ մինչեւ նրա վերադարձն այնտեղ սպասեցինք… Յետոյ մեր ղեկավար տիկնայք նահանգապետի հետ բանակցութիւններ սկսեցին: Այս բանակցութիւնները երկար տեւեցին: Մեր ղեկավարները Մերզիֆոնի Անատոլիա քոլեճի 41 հայ աղջիկներին չաքսորելու առնչութեամբ Թալէաթ փաշայի ստորագրութեամբ թոյլտւութիւնը նահանգապետին ներկայացրեցին եւ Մերզիֆոն վերադառնալու հնարաւորութիւն ստացան»:
1915 թ. դեկտեմբերի 13-ին Միացեալ Նահանգներում Ֆիլատելֆիայի երաժշտութեան ակադեմիայում, դպրոցի ուսուցիչ, փրոֆեսէօր Թէոտոր Էլմերի ելոյթը Մերզիֆոնի Անատոլիա քոլեճի աքսորի վերաբերեալ է. «Օգոստոսի 12-ին ոստիկանապետը տեղական ոստիկանական ուժերի եւ մի քանի ժանտարմների հետ իրենց առաքելութիւնը կատարելու եկան եւ օրիորդաց դպրոցի երիտասարդ կանանց ուզեցին: Մինչեւ կէսօր միսիոներները ջանացին արգելել, որ ոստիկանները տանեն երիտասարդ կանանց: Դպրոցի տնօրէնը մի պահ անգամ մտածում էր, որ աւելի լաւ է բոլորին դպրոցի բակում գնդակահարեն, քան նրանց այդ վայրենիների ձեռքը յանձնեն: Տեսնելով, որ յամառումն այլեւս արդիւնք չի կարող տալ, աղջիկները ուտելիք, հագուստ եւ փող վերցնելով` ճամբորդութեան պատրաստուեցին: Ամերիկացի տնօրէնն աշխատեց նրանց հետ գնալու թոյլտւութիւն ստանալ: Սկզբում դա չընդունուեց: Աւելի ուշ ճամբորդութեան առաջին օրը տնօրէնին թոյլատրեցին մինչեւ Ամասիա գնալ: Օգոստոսի 12-ին` կէսօրից յետոյ, երկու դպրոցի 62 երիտասարդ կանանցով լցուած 14 սայլերը ճանապարհ ընկան: Ոճրագործի դաժանութեամբ մի քանի ժանտարմ նրանց էին ուղեկցում:
(Շարունակելի )
«Օրթաք Հապեր»
Թարգմ.` ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակօս»