«ԱԿՕՍ»
Սեպտեմբերի 15-ի երեկոյեան Պոլսի «Քոնկրես» կենտրոնում տեղի ունեցաւ «Հրանդ Տինք»-ի անուան միջազգային մրցանակի յանձնման 7-րդ հանդիսութիւնը, որտեղ բացման խօսքով հանդէս եկաւ պատմաբան Թաներ Աքչամը: Ելոյթը ներկայացնում ենք ամբողջութեամբ, որը հանդիսութեան ներկաները մեծ հետաքրքրութեամբ ունկնդրեցին:
«Նախ եւ առաջ շնորհակալութիւն եմ յայտնում «Հրանդ Տինք» միջազգային հիմնադրամին այս առանձնայատուկ եւ բազմանշանակալից հրաւէրի համար:
Ինչպէս գիտէք, այս ընթացիկ տարին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցն է: Եւ ցանկացել են, որ ես խօսեմ այս առնչութեամբ:
Ցեղասպանութիւնը մարդկայնութեան դէմ ուղղուած յանցագործութիւն է, որի վերաբերեալ 1948 թ. ուխտ է ընդունուել: Այսօր Թուրքիայում ամենաշատ քննարկուող հարցերից առաջինն այն է, թէ արդեօք 1915 թուականը պէտք է ցեղասպանութիւն անուանե՞լ, թէ՞ ոչ: Մինչդեռ ովքեր հարցին մօտիկից են ծանօթ, գիտեն, որ ցեղասպանութիւն եզրն ի յայտ է եկել գլխաւորապէս այն պատճառով, որ 1915 թ. ոչնչացրել են հայերին:
Այս տեղեկութիւնը ցեղասպանութիւն եզրի հեղինակ Ռաֆայէլ Լեմքինն ինքն է մեզ հաղորդում: Սակայն միայն ցեղասպանութիւնը չէ. այս եզրից բացի` միջազգային իրաւունքում ամրագրուած երկու հասկացութիւնների ծագումը եւս մեր պատմութեան հետ է կապուած` ա) մարդկութեան իրաւունքը կամ մարդկութեան կանոնը եւ բ) որպէս մարդկայնութեան դէմ իրագործուած յանցագործութիւն որակուած երկու այլ իրաւական հասկացութիւնները: «Մարդկութեան իրաւունքը» առաջին անգամ որպէս միջազգային իրաւունքի դրոյթ ամրագրուել է 1899 եւ 1907թ. Լահէյի ուխտում` որպէս «Մարթենզի վերապահում»:
Մարթենզը ռուս իրաւաբան է, իսկ յիշեալ դրոյթն ի յայտ է եկել առաւելապէս այն պատճառով, որ Օսմանեան կայսրութիւնը ջարդեր էր իրականացրել իր քրիստոնեայ քաղաքացիների նկատմամբ: Երկրորդը «Crime Against Humanity» (յանցագործութիւն մարդկայնութեան դէմ) եզրոյթն է: Այս միջազգային յանցատեսակն առաջին անգամ տեղ է գտել 1915 թ. մայիսի 24-ին` հայերի բնաջնջման վերաբերեալ Անգլիայի, Ֆրանսայի եւ Ռուսաստանի համատեղ հռչակագրում, իսկ աւելի ուշ դարձել Նիւրեմպերկի դատարաններում նացի ղեկավարներին դատապարտելու երեք հիմնական յանցանքներից մէկը:
Լեմքինի Մեկնաբանութիւնը
Ինչպէս այս երկու իրաւական եզրերը, ցեղասպանութիւն յանցագործութեան ծնունդը եւս իրաւամբ մեր պատմութեան հետ է կապուած: Եզրի հեղինակ Լեմքինը «Լրիւ ոչ պաշտօնական» անուամբ ինքնակենսագրական երկում նշելով, որ Թալէաթ փաշայի` հայ երիտասարդի` Թեհլիրեանի կողմից սպաննուելու մասին թերթերում է կարդացել եւ շատ է ազդուել, մասնաւորապէս գրում է. «Դատարանը ձեռնամուխ եղաւ թուրք յանցագործներին դատապարտելուն… եւ աշխարհը Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների իրական պատկերի հետ բախուեց: Այն աշխարհը, որ թէեւ գիտէր` հայերը սպաննւում էին, բայց լուռ մնաց` յանուն իր շահերի եւ եղելութիւնը թաքցնելու նպատակ հետապնդելով` թուրք պատերազմական յանցագործներին ազատ արձակեց, այժմ ստիպուած էր լսել այդ ահասարսուռ իրականութեան մասին:
Դատարանն արդարացրեց Թեհլիրեանին` հաշուի առնելով այն հանգամանքը, որ նա իր ներքին հոգեկան վիճակի պարտադրանքով եւ անդիմադրելի ազդեցութեամբ է գործել: Թեհլիրեանը, ով մարդկային բարոյական արժէքներն իր համար չափորոշիչ էր ընդունել, բնորոշուեց որպէս մի «խենթ», որը զուրկ էր վարուեցողութեան բարոյական բնոյթը դատելու ունակութիւններից: Այնուամենայնիւ նա դա կատարել էր` իրեն ադամորդու խղճի օրինական պաշտպանն ու կատարածուն համարելով:
Սակայն մարդն արդարութեան հաստատումը կարո՞ղ է արդեօք իր ձեռքը վերցնել: Վրէժի ծարաւը չի՞ վերացնում արդարութեան նման ձեւը եւ ուղեծրերից դուրս գալու համար ճանապարհ չի՞ բացում արդեօք… Այս հարցերի պատասխանը չգիտէի, սակայն որպէսզի հնարաւոր լինէր դատապարտել յանուն ցեղի կամ կրօնի իրականացուած այս տեսակ զանգուածային սպանութիւնները, վճռեցի, որ աշխարհում ամէն տեղ պարտադիր գործող օրէնք պէտք է լինէր»:
«Մարդիկ Հաւ Չեն»
Դատական գործից ազդուած Լեմքինը թողնում է գրականութիւնը եւ սկսում իրաւունք ուսումնասիրել, որպէսզի այնպիսի օրէնք ստեղծի, որով հնարաւոր կը լինի դատապարտել զանգուածային սպանութիւնները: Իր յուշերում պատմում է, որ իրաւագիտութեան ուսուցչի հետ Թալէաթ փաշայի դատավարութիւնն է քննարկել: Ուսուցչին հարցրել է, թէ ինչո՞ւ դատարանի կողմից կալանաւորուած Թալէաթ փաշան չի դատապարտուել, իսկ ուսուցիչն էլ պատասխանել, որ ո՛չ նման օրէնք, ո՛չ էլ նման իրաւասութիւններով օժտուած դատարան կար: Ուսուցիչը հետեւեալ օրինակն է բերել. «Պատկերացրու` մի հողագործ հաւեր ունի: Եթէ իր հաւերին սպաննում է, դա իր գործն է եւ քեզ չի վերաբերւում: Եթէ ընդդիմանաս, խառնուես, չափերդ կ՛անցնես»: Լեմքինն առարկելով ասում է. «Բայց մարդիկ հաւ չեն, եւ պետութեան գերիշխանութիւն ասուածը միլիոնաւոր մարդկանց սպաննելը չէ… այլ մարդկանց բարօրութեան համար դպրոցներ, ճանապարհներ կառուցելն է»:
Լեմքինը դժուարանում է հասկանալ. «Թեհլիրեանի կողմից կատարուած սպանութիւնը յանցագործութիւն է, իսկ այն, որ նրան ճնշող անձը մէկ միլիոն մարդ է սպաննել, յանցագործութիւն չէ», եւ հարցնում է. «Սա տարօրինակ չէ՞»:
Լեմքինն այդուհետ ամբողջ կեանքը զոհում է այս տարօրինակութիւնը վերացնելու եւ ցեղասպանութիւն կոչուած յանցատեսակը ստեղծելու համար: Հետագայ գրութիւններում, զրոյցներում բազմիցս կրկնում է, որ այս եզրի ստեղծման մէջ վճռորոշ դեր են խաղացել հայկական կոտորածները:
Այն, ինչ ներկայացրեցի, մեզանում շատ յայտնի չէ, իսկ սրա պատճառն էլ այն հանգամանքն է, որ մենք մեր պատմութեան հետ չենք առերեսուել: Ուստի կարող ենք ասել, որ մեր պետութիւնը դեռ շարունակում է իր քաղաքացիներին որպէս հաւ դիտարկել:
Առերեսման Չորս Պատճառ.
Ի՞նչ է նշանակում առերեսուել պատմութեան հետ եւ ինչո՞ւ ենք պարտաւոր առերեսուել
Ձեզ 4 գլխաւոր պատճառ կարող եմ թուել: Առաջինը պարզ եւ մարդկային պատճառ է: Որպէսզի անցեալում բնաջնջուած մարդկանց վերադարձուի իրենց մարդկային արժանապատուութիւնը, պատմութեան հետ առերեսուելը պարտադիր է: Բոլոր զանգուածային կոտորածների զոհ դարձած հասարակութիւնները նախքան ոչնչացումն բուռն քարոզչութեան են ենթարկուել, որ իրենք մարդ չեն: Դուրս են բերուել մարդ ընկալումից եւ բնորոշուել որպէս «մանրէ», «պալար», «մարմնական ուռուցք» կամ «միջատ»: Մարդկային արժանապատուութիւնը նորից այս մարդկանց վերադարձնելու համար անհրաժեշտ է առերեսուել պատմութեան հետ:
Երկրորդ` կոտորածներն ու բնաջնջումները հասարակութեան արդարութեան զգացումն ու խիղճն են ոչնչացնում: Արդարութեան վերակառուցման համար անհրաժեշտ է առերեսուել պատմութեան հետ եւ փոխհատուցել այն վնասները, որ կրել են անիրաւութիւնների ենթարկուած անձինք: Եթէ այսօր ուզում էք այնպիսի հասարակութիւն ստեղծել, որ յարգում է մարդու իրաւունքները, հաւասարութեան եւ արդարութեան զգացումներն է հիմք ընդունում, ապա անցեալի անիրաւութիւնների հետ առերեսուելը պարտադիր է: Հակառակ դէպքում չէք կարող այնպիսի ապագայ կառուցել, որը ճշմարիտ է եւ յարգում է մարդու իրաւունքները:
Երրորդ` եթէ միմեանց հետ հակամարտութեան մէջ եղած հասարակութիւնները ցանկանում են համատեղ խաղաղութեան մէջ ապրել, պարտաւոր են խօսել իրենց անցեալի վերաբերեալ եւ հարթել առկայ խնդիրները: Եթէ սա չեն անում, անվստահութիւնը, կասկածն ու թշնամութիւնը շարունակւում են, որն էլ հող է նախապատրաստում նոր բախումների համար:
Չորրորդ` եթէ ժխտում էք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում, նշանակում է` գործնականում հնարաւոր է նոյն յանցանքը կրկին գործէք: Սա այն գլխաւոր պատճառն է, որ Թուրքիան այսօր Միջին Արեւելքում անյաջողութիւններ է գրանցում: Թուրքական կառավարութիւնները, ինչ ցեղից ու գոյնի էլ լինեն, Միջին Արեւելքի ժողովուրդների համար անցեալում կոտորածներ իրագործած օսմանեան-թուրք ղեկավարների շարունակութիւնն են, եւ քանի դեռ այս կոտորածների հետ չեն առերեսուել, մտավախութիւն է լինելու, որ նոյն սպանութիւնները նորից են իրականացնելու: Սա այն գլխաւոր պատճառն է, որ Միջին Արեւելքում Թուրքիան այսօր որպէս անվստահելի եւ վախ ներշնչող պետութիւն է դիտւում:
Կարճ ասած` եթէ դուք պատմութեան հետ չէք առերեսւում եւ անգամ փախչում էք նրանից, միեւնոյնն է` նա ձեզ հետապնդելու է: Ուրուականի նման ձեզ է հետեւելու եւ հանգիստ չի թողնելու:
Բարենորոգումների Խնդիրը
Այսօր գործնականում հիմնարար մէկ այլ պատճառ եւս կայ, որ մենք ստիպուած ենք առերեսուել պատմութեան հետ: Եթէ պատմութեան հետ առերեսուած, Հայկական հարցը համակողմանիօրէն քննարկած եւ անհրաժեշտ դասերը քաղած լինէինք, քրտական հարցն այսօրուայ չափերի մէջ չէինք տեսնի: Բոլորն են քննարկում այն հարցերը, թէ այս օրերին խնդրի լուծման գործընթացն ինչո՞ւ խառնաշփոթի մէջ աւարտուեց, հակամարտութիւններն ինչո՞ւ վերսկսուեցին, եւ թէ ո՞վ առաջինն աւարտին կը հասցնի գործընթացը: Մինչդեռ ամենաանկարեւոր քննարկումն այն է, թէ «առաջինն ով սկսեց»: Եթէ մեր պատմութիւնն իմանայինք, կը տեսնէինք այն խնդիրը, որի հետ այս պահին բախուել ենք. քրտական բարեփոխումների խնդիրն է եւ, ըստ էութեան, շատ նման է հայերի հետ տեղի ունեցած գործընթացին: Որպէս Հայկական հարց քննարկուող խնդիրը բարենորոգումների խնդիր է եղել եւ, ի դէպ` պաշտօնական փաստաթղթերում եւս որպէս «Հայկական բարենորոգումների հարց» է յիշատակւում:
Խնդիրն այն էր, որ հայերը ընկերային եւ իրաւական տեսանկիւնից մուսուլմանների հետ համահաւասար քաղաքացի համարուէին ու նաեւ օսմանեան կառավարման համակարգում ընդգրկուէին: Եթէ առերեսուած լինէինք մեր պատմութեան հետ, կ՛իմանայինք, որ երբ այս բարեփոխումների հարցում որոշակի առաջընթաց գրանցուեց, եւ հայերը հասան նրան, որ օսմանեան քաղաքական-վարչական կառոյցում տեղ գրաւեցին, ճիշդ այդ ժամանակ էլ կոտորածներն իրականացուեցին: Հայերի դէմ ուղղուած կոտորածների ու բարենորոգումների միջեւ անմիջական կապ կայ:
Ցանկանում եմ ձեզ այս գործընթացի որոշ ուշագրաւ կէտերի մասին յիշեցնել: 1895 թ. հոկտեմբերին Ապտուլ Համիտ Բ. սուլթանը յայտարարեց, որ հայկական բարենորոգումներ էին իրականացուելու, ըստ որոնց, հայերը մուսուլմանների հետ նոյն կարգավիճակն էին ստանալու եւ ազգաբնակչութեան համամասնական յարաբերակցութեամբ մասնակցելու էին տեղական կառավարմանը: Հայերը մեծ ոգեւորութիւն ապրեցին այն մեծ յոյսով, որ սպասուած բարեփոխումներն ի վերջոյ կ՛իրականացուեն, սակայն արեւելեան նահանգներից եկող կոտորածների մասին տեղեկութիւնները ցնցեցին նրանց: Եւ բարենորոգումներն այլեւս յետ չվերադարձուելու պայմանով հարիւր հազարից աւել սպաննուած հայերի հետ միասին թաղուեցին:
Թարգմ. ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«ԱԿՈՒՆՔ»
(Շարունակելի)