Այսօր` շաբաթ, 10 հոկտեմբերին, Երեւանի ժամանակացոյցով ժամը 18:30-ին, Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին մամլոյ ասուլիսներու սրահին մէջ տեղի կ՛ունենայ Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչի ժամանակաւոր պաշտօնակատար Սարգիս Յովսէփեանի մամլոյ ասուլիսը:
Նոյն օրը, ժամը 19:00-ին, Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ տեղի կ՛ունենայ Հայաստանի հաւաքականին փորձը, որուն առաջին 15 վայրկեանը միայն արտօնելի պիտի ըլլայ լրագրողներուն համար, կը յայտնէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը:
Ժամը 20:00-ին տեղի պիտի ունենայ Ալպանիոյ ֆութպոլի ազգային խումբի մարզիչին` Ճիաննի Տէ Պիազիի մամլոյ ասուլիսը, իսկ ժամը 20:30-ին` Ալպանիոյ փորձը:
Հայաստանի մրցումը` Եուրօ-2016-ի Եւրոպայի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ, տեղի պիտի ունենայ վաղը` կիրակի, 11 հոկտեմբերին, Պէյրութի ժամանակացոյցով ժամը 19:00-ին:
Ինչպէս ծանօթ է, ցարդ իր կատարած 7 մրցումներուն ոչ մէկ յաղթանակ արձանագրած Հայաստան այժմ 2 կէտով միայն կը գրաւէ Թ. խմբակին վերջին դիրքը եւ ամբողջութեամբ կորսնցուցած է Ֆրանսայի մէջ տեղի ունենալիք աւարտական հանգրուանի մրցումներուն տոմս մը ապահովելու իր յոյսերը:
Նշենք, որ այս մրցումը հայրենի կազմին համար պիտի ըլլայ զտումի վերջին մրցումը:
Վաղը տեղի ունենալիք մրցումներուն նախօրեակին, այժմ Թ. խմբակը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
ՄՐՑ. | Յ | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Փորթուգալ | 7 | 6 | 0 | 1 | 9 | 4 | 18 |
2.- Դանիա | 8 | 3 | 3 | 2 | 8 | 5 | 12 |
3.- Ալպանիա | 7 | 3 | 2 | 2 | 7 | 5 | 11 |
4.- Սերպիա | 7 | 2 | 1 | 4 | 7 | 11 | 4 |
5.- ՀԱՅԱՍՏԱՆ | 7 | 0 | 2 | 5 | 5 | 11 | 2 |