ԱՐՓԻՆԷ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ
«Եկէ՛ք, եկէ՛ք, սա հայի տուն է, հայի տնկած խաղողի որթեր են», այսպէս է իր տանը դիմաւորել Թուրքիայի բնակիչներից մէկը Հայաստանից Մուշ մեկնած «Խօսելով միմեանց հետ» ծրագրի հայ մասնակիցներին, ովքեր ճանապարհ էին ընկել` տեսնելու, ճանաչելու եւ վերականգնելու Մուշի պատմութիւնը` տեղում աշխատելով եւ գրանցելով մարդկանց յիշողութիւններ:
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Գեղարուեստի դպրոցում այդ այցելութեան արդիւնքն էր ցուցադրուած նկարների եւ գրքերի տեսքով` հայ եւ թուրք մասնակիցների համատեղ աշխատանքները:
Թալին քաղաքում ցուցահանդէսի բացումը պատահական չէր ընտրուած:
«Դի-վի-վի Ինթերնէյշնալ կազմակերպութեան հայաստանեան գրասենեակի ղեկավար Լուսինէ Խառատեանը նշում է, որ «Խօսելով միմեանց հետ» հայ-թուրքական ծրագրի շրջանակներում (2011-2012թթ.), բացի Մուշում տեղական պատմութիւնների արձանագրումից ծրագրի մասնակիցները, Հայաստանից եւ Թուրքիայից, նաեւ Թալինի շրջանում մշեցիներով բնակեցուած գիւղերում են աշխատել` վերականգնելով Մուշի այլընտրանքային պատմութիւնը` Մուշի ժառանգների յիշողութիւնների միջոցով:
«Այն աշխատանքը, որ մենք կատարել էինք 2011-2012 թթ.` վերցնելով մշեցիների ժառանգների պատմութիւնները, լուսանկարները, իրենց կեանքի մի մասը, հիմա յետ ենք բերում իրենց` գրքի եւ նկարների տեսքով», ասում է Լ. Խառատեանը:
«Խօսելով միմեանց հետ» ծրագրի մասնակիցները վաղ առաւօտից շրջում էին տարբեր գիւղերով, որտեղ աշխատել էին, եւ բաժանում «Մուշ, քաղցր Մուշ. քարտէզագրելով յուշեր Հայաստանից եւ Թուրքիայից» գրքի օրինակներ բոլոր նրանց, ովքեր ընդգրկուած էին եղել գրքում:
Թալինի Գեղարուեստի դպրոցի նկարչութեան բաժնի աշակերտ, 14 ամեայ Խորէնը ցուցահանդէսի մասին իր տպաւորութիւնները փոխանցելիս նշում է. «Չեմ եղել Մուշում, բայց ինձ թւում է` կը լինեմ այս վայրերում, ես էլ եմ մշեցի արմատներով»:
«Նկարներին նայելիս ուզում ես գնաս, աւելի մօտիկից տեսնես Մուշը, աւելի մանրամասն», ասում է Սուսեր գիւղի բնակիչ, մասնագիտութեամբ տնտեսագէտ Հերիքնազ Մարկոսեանը:
«Մենք շրջում էինք Մուշում ու շրջակայ վայրերում եւ փորձում պատմութիւններ գտնել», պատմում է ծրագրի հայաստանեան մասնակից, արուեստաբան Ռուզաննա Բաղդասարեանը:
Թուրքիայից Ռուզաննայի խմբակիցն է եղել լուսանկարիչ Օզկէ Սեբզեչին, ում հետ մինչ օրս շարունակում է կապ պահպանել. «Ծրագրից յետոյ գնացել եմ, մնացել եմ իրենց տանը, շատ հիւրընկալ էին, ինքն իմ ամենամօտ ընկերներից մէկն է հիմա», նշում է Ռուզաննան:
«Մեր մասնակիցների համար եզակի հնարաւորութիւն էր, որովհետեւ իրենցից շատերը չէին եղել Արեւմտեան Հայաստանի կամ արեւելեան Թուրքիայի (ըստ` թուրքերին – Ա.) այդ տարածքներում: Շատերի համար դա մի ամբողջ փորձ էր: Թուրք մասնակիցներին յատկապէս յուզում էին մարդկային պատմութիւնները: Ուրիշ է, երբ դու անընդհատ լսում ես ցեղասպանութիւն բառը, ուրիշ է, երբ դու հնարաւորութիւն ես ունենում մարդու հետ զրուցել իր ընտանիքի պատմութեան մասին ու գրանցել այդ մարդու պատմութիւնը», նշում է ծրագրի համակարգող, «Դի-վի-վի Ինթերնէյշնալի» հայաստանեան գրասենեակի տնօրէն Լուսինէ Խառատեանը:
Թալինի Գեղարուեստի դպրոցում ներկայացուած ցուցադրութիւնը սահմանի երկու կողմերից պատմում էր Մուշի մասին. մի մասը հէնց Մուշն էր` իր գիւղերով, միւս մասը` Հայաստանում մարդկանց յիշողութիւնն էր Մուշի մասին:
Ցուցահանդէսին բացման խօսքով հանդէս եկաւ Թալինի քաղաքապետ Սարգիս Արամեանը` ողջունելով կատարուած աշխատանքը. «Դուք շատ կարեւոր աշխատանք էք կատարում մեր նախնիների պատմութիւնը չկորցնելու, մեր նախնիների մշակոյթը տեսնելու, հասկանալու, ինչո՞ւ չէ` ամբողջը իրենց աչքերով տեսնելու համար: Ուրախ եմ, որ Թալին քաղաքում էք անցկացնում, եւ մեր բնակչութիւնը անմասն չի մնայ, իր պատմութիւնները, նիւթական, իրեղէն ապացոյցները կը բերի, կը յանձնի արխիւ, եւ դա կը դառնայ հանրային սեփականութիւն»:
Սարգիս Արամեանն ակնարկում էր Թալինի Գեղարուեստի դպրոցի բակում տեղադրուած արկղերի մասին, որոնք աճող արխիւ են, եւ Հայաստանից Թուրքիա ճանապարհորդութեան իւրաքանչիւր կէտում (1915 թուականի ճանապարհները հետագծող) բազմապիսի իրեր, լուսանկարներ, գրութիւններ եւ ձայնագրութիւններ են հաւաքում` որպէս պատմական Հայաստանի վկայութիւններ կամ յիշողութիւններ:
Հետեւեալ գրութիւնն էր փակցուած արկղերի վրայ. «Սա աճող արխիւի ցուցահանդէս է, որ հաւաքում է ամէն հնարաւոր բան, որը կարելի է տեղափոխել Երեւանի եւ Պոլսի միջեւ ընկած տարածքում: Ի՞նչ կարող էք նուիրաբերել դուք այս հաւաքագրմանը»:
Մուշի պատմութիւնը ներկայացնող լուսանկարների (որը «Խօսելով միմեանց հետ» հայ-թուրքական հաշտեցման ծրագրի վերջին փուլի արդիւնքն է) եւ աճող արխիւի ցուցադրութիւնն իրականացւում էր «Գործելով միասին. ճամբորդութիւն Հայաստանից Թուրքիա» ծրագրի շրջանակներում:
Ցուցահանդէսին ներկայ էին նաեւ «Գործելով միասին» ծրագրի մասնակիցները` Թուրքիայից եւ Հայաստանից:
Թուրք մասնակից, ապագայ հոգեբան Փընար Քոլանճալը մինչ Հայաստան գալը պարզապէս ցանկացել էր որեւէ երկիր ուսումնասիրել` իրեն համարելով ամբողջ աշխարհի քաղաքացի, սակայն այժմ նշում է. «Այս ծրագրին մասնակցելով` հասկացայ, որ այս ցեղասպանութիւն կոչուածը ինչքան լուրջ բան է եւ ինչքան լուրջ ցաւ է ընդգրկում: Այդ պատճառով ինձ համար փոխուեց իմ մասնակցութեան նպատակը, հիմա ես աւելի շատ ուզում եմ ուսումնասիրել այս իրողութիւնը», իր հայաստանեան ճամբորդութեան վերաբերեալ տպաւորութիւնները փոխանցելով` Փընարը ներս մտաւ Գեղարուեստի դպրոց` դիտելու Մուշի պատմութիւնը:
«Գործելով միասին. ճամբորդութիւն Հայաստանից Թուրքիա» ծրագրի մասնակիցները Հայաստանում ճանապարհը սկսել են Գիւմրիից, այնուհետեւ Թալինն էր, յաջորդիւ կը լինեն Էջմիածինը եւ Երեւանը: Մասնակիցներն ընտանեկան պատմութիւններ են գրանցում 20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրութեան մաս կազմող Արեւելեան Հայաստանում փրկութիւն գտած վերապրածների սերունդներից:
Յաջորդ տարի խումբը կ՛աշխատի Թուրքիայում` փորձելով փնտռել եւ փաստագրել հայութեան գոյութեան, կեանքի ու ոչնչացման հետքերը տարբեր ազգային, կրօնական եւ մշակութային պատկանելութիւն ունեցող մարդկանց հաւաքական յիշողութեան մէջ: Ի թիւս այլ կանգառների, Թուրքիայում նախատեսւում է այցելութիւն Պոլսի Հայտար Փաշա երկաթուղային կայարան, որտեղից հայ մտաւորականները աքսորուել են 1915 թ. ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանութեան խորհրդանշական սկիզբը), եւ Անգարայի մերձակայքում գտնուող Այաշ եւ Չանքըրը, որոնք համակենտրոնացման վայրեր են եղել հայ մտաւորականների համար:
«Գործելով միասին» նախագիծը «Դի-վի-վի Ինթերնէյշնալ»-ի եւ նրա գործընկերների` Պատմութեան հիմնադրամի (Թուրքիա) եւ «Հազարաշէն» ազգագրական հետազօտութիւնների հայկական կենտրոնի համատեղ նախաձեռնութիւնն է եւ հովանաւորւում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարութեան կողմից:
«Մայնիուզ»