ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Արցախեան պատերազմի աւարտից եւ 1994-ի մայիսեան անժամկէտ զինադադարից ի վեր Հայաստան-Ազրպէյճան սահմանում եւ Արցախ-Ազրպէյճան շփման գծի երկայնքով իրավիճակը երբեք այնքան լարուած չէր եղել, ինչպէս` նախորդ երկու շաբաթների ընթացքում: Ըստ էութեան, «մինի պատերազմ» էր ընթանում:
Ի՞նչ պէտք է անի հայկական կողմը այս պայմաններում, երբ Ազրպէյճանը չի յարգում այլեւս հրադադարի պայմանաւորուածութիւնը, մեծ տրամաչափի զէնքերով ռմբակոծում եւ գնդակոծում է հայկական դիրքերն ու քաղաքացիական թիրախները` սպաննելով խաղաղ բնակիչների:
Առաջին. հայկական բանակը պէտք է իւրաքանչիւր հարուածի համարժէք պատասխան տայ, որպէսզի Ազրպէյճանում ջարդուի այն ընկալումը, թէ ռազմական հաւասարակշռութիւնը խախտուել է յօգուտ իրեն: Քանի որ վերջին տարիներին Ազրպէյճանը զինւում է ժամանակակից սպառազինութեամբ, ազրպէյճանական ընկալման մէջ առաջացել է այն վստահութիւնը, որ ռազմական հաւասարակշռութիւնը խախտուել է յօգուտ իրեն: Լարուածութիւն ստեղծելով հակամարտ զօրքերի շփման գօտում` Ազրպէյճանը հաւանաբար փորձում է համոզուել, որ այդ ընկալումը հիմնազուրկ չէ:
Արդարացուած է նաեւ Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան այն յայտարարութիւնը, որ ժամանակն է Ազրպէյճանին նոր պայմաններով զինադադար պարտադրել: Դա կ՛ամրացնի հայկական դիւանագիտութեան բանակցային դիրքը:
Երկրորդ, հայկական դիւանագիտութիւնը պէտք է սեղանին վերադարձնի բանակցային փաստաթուղթը, որտեղ յստակ խօսւում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման եւ հանրաքուէի մասին: Երբ չկայ փաստաթուղթ, մոռացւում է նաեւ Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքը: Այսօր բանակցութիւնների սեղանին չկայ մի փաստաթուղթ, որի շուրջ կը բանակցէին կողմերը: Հայաստանի եւ Ազրպէյճանի ղեկավարութեան, այդ թւում` նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի, արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդեանի եւ Էլմար Մամետեարովի միջեւ պակասում է փոխադարձ նուազագոյն յարգանքն ու վստահութիւնը: Սահմաններում լարուածութեան պատճառներից կարող է լինել նաեւ այն, որ Պաքուն այլեւս չի հաւատում բանակցային ճանապարհով հարցի հանգուցալուծման հնարաւորութեանը: Որքան քիչ է դիւանագիտութիւնը, այնքան մեծ է լայնածաւալ պատերազմի հաւանականութիւնը:
Երրորդ. Երեւանը պէտք է առաւելագոյնս արդիւնաւէտ օգտագործել ՄԱԿ-ի եւ հեղինակաւոր միւս կազմակերպութիւնների ամպիոնները եւ հնչեցնել միջազգային հանրութեան համար ընկալելի, հայկական շահերից բխող առաջարկներ, որոնց հիմքում առաջին հերթին կը լինի հայ զինուորների եւ բնակչութեան անվտանգութիւնը: Աւելի՛ն. հայկական դիւանագիտութիւնը պէտք է օգտագործի քուլիսները: Պէտք է օգտագործել բոլոր հնարաւորութիւնները, որպէսզի ղարաբաղեան բանակցութիւնները վերադառնան բնականոն հուն: Դա կարեւոր է ոչ միայն եւ ոչ այնքան նրա համար, որ կարգաւորման յոյսեր կը բերի, այլեւ որովհետեւ յոյս ներշնչող բանակցութիւններն են, որոնք լռեցնում են դիպուկահարներին, խափանարարներին ու ականանետը գործի դնող զինուորականներին, հետեւաբար` կանխում նորանոր մարդկային կեանքեր Հայաստան-Ազրպէյճան սահմանի Տաւուշի հատուածում եւ ղարաբաղա-ազրպէյճանական զօրքերի շփման գօտում:
Քանի դեռ հակամարտութեան մէջ ներգրաւուած կողմերը չեն ստորագրել մի փաստաթուղթ, որը վերջ կը դնէր «ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն» իրավիճակին եւ կը բաւարարէր կողմերի նուազագոյն ակնկալիքներն ու պահանջները, նոր պատերազմը միշտ էլ հաւանական է:
Հայկական կողմը նոր պատերազմ չի հրահրի, քանի որ նախորդ պատերազմում ստացել է հնարաւոր առաւելագոյնը: Հայկական կողմը, եւ դա եղել է Երեւանի դիրքորոշումը զինադադարից ի վեր, փորձելու է դիւանագիտական սեղանի շուրջ ամրագրել, գոնէ` մասամբ, այն, ինչ ունի ռազմի դաշտում:
Ազրպէյճանն է շահագրգռուած նոր պատերազմով, քանի որ նա է պարտուած եւ` վրէժի ձգտող կողմը: Նախորդ երկու տասնամեակներում Ազրպէյճանը նոր պատերազմ չի սկսել բազմաթիւ պատճառներով, որոնց շարքում կարեւոր է եղել բանակցութիւնների առկայութեան իրողութիւնը: Որքան Ազրպէյճանը համոզուի, որ բանակցութիւնների ճանապարհով հնարաւոր չէ հասնել կարգաւորման, այնքան մեծանալու է նոր պատերազմի վտանգն ու հաւանականութիւնը:
Զինադադարը խախտելում առաջին հերթին եւ մեծապէս շահագրգռուած է Ազրպէյճանը, քանի որ ներկայ սթաթիւս-քուոն տանելի եւ առաւել ընդունելի է հայկական կողմի համար: Քանի որ բանակցութիւններում խոր փակուղի է, Պաքուն փորձում է զէնքի կիրառումով միջազգային ուշադրութիւնը հրաւիրել ղարաբաղեան հակամարտութեան վրայ: Սա պատճառներից մէկն է, որ ստիպում է Ազրպէյճանին անդադար խախտել զինադադարը, իրականացնել խափանարարական գործողութիւններ եւ սպաննել քաղաքացիական բնակչութեանը:
Զինադադարի յաճախակի խախտումներով Պաքուն փորձում է հայկական կողմին ստիպել գնալու զիջումների բանակցութիւնների սեղանի շուրջ: Ահա սա կարելի է համարել այսօրուայ թէժացման պատճառներից: Սակայն որքան Ազրպէյճանը յարձակողապաշտ պահուածք է դրսեւորում սահմաններում, որքան աւելացնում է հակահայկական քարոզչութիւնը, այնքան հայկական կողմը աւելի անզիջում է դառնում:
Անշուշտ, սահմանային ներկայ լարուածութիւնը կարող է ունենալ նաեւ ներքին եւ տնտեսական պատճառներ: Նաւթի գների շեշտակի անկումը եւ որպէս հետեւանք` Ազրպէյճանի նաւթային պետական հիմնադրամի միջոցների վաղաժամկէտ մաշեցումը, ընկերային բազմաթիւ ծրագրերի ձախողումը եւ բողոքի հնարաւոր ալիքը կարելի է կանխել «թշնամի Հայաստանի դէմ պատերազմի մէջ ենք» «արդարացումով»:
Հայաստան-Ազրպէյճան սահմանի Տաւուշի հատուածում եւ ղարաբաղա-ազրպէյճանական զօրքերի շփման գօտում նախորդ երկու շաբաթը աննախադէպ էր նոր` աւելի ծանր զինատեսակների կիրառման եւ զինադադարի խախտումների արդիւնքում մարդկային զոհերի առումով, այդ թւում` քաղաքացիական բնակչութեան շրջանում: Ազրպէյճանական կրակահերթերի արդիւնքում Տաւուշի երկու գիւղերում սպաննուեց երեք քաղաքացիական անձ, բոլորն էլ կին, իսկ Լեռնային Ղարաբաղի հիւսիսում` շփման գծից շուրջ 5 քմ հեռաւորութեան վրայ, հակառակորդի ականակոծութեան պատճառով սպաննուեց չորս եւ վիրաւորուեց 16 զինծառայող` ճաշի ընթացքում: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հակահարուածը չուշացաւ: Սկզբնական շրջանում ազրպէյճանական կողմը չէր հաղորդում կորուստների մասին, սակայն յաջորդ օրերին յայտարարեց մի քանի սպաննուածի մասին: Հայկական կողմը պնդում է, որ պատժիչ գործողութեան պատճառով սպաննուել են երկու տասնեակ ազրպէյճանցիներ: