Սիրելի՛ հայրենակիցներ,
Ողջունում եմ Լիբանանի քաղաքացիական պատերազմի 40-ամեակին նուիրուած միջոցառման նախաձեռնողներին եւ մասնակիցներին:
Հայ ժողովուրդի պատմութիւնը յանուն ազատութեան մղուող պայքարի պատմութիւն է, որը լի է եղել զրկանքներով, տառապանքներով, պայքարով, արարչութեամբ եւ յաղթանակներով: Ճակատամարտել ենք Աւարայրի դաշտավայրում, Կիլիկիայի բերդերի վրայ, Սարդարապատում, Շուշիում: Այդ պայքարը` յանուն գոյատեւման եւ հայապահպանութեան, արժանապատուութեան եւ ազատութեան փոփոխական յաջողութիւններով շարունակուել է դարեր ու հազարամեակներ, հզօրացել է կամ թուլացել, բայց չի դադարել երբեք: Դուք` ցեղասպանութիւն վերապրած մեր հայրենակիցներդ, շատ կարճ ժամանակահատուածում Լիբանանում ստեղծեցիք ծաղկուն հայկական գաղթօճախ բազմազան եւ բազմաբնոյթ ենթակառուցուածքներով` եկեղեցիներով ու վանքերով, դպրոցներով, մամուլով, մշակութային, մարզական ու բարեգործական կառոյցներով եւ աճեցրեցիք հայախօս ու հայրենասէր նոր սերունդներ: Ձեր աշխատասիրութեան եւ տաղանդի շնորհիւ կարողացաք պահպանել հարուստ ազգային մշակոյթն ու արժէքները, նաեւ շօշափելի ներդրում ունեցաք Լիբանանի զարգացման եւ բարգաւաճման գործում: Պատուով դուրս եկաք եւս մէկ ծանր փորձութիւնից` 1975-1990 թուականների քաղաքացիական պատերազմից` հերոսաբար դիմակայելով սպառնացող վտանգներին: Ձեր ցուցաբերած արիութեան եւ տոկունութեան շնորհիւ երաշխաւորուեց հայկական թաղամասերի անդորրն ու բնականոն կեանքը: Կեանքի գնով ինքնապաշտպանութեան ուժերը կանխեցին օտար ուժերի ներթափանցումը, պահպանեցին ազգային կառոյցներն ու հաստատութիւնները:
Մերձաւոր Արեւելքում ծաւալուող իրադարձութիւնների համաթեքսթում յոյժ կարեւոր է դառնում մեր ժողովրդի միասնականութիւնն ու կազմակերպուածութիւնը: Համոզուած եմ, որ հայ ժողովուրդն ի վիճակի է լուծել իր առջեւ դրուած ամենաբարդ խնդիրները: Հայ ժողովուրդն ուղղակի անպարտելի է, եթէ աշխարհին ներկայանում է միասնական ճակատով:
Հայոց անկախ պետութիւնը ձեզ հետ է այսօր: Լիբանանը Հայաստանի արտաքին անվտանգութեան ապահովման տիրոյթում գտնուող Մերձաւոր Արեւելք է: Միջերկրական ծովի ափին սփռուած այս երկրում ապրում են տասնեակ հազարաւոր մեր հայրենակիցները` ցեղասպանութիւնը վերապրածների սերունդները: Պատահական չէ, որ Հայոց զինուած ուժերի խաղաղապահ ստորաբաժանումն այսօր Լիբանանում կատարում է խաղաղապահ առաքելութիւն` դրանով հանդերձ նպաստելով մեր բարեկամ երկրի, այդ թւում ձեր անվտանգութեանն ու խաղաղ կեցութեանը:
Համոզուած եմ, որ Հայաստան, Արցախ, սփիւռք եռամիասնութեամբ` նուիրումով եւ համերաշխութեամբ կը յաղթահարենք բոլոր խնդիրները, կը դիմակայենք բոլոր մարտահրաւէրներին:
Խոնարհւում ենք Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ զոհուած բոլոր հայորդիների յիշատակի առջեւ:
Փառք անմահներին եւ հայ ժողովուրդին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՍԷՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ