ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

ԵԱՀԿ Մինսքի խմբի ամերիկացի համանախագահ Ճէյմզ Ուորլիքը իր դայլալայլիչի («Թուիթըր») ընկերային ցանցում գրառում է կատարել. «Աբրահամ Լինքըլն մեզ պատերազմից հաշտութեան բերեց` վեր բարձրանալով քաղաքականութիւնից եւ նոր էջ բացելով մեր պատմութեան մէջ: Կա՞յ, արդեօք, մի խիզախ Աբրահամ Լինքըլն Հայաստանում կամ Ազրպէյճանում, ով պատրաստ է բերելու խաղաղութիւն եւ հաշտութիւն»:
Ուորլիքի ակնարկը Հայաստանի եւ Ազրպէյճանի հանրութեանն առաւել քան թափանցիկ է. Արցախի հարցը չի լուծւում, քանի որ հակամարտող կողմերի ղեկավարները չեն ցանկանում այն լուծելու պատասխանատուութիւնը վերցնել իրենց վրայ եւ չեն ցուցաբերում վճռորոշ որոշումներ կայացնելու քաջութիւն: Հետեւաբար, այն խնդիրների պատճառը, որոնց բախւում են տարածաշրջանի ժողովուրդները, պէտք է փնտռել սեփական առաջնորդների անհամարձակութեան մէջ:
Պատմա-քնարական զեղումներին տրուելը, սեփական երկրի պատմութիւնից օրինակներ բերելը նշանակում է, որ իր դիւանագիտական առաքելութիւնը բաւական մեծ խանդավառութեամբ սկսած Ուորլիքը յուսահատութեան մէջ է: Սա գրառում է մի մարդու, ով ստեղծուած իրավիճակից այլեւս որեւէ ելք չի տեսնում եւ սպասում է կա՛մ հրաշքի, կա՛մ հնարաւոր ամենավատ տարբերակին` պատերազմին:
Հրաշքը բացառւում է, որովհետեւ դեռ բաւարար չէ, որ կողմերից որեւէ մէկում ի յայտ գայ նոր Լինքըլն: Ի տարբերութիւն Միացեալ Նահանգների, սա հակամարտութիւն է երեք պետութիւնների միջեւ: Եւ որպէսզի նրանք փոխընդունելի ինչ-որ լուծումների յանգեն եւ աւարտեն չյայտարարուած պատերազմը, բանակցութիւնների մէջ պէտք է մտնի առնուազն երեք Լինքըլն` Հայաստանից, Ազրպէյճանից եւ Արցախից: Եթէ կողմերից մէկի ղեկավարը տեսակով Լինքըլն է, միւսը, ասենք, Հիթլեր, առաւելագոյնը, ինչ կարող էր դրանից ստացուել, կողմերից մէկի կատարեալ ջախջախումն է: Հետեւաբար Ուորլիքի հարցադրումը սխալ է արմատապէս:
Նախ` այն Լինքըլնը, որին կողմերից սպասում է Ուորլիքը, բացարձակապէս նման չէ այն Լինքըլնին, ով աւարտեց Միացեալ Նահանգներում քաղաքացիական պատերազմը: Նա Հայաստանից եւ Ազրպէյճանից սպասում է զիջումների գնացող Լինքըլն, այն դէպքում, երբ Ազրպէյճանի ներկայիս նախագահն ապրում է ոչ միայն Արցախը Ազրպէյճանի մաս դարձնելու, այլեւ Հայաստանն աշխարհի երեսից վերացնելու մարմաջով եւ իր ղեկավարած երկիրը վերածել է հայատեացութեան եւ ֆաշականութեան որջի: Ուորլիքը դրա մասին չի կարող չիմանալ: Իսկ նման երկրի հետ գործ ունենալու պարագայում զիջումների գնալը նոյնն է, թէ մեծացնես նրա ախորժակը:
Երկրորդ` Լինքըլնը Միացեալ Նահանգներում քաղաքացիական պատերազմն աւարտեց ոչ թէ այն պատճառով, որ շատ մեծահոգի էր, այլ որովհետեւ բախտի քմահաճոյքով հիւսիսի զօրքերը յաղթեցին հարաւին… Եւ դժուար է ասել` Լինքըլնի դերը Միացեալ Նհանագների պատմութեան մէջ մեծ է այդ քաղաքացիական պատերազմից չխուսափելո՞ւ, թէ՞ պատերազմում յաղթելու միջոցով ստրկատիրութիւնը վերացնելու համարձակութեան իմաստով: Որովհետեւ ոչ ոք չի կարող ասել, թէ ի՛նչ կը լինէր Միացեալ Նահանգների եւ աշխարհի հետ` առհասարակ, եթէ այդ պատերազմում հիւսիսը չյաղթեր: Փաստը մնում է փաստ` Լինքըլնը մինչեւ վերջ մնաց իր համոզմունքներին, գաղափարներին, աշխարհայեացքին հաւատարիմ` չխորշելով դրանց կենսագործմանը նոյնիսկ քաղաքացիական պատերազմի միջոցով հասնելուց: Այսինքն նրա պարագայում զիջումների մասին խօսելն ուղղակի ծիծաղելի է:
Եւ վերջապէս երրորդ` սա Լինքըլնի ապրած ժամանակները չեն: Վիպապաշտութեան փոխարինելու է եկել դաժան, սառնասիրտ ու էութեամբ հակամարդկային «real politic»-ը` ստիպելով կա՛մ ընդունել խաղի այդ կանոնները, կա՛մ «մաքրուել» աշխարհի քաղաքական եւ ցեղային քարտէսից: Դժուար է պատկերացնել, թէ քանի անգամ է գերեզմանում շուռ եկել Միացեալ Նահանգների ամենահռչակաւոր նախագահներից մէկը` տեսնելով, թէ, ժողովրդավարութեան դրօշը ձեռքին, իր երկիրն ինչ աւերածութիւններ է գործել ու գործում Մերձաւոր Արեւելքում, թէ ինչպէս է վերածուել համաշխարհային ոստիկանի:
Այնպէս որ, Ուորլիքն աւելի լաւ կ՛անի ձեռնպահ մնայ պատմութեան դասեր կարդալուց եւ անի իր լիազօրութիւններից կախուած գոնէ նուազագոյնը` մօտեցնել հակամարտութեան կարգաւորումը: Իսկ դրա համար շատ բան պէտք չէ` ընդամէնը իրերը կոչել իրենց անուններով ու հրաժարուել, երկակի չափանիշներ կիրառելով` Ազրպէյճանի քմահաճութիւններին նկատմամբ աչք փակելու ու դրանով Պաքուին երես տալու ոճից: Օրեր առաջ, երբ Տաւուշի մարզի սահմանների ողջ երկայնքով տեղական պատերազմ էր ընթանում, որի պատճառով խաղաղ բնակիչների էին վիրաւորւում, Ուորլիքը իր ընկերային ցանցում տեղադրեց Ազրպէյճանի կողմից Արցախի ուղղութեամբ արձակուած գրեթէ ամբողջական ռումբի բեկորի լուսանկար, որն ուղեկցել էր հետեւեալ մակագրութեամբ. «Սա 120 միլիմեթրանոց ականանետի արկ է, որը, ըստ տեղեկութիւնների, օգտագործուել է արցախեան հակամարտութեան ընթացքում: Նման սրումն անընդունելի է»: Կողմերից ո՞րն էր արձակել այդ ռումբը, ի՞նչ պայմաններում, համարձակութեան դասեր տուող ամերիկացի համանախագահը միտումնաւոր չէր նշել: Երեւի այդ պահին մոռացել էր խիզախութիւն դրսեւորելու` լինքըլնեան օրինակը: Հետեւաբար չէր խանգարի, որ Ուորլիքը, բացի Լինքըլնի` ոչ այնքան տեղին ներկայացուած օրինակից, երբեմն յիշէր նաեւ իր երկրի միւս նախագահներին եւ հետեւէր նրանց խորհուրդներին: Օրինակ` նոյն Աբրահամ Լինքըլնին յաջորդած Էնտրիւ Ճոնսընին, ով ասում էր, թէ ազնիւ համոզմունքն է իր խիզախութիւնը: Ի դէպ, սա վերաբերում է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսքի խումբի միւս համանախագահներին:
(Յապաւումով)

