ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ
Քալիֆորնիա, Հայ գրողների միութեան անդամ
1915 թուականը հարիւրամեակն է նաեւ Մուսա Լերան հերոսամարտի: Այն արդէն սկսուել է տօնախմբուել Այնճար բնակավայրի համախումբ մուսալեռցիների կողից: Ամէն մուսալեռցի ուրախ ու երախտապարտ պիտի լինէր իրենց քաջ նախնիների պայքարի վաւերագրական պատմութեան հրապարակումը տեսնելով: Արմին-հայերի «1915 թուականի ազգային ողբերգութեան միակ ուրախալի պատահարն է» այն: Պատիւ ունեմ աշխարհ եկած լինելու Մուսա Լերան կեդրոնական Եօղունօլուգ գիւղում, նաեւ` լինելու հերոսամարտի կրտսեր մասնակից ու Հայկական լեգէոնի կապրալ Լագիսեան Արմենակի որդին: Տիգրան Անդրէասեանի` «Զէյթունի տարագրութիւնը եւ Սուէտիոյ ապստամբութիւնը» յուշերի գիրքի առաջին ու երկրորդ հրատարակութիւնների հետ համեմատած` որոշ դրուագներ չեն մանրամասնուած ներքոյիշեալ հարցազրոյցում:
Պ. Ա. Լ.
Մուսա Լերան հարաւային եւ արեւելեան լանջերի գիւղերը վարչականօրէն ընդգրկուած էին Հալէպի վիլայեթի (նահանգ) մէջ: Այդ նահանգում տարագրութեան ծանուցումները աւելի ուշ թուականի էին տրուել, «Մուսա Լերան պարագային` յուլիսի 13-ին: Աշխարհագրական ու պատմական ընդհանրութիւններով այդ նահանգը սերտօրէն կապուած էր կիլիկեան բարձրաւանդակին: Մուսա Լեռը Ամանոս լերան ուղղակի հարաւային շարունակութիւնն է: Եօղունօլուգը ու Մուսա Լերան միւս գիւղերը Տէօրթեօլի ու Զէյթունի հետ հայրենակցական համայնքներ էին: Նրանք հայկական ցեղի դէպի արաբական աշխարհի ամենահարաւային առաջապահ ուղեկալներն էին:
Քանի դեռ տարագրութեան ազդարարութեան գիր չէր հասել նրանց, Մուսա Լերան գիւղերի աւագանին հետեւել էր Կիլիկիայի իրենց ազգակիցների տարագրութեան ընթացքին, լիակատար գիտակցել էին, թէ ի՛նչ է տարագրութիւնը: Նրանք վճռել էին դիմադրել, ապաւինել իրենց լերան անտառների անառիկութեանը: Այն սկիզբ էր առնում գիւղերի հիւսիս-արեւմուտքից, նրա աւելի հեռու զարիթափ կողը ընկղմում էր ծովը: Այս հատուածի փաստաթղթերը հաւաստում են նրանց յաջող պաշտպանութիւնը եւ առասպելական փրկութիւնը Ֆրանսական նաւատորմիղի կողմից, որը Օսմանեան կայսրութիւնում հայերի ազգային ողբերգութեան մէջ միակ ուրախալի պատահարն էր:
Մուսա Լեռ: Լերան պաշտպանութիւնը եւ նրանց պաշտպանների փրկութիւնը Ֆրանսական նաւատորմի կողմից ու մի ականատեսի` Զէյթունի աւետարանչական եկեղեցու հովիւ-քարոզիչ, պատուելի Տիգրան Անդրէասեանի պատմութիւնը:
Այս զրոյցի պատմութիւնը գրի էր առնուել գաղթականների Եգիպտոս ժամանելուց անմիջապէս յետոյ, անգլերէնի թարգմանուել Գահիրէի Ամերիկեան կարմիր խաչի պատուելի Ստիւըն Տրոպրիտճի կողմից: Նրա միջոցով այն հաղորդուել է Լոնտոնում հրատարակուած «Արարատ» հայկական լրագրի խմբագրին: Այն հրատարակուել է նոյն լրագրի 1915 թուականի նոյեմբեր ամսուայ համարում: Այսպէս է պատուելի Տիգրան Անդրէասեանի հարցազրոյցի խօսքը.
– Այն օրից, երբ Թուրքիան պատերազմի մէջ մտաւ, մեծ մտավախութիւն առաջացաւ Զէյթուն քաղաքի բնակչութեան շրջանում: Մտահոգուել էին, որ թուրքերը արդեօք մի նո՞ր ձեւի դաժանութեամբ ու ճնշումներով պիտի վարուէին լեռնային շրջանների հայերի հետ: Զէյթունը է, հիմա պէտք է ասենք` էր, Տաւրոսի լեռների ստորոտում: Եօթ հազար բնակչութեամբ ամբողջութեամբ «հայ» քաղաք էր այն, շրջապատուած էր նաեւ քրիստոնեայ բազմաթիւ գիւղերով:
– 1915 թուականի վաղ գարնանը կառավարութիւնը սկսեց Զէյթուն քաղաքի հանդէպ սպառնալի կեցուածք ընդունել: Հարցաքննութեան էին հրաւիրել քաղաքի աւագներին ու նշանաւոր դէմքերին, որի ընթացքում գանակոծման պատժամիջոցներ էին կիրառել նրանց հանդէպ: Դրամ շորթելու նպատակով անհեթեթ ու անհաւանական թուացող մեղադրանքներ էին յարուցուել հայերի հանդէպ: Միեւնոյն ժամանակ վեց հազար կանոնաւոր թրքական զօրամիաւորում կայք էր հաստատել քաղաքի վերեւի մասի զօրանոցներում: Թուրքերը վանքը գրոհով վերցնելու փորձ արեցին, բաւական շատ մարդկային կորուստներ տալով` ձախողուեց նրանց նպատակը: Երիտասարդ տղամարդիկ խիզախօրէն պաշտպանեցին վանքը: Թուրքերը կարողացել էին այն նուաճել` դաշտային հրետանիով կազմակերպուած նոր գրոհով: Այնուհետեւ, հրամանատարի հետ խորհրդակցութեան նպատակով, Զէյթունի յիսուն ղեկավար տղամարդկանց հրաւիրեցին զօրանոցներ: Անմիջապէս բոլորին բանտարկեցին, լրաբերների միջոցով տեղեակ պահեցին նրանց ընտանիքներին: Ամէն մէկը անձկալի սպասում էր կալանաւորուած մարդկանց տուն վերադառնալուն: Որոշ ժամանակ յետոյ իմացուել էր, որ նրանց բոլորին դէպի անյայտ վայրեր էին տարել: Այդ դէպքից կարճ ժամանակ անց հոծ խմբերով ընտանիքներ քաղաքի զօրանոցներ էին տարուել, սպառնալիքներով ու հայհոյանքներով անմիջապէս քշուել էին դէպի հեռաւոր աքսորի: Նոյն ատեն, քաղաքում մնացած երեք կամ չորս հարիւր ընտանիքները եւս նման ձեւով քշուել էին աքսորի: Առանց ուտելիքի պատշաճ պաշարի, լեռների խոտոր ճանապարհներով քայլել էին դէպի հիւսիս-արեւմուտք` Գոնիայի շրջանի ուղղութեամբ: Մի մասն էլ հարաւ-արեւելք` դէպի Միջագետքի տաք ու անառողջ տափաստաններ:
– Օր ըստ օրէ ականատես եղանք քաղաքի տարբեր թաղերի բնակիչների նոյն կերպ աքսորի տարուելուն, մինչեւ որ միայն առանձին մի շրջանի բնակչութիւն մնաց: Ի լրումն իմ պարտականութիւնների, որպէս հովիւ, պատասխանատու էի նոյնպէս տեղի «Միսիոնարական որբանոցին»: Մի առաւօտ որբանոցի ղեկավար պաշտօնեան եկաւ ու պատուիրեց ինձ անմիջապէս մեկնելու պատրաստ լինել` «Ձեր կինն էլ պէտք է գնայ, նաեւ` որբանոցի երեխաները» հրահանգեց: Մենք շտապ կերպով կատարեցինք մեզ կարգադրուած հրահանգը: Քիչ բան էր թոյլատրուած վերցնելու մեզ հետ: Մենք մեկնում էինք ցաւոտ սրտով, ես ետ նայեցի ու տեսայ մեր սիրելի եկեղեցին դատարկ ու միայնակ: Մեր եօթ հազար ժողովուրդի վերջին գումարտակը ներքեւի հովիտն էր իջնում` գնում դէպի տարագրութիւն: Մենք տեսել էինք կոտորածներ, սակայն նմանը նախկինում երբեք չէինք տեսել: Մի կոտորած վերջանում է արագ, բայց հոգու այս տառապանքը համբերատարութիւնից գրեթէ վեր է: Առաջին օրուայ երթը ուժասպառ արեց բոլորին: Երբ մթութեան մէջ թաց գետնի վրայ պառկում էինք քնելու, թրքական ջորեպանները գալիս ու կողոպտում էին այն մի քանի էշերն ու ջորիները, որ մենք ունէինք: Տարագրութեան երթի յաջորդ օրը անմխիթար վիճակում էին գտնւում երեխաները, որոնք ուռած ու բշտիկներով ծածկուած ոտքերով երկար ճանապարհ էին անցել:
– Հասանք Մարաշ: Ամերիկեան միսիոնարի ազդու խնդրանքով տեղի կառավարիչից մի հրամանագիր էր ձեռք բերուած ինձ ու կնոջս համար: Ծովին մօտիկ իմ հայրենի բնակավայր` Մուսա Լերան Եօղունօլուգ գիւղ վերադառնալու համար: Անտիոք քաղաքից դէպի արեւմուտք, տասներկու մղոն (19,3 քմ) հեռաւորութեան վրայ էր գտնւում այն: Կառավարիչը այդ թոյլտւութիւնը շնորհել էր` նկատի ունենալով, որ ես ու կինս Զէյթունի բնակիչներ չէինք: Խռով էր սիրտս, բաղձանքս էր իմ համայնքի մի հատուածի հետ կիսելու տարագրութիւնը եւ կինս համեմատաբար աւելի ապահով վայր` հօրս տունը փոխադրելու ցանկութիւնը: Սակայն հրամանագիրը արդէն արձակուած էր, եւ ես այլ ընտրանք չունէի, քան հնազանդիլը:
– Այնթապում հայկական խոշոր համայնքը ծայր աստիճան մտավախութեան մէջ գտանք, երբ դէպի մեր հայրենի տուն մեկնելու հրամանագիրը դեռ չէր ստացուած: Շշուկներ հասան մեզ, որ ծովեզերեայ գիւղերը ահաբեկուած վիճակում էին: Թէեւ այդպիսի մի ժամանակ ճանապարհորդութիւնը դժուար ու վտանգաւոր էր, սակայն խորհեցինք, որ լաւագոյնն էր ճանապարհը շարունակել դէպի հարաւ:
– Մեր ճանապարհի վերջին հատուածը գտնւում էր պատմական մի հովիտում` Անտիոք քաղաքի բարեբեր դաշտն էր այն: Մինչեւ Բիւզանդիա կանչուելը` այդտեղ էր Խրիզոսթոմը (Ոսկեբերան) իր վաղ ծառայութեան ատեն քարոզել մեծ աւիւնով: Աստուծոյ հետ հաղորդակցելու նպատակով սովոր էր եղել աղօթքի համար առանձնանալ մեր լերան կողի մատուռում: Տղեկի նման զարմանքով ու յարգանքով դիտել եմ Ոսկեբերանի մատուռի աւերակների վիթխարի ժայռաբեկորները: Անտիոքում էր, որ Բարաբասն ու Պօղոսը հոգեկան սքանչելի աւիւնով աշխատանք էին տարել: Հռոմէական ճանապարհը, որտեղով նրանք Անտիոքից Սելեւկիա էին գնում, իմ հայրենի գիւղի ներքեւով էր անցնում: Տակաւին հնարաւոր էր նրա հետքերով գնալ: Սելեւկիայի ափամերձ ծովապատնէշների քարերը, որտեղից հռոմէական նաւերն էին նաւարկում, փոթորիկներից ու երկրաշարժերից դեռ բոլորովին քանդուած չէին: Ժամանակին խաչակիրների կողմից քաջաբար պաշտպանուած Անտիոք քաղաքը երկար ժամանակից ի վեր թուրքական տիրապետութեան տակ էր, իսլամի մինարէթները տասն անգամ աւելի բազմաթիւ էին, քան` եկեղեցիների զանգակատները: 1909 թուականի ապրիլ ամսին տեղի բողոքական եւ լուսաւորչական համայնքները պատմութեան մէջ ամենադաժան հալածանքները կրեցին:
– Իմ հայրենի գիւղ Եօղունօլուքի բնակիչները համեստ ու ջանասէր մարդիկ էին: Երկար տարիներ իրենց զբաղմունքը եղել է ամուր փայտից ու ոսկորից, ձեռքով սղոցելով ու փայլեցնելով սանտրեր պատրաստել: Մեր մարդկանցից շատերը փայտի վրայ փորագրող վարպետներ էին: Մեր ժողովուրդը չափազանց սիրել է իր եկեղեցիները: Ամերիկեան միսիոնարների կողմից դպրոցներ բացուելուց յետոյ մեր երեխաներից շատերը կարդալ ու գրել էին սովորել: Իւրաքանչիւր տուն շրջապատուած էր թթենու ծառերով, բազմաթիւ պտղատու գեղեցիկ այգիները ծածկում էին դէպի հարաւ ու արեւմուտք գնացող դարաւանդների լանջերը: Հարաւային Իտալիա այցելած ճանապարհորդները մեզ պատմում էին, որ Նափոլի քաղաքի կողքի գիւղերը շատ նման էին մեր գիւղերին: Նրանց հիւսիսային կողմի` «Մուսա Տաղի» (Մովսէսի Լեռ) թիկունքին բարձրանում էր արաբերէնով ճանաչուած` Ժիպալ Ահմար լեռը: Մեր սիրելի լերան իւրաքանչիւր ձոր, անդունդ, բարձունք ծանօթ էր մեր տղաներին ու մարդկանց:
– Մեր գիւղի վերաբերեալ այս իրողութիւնները յիշատակում եմ նրա համար, որ դուք կարողանայիք զգացմունք տածել նրա հանգիստ ու ուրախ կեանքի մասին, որը այնքան վայրենաբար ու այնքան լրիւ խաթարուած էր մեր ցեղը ոչնչացնելու թուրքերի վերջին ձեռնարկումներով:
– Մեր տուն ժամանելուց տասներկու օր յետոյ Անտիոքի թրքական կառավարչութիւնից պաշտօնական մի հրամանագիր էր ուղղուած Մուսա Տաղի վեց գիւղերին` ութ օրուայ ընթացքում տեղահանման պատրաստուելու համար: Դուք դժուար թէ կարողանայիք երեւակայել այն սարսափն ու վրդովմունքը, որ հրամանագիրը պատճառել էր մեզ: Մենք, ողջ գիշերը նստած, քննարկում էինք, թէ լաւագոյնը ի՛նչը պիտի լինէր անել… Թրքական կառավարութեան ուժերին դիմադրելը թւում էր գրեթէ անյոյս: Ընտանիքներին ցիրուցան անելը, նրանց տարագրելը ասպատակող, ֆանատիկ ու անօրէն արաբական տոհմերով բնակեցուած հեռաւոր ամայի վայրեր` այնպիսի սարսափելի հեռանկար էր, որ տղամարդկանց ու կանանց շրջանում առաջացրեց մերժելու կառավարութեան տարագրութեան պահանջի կատարումը: Պատրաստ էին դիմակայելու կառավարութեան զայրոյթը: Յամենայն դէպս բոլորը այդ մտքին չէին: Պիթիաս գիւղից աւետարանչական եկեղեցու հովիւ, պատուելի Յարութիւն Նուխուտեանը եկաւ այն համոզման, որ խենթութիւն պիտի լինէր դիմադրելը: Մտածում էր` տարագրութեան անողոքութիւնը մի կերպ բարեփոխել տալով, կողմնակից էր տեղի տալ կառավարութեան որոշման կատարմանը: Վաթսուն ընտանիքներ իր հարազատ գիւղից (Պիթիաս) եւ նշանակալի թուով ընտանիքներ յաջորդ գիւղից (Հաճի Հապապլի) համաձայնելով նրա հետ` առանձնացան մեզանից եւ թրքական պահակների հսկողութեան ներքոյ գնացին դէպի Անտիոք: Կարճ ժամանակ յետոյ նրանք այնտեղից տարուեցին դէպի Եփրատի ուղղութեամբ: Մենք բոլորովին կորցրեցինք նրանց հետքը եւ կարող է երբեք էլ չլսենք նրանց մասին:
Մեր անխախտ բարեկամներ ամերիկեան միսիոնարները մեզանից կտրուած էին հարիւր քսան մղոն դէպի հիւսիսային կողմը գտնուող Այնթապ քաղաքում: Արտաքին աշխարհի հետ մեր հաղորդակցութեան կապերը գործնականապէս կտրուած լինելով` վստահել էինք մեր սեփական միջոցներին: Գիտակցել էինք, որ մեր յոյսը մեր ու նաեւ Աստուծոյ ողորմութեան վրայ է: Եռանդագին աղօթեցինք, որ մեր ստանձնած պարտաւորութիւնը կատարելու համար Նա ամրացնէր մեզ:
– Գիտենալով, որ անկարելի պիտի լինէր նախալեռներում գտնուող մեր գիւղերը պաշտպանելը, վճռուած էր նահանջել դէպի Մուսա Տաղի բարձունքները: Մեզ հետ տարել էինք ուտելիքի խոշոր պաշարներ ու փոխադրման հնարաւոր անհրաժեշտ պիտոյքներ: Ոչխարների ու այծերի բոլոր հօտերը քշուել էին դէպի լերան կողմը: Պաշտպանութեան համար բոլոր առկայ զէնքերը թաքստոցներից դուրս բերուած ու վերանորոգուած էին: Մենք գտանք, որ ունէինք հարիւր քսան ժամանակակից հրացաններ, թերեւս այդ թուից երեք անգամ էլ աւելի շատ որսորդական հրացաններ, հին կայծքարէ փակաղակով ու հեծակ հրացաններ: Մեր տղամարդկանց աւելի քան կէսը դեռեւս թողնուած էր առանց զէնքի:
– Շատ դժուար էր թողնել մեր տները: Մայրս լալիս էր, կարծես թէ սիրտը պիտի պատռուէր: Բայց մենք յոյսեր ունէինք, որ մինչ ետ կը մղէինք թուրքերի յարձակումները, գուցէ Տարտանելի նեղուցը բռնանցուէր, փրկութիւն գար երկրին ու մեզ:
– Մինչեւ առաջին օրուայ գիշերամուտ, մենք արդէն հասել էինք լերան բարձունքների քարափներին: Մինչեւ որ կը պատրաստուէինք ճամբար դնել եւ եփել իրիկուայ ճաշը, տեղատարափ անձրեւ սկսուեց, այն շարունակեց տեղալ ամբողջ գիշերը: Դրա համար մենք վատ էինք նախապատրաստուած: Ժամանակ չէր եղել ծառերի ճիւղերից խրճիթներ պատրաստել եւ ոչ էլ որեւէ վրան կամ անջրթափանց հագուստներ ունէինք: Գրեթէ հինգ հազարից աւելի տղամարդիկ, կանայք ու երեխաներ, ամբողջովին թրջուած էին: Մեզ հետ բերած հացի մի մասը վերածուել էր փափուկ զանգուածի: Մենք ջանում էինք յատկապէս վառօդը եւ զէնքերը չոր պահել: Տղամարդիկ յաջողեցին այն շատ լաւ կատարել:
– Յաջորդ առաւօտեայ լուսաբացին աշխատող բոլոր ձեռքերը լծուեցին աշխատանքի: Լերան զառիթափի ամենակարեւոր ռազմագիտական նշանակութիւն ունեցող կէտերին խրամատներ փորեցինք, ժայռեր իրար վրայ թաւալելով` հզօր պատնէշներ սարքեցինք: Այնտեղ էին տեղաբաշխուելու մեր դիպուկ հրաձիգների խմբերը: Հիասքանչ արեւը ամպերի տակից դուրս եկաւ: Թուրքերի յարձակումները դիմագրաւելու համար ամբողջ օրուայ ընթացքում եռանդով ամրացնում էինք մեր դիրքերը: Հաստատ գիտէինք, որ նրանք գալու էին:
– Ժողովուրդի մասնակցութեամբ պաշտպանական խորհուրդ ընտրելու համար իրիկնադէմին ընդհանուր ժողով գումարեցինք, որը վեց համայնքների համար գերագոյն իշխանութիւն պիտի ունենար: Ժողովուրդի մի մասը նախընտրեց ձեռք մեկնելով քուէարկութիւն կատարել, իսկ ուրիշներ վիճարկեցին նման առաջարկը, քանի որ այն շատ կենսական նշանակութիւն ունեցող հարց էր: Գաղտնի քուէարկութեամբ համայնքային ճիշդ ընտրութիւն պէտք էր կատարուէր: Նրանք առաջարկեցին` քուէարկութիւն կատարելու համար թղթի բաւարար քանակի կտորներ հաւաքել: Մեր ժողովուրդը շատ էր նուիրուած այդ ժողովրդական ձեւին, որը ուսուցանուած էր միսիոնարների կողմից: Առանց շատ ուշացման, շատ թէ քիչ պատռուած կամ թրջուած թղթի կտորներ հաւաքեցին եւ որպէս քուէաթերթիկներ նետեցին քուէարկութեան համար նախատեսնուած սնտուկ: Կառավարման համար խորհուրդ ստեղծելով` անմիջապէս պաշտպանական ծրագիրներ կազմեցինք պաշտպանելու համար լերան իւրաքանչիւր անցք եւ ճամբար տանող իւրաքանչիւր մատոյց: Ընտրուած էին հետախոյզների, սուրհանդակների, հրաձիգների ու կեդրոնական պահեստային զինական խմբերի գումարտակներ, որոշուել էին նրանց պարտականութիւնները:
– Կառավարութեան կողմից տարահանութեան ազդարարութիւնը տրուած էր յուլիսի տասներեքին: Ութ օրուայ «բարեշնորհութիւնը» արդէն համարեա թէ անցած էր: Մենք վստահ էինք, որ թուրքերը պէտք է յայտնաբերած լինէին մեր շարժումները: Անտիոքի ամբողջ դաշտավայրը բնակեցուած է թուրքերով ու արաբներով, զինուորական մշտական ուժեղ պահակախումբ կար Անտիոքի զօրանոցներում:
– Յուլիսի քսանմէկին թուրքերի յարձակումը սկսուեց առաջապահ պահակախումբի երկու հարիւր մշտական ծառայութեան զինուորներով: Պահակախումբի հրամանատարը ամբարտաւանօրէն պարծեցել էր, որ մէկ օրուայ ընթացքում լեռը կը մաքրէր հայերից: Սակայն թուրքերը կրեցին մի շարք կորուստներ ու ետ քշուեցին իրենց հաւաքատեղին: Երբ նրանք աւելի ծաւալուն յարձակման անցնելու համար սկսեցին նորէն առաջանալ, իրենց հետ քարշ էին տուել նաեւ դաշտային մի հրանօթ: Մի քանի հրաձգային փորձարկումներից յետոյ, այն ձեռք բերեց համապատասխան գործողութեան շառաւիղ: Մեր ճամբարի մէջ սկսուեց աւերուածութիւն տեղի ունենալ: Մեր հրաձիգներից մէկը (Պետրոս Գալուստեան), առիւծասիրտ երիտասարդ ջահել տղայ, մացառուտների ու ժայռերի միջով ներքեւ սողաց, մինչեւ որ հասաւ տափակ ժայռի վրայ տեղաւորուած դաշտային թնդանօթին շատ մօտիկ տարածութեան: Ծառի ճիւղերով դարանակալ, սպասել էր յարմար պատեհութեան: Թնդանօթին այնքան մօտիկ էր եղել, որ կարողացել էր լսել այն լիցքաւորող թուրք հրաձիգների իրար հետ խօսակցութիւնը: Երբ մի թնդանօթաձիգ դուրս էր եկել իր տեսադաշտ, երիտասարդ մարդը առաջին կրակոցով գնդակահարել էր նրան: Հինգ կրակոցների զարկերով սպաննել էր չորս թնդանօթաձիգների: Դրանից յետոյ, սարսափահար հրամանատարը անկարող լինելով նշմարել մեր հրաձիգին, վեր բարձրացրել ձեռքերը, հրամայել հրանօթը քաշել պատսպարուած մի տեղ:
– Սակայն թուրքերը համախումբ յարձակման համար մարդիկ էին հաւաքագրում: Նրանք ժողովուրդին զէնքի կոչելու համար զօրահրաման էին ուղարկել իսլամական գիւղեր: Անտիոքի զինանոցից բանակային հրացաններ եւ առատ զինամթերք էին յանձնել նրանց: Արիւնահեղութեան ծարաւի մուսուլմանների չորս հազարանոց ամբոխը վերածուեց նշանակալի թշնամու: Սակայն թուրքերի գլխաւոր ուժը կարգապահութեան վարժուած ու դժուարութիւնների հանդէպ կոփուած երեք հազարանոց կանոնաւոր զօրախումբն էր:
– Մի առաւօտ մեր հետախոյզները խիստ կարեւոր տեղեկութիւն բերին շտաբկայան, որ թշնամու զինուորները երեւում էին ամէն մի կիրճում: Նրանք ամէնուր արդէն նուաճել էին կիրճերի քարափները ու նրանց գագաթները: Ինչպէս հետագային համոզուեցինք, Պաշտպանական խորհուրդի պաշտպանական ու պահեստային մարմինները չափազանց անխոհեմ էին վարուել, զինական փոքրիկ խմբեր միայն ուղարկել ճակատային զանազան այդ կէտեր: Կարճ ժամանակից յետոյ մեր ուժերը իրարից բաժանուել էին: Այնուհետեւ միայն մէկ կիրճի միջով թուրքերը խոշոր ուժերով զանգուածային յարձակում սկսեցին: Միւս բոլոր առաջխաղացումները կեղծ յարձակում լինելով` չէին շարունակուել: Կարճ ժամանակի ընթացքում մեր մարդիկ գնահատեցին կացութիւնը, տարբեր տեղերից համախմբուել սկսեցին: Թուրքերը սպաննել էին մեր հետախոյզներին, թափանցել էին մի կարեւոր լեռնանցք: Ի սարսափ մեզ` նկատեցինք թշնամու կողմից դիմացի բարձրադիր տարածքի նուաճումը: Այն սպառնում էր մեր ճամբարին:
Թուրքերի նոր համալրումը բուռն գրոհել սկսեց դէպի լերան պաշտպանական դիրքերը: Կէսօրին համոզուեցինք, որ նրանք թուով գերազանցում էին մեզ: Մենք նկատեցինք նաեւ, որ թուրքերի հրացանների հրաձգութեան հասողութիւնը բոլորովին գերազանցում էր մեր հնաձեւ հրացաններինը: Մինչ իրիկնամուտ անտառի խիտ մացառուտի միջով թշնամին երեք վաշտերով առաջ էր շարժուել, հասել մեր խրճիթներից հինգ հարիւր կանգուն հեռաւորութեան սահմաններում: Խորը ու խոնաւ կիրճ էր ընկած մեր ու թշնամու զօրքի մէջտեղը: Թուրքերը որոշել էին տեղաւորուել բաց օթեւանում, քան թէ` յարձակման հարուածը շարունակել մթութեան մէջ:
– Մեր առաջնորդները շշուկով ու շատ հանգիստ կերպով շտապ խորհրդակցութիւն կազմակերպեցին, արգիլեցին ճամբարում որեւէ լուսաւորութիւն կատարել: Բոլորը ըմբռնում էին, որ ճգնաժամային վիճակի էին մատնուել: Ի վերջոյ, արկածախնդրական ծրագիր որդեգրուեց: Մեռեալ կէս գիշերին սողոսկել թուրքերի գրաւած դիրքերի շուրջ, այդ ձեւով շրջապատման շարժում իրականացնել, յանկարծակի հրաձգութեամբ մօտենալ նրանց, մարտը վերջացնել ձեռնամարտի անսպասելի ընդհարումով: Ըմբռնում էինք, որ եթէ ծրագիրը ձախողուէր… ամէն ինչ կորած էր: Մեր մարդիկ մութ ու խոնաւ անտառների միջով սողացին արտակարգ հմտութեամբ, շրջապատեցին խոնաւ կիրճում թշնամու գիշերային օթեւանը: Այստեղ էր, որ քարափներին ու մացառուտներին քաջատեղեակ լինելը մեր մարդկանց հնարաւորութիւն տուեց անել այն, ինչ որ ներխուժողները չէին համարձակուի փորձել: Երբ շրջանակը արդէն գործնականապէս աւարտուած էր, բոլոր կողմերից զէնքերի կրակոցների փայլատակումներով ու համազարկերի շառաչիւններով մեր մարդիկ իրականացրին յարձակումը: Յանդուգն քաջութեամբ գրոհեցին առաջ:
– Մի քանի վայրկեանների ընթացքում ակնյայտ էր դարձել թշնամու շփոթութիւնը ու նրա զօրքի խուճապը: Թրքական ճամբարում սկսել էր ծայր աստիճանի խառնաշփոթութիւն: Մթութեան մէջ թուրքի զօրքը շտապում էր այս ու այն կողմը, սայթաքում ժայռերի ու կոճղերի վրայից: Սպաները հակասական հրամաններ էին արձակում, ի զուր էին պայքարում իրենց մարդկանց համախմբել: Տպաւորութիւն էր ստեղծուել հայկական շատ նկատելի յարձակման իրողութեան վերաբերեալ, որովհետեւ թրքական գնդապետը կէս ժամից յետոյ նահանջի հրաման էր արձակել: Լուսաբացից առաջ անտառները գործնականապէս մաքրուած էին թշնամու զինուորներից: Աւելի քան երկու հարիւր թուրք զինուորներ էին սպաննուել, որոշակի ռազմաւար էր վերցուած` եօթը Մաուզեր հրացաններ, երկու հազար հինգ հարիւր փամփուշտ եւ մէկ ջորի: Կռիւը վերսկսելու որեւէ նախանշան չկար: Սակայն մենք գիտէինք, որ մեր թշնամիները պարտուած չէին, նրանք պարզապէս դուրս էին քշուած:
(Շար. 1)
Կլենտէյլ, 2005 թ.