Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը հետեւեալ շնորհաւորական ուղերձը յղած է Լեռնային Ղարաբաղի Անկախութեան տօնին առթիւ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհաւորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախութեան տօնի առթիւ:
Արցախի անկախութեան օրը համայն հայութեան մեծ տօնն է, բայց առաջին հերթին ձեր` արցախցիներիդ տօնն է: 1991 թուականի նուիրական այս օրը` անկախութեան հռչակմամբ բռնութեան ու բռնապետութեան ճիրաններից, ազգային ու կրօնական խտրականութեան, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական ռասիստական քարոզչութեան ճիրաններից դուրս բերուեց հայութեան տառապեալ, բայց նաեւ հերոսական հատուածներից մէկը: Եւ դա արեցիք դուք:
Այդ պատմական քայլով ոչ թէ աւարտուեց, այլ նոր հանգրուան թեւակոխեց բոլորիս պայքարը յանուն սեփական տանն արժանապատուօրէն ապրելու իրաւունքի, յանուն մարդկային ու ազգային իրաւունքների: Արցախցին կռուի դաշտում պաշտպանեց իր եւ իր զաւակների կեանքը, փրկեց իր եւ իր զաւակների ապագան:
2015 թուականին` Մեծ եղեռնի 100-ամեակի տարում, երբ մենք ոգեկոչում ենք մեր արդէն սրբադասուած նահատակների յիշատակը, ազատ, նորոգ ու հպարտ Արցախը նոր` աւելի խոր իմաստ ու արժէք է ստանում բոլորիս համար:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Օր օրի աշխարհում աւելի ստուարանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ նրա ժողովրդի բարեկամների շարքերը: Օր օրի բարձրանում է ազատութեան ու ժողովրդավարութեան ճանապարհով անշեղօրէն ընթացող Արցախի միջազգային հեղինակութիւնը: Դա արդիւնքն է ձեր արդար ու ստեղծագործ աշխատանքի, պետականաշինութեան եւ բանակաշինութեան ասպարէզներում ձեր արձանագրած յաջողութիւնների:
Կրկին շնորհաւորում եմ այս փառապանծ տօնի առթիւ` կրկնելով հին ու իմաստուն կարգախօսը. «Ազատութիւնը չունի այլընտրանք»»: