Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեան հետեւեալ շնորհաւորական ուղերձ յղած է Արցախի Հանրապետութեան օրուայ առթիւ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ Արցախի Հանրապետութեան օրուայ առթիւ, տօն, որն առանձնայատուկ կարեւորութիւն ունի մեր ժողովրդի կեանքում:
1991 թուականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետութեան ծնունդով հայ ժողովուրդն ունեցաւ ազատ եւ անկախ երկու պետութիւն, իրականութիւն դարձաւ դարեր շարունակ փայփայած, բազում փորձութիւնների միջով անցած եւ մինչեւ մեր օրերը հասած նրա երազանքը:
Դա իր հողի վրայ տիրոջ իրաւունքով ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրոյն տնօրինելու սովորական մարդկային ձգտումն է, որը, բնականաբար, յատուկ է իւրաքանչիւր ազգի:
Համախմբուելով եւ միատեղելով մեր ուժերը` պատերազմի դաշտում պաշտպանեցինք մեր ազգային արժանապատուութիւնն ու ժողովրդի ապագան, այսօր էլ կառուցում ենք ժողովրդավարական պետութիւն` միջազգային հանրութեան լիիրաւ անդամ դառնալու յայտ ներկայացնելով աշխարհին:
Դա դժուարին, բայց եւ պատուաբեր ուղի է, որը մենք անցնում ենք Հայաստանի եւ Սփիւռքի մեր քոյրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի տուած: Այդպէս միասնաբար մենք կեանքի կը կոչենք շատ ու շատ ծրագրեր եւ անպայման կը հասնենք համազգային նպատակների իրականացմանը:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ ձեզ պետական այս նշանակալի տօնի առթիւ եւ մաղթում խաղաղութիւն ու բարգաւաճում ձեր ընտանիքներին եւ բոլորիս համար թանկ ու նուիրական Արցախի Հանրապետութեանը»: