
Հայրենի 168.am լրատուական կայքը հարցազրոյց կատարած է Մոսկուայի մէջ գործող Կովկասագէտներու գիտական միաւորման նախագահ, քաղաքագէտ Ալեքսանտր Քռիլովի հետ: Զրոյցը կը ներկայացնենք ստորեւ:
ՀԱՐՑՈՒՄ.- Մինսքի խումբն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում ստեղծուած իրավիճակով եւ ցանկանում է նախագահական մակարդակի հանդիպում կազմակերպել: Վերջերս Ռուսաստանի արտաքին գործոց նախարարն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումը Մոսկուայի համար առաջնահերթութիւն է, իսկ ԵԱՀԿ-ի Մինսքի խումբի ամերիկացի համանախագահ Ճեյմս Ուորլիքը յայտարարեց, որ հակամարտութեան համապարփակ կարգաւորումն անհնար է առանց Ղարաբաղի կարգավիճակի յստակեցման: «Հայաստանն Ազրպէյճանին պէտք է վերադարձնի 7 շրջանները», ասել էր Ուորլիքը: Ինչպէ՞ս կ՛ընթանայ բանակցային նոր փուլը, երբ նման առաջարկներ են հնչում: Այս փուլում առաջընթացի հնարաւորութիւն տեսնու՞մ էք:
ԱԼԵՔՍԱՆՏՐ ՔՌԻԼՈՎ.- Ուորլիքի յայտարարութիւնը զանգուածային լրատուամիջոցներում մեծ հետաքրքրութիւն առաջացրեց, բայց ըստ էութեան այն ոչ մի նոր բան չի պարունակում: Տարիներ շարունակ կայ երկու մօտեցում` փուլային եւ փաթեթային, դրանք միաւորելու փորձերն ապարդիւն են անցնում: Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում ներկայիս լարուածութեան պայմաններում 7 շրջանների վերադարձը` առանց յուսալի միջազգային անվտանգութեան երաշխիքներով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միաժամանակեայ յստակեցման, կտրուկ կերպով կը փոխի ուժերի հաւասարակշռութիւնը յօգուտ Ազրպէյճանի: Դա կը մեծացնի լայնածաւալ նոր պատերազմի հնարաւորութիւնը, քանի որ Պաքւում կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան արագ ուժային լուծման յոյս արթնանալ: Թէ որքան հեշտ է ժամանակակից աշխարհում պատերազմ սկսելը, փաստում է Հայաստանի հարաւում տեղի ունեցողը: Ի դէպ, ռազմական գործողութիւնների գօտիների ընդլայնման միտումն աւելի ու աւելի է աճում:
Ակնյայտ է, որ Հայաստանը Ուորլիքի կամ այլ երկրների ներկայացուցիչների կոչերի համաձայն չի կարող վերադարձնել 7 շրջանները կամ այլ տարածքները` պարզապէս յոյսը դնելով Ազրպէյճանի խաղաղասիրութեան եւ բարի կամքի վրայ: Բոլոր նոր բանակցային փուլերը կարող են շարունակուել դեռ շատ երկար: Աշխարհում կայ 300-ից աւելի տարի շարունակուող Ժիպրալթարի խնդիրը, այլ շատ տարածքային վէճեր, որոնք գոյութիւն ունեն շատուշատ տասնամեակներ: Հէնց այդպիսի երկարաժամկէտ կարգաւորում պահանջող հակամարտութիւնների ցանկին է պատկանում նաեւ ղարաբաղեան հակամարտութիւնը, այն չափազանց բարդ է արագ կարգաւորելու համար:
Ի դէպ, իրավիճակը զարգանում է ոչ թէ լարուածութեան նուազեցման, այլ հակառակ ուղղութեամբ: Դա է փաստում փոխադարձ անհանդուրժողականութեան, թշնամական վերաբերմունքի եւ շփման գծում ռազմական լարուածութեան աճը: Այս պայմաններում միջնորդների համար շատ աւելի օգտակար կը լինէր ոչ թէ այս կամ շրջանը ետ վերադարձնելու մասին աղմկայարոյց յայտարարութիւններ անելը, այլ այնպիսի խնդիրների վրայ կենտրոնանալը, առանց որոնց սկզբունքօրէն խաղաղ կարգաւորումն անհնար է: Իսկ դա հակամարտող կողմերի միջեւ վստահութեան մակարդակի բարձրացումն է, ռազմական հռետորաբանութեան նուազեցումը, փոխադրամիջոցներ ուղիների ապաարգելափակումը եւ շատ այլ բաներ: Միայն այս խնդիրները լուծելու դէպքում կարելի է ստեղծել հիմք փոխընդունելի եւ խաղաղ միջին լուծումների համար: Դա դեռեւս փաստօրէն չի արւում, ուստի ներկայիս իրավիճակն առանց նկատելի փոփոխութիւնների կարող է շարունակուել դեռ երկար ժամանակ: Այսօրուայ դրութեամբ դա աւելի հաւանական բեմագրութիւն է թւում: Հակամարտութեան գօտում իրավիճակի արմատական փոփոխութիւնը` պայմանաւորուած արտաքին գործօնով (արմատական իսլամական ուժերի ներթափանցում Հարաւային Կովկաս, ներքաղաքական ապակայունութիւն Հայաստանում կամ Ազրպէյճանում եւ այլն), աւելի պակաս հաւանական տարբերակ է, բայց նաեւ դա պէտք չէ բացառել: Դատելով ամէն ինչից` Հայաստանի իշխանութիւնները հաշուի են առնում նաեւ այս բեմագրութեան հաւանականութիւնը, դրա մասին են փաստում ձեռնարկուող միջոցառումները հաւաքական անվտանգութեան համակարգի կատարելագործման եւ ՀԱՊԿ-ի եւ այլ ձեւաչափերի շրջանակում միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարի ուղղութեամբ:
Հ.- Վերջին օրերի ընթացքում կրկին լարուած է իրավիճակը հակամարտութեան գօտում: Ռազմական գործողութիւնների վերսկսման հնարաւորութիւն տեսնո՞ւմ էք:
Ա. Ք.- Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում ուժերի ներկայիս հաւասարակշռութեան պահպանման դէպքում նոր պատերազմի վերսկսման հնարաւորութիւնը պէտք չէ չափազանցել: Իրավիճակի սրում տեղի է ունենում մշտապէս, Հայաստանի նկատմամբ ճնշումների ազրպէյճանական քաղաքականութեան մի մասն է դա: Բայց նոր պատերազմում յուսալի գործընկերներ չունեցող Ազրպէյճանի համար չափազանց վտանգաւոր կը լինէր նման պատերազմ սկսելը, իսկ Պաքուի իշխանութիւններին չի կարելի դասել անմիտ արկածախնդիրների շարքին, ինչպիսին Սահակաշուիլին է: Նոր պատերազմ սկսելու գայթակղութիւն Պաքւում կ՛առաջանայ, եթէ այնտեղ արագ եւ յաղթական պատերազմի ելքի հարցում բացարձակապէս վստահ լինեն: նման հիմքերի համար դեռ վստահութիւն չկայ, աւելին` Հայաստանի անդամակցութիւնը ՀԱՊԿ-ին չի կարող Ազրպէյճանին չզսպող ազդեցութիւն չունենալ: Հէնց այդ պատճառով Ազրպէյճանի ղեկավարութիւնը շարունակում է Հայաստանին ամէն կերպ ճնշելու քաղաքականութիւնը` յոյս ունենալով թշնամուն քամելու միջոցով հասնել նրա թուլացմանն ու անձնատուութիւնը: Կարծում եմ, որ Բաղրամեանի պողոտայում տեղի ունեցած վերջին իրադարձութիւններից յետոյ Հայաստանի ներքաղաքական կեանքի ապակայունացումը ընկերային-տնտեսական խնդիրների պատճառով Պաքւում շատ աւելի բարձր է գնահատւում, քան նախկինում:
Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում Իրանի դիրքերի ամրապնդման հնարաւորութիւնը Հարաւային Կովկասում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բանակցային գործընթացում: Հնարաւո՞ր է Իրանը մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացին:
Ա. Ք.- Իրանը չափազանց շատ խնդիրներ ունի` այլոց խնդիրներով զբաղուելու հնարաւորութիւն ունենալու համար: Իրավիճակի վրայ ազդեցութիւն կարող է ունենալ Իրանի նկատմամբ գործող տնտեսական սահմանափակումների վերացումը, դա կարող է բարելաւել իրավիճակը ղարաբաղեան հակամարտութեան գօտում: սակայն այս ամէնը քիչ հաւանական է, որ մեծապէս ազդի իրավիճակի վրայ: Բանակցային գործընթացին Իրանի միանալն այս կամ այն դերակատարմամբ հնարաւոր է, քանի որ Թեհրանի համար կարեւոր է ամրապնդել սեփական դիրքերը միջազգային ասպարէզում: սակայն այս ամէնից ակնկալել ինչ-ինչ բեկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ, պէտք չէ նոյն այն պատճառներով, որոնց համաձայն անարդիւնաւէտ է բանակցային գործընթացում աշխատող միջնորդների գործունէութիւնը:
Հ.- Պարոն Քռիլով, Հայաստանում շրջանառութեան մէջ է դրուել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որը մի շարք փորձագէտների, քաղաքական գործիչների պնդմամբ, թոյլ է տալիս Հայաստանի նախագահին պահպանել իր իշխանութիւնը: Ինչպէ՞ս է Մոսկուան վերաբերում սրան:
Ա. Ք.- Մոսկուան այդ հարցը դիտարկում է որպէս Հայաստանի ներքաղաքական հարց: Չեմ հանդիպել տեղեկութեան, համաձայն որի ռուսաստանցի փորձագէտներ են ներգրաւուել սահմանադրական բարեփոխումների ներկայիս նախագծի վրայ կատարուած աշխատանքներում: Բարեփոխումները արժանացել են Վենետիկեան յանձնաժողովի հաւանութեանը: Վենետիկեան յանձնաժողովն ընդգծել է. «… թէեւ փաստաթուղթը հիմնուած է իրաւական համակարգային վերլուծութեան վրայ, այլընտրանքներն, ինչպէս կառավարման խորհրդարանական համակարգը, պարունակում են նաեւ քաղաքական բաղադրիչ, ինչը պէտք է լայնօրէն քննարկուի երկրի ներսում…»: Հետաքրքրական է մէկ այլ ձեւակերպում եւս անդրադարձի եզրափակիչ հատուածում. «… մարդիկ, ովքեր մինչ այսօր սովոր էին Հանրապետութեան նախագահի ուղիղ ընտրութեանը, կարող են իրենց համարել ձայնի իրաւունքից զուրկ: Եթէ նման փոփոխութիւն մտցուի, ապա ընտրազանգուածը եւ քաղաքացիական հանրութիւնը պէտք է պատճառների մասին պատշաճ կերպով տեղեկացուեն»:
Յայտնի է, որ Հայաստանի շատ ընդդիմադիր գործիչներ իշխանութիւնների նախաձեռնած գործընթացը գնահատում են որպէս Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսեանին իշխանութեան գլխին պահելուն ուղղուած փորձ: Այս իրավիճակում Ռուսաստանը շահագրգռուած է, որպէսզի բարեփոխումները Հայաստանում ցնցումներ չառաջացնեն եւ նպաստեն Հայաստանի քաղաքական եւ ընկերային-տնտեսական յաջող զարգացմանը: Դա օգտակար կը լինի մեր երկկողմանի յարաբերութիւնների համար եւ կը փաստի Մոսկուայի կողմից յետխորհրդային տարածքում իրականացուող համարկման ծրագիրների կենսունակութիւնը: