ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ
Այս տարուայ վերջի ճամբորդութեանս ընթացքին երեք օր եղայ Թեհրանում եւ բախտ վիճակուեց ինձ տեսնելու «Փրկութեան քարտէզ» շարժապատկերը, իսկ երկրորդ անգամ` Երեւանում «Ոսկէ Ծիրան» փառատօնի ընթացքին:
«Փրկութեան քարտէզ» կամ «Map of salvation» շարժապատկերը անգլերէն եւ հայերէն լեզուներով է, եւ հիմա աշխատանք է տարւում թարգմանել նաեւ այլ լեզուների:
«Փրկութեան քարտէզ» ներկայացնում է բարեգործ եւրոպացի երիտասարդ կանանցից հինգին, որոնց առաքելութիւնը եղաւ 1890թ. վերջերից մինչեւ որ 1930-ական թուերը իրենց կեանքի նուիրումը մարդասիրական վսեմ գործին: 1913թ. սկսած նրանք գնացին հայ ժողովրդի վէրքերը բուժելու, անմեղ եւ անպաշտպան հայ մանուկների կեանքը փրկելու Օսմանեան կայսրութեան ծրագրուած հայ ժողովրդի ֆիզիքական բնաջնջումից: Այդ մարդասէր եւ քաջ կանայք էին` Քարէն Եփփէն եւ Մարիա Ճեքըպսընը` Դանիայից, Պոտիլ Պէերնը Նորվեկիայից, Ալմա Ճոհընսընը` Շուէտից եւ Հետուիք Պէյուլը` Էսթոնիայից:
«Փրկութեան քարտէզ»-ը խօսուն դրօշակն է Հայոց ցեղասպանութեան. դէպքերն ու դէմքերն իրական են, եւ դերասանների հաւատքով լի գործունէութիւնը դիտողին տանում է դէպի նոյն ժամանակաշրջանի կոտորածի օրերը, երբ այդ վայրագութիւններն էին տեղի ունենում հայ ազգի դէմ, ու մի վայրկեան մտածել է տալիս մեզ, թէ՛ ինչպէ՞ս է կարելի մարդու այսքան չարիքը մարդու հանդէպ ….
Ըստ իս, այս շարժապատկերը դեսպանը պիտի լինի հայ ազգի` ճամբորդելով դէպի հայաշատ երկիրներ եւ նահանգներ ու նորէն յամառօրէն ցոյց տալու ու վերյիշեցնելու աշխարհին թուրք օսմանցու դաւադիր ու ծրագրուած վայրագութիւնների մասին, ովքեր ահ ու սարսափ տարածելով` տեղահանեցին, գոյքերը խլեցին ու ցեղասպանութեան ծրագիրը գործադրեցին անպաշտպան ու անմեղ հայ ազգի հանդէպ:
Ինչպէս ասացինք, շարժապատկերի համայն կառոյցը փաստավաւերագրական սիւների վրայ է դրուած` յանձինս այդ հինգ հերոս գթութեան քոյրերի ականատես օրագրութեան, որոնք ամենայն խղճմտութեամբ ու անձնազոհութեամբ իրենց վեհանձն առաքելութիւնով սիրով կապուեցին հայ ազգի երեխաների ու պատանիների հետ, իրենք եւս տարագրուեցին ու եղան մայր` փրկելով հազար-հազարաւորների այդ վայրագ գազանների ճիրաններից: Թերեւս մեզանից շատերը անտեղեակ են այս հինգ փրկարար քոյրերի մարդասիրական ու նուիրական գործունէութիւնից: Ժամանակն է, որ վերյիշենք ու ճանաչենք նրանց: Թողէ՛ք, որ աշխարհն ու մասնաւորապէս թուրքերն իմանան ճշմարտութիւնը: Արդեօ՞ք հարիւր տարին քիչ եղաւ ժխտելն եւ ուրացո՞ւմը… ա՛յլեւ բաւական է:
Այս շարժապատկերի մէջ ո՛չ թէ միայն հայ ազգն է խօսում ու արդարութիւն պահանջում, այլ օտար ազգի ականատես ու փրկարար քոյր միսիոնարները: Ուրեմն պարտք ենք համարում նշելու, որ, ըստ հնարաւորութեան, շարժապատկերը, որը պատրաստուած է դիւանագիտական հմտութեամբ եւ բարձրագոյն մասնագիտութեան վարպետութեամբ, Իրանի հայ համայնքի համանմանութեամբ ցուցադրութեան արժանանայ աշխարհասփիւռ այլ հայ համայնքներում, քանի ամէն հայ պարտաւոր է ճանաչել իր ժողովրդի երախտաւորներին: Կարեւոր է նաեւ շարժապատկերի դիտմանը օտարազգի պաշտօնեաների եւ հնարաւորութեան պարագային հէնց այդ հինգ երկրների (ուր որ միսիոնարուհիներն էին) դեսպանների կամ դիւանագէտների ներկայութիւնը եւ վերջաւորութեան մի գեղեցիկ պատուեգրով պարգեւատրումը` որպէս երախտագիտութեան նշան հայ ժողովրդի կողմից:
«Փրկութեան քարտէզ» շարժապատկերը նկարահանուած է մէկ տարուայ ընթացքին 10 երկրներում` Նորվեկիա, Շուէտ, Դանիա, Գերմանիա, Էսթոնիա, Թուրքիա, Լիբանան, Սուրիա, Յունաստան, Հայաստան, ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստան: Շարժապատկերի աշխատանքներին մասնակցել են 13 խորհրդատուներ 8 երկրից: Նրանք գրող, պատմաբաններ, ցեղասպանագէտներ են: Նկարահանումները կատարուել են թագաւորական գրադարաններում, թանգարաններում, ազգային եւ պետական, տարբեր կազմակերպութիւնների եւ անհատական արխիւներում:
Շարժապատկերի մտայղացման հեղինակը եւ արտադրողն է «Ման Փիքչըրս սթիւտիօ»-ի (MAN PICTURES STUDIO) հիմնադիր-տնօրէն Մանուէլ Սարիբեգեանը, որի գործարարութեամբ ծնունդ է առել հայ ժողովրդի այս շատ կարեւոր պատմական իրադարձութեան-վաւերագրական շարժապատկերը: Վստահաբար, ճանապարհի ընթացքում, նա ունեցել է բաւականին շատ խոչընդոտներ, բայց իր լաւատեսութեամբ ու գործակիցների աջակցութեամբ կարողացել է յաղթահարել այդ բոլոր դժուարութիւնները:
Շարժապատկերի գլխաւոր վարիչն է Արամ Շահբազեանը, որն արուեստի բարձր որակով է ղեկավարել բոլոր-բոլոր արարումներն, որում դիտողին է տալիս հոգու եւ մտքի աչք տեսնելու եղելութիւնները` որպէս իրական փաստ եւ ինքզինքն զգալու նոյն ժամանակաշրջանում:
Պատմութեան գրի առնողն է Աննա Սարգսեանը, որ գերազանցօրէն շունչ է տալիս բառերին ու ձայն` լռութեանը:
Բնագիրը կարդում է ազգութեամբ ֆինն պատմաբան եւ ցեղասպանագէտ Սվանթէ Լունտկրէնը, ով քայլում է մէկ դար անցնող այն բոլոր քառուղիներով, ուր հայ ժողովուրդն է անցել այդ տառապանքների ու փրկութեան քարտէզով: Ու պատմողն իր խօսքն է վերջացնում կանգնած Ծիծեռնակաբերդի համալիրում: «ԼՌՈՒԹԻՒՆ, ՈՐ ՊԷՏՔԷ ԼՍԵԼ…»:
Ու տե՛ս, որ շարժապատկերի վեջում զսպուած յուզմունքդ է պայթում…, արցունքների հատիկները իրարու հրմշտկելով լռութեամբ բարձրաձայն աղաղակում են կոտորա՜ծ, կոտորա՜ծ ու անսահման բարութի՜ւն…:
Շարժապատկերի (Ման Փիքչըրս) գործավար Մանուէլ Սարիբէգեանի խօսքերով «Փրկութեան քարտէզ»-ը իր աւարտին հասաւ շնորհիւ Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի եւ մի շարք հայկական եւ ոչ հայկական կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ երախտագէտ անհատների, ովքեր թէ՛ նիւթապէս եւ թէ՛ բարոյապէս օժանդակեցին ու մեծապէս նեցուկ հանդիսացան:
Շնորհակալութիւն նաեւ շարժապատկերի խմբի բոլոր անդամներին, որոնք իրենց լաւագոյնը արեցին այս գործի յաջողութեան:
Նիւ Եորք
Օգոստոս 2015թ.
Յ. Գ.
Սրանք «Փրկութեան քարտէզ» շարժապատկերի կայքի, Դիմատետրի էջի եւ «Ման Փիքչըրս սթիւտիօ»-ի լինքերն են
FBhttps://www.facebook.com/MapOfSalvation?ref=bookmarks
Email: manfilmstudio@yahoo.com