ՏԱԹԵՒ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ

39-ամեայ Մեհմեթ Ճեմշին Տիգրանակերտի Սալքըմլը գիւղից է. Տիգրանակերտում ապրող այն հազարաւոր մարդկանցից, որոնց իսլամացած հայ են կոչում, այն մարդկանցից, որոնք ստիպուած են ապրել կրօնի եւ ինքնութեան երկուութեամբ:
Մեհմեթն իր ծագման մասին իմացել է դեռ մանկուց. «Փոքր տարիքից հայրս միշտ պատմում էր հայերի, Հայոց ցեղասպանութեան, Անդրանիկ փաշայի, Տիգրան Մեծի մասին: Պատմում էր, որ հայ ժողովուրդն ունի հարուստ պատմութիւն եւ մշակոյթ, նաեւ գիտեմ, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտօնապէս ընդունել է քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն: Հօրս պատմածները հիմա ես իմ երեխաներին եմ պատմում, ուզում եմ, որ իմանան իրենց հայկական արմատների մասին, սովորեն հայերէն եւ հպարտ լինեն, որ հայ են: Այսօր շատերը խօսում են իրենց ինքնութեան մասին, շատերի մօտ է արթնացել ինքնութեան գիտակցութիւնը, եւ ինչպէս շատերը, այնպէս էլ ես ցանկանում եմ, որ բոլորն ինձ որպէս հայ ճանաչեն եւ ընդունեն: Հպարտանում եմ իմ նախնիներով», «Հայերն այսօր»-ին պատմեց Մեհմեթը, ով մասնակցեց Հայաստանի սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագրին:
Մեհմեթն առաջին անգամ է Հայաստանում. «Առհասարակ առաջին անգամ է, որ երկրից դուրս եմ գալիս եւ առաջին երկիրը, որտեղ ցանկացայ լինել, Հայաստանն է: Տպաւորութիւններս աննկարագրելի են: Հրաշալի երկիր է Հայաստանը, մարդիկ անչափ բարի են: Ես աշխարհի բոլոր հայերին իմ բարեկամն եմ համարում: Այցելածս վայրերը շատ տպաւորիչ էին, բայց ամենատպաւորիչն ինձ համար Ցեղասպանութեան յուշահամալիր այցելութիւնն էր: Անմար կրակին նայելիս աչքիս առաջ կարծես երեւացին 1915 թուականի կոտորածները, զգացի հայ ժողովրդի ցաւը»:
Մեհմեթ Ճեմշին եւս, ինչպէս եւ միեւնոյն ճակատագիրն ունեցող, իսլամ դաւանող, բայց պատմական Հայաստանի այս կամ այն քաղաքում, գիւղում ապրող իր «նմանները», հայերեն չի խօսում. «Ճիշդ է` ես հայոց լեզուի եւ հայ մշակոյթի կրողը չեմ, բայց անկախ դրանից` ես ինձ հայ եմ զգում: Հայ լինելը ինձ համար ամէն ինչից վեր է: Կարեւոր չէ, թէ ի՛նչ լեզուով եմ խօսում, կարեւորը` ինձ հայ եմ զգում… Եւ իմ առաջնային խնդիրներից եմ համարում հայերէն սովորելը»:
Hayernaysor.am
