Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշեանի յայտարարութիւնը, թէ իրենց շրջապատում որպէս «մուսուլման քիւրտ» յայտնի հայերը սկսել են վերադառնալ իրենց իրական ինքնութեանը, խախտեց Թուրքական պատմագիտական ընկերութեան նախկին նախագահ, դոկտոր, փրոֆէսէօր Եուսուֆ Հալաճօղլուի լռութիւնը` «ծպտեալ հայերի թեմայով»: Փրոֆ. Հալաճօղլուն յայտնելով, որ մեր երկրում (յօդուածագիրը նկատի ունի Թուրքիան, «Ակունք»-ի խմբ.) գոյութիւն ունի առնուազն 500 հազար «ծպտեալ հայ», պնդեց, թէ նրանք, ովքեր իրեն «ցեղապաշտութեան» մէջ են մեղադրում եւ առանց դատի դատապարտում` այս ճշմարտութիւնն ասելու համար, այսօր յայտարարում են դրա մասին, որովհետեւ հող են նախապատրաստում` հայերին գոյք տալու եւ Թուրքիայից փոխհատուցում ստանալու նկատառումներով: (Իսլամացուած հայն ու ծպտեալ հայը տարբեր հասկացութիւններ են: Սուտ է ծպտեալ կոչուած հայերի թիւը եւ աւելի մեծ սուտ է մի ողջ ժողովրդի ժխտումն ու Քրտական աշխատաւորական կուսակցութեան հայկական լինելու պնդումը: Այլեւս դասական դարձած ստեր):
15 օր առաջ իր կնոջը կորցրած փրոֆ. Հալաճօղլուն Աղթամարի եկեղեցում մատուցուած պատարագից յետոյ հայոց պատրիարքի փոխանորդ Ա. Աթեշեանի յայտարարութիւնից անմիջապէս յետոյ մի յօդուած հրապարակեց «Թուրք Օչաքլար»-ի (գորշ գայլերու պաշտօնական անունը. Ա.) կայքէջում:
«Իրենց անձնագրերում քրիստոնեայ գրել տուողների վերաբերեալ մի մեկնաբանութիւն» վերնագրով այդ յօդուածում Հալաճօղլուն գրում է.
Ալի Եորմազ, «Աժանս 09»
«Հիւրրիյեթ» օրաթերթի 2010 թ. սեպտեմբերի 21-ի համարում Վանի աղբիւրներին մօտ կանգնած Օքան Քոնուրալփը մի տեղեկութիւն է հրապարակել, որը վերնագրուած էր հետեւեալ կերպ. «Այլեւս քրիստոնեայ են գրել տալիս իրենց անձնագրերում»: Ըստ էութեան, օրակարգում էր Վանայ լճում գտնուող Աղթամարի եկեղեցու պատարագը, որը ներկայացուեց որպէս 95 տարի անց սոյն եկեղեցում կատարուած առաջին պատարագ: Այդ պատարագը պատճառ դարձաւ, որպէսզի բացայայտուի Թուրքիայում մշտապէս գաղտնի մնացած մի թեմա, եւ մեկնաբանուեց որպէս մինչ օրս իրենց ինքնութիւնը թաքցնել հարկադրուած հայերի վերադարձ իրենց արմատներին` ի հետեւանք ժողովրդավարացմանը: Արդեօ՞ք դա էր իրականութիւնը, թէ՞ մէկ այլ չափանիշ կար: Այդ տեղեկութեան մէջ նշւում էր նաեւ, որ Թուրքիայի հայոց պատրիարքի գլխաւոր փոխանորդ Արամ Աթեշեանի մուսուլման զարմիկները եւս 4 ամիս առաջ քրիստոնեայ են գրել տուել իրենց անձնագրերում: Յաւելուել էր նաեւ այն, որ տուեալ անձինք իրենց շրջանում յայտնի են եղել որպէս «մուսուլման քրտեր»: Բացի այդ` տեղ էր տրուել նաեւ նրանց այն մեկնաբանութեանը, թէ «արտաքուստ մուսուլման ընտանիք էինք, բայց ներքուստ շարունակում էինք հայ լինել»: Այդ կերպ շեշտւում էր, որ վերջին մէկ տարուայ ընթացքում նշանակալի չափով իրենց իրական արմատներին վերադարձողներ են եղել:
2007 թ. ելոյթով էի հանդէս եկել Կեսարիայում կազմակերպուած գիտաժողովում, որը նուիրուած էր աւշար ցեղին: Իմ այդ ելոյթում խօսել էի «իրենց քիւրտ կամ ալեւի քիւրտ ներկայացնող հայ դաւանափոխների` «տէօնմէ»-ների մասին»: Նետն աղեղից դուրս էր եկել, եւ այլեւս ինձ չասուած վատ խօսք ու հայհոյանք չէր մնացել, ներառեալ` ցեղապաշտութիւնը: Թեման այնպէս էր ներկայացուել ու խեղաթիւրուել, որ դատապարտուել էի` առանց դատի: Մինչդեռ թէ՛ Թուրքիայում Հայոց ցեղասպանութիւնն ընդունողները եւ թէ՛ հայկական սփիւռքի ներկայացուցիչները հարցնում են, թէ որտե՞ղ են հայերը, որ մի ժամանակ Անատոլիայում էին ապրում: Իմ խօսքերում մեր քիւրտ եւ ալեւի քաղաքացիներին ուղղուած վիրաւորանք չկար: Որպէս գիտնական` փաստաթղթերով բացատրել էի, թէ որտեղ են նրանք: Այն ժամանակ այն, ինչ ասացի, բոլոր հիմնուած էին Ամերիկայի արխիւային փաստաթղթերի վրայ: Անգամ անունների եւ գիւղական անուանումների վերաբերեալ մանրամասն տեղեկութիւններ կային: Վերոնշեալ արխիւային փաստաթուղթը պատրաստել էին հայկական արմատներ ունեցող պաշտօնեաները: Զեկոյցը վերնագրուած էր «Հայկական քրտեր»: Վերոնշեալ արխիւային փաստաթղթում արձանագրուած էր ամէն ինչ, ընդհուպ` մինչեւ այնպիսի տեղեկութիւններ, ինչպիսիք են, օրինակ, թէ ո՛ր հայկական համայնքը ո՞ր քրտական աշիրեթի անուանումն է ստացել, որտեղ են բնակւում նրանք եւ ինչպիսի ենթաբաժանումներ ունեն: Սակայն ոչ ոք ինձ չհարցրեց, թէ որտեղից եմ վերցրել այդ տեղեկութիւնները: Լոկ մեղադրեցին, թէ ինչո՛ւ եմ այդ թեմայով խօսում, եւ որ` նման յայտարարութիւններով ցեղապաշտութիւն եմ կատարում: Այդ ի՞նչ պատահեց այսօր, որ ինձ կախաղանի բարձրացնելու պատճառ հանդիսացած այդ թեմայով բոլորը հանգիստ կարողանում են ասել, թէ հազարաւոր հայեր են այդ կերպ ապրում` մուսուլմանի անուան տակ: Ամբողջովին ցնդաբանութիւն է այն ենթադրութիւնը, թէ «նրանք ազատուել են թաղամասային ճնշումից», քանզի այն տարիներին այդ շրջաններից ինձ զանգահարող մեր քաղաքացիները յայտնում էին, թէ նրանց բոլորին ճանաչում են, եւ իրօք, բոլորը, յարգարժան պատրիարքի գլխաւորութեամբ, տեղեակ էին, թէ որ գիւղերում կային նման «ծպտեալ հայեր»: Նոյնիսկ Հրանդ Տինքը, Աստուած հոգին լուսաւորի, յայտնել էր, որ 1977-ից ի վեր միսիոնարները ջանում են գտնել նման հայերի: Իմ հաշուարկներով, այսօր առնուազն 500 հազար այդպիսի հայ կայ:
Հայ լինելը ո՛չ յանցագործութիւն է, ո՛չ էլ ստորացուցիչ կարգավիճակ: Այսօր էլ Թուրքիայում ապրում են հայկական արմատներ ունեցող մեր քաղաքացիները, որոնցից շատերի հետ մենք ունենք սերտ առնչութիւններ: Ըստ իս, մեր իրական հայկական քաղաքացիներին անհանգստացնողները հէնց այդ ձեւով իրենց թաքցնող հայկական ծագում ունեցողները եւ Ցեղասպանութեան մասին յերիւրանքը առաջ քաշողներն են: Պատմութեան մէջ բազմաթիւ տհաճ իրադարձութիւններ են տեղի ունեցել, սակայն չի եղել դէպք, որ դրանցից որեւէ մէկը վերածուի այդքան երկարատեւ փտախտի: Ոմանք փորձել են հարցն անձնաւորել: Անհրաժեշտ է, որ ճիշդ գնահատական տրուի սոյն խնդրին: Այսպէս, օրինակ, եթէ յիշում էք, ինքս ոչ մէկին չէի վիրաւորել եւ կարծում էի, որ ճիշդ կը լինէր, եթէ նման անձինք իրենք արտայայտուէին: Հիմա էլ եմ այդպէս կարծում: Սակայն կարծում եմ, որ պէտք է այս հարցը լուսաբանուի, որպէսզի ճիշդ պատկերացում կազմուի Թուրքիայում տեղի ունեցող մի շարք դէպքերի մասին: Բայց, դժբախտաբար, վերջերս Թուրքիան վերածուել է ցեղայնականութեան դրախտի: Ըստ իս, իրական ցեղապաշտութիւնն այն է, երբ այդ կերպ հող է նախապատրաստւում երկրի մարդկանց միջեւ տարբերութիւն մտցնելու համար: Այժմեան մթնոլորտը զարգանում է մօտ ապագայում Թուրքիան լիովին քայքայելու ուղղութեամբ: Այս վերջին իրավիճակն էլ հայերին, ոչ բացայայտ ձեւով, գոյք տալու եւ փոխհատուցման համար հող է նախապատրաստում:
Իսկ իրականում, երբ տուեալ դէպքն ամբողջապէս լուսաբանուի, հաստատ կը բացայայտուի, թէ որքան են անտեղի Հայոց ցեղասպանութեան մասին պնդումները: Թուրքիան ահաբեկչութեան եւ անջատողական քրտական հարցերում լուրջ փուլի է հասնելու: Անգամ մեր երկրում զտարիւն թուրքմեն հանդիսացող մեր ալեւի քաղաքացիների գլխին խաղացած խաղերն են ի յայտ գալու: Ի հարկէ, ողջ խնդիրն այն է, թէ այս հարցի հետ առանց վախենալու կարողանալո՞ւ ենք առերեսուել կամ էլ ուզո՞ւմ ենք դա իմանալ, թէ՞ ոչ: Ճիշդ այնպէս, ինչպէս, օրինակ, մինչ այսօր պահանջում են տեղը դնել Աղթամարի եկեղեցու խաչը, ցանկանում կամ չենք ցանկանում իմանալ` իրականում, ինչպէս որ դրա մասին յիշատակում են գերմանական արխիւային փաստաթղթերը, իսկական խաչը 1907 թ. տարել է Հայաստանի կողմից եկած Միշելեանի հրոսակախումբը եկեղեցին աւարի ենթարկելուց յետոյ եւ որպէս նուէր Միշելեանը նուիրել է իր կնոջը: Իսկ միգուցէ մենք նրանցից ենք, ովքեր շատ լաւ գիտեն, որ մեր շուրջը հազարաւոր հայկական ծագում ունեցողներ կան»:
Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«Ակունք»