ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
«Աւաղ, դիմել ենք մի քանի յայտնի հայազգի մարդկանց, ինչպէս նաեւ դեսպանատուն, սակայն…»
Յուլիսի 17-ին Սպանիայի Կրանատա քաղաքում բացուել է հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին նուիրուած ցուցահանդէս: «Ակունք»-ը զրուցեց այդ ցուցահանդէսի կազմակերպիչ եւ համակարգող Գոհար Վահանեանի հետ:
ՀԱՐՑՈՒՄ.- Գոհա՛ր, պատմէք, խնդրեմ, այդ միջոցառման մասին:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Յուլիսի 17-ին Կրանատայի արքեպիսկոպոսի պալատում, Հայոց ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցի կապակցութեամբ, բացուեց «Գողացուած մանկութիւն» խորագրով ցուցահանդէսը: Այն երկրորդ ցուցահանդէսն է` նուիրուած Ցեղասպանութեան զոհերի յիշատակին, որ իմ եւ ամուսնուս` Հայկ Գրիգորեանի նախաձեռնութեամբ այս տարի կազմակերպուել է Կրանատայի արքեպիսկոպոսարանում:
Հ.- Իսկ ի՞նչ խորագիր ունէր առաջին ցուցահանդէսը:
Պ.- Առաջինը լուսանկարների ցուցահանդէս էր եւ կրում էր «Հայոց մշակութային ցեղասպանութիւն. մինչ եւ յետոյ» խորագիրը: Մտայղացումը մերն էր, բայց այն կեանքի կոչուեց յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանի հետ համագործակցութեան արդիւնքում: Նա մեզ տրամադրեց ցուցահանդէսի նիւթերը` Արեւմտեան Հայաստանում գտնուող յուշարձանների` ՀՃՈՒՀ-ի արխիւային եւ իր կողմից արուած լուսանկարները, ինչպէս նաեւ` այդ իսկ նիւթերի հիման վրայ նկարահանուած «Եղեռն եղեռնից յետոյ» վաւերագրական ժապաւէնը, որը ցուցադրուեց ամբողջ ցուցահանդէսի ընթացքում: Ի դէպ, այս ցուցահանդէսը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կը ներկայացուի նաեւ Թոլետոյում եւ Տալաւեր տէ լա Ռէյնայում:
Հ.- Ովքե՞ր էին ցուցահանդէսի մասնակիցները:
Պ.- «Գողացուած մանկութիւն» ցուցահանդէսին մասնակցում էին 14 տաղանդաւոր հայ ժամանակակից նկարիչներ, ովքեր ապրում եւ ստեղծագործում են ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Միացեալ Նահանգներում, Ֆրանսայում, Իտալիայում եւ Սպանիայում: Հանդիսատեսի ուշադրութեանը ներկայացրեցինք 63 աշխատանք` կատարուած գեղանկարչական տարբեր ձեւերով եւ միջոցներով` ընդհուպ մինչեւ տպագրական կրաֆիք: Կային աշխատանքներ, որոնք յատուկ արուել էին այս ցուցահանդէսի համար: Յիշատակման են արժանի յատկապէս Արծրուն Ապրեսեանի 3 հիասքանչ աշխատանքները` «Հին լուսանկար», «Ճանապարհ» եւ «Վերջին նաւը»:
Հ.- Վերադառանք երկրորդ ցուցահանդէսին: Որ՞ն է այս միջոցառման հիմնական թեման:
Պ.- Այս ցուցահանդէսի հիմնական թեման Հայոց ցեղասպանութեան որբերը եւ միսիոնարներն են, ովքեր իրենց կեանքը նուիրեցին այդ դժբախտ մանուկներին խնամելուն, կրթելուն եւ այդ փոքրիկ սրտերում ապագայի հանդէպ յոյս սերմանելուն: Ներկայացուած են որբերի եւ որբանոցների հին լուսանկարներ, ինչպէս նաեւ` միսիոնարներ Եագոպ Քիւնցլերի, Պոտիլ Պեորնի, Թէյսի Աթքինսոնի, Աննա Հետուիկ Պիւլի, Քարէն Եփփէի եւ այլոց կենսագրութիւնները եւ նրանց որբախնամ գործունէութեան մասին տեղեկութիւններ:
Հ.- Ո՞վ է ձեզ հովանաւորում նման միջոցառումների կազմակերպման հարցում: Ունէ՞ք, արդեօք, ֆինանսական աղբիւրներ: Հայկական համայնքը որեւէ կերպ աջակցու՞մ է:
Պ.- «Գողացուած մանկութիւն» ցուցահանդէսը կազմակերպել ենք Քրիստոնեայ արեւելքի ուսումնասիրութեան կենտրոնի (Կրանատա), Մշակութային կենտրոն Նուեւօ Ինիսիոյի (Կրանատա) եւ հարիւրամեակի միջոցառումները համակարգող կոմիտէի հետ համագործակցութեամբ:
Ցուցահանդէսը անց է կացւում Կրանատայի արքեպիսկոպոս, Ֆրանսիսքօ Խաւիէ Մարթինեզ Ֆեռրնանտեսի բարձր հովանու ներքոյ: Օգտուելով առիթից` ուզում եմ իմ խորին շնորհակալութիւնը յայտնել նրան: Ինչ վերաբերւում է հայ հովանաւորներին, աւաղ, մենք դիմել ենք մի քանի յայտնի հայազգի մարդկանց, ինչպէս նաեւ` Սպանիայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն, որոնք, սակայն, կա՛մ չեն արձագանգել, կա՛մ մերժել են: Վերոնշեալ ցուցահանդէսների բոլոր ծախսերը հոգացել ենք ամուսինս եւ ես` մեր հնարաւորութիւնների սահմաններում ամէն դժուարութիւն յաղթահարելով, սեփական միջոցներ տրամադրելով այս գործին եւ այլեւս չապաւինելով մեր մեծահարուստների մեկենասութեանը կամ դեսպանատան աջակցութեանը: Ցաւով եմ նշում սա:
Հ.- Գոհա՛ր, իսկ ի՞նչ արձագանգներ էք ստանում: Ովքե՞ր են ցուցահանդէսի այցելուները: Հայեր գալի՞ս են:
Պ.- Կրանատայում չկայ հայկական համայնք, մէկ-երկու ընտանիք է միայն, սակայն մեծ թուով մարդիկ են այցելում, դիտում, հետաքրքիր գրառումներ կատարում մեր մատեանում: Նման միջոցառումները լուսաբանւում են տեղական ձայնասփիւռով եւ հեռուստատեսութեամբ, արձագանգը միշտ դրական է:
Հ.- Մինչեւ ե՞րբ բաց կը լինի ցուցահանդէսը:
Պ.- Այն կը տեւի մինչեւ հոկտեմբերի 16-ը: Այցելութեան ժամերն են 10:00-13:30, երկուշաբթիից ուրբաթ:
Հ.- Այլ ծրագրեր ունէ՞ք:
Պ.- Ծրագրերը շատ են, սակայն անդրադառնամ միայն առաջիկայում իրականացուելիք միջոցառումներին: Սեպտեմբեր ամսին կը ցուցադրենք Պելլա Բաբլումեանի «Հայաստանը դեռ երգում է մեր սրտերում» եւ Պարէտ Մարոնեանի «Ցեղասպանութեան որբեր» վաւերագրական ժապաւէնները: Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին նուիրուած միջոցառումերի շարքը կ՛եզրափակենք կոմիտասեան համերգով` հայաստանաբնակ սոփրանօ Յասմիկ Բաղդասարեանի կատարմամբ, որը տեղի կ՛ունենայ նոյեմբեր ամսին:
Հ.- Շնորհակալութիւն հարցազրոյցի համար եւ յաջողութիւն ձեր բոլոր նախաձեռնութիւններին:
Պ.- -Ես էլ եմ շատ շնորհակալ:
«Ակունք»