ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Գագիկ Ծառուկեանը, աւելի ճիշդ` նրա անունով կոչուող բարեգործական հիմնադրամը, կէս միլիոն տոլար է յատկացրել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանն ու սիրիահայերի կարիքներին: Մէկ օր անց Պէյրութում գտնուող հայ գործարարը եւս 100 հազար տոլար է խոստացել Ազգային միացեալ վարժարանի կառուցման համար:
Լրագրող լինելու իրականութիւնը ինձ թոյլ չի տալիս գրել «պրաւօ՛, Ծառուկեա՛ն», սակայն այն, ինչ արեց յայտնի գործարարը, պէտք է առնել լուսարձակի տակ:
Առաջին. Ծառուկեանն իր այս քայլով կործանարար հարուած է հասցնում սփիւռքում ամրապնդուած, արդարացիօրէն ամրապնդուած այն համոզումին, որ Հայաստանին սփիւռքը հետաքրքրում է որպէս «կթու կով»:
Երկրորդ. Ծառուկեանը Հայաստան-սփիւռք յարաբերութիւններում նոր, երկրորդ ճանապարհն է բացում: Մինչ այդ «երթեւեկութիւնը» միայն մէկ ուղղութեամբ էր, ընդ որում` անփոփոխ էր նաեւ կարգախօսը` «Սփի՛ւռք, դու փողը տուր եւ մի էլ հարցրու, թէ ինչպէ՛ս ենք դրանով ծաղկեցնում Հայաստանը»: Ցաւօք, ծաղկեցւում էին առանձին անհատներ, իսկ սփիւռքին մնում էր տրտնջալ, թէ հայրենիքում փտածութիւն կայ:
Երրորդ. Ծառուկեանի այս քայլը մարդկային է եւ մարդասիրական, քանի որ նա սիրիահայութեանը օգնում է ամենածանր ժամանակներում:
Չորրորդ. Ծառուկեանի արարքում կայ խորհրդանշական մեծ իմաստ` նա գումարը տրամադրում է սփիւռքի «մայրաքաղաքին»` Պէյրութին եւ սփիւռքի կենտրոնական եւ առանցքային կառոյցին` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանը, ինչպէս նաեւ` կառուցուող Ազգային միացեալ վարժարանին:
Գագիկ Ծառուկեանի անուան առաջը կարելի է դնել տարբեր` դրական կամ բացասական ածականներ, կարելի է նրան քննադատել կամ գովաբանել, կարելի է ընդունելի կամ դատապարտելի համարել նրա քաղաքական, յատկապէս վերջին շրջանի գործունէութիւնը: Սակայն այն, ինչ նա արեց Լիբանանում իր այցի ընթացքում, կարող է լաւագոյն օրինակը ծառայել Հայաստան-սփիւռք յարաբերութիւններում:
Ժամանակն է, որ Հայաստան-սփիւռք յարաբերութիւնները դուրս բերուեն բաժակաճառերի, զգացականութեան, կեղծ եւ անպատասխանատու հայրենասիրութեան հոլովոյթից:
ԱՆԻ կենտրոն