ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Յուլիս 14-ին Վիեննայում Իրանի եւ «վեցեակ»-ի միջեւ կնքուեց երկար սպասուած համաձայնագիրը, որը կարող է նոր էջ բացել միջազգային քաղաքականութեան վերափոխումների համար: Դա յաջողուեց առաջին հերթին Իրանի ճկունութեան, զիջումների գնալու կամքի ցուցաբերման շնորհիւ:
Խնդիրն այն է, որ Իրանը համաձայնել է 15 տարուայ ընթացքում իւրանիումը 3.67 տոկոսից բարձր չհարստացնել, այն դէպքում, երբ Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները չէ, որ հանուելու են: Միացեալ Նահանգների կողմից պատժամիջոցները կը վերացուեն միայն ութ տարի յետոյ կամ Հիւլէական ուժի միջազգային գործակալութեան կողմից իրանական հիւլէականի վերաբերեալ վերջնական եզրակացութեան տրամադրումից յետոյ: Եւրոմիութիւնը եւս Իրանի նկատմամբ տնտեսական սահմանափակումները կը հանի այդ եզրակացութիւնն ստանալուց յետոյ:
Սակայն ինքնին համաձայնութիւնների ձեռքբերումն արդէն ցնցումների տեղիք է տուել: Դրան առաջինն արձագանգել է քարիւղի շուկան, որտեղ գները դարձեալ սկսել են իջնել, ինչը բացատրւում է հզօր կարողութիւն ունեցող Իրանի` քարիւղակազային շուկայ վերադառնալու սպասումներով: Սա լրջագոյն հարուած է այդ շուկայում խաղացող Սէուտական Արաբիոյ, Քուէյթի, ի հարկէ` Ռուսաստանի ու Ազրպէյճանի համար: Մի կողմից քարիւղի գների անկումը զսպում է նաւթատոլարները սպառազինութեան վերածելու` Ազրպէյճանի գայթակղութիւնը եւ հաւասարակշռում հարաւկովկասեան տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցութիւնը, միւս կողմից` նուազեցնում է իրենց մատակարար լինելու խաղաքարտը շահագործելու եւ միջազգային հանրութեանը շանթաժի ենթարկելու նրանց հնարաւորութիւնները:
Բայց այս ամէնը Հայաստանի համար ոչ թէ արդիւնք է, այլ նոր հնարաւորութիւնների դաշտ` թէ՛ արտաքին քաղաքականութիւնը եւ թէ՛ տնտեսութիւնը տարբերակայնացնելու իմաստով: Միայն Հայաստանից է կախուած` որքանո՛վ կը կարողանայ օգտուել այս հնարաւորութիւնից. ի՞նչ է ակնկալում Երեւանն ստանալ Իրանի նոր գործունէութիւնից: Դեռ այս տարուայ ապրիլին էր պարզ, որ Իրանի նկատմամբ տնտեսական արգիլումը զգալիօրէն վերացուելու է: Ուաշինկթընը եւ Թեհրանը այդ ժամանակ էին յայտարարել, որ մինչեւ յուլիս միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կը ստորագրուի: Այսինքն սկսնական վիճակի գալու համար իր տրամադրութեան տակ Հայաստանն ունէր առնուազն երեք ամիս: Մինչդեռ այդ ընթացքում իրանական ուղղութեամբ տեսանելի գրեթէ ոչինչ չի արուել, բացառութեամբ, թերեւս, Իրան-Հայաստան երկաթուղին կառուցելու պատրաստակամութեան վերահաստատման: Երբ նախագահն այս տարուայ մարտին այցելեց Չինաստան եւ պաշտօնապէս տրուեց Մեծ Մետաքսի ճանապարհին Հայաստանի միանալու մեկնարկը, թւում էր, թէ դրան յաջորդող քայլը պէտք էր լինէր Իրանի հետ բարձր մակարդակով բանակցութիւնների սկսումը` համատեղ նախագծերը կեանքի կոչելու ուղղութեամբ: Գուցէ քուլիսային մակարդակով նման աշխատանքներ տարուել են: Բայց հրապարակային որեւէ զարգացում այս ուղղութեամբ չի եղել:
Անկախ դրանից, սակայն, Հայաստան-Իրան երկաթգծի շինարարութիւնը Հայաստանի համար արդէն ձեռք է բերում ռազմավարական արժէք: Արտաքին աշխարհի հետ ցամաքային միակ կապը` Վրաստանի եւ Ռուսաստանի տարածքով, գնալով դառնում է աւելի ու աւելի անյուսալի: Ռուսաստանը քայլ առ քայլ մեծացնում է Վրաստանի հետ առճակատման դաշտը: Օրերս Հարաւային Օսեթիան, Մոսկուայի համաձայնութեամբ, 300 մեթրով Վրաստանի տարածքի հաշուին առաջ է տարել սահմանները` հսկողութեան տակ առնելով Պաքու-Սուփսայ նաւթամուղի մօտ մէկուկէս քիլոմեթրանոց հատուածը: Ի պատասխան` Վրաստանը խնդիրներ է ստեղծում Վերին Լարսի անցակէտում, որից ամենաշատը տուժում է Հայաստանը: Իր այդ քայլերով Մոսկուան չէզոքացնում է աբխազական երկաթգծի վերաշահագործման հեռանկարը: Բացի այն, որ Հայաստան-Իրան երկաթգծի շինարարութիւնը կարող է ռուս-վրացական վատթարացող յարաբերութիւնների ճիրաններից Հայաստանին փրկելու ելք ստեղծել, նաեւ Հայաստանը միացնում է Չինաստանի եւ Հնդկաստանի անսահմանափակ շուկաներին, այլընտրանքային ելք ապահովում դէպի Պարսից ծոցի նաւահանգիստներ:
Պրիքսի, Եւրասիական տնտեսական միութեան եւ Շանկհայեան համագործակցութեան կազմակերպութեան` Ուֆայում կայացած համատեղ գագաթաժողովում նախագահ Սերժ Սարգսեանն ընդգծել է ենթակառուցուածքային եւ փոխադրամիջոցների ծրագրերի իրականացման միջոցով եւրասիական միացման եւ «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնութեան զուգակցման անհրաժեշտութիւնը: Իբրեւ դրա դրսեւորում` նա շեշտել է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը` յոյս ունենալով հրաւիրել կարող ներդրողների ուշադրութիւնը: Հայաստանի հանրապետութեան փոխադրութեան եւ կապի նախարար Գագիկ Բէգլարեանն անցած ամիս յայտարարել էր, թէ, չինական կողմի հետ արուած հետազօտութեան համաձայն, այդ նախագծի իրականացումն արժէ 3.2 միլիառ տոլար, որից միայն 400 միլիոնը պահանջւում իրանական հատուածի կառուցման համար: Թւում է, թէ պահանջուող ծախսը չի արդարացնում երկաթուղու շահագործումից ստացուելիք տնտեսական օգուտը: Բայց եթէ Հայաստանը ցանկանում է տարածաշրջանում դառնալ իր ինքնիշխանութիւնն աստիճանաբար վերականգնող նիւթ, ճեղքել թուրք-ազերի պաշարումը, թէ՛ այս ծրագիրը եւ թէ՛ Իրանը Վրաստանին միացնող միջպետական մայրուղու շինարարութիւնը դառնում են անայլընտրանք: Թէ հետագայում որքա՞ն բեռներ կը տեղափոխուեն դրանցով, կախուած է հարեւանների հետ լեզու գտնելու Հայաստանի կարողութեամբ: Գուցէ այդ նախագծերի իրականացումը ստիպի Հայաստանին` աւելի գործօն միջնորդական դերակատարութիւն ստանձնել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, յատկապէս` աբխազական երկաթգիծը վերագործարկելու նպատակով: Դա այնքան էլ անհեռանկարային չէ. այդ երկաթգծի գործարկումը տնտեսապէս շահաւէտ է Եւրասիական տնտեսական միութեան համար` Իրանին, մերձաւորարեւելեան երկրներին եւ Պարսից ծոցին միանալու տեսանկիւնից:
Ամէն դէպքում, Իրանի հետ նախաձեռնողական քաղաքականութեան ձեռնարկման հարցում դանդաղկոտութիւնը հաւասարազօր է լինելու վերջնական մեկուսացման: Որեւէ կասկած չկայ, որ Ազրպէյճանն ու Թուրքիան փորձելու են նաեւ այս ուղղութեամբ Հայաստանին զրկել կարեւոր շահաբաժիններից: Առաւել եւս, որ երկուսն էլ արդէն Իրանի հետ ունեն յարաբերութեան բաւականին յագեցած եւ գործօն հանգոյցներ: Այնպէս որ, գնդակը Երեւանի դաշտում է: Մնում է այն ճիշդ եւ հնարամիտ խաղարկել…