ԼԻԼԻԹ ՅԱԿՈԲԵԱՆ
Ազրպէյճանի կողմից պետականօրէն իրականացուող հակահայկական քարոզչութիւնը շարունակում է ծաւալուել ու զարգանալ` հնարաւոր նոր միտումները պարբերական հետազօտութիւնների միջոցով դիտարկելու անհրաժեշտութիւն առաջացնելով:
Հակահայկական լրատուական քաղաքականութեան ուսումնասիրման առաւել յարմար միջոց է ազրպէյճանական լրատուամիջոցների բովանդակութեան ուսումնասիրութիւնը, յատկապէս քարոզչութեան համար նշանակալից առիթներին, ինչպիսին են, օրինակ, Խոջալուի մէջ մահացածների յիշատակի օրը` փետրուար 26-ը եւ դրան նախորդող ու յաջորդող օրերը: Այդ օրերին ազրպէյճանական կայքերն ու հեռուստատեսութիւնը լի են Խոջալուի դէպքերի մասին հայատեացութեան հասնող քարոզչական նիւթերով, լուսանկարներով, շարժապատկերներով, Ազրպէյճանում եւ այլ երկրներում ազրպէյճանական դեսպանատների միջոցով իրագործուող միջոցառումների մասին լուսաբանումներով (2015թ. լրանում է Խոջալուի դէպքերի 23-րդ տարելիցը): Այսպէս, 2009թ. հետազօտական արդիւնքների հետ համեմատելու նպատակով որակական դիտարկման ենք ենթարկել ազրպէյճանական համացանցային 10 Զանգուածային լրատուամիջոց (Տէյ.ազ, Թրէնտ.ազ 1նիուզ.ազ Ազը.ազ Ափա.ազ Քոնթաքթ.ազ Օքսիւ.ազ Հաքքին.ազ Պաքուփոսթ.ազ Վեսթի.ազ): Ընդհանուր առմամբ դիտարկուել է 386 ճշդուած նիւթով յօդուած:
Որպէս ազրպէյճանական լրատուական քաղաքականութեան համակարգի բաղադրիչների ուսումնասիրման հիմք` վերցրել ենք նախկինում համանման ուսումնասիրութիւնների հետեւեալ մօտեցումը: Այստեղ առանձնացւում են լրատուական քաղաքականութեան համակարգի մասերը, որոնք էլ հանդիսանում են ազրպէյճանական տեղեկատուական գործողութիւնների իրականացման փոխկապակցուած հարթակներ: Մենք կը դիտարկենք Ազրպէյճանի հակահայ լրատուական քաղաքականութեան հետեւեալ բաղադրիչները`
- պատմամշակութային,
- իրաւական,
- լոպպիական եւ ժողովրդական դիւանագիտութեան,
- ներքաղաքական,
- լրատուամիջոցներ:
Դիտարկելով դրանք Զանգուածային լրատուամիջոցում կարող ենք նշել, որ պատմամշակութային բաղադրիչը ամենահիմնականներից է ազրպէյճանական քարոզչութեան մէջ: Վերջին տարիներին այն զգալիօրէն չի փոխուել, սակայն առաւել ընդգծուել են Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ Ազրպէյճանի պահանջատիրական նկրտումները` «Արեւմտեան Ազրպէյճան» հասկացութեան գործածութեամբ ամրապնդմամբ: Շրջանառւում է այն միտքը, որ ժամանակակից Հայաստանն գտնւում է ազրպէյճանական տարածքում, որը տրամադրուել է հայերին բնակութեան նպատակով. «Ազրպէյճանը հայերին տրամադրել է Իրեւանի խանութեան տարածքները, տարածքներ Ղարաբաղում եւ երկրի այլ մասերում»: Պատմամշակութային պարունակումը հիմնական շեշտադրումը հայերի եկուոր լինելու եւ ազրպէյճանցիների բնիկութեան աւանդական դարձած թուրք-ազրպէյճանական տեսակէտն է:
Իրաւական բաղադրիչ: Ազրպէյճանական իշխանութիւնը հետեւողական քարոզչութիւն է իրականացնում ինչպէս ներքին, այնպէս էլ միջազգային իրաւական օրէնսդրական դաշտում իրենց տեսակէտն առաջ տանելու համար: Իրաւական հարթութիւնում պետական հակահայկական քարոզչութեան հիմք էր հանդիսացել դեռեւս 1998թ. Հ. Ալիեւի կողմից մարտի 31-ն ազրպէյճանցիների «ցեղասպանութեան օր» հռչակելը: Միեւնոյն ժամանակ, հայերի կողմից իրականացուած «ցեղասպանութեան» օրեր են հռչակուած նաեւ`
- յունուարի 20-ը` «Սեւ յունուար», 1990թ. Պաքւում խորհրդային բանակի գործողութեան արդիւնքում սպաննուած ազրպէյճանցիների յիշատակի օրը,
- փետրուարի 26-ը`«Խոջալուի ցեղասպանութեան եւ համազգային սգոյ օր», Խոջալուի դէպքերն իբրեւ հայկական զինուորականութեան կողմից միտումնաւոր սպանութեան օր:
Միջազգային հանրութեան առջեւ արուող` հայերի կողմից իրականացուած բազմաթիւ «ցեղասպանութիւնների» ճանաչման փորձերը կարող են ինչ-որ չափով խոչընդոտ հանդիսանալ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը: Հարցի միւս կողմն է նաեւ ցեղասպանութիւնների կրկնօրինակման հարցը, ինչը վտանգաւոր է նրանով, որ յանգեցնում է ճշմարտութեան եւ իրականութեան կորստին, հայերի նկատմամբ յանցանքի կշռի նուազմանը: Այդպիսով միմեանց հետ հաւասար համեմատական տիրոյթում են յայտնւում ղարաբաղեան պատերազմի ժամանակ 2 զինուած կողմերի միջեւ մղուող պատերազմի ընթացքում մահացածների դէպքը եւ սեփական երկրում նոյն երկրի (օսմանեան) կառավարութեան կողմից կազմակերպուած հայ եւ քրիստոնեայ բնակչութեան ջարդերը:
Այսպէս, ազրպէյճանական դիւանագէտները փորձում են միջազգային տարբեր հարթակներում առաջ տանել հայերին եւ Հայաստանը վարկաբեկող, հայկական շահերին վնասող տարբեր օրինագծեր. «Գերմանիայի խորհրդարանը կը քննարկի Խոջալուի ցեղասպանութեան մասին խնդրագիրը», «Սարգսեանին ռազմական յանցագործ ճանաչելու խնդրագիրը ներկայացուել է ՄԱԿ Անվտանգութեան խորհուրդ»: 2008-2015թթ. ընթացքում Խոջալուի դէպքերը որպէս «ցեղասպանութիւն» արդէն ճանաչել են 8 երկրների` Փաքիստանի, Մեքսիքայի, Փերուի, Չեխիայի, Քոլոմպիայի, Պոսնիա եւ Հերցեկովինայի, Սերպիայի օրէնսդիր մարմինները եւ Միացեալ Նահանգների 16 նահանգ:
Լոպպիական գործունէութիւն եւ ժողովրդական դիւանագիտութեան բաղադրիչ: Լոպպիական գործունէութեան շրջանակներում ազրպէյճանցի դիւանագէտները համագործակցում են իրենց թուրք գործընկերների հետ, յատկապէս հէնց Խոջալուի` իբրեւ ցեղասպանութեան առասպելի միջազգայնացման հարցում: Այսպէս, օրինակ, Հանոյի իրաւաբանական համալսարանում (Վիեթնամ) կազմակերպուած «Խոջալու. ցեղասպանութիւն եւ յանցանք մարդկութեան դէմ: Անպատժելիութեան յաղթութիւնը» խիստ հակագիտական գիտաժողովում տեսնում ենք, որ ելոյթով հանդէս է եկել ոչ միայն Ազրպէյճանի, այլեւ Թուրքիայի դեսպանը: Այս հանգամանքը եւս մէկ անգամ ամրապնդում է վերը նշուած մեր կարծիքն այն մասին, որ ցեղասպանութիւնների միտումնաւոր մշակուած քաղաքականութիւն է` հակազդելու համար օսմանեան Թուրքիայում հայերի ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը:
Պաշտօնական քարոզչութեան աշխատանքներում, սեփական շահերի ներկայացման եւ տարածման համար Ազրպէյճանն օգտագործում է ոչ միայն դիւանագէտներին, այլ նաեւ` օտար երկրներում բնակուող իր քաղաքացիներին: Քարոզչական գործում ներգրաւուած են արտերկրում սովորող ազրպէյճանցի ուսանողները, նախապէս ձեւաւորուած ազրպէյճանական Հասարակական կազմակերպութիւնները: Կազմակերպւում են հակահայկական ձեռնարկներ, երթեր, ցոյցեր տուեալ երկրի հայկական դեսպանատների առջեւ, այդ նիւթով ցուցահանդէսներ, գրքի շնորհանդէսներ եւ այլ քարոզչական-մշակութային միջոցառումներ: Ազրպէյճանական Զանգուածային լրատուամիջոցներից տեղեկանում ենք, որ, օրինակ, «Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան առջեւ ազրպէյճանցի երիտասարդներն անցկացրել են նստացոյց», «Ազրպէյճանցի երիտասարդները դիմել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն», «Երիտասարդական հիմնադրամն առաւօտեան անցկացրել է «Արդարութիւն Խոջալուին» խորագրով երթ» եւ այլն: Մեզ հանդիպած բազմաթիւ օրինակներից են նաեւ Հոլանտայի ազրպէյճանցի կանանց «Անա վաթան» միաւորման եւ այլոց կողմից կազմակերպուած միջոցառումները: Այս առումով աշխուժ գործունէութիւն է ծաւալում Հայտար Ալիեւի հիմնադրամը, որի փոխնախագահն է Լէյլա Ալիեւան, որը նաեւ ղեկավարում «Արդարութիւն Խոջալուի հարցում» («Justice for Khojaly») միջազգային քարոզարշաւը:
Լոպպիական եւ ժողովրդական դիւանագիտութեան գործունէութեան արդիւնքում տարբեր երկրներում ձեւաւորւում են միջխորհրդարանական խմբեր, Հասարակական կազմակերպութիւններ, միութիւններ ազրպէյճանցիների հետ համատեղ, որոնք ծառայեցւում են ազրպէյճանական քարոզչական նպատակներին եւ տուեալ երկրներում ազրպէյճանամէտ դիրքորոշումների ձեւաւորմանը: Այդպիսիք են, օրինակ, Գերմանա-ազրպէյճանական ընկերութեան միութիւնը, Իսրայէլ-Ազրպէյճան միջազգային միութիւնը, Լաթվիա-ազրպէյճանական կապերի միջխորհրդարանական խումբը, Հոլանտայում գործող ազրպէյճանցի կանանց «Անա վաթան» միութիւնը:
Ներքաղաքական բաղադրիչ: Ներքաղաքական կեանքում հակահայկական տրամադրութիւնների ձեւաւորումն ու պահպանումն Ազրպէյճանի առաջնահերթութիւններից մէկն է մնում: Այս նպատակով ազրպէյճանական Զանգուածային լրատուամիջոցներում գերակշռում են հայկական կողմի հրադադարի խախտման չափազանցուած նիւթերը, հակահայկական բովանդակութեամբ տեղեկատուութիւնը: Ազրպէյճանական Զանգուածային լրատուամիջոցներում շարունակւում եւ նոյնիսկ աշխուժացել են Հայաստանի ընկերային-տնտեսական խնդիրների շահարկումները, մէջբերումներ են արւում հայկական լրատուամիջոցներից: Ներքին լսարանին Հայաստանը մշտապէս ներկայացւում է որպէս թոյլ երկիր, որն ունի բազմաթիւ ընկերային-տնտեսական, քաղաքական, անվտանգութեան խնդիրներ:
Լրատուական բաղադրիչ: Լրատուական բաղադրիչը եւս շարունակում է առաջնային մնալ ազրպէյճանական քարոզչութեան գործում: Ազրպէյճանը տարածում է իր պաշտօնական քարոզչութիւնը եւ ազրպէյճանամէտ դիրքորոշումները ոչ միայն տեղի, այլեւ այլ երկրների լրատուամիջոցներով եւ հեռուստաալիքներով: Յատկապէս օգտագործւում են համացանցի հնարաւորութիւնները հակահայկական տեղեկատուական քաղաքականութիւն վարելու նպատակով: Ինչ վերաբերում է ազրպէյճանական առցանց լրատուամիջոցներին, նշենք, որ համացանցը համալրւում է հակահայկական նիւթերով, այդ գործընթացը յատկապէս աշխուժանում է Ազրպէյճանի կամ Հայաստանի համար նշանակալի օրերին: Պէտք է նշել, որ ազրպէյճանական կողմը կիրառում է փոխյղումների մեքանիզմը, որը, բազմաքանակութեան տպաւորութիւն ստեղծելուց բացի, նաեւ նպաստում է ազրպէյճանական դիրքերի բարելաւմանը որոնողական համակարգերում:
Արտասահմանեան լրատուամիջոցներում պատուիրուող յօդուածները եւս Ազրպէյճանի կողմից կիրառուող հնարքներից է, եւ այն առաւել արդիւնաւէտ է, եթէ հեղինակը յայտնի այլազգի լրագրող է: Այս հնարքը յաճախ կիրառւում է առարկայականութեան տպաւորութիւն ստեղծելու համար: Ազրպէյճանական լրատուամիջոցները յօդուածի լոյս տեսնելու մասին նորութիւնն արագ տարածում են: Այսպէս, օրինակ, Խոջալուի դէպքերի հետ կապուած յօդուած է լոյս տեսել մոլտովական մէկ թերթում: Մէկ այլ օրինակ է «Ռուսիա 24» ռուսական հեռուստաալիքով ռուսաստանաբնակ երիտասարդ ազրպէյճանցիների կողմից կազմակերպուած երթի ցուցադրութիւնը:
Ազրպէյճանական կողմը նաեւ զբաղւում է հայկական բովանդակութիւն կամ հայկական թուացող կայքերի ստեղծմամբ, որոնց թիրախն է հէնց հայկական լսարանը: Մեզ յայտնի նման օրինակ է 2010թ. գործող Armenia.az կայքը, որի նպատակն է, ինչպէս գրուած է կայքում «վերացնել տեղեկատուական դատարկութիւնը եւ ընթերցողներին ներկայացնել Ազրպէյճանի մասին անաչառ, առարկայական եւ բազմակողմանի լուրեր: Լուրերը նախատեսուած են Հայաստանում, ինչպէս նաեւ Ազրպէյճանում` Պաքւում եւ Լեռնային Ղարաբաղում բնակուող հայ ընթերցողների համար»: Նշենք, որ մեր դիտարկած օրերի ընթացքում այս կայքում զետեղուել են Խոջալուի դէպքերին առնչուող ազրպէյճանական բոլոր կայքերից վերցուած նիւթեր հայերէն թարգմանութեամբ:
Հակահայկական քարոզչութեան մաս է կազմում նաեւ 2009թ. հոկտեմբերից գործող ATV International եւ 2014թ. Caspian Broadcasting Company (CBC) վերանուանուած հեռուստաալիքը, որը քառալեզու (ռուսերէն, հայերէն, պարսկերէն եւ անգլերէն) լրատուութիւն է տրամադրում: Անուանման փոփոխութիւնը, թերեւս, շատ չի ազդել նրա քարոզչական գործունէութեան վրայ. շարունակում է հեռարձակել հայալեզու լրատուական հաղորդումներ եւ քարոզչական բնոյթի վաւերագրական ժապաւէններ: Այնուհանդերձ, կարելի է նկատել փոփոխութիւններ, որոնցում երեւում է հայկական լսարանին առաւել մատչելի լինելու ձգտումը: Այս նպատակով արդէն հայերէն են թարգմանւում տարբեր քարոզչական նիւթեր, որոնք մինչ այդ ցուցադրւում էին առաւելապէս ազրպէյճաներէն, անգլերէն եւ ռուսերէն լեզուներով: Բացի այդ, փոխուել է նաեւ հայերէնով լրատուութեան թողարկումների ժամը` 2012թ. նոյեմբերից ժամը 16:00-ից տեղափոխուելով 19:00 եւ 21:00:
Ամփոփելով Ազրպէյճանի կողմից իրագործուող հակահայ լրատուական քաղաքականութեան բաղադրիչների մեր դիտարկումները` նշենք, որ նման քարոզչութիւնը վտանգաւոր է Հայաստանի եւ հայութեան համար, քանի որ միտուած է հնարաւորինս մեծ լսարանում ձեւաւորել բացասական, հայատեաց պատկերացումներ (ինչպէս ազրպէյճանական հասարակութեան ներսում, այնպէս էլ միջազգային հանրութիւնում): Ինչպէս նշում է Ս. Մանուսեանը «Ազրպէյճանի հակահայ քարոզչութեան իւրայատուկ դրութիւնը» յօդուածում. «Հարեւան հասարակութեան այս ոչ բնական մթնոլորտը վտանգաւոր է թէկուզ վարակիչ լինելու առումով, ինչպէս վարակիչ են բոլոր վատ բաները, յատկապէս` բացասական հոգեվիճակները: Ազրպէյճանի հակահայ քարոզչութիւնն ինչ-որ իմաստով դարձել է հասարակական տրամադրութիւն, գիտակցութեան վրայ տիրող: Ստեղծուած է համընդհանուր մթնոլորտ, որտեղ ողջունւում է հայերի դէմ գրուած, նկարուած, պատմուած, կառուցուած ցանկացած բան` առանց սեփական հանրութեան վրայ հնարաւոր ժխտական ներգործութիւնը քննարկելու»: Զանգուածային լրատուամիջոցների կողմից ազրպէյճանական հասարակութեանը միայն հակահայկական տեղեկատուութեան մատուցումը մտահոգիչ է նրանով, որ ձեւաւորուած բացասական տրամադրուածութիւններն ու «թշնամի հայի» կերպարի առկայութիւնն անհնարին են դարձնում համագործակցութեան հնարաւորութիւններն ու ընդհանուր խաղաղ համակեցութիւնը:
ԼԻԼԻԹ ՅԱԿՈԲԵԱՆ
«Նորավանք» ԳԿՀ
Տեղեկատուական կենտրոնի փորձագէտ