Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մի Բուռ Հայաստան` Լիբանանեան Բարկ Արեւի Տակ

Յուլիս 27, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԿԱՐԻՆԷ ԱՇՈՒՂԵԱՆ

Յուլիսեան մի օր, երբ օրեր անց պատրաստւում էի մեկնել Ճենովա Պոէզիայի միջազգային փառատօնի, Համազգային հայ կրթական եւ մշակութային  հայաստանեան միութեան նախագահ Լիլիթ Գալստեանն անակնկալ զանգեց-ասաց, որ Պէյրութում անցկացուելիք Վահան Յովհաննիսեանի «Մանդիլիոն»-ի շնորհահանդէսին որպէս թարգմանչի հրաւիրում են նաեւ ինձ, եւ այդ պահին մտովի գծեցի միջերկրածովեան իմ ամառնային պտոյտը` Տիրոջ կենդանակերպ պատկերի լոյսի ներքոյ. Ճենովայում, Ս. Բարդուղիմէոս հայկական եկեղեցում  պիտի տեսնէի Դաստառակը, որի շուրջ հիւսուած է Վահան Յովհաննիսեանի վէպի պատումը, եւ Պէյրութում պատիւ պիտի ունենայի խօսելու թէ՛ վէպի, թէ՛ բուն Դաստառակի մասին…. Ամէնքից առաջ շնորհակալ էի սիրելի, սիրելի Ալվարդ Պետրոսեանին. առաջինը հէնց նա էր տեսել, որ գիրքը ես պիտի թարգմանեմ:… Շնորհակալ էի Աստծուն, որովհետեւ Ֆրանկֆուրթի գրքի միջազգային ցուցահանդէսին` անցեալ տարի, երբ կայացաւ նաեւ Վահան Յովհաննիսեանի «Մանդիլիոն»-ի շնորհահանդէսը, եւ ես իրականում վերջին անգամ էի տեսնում իրեն, յոյս յայտնեցի, որ իր ընկերները անպայման դեռ կը կազմակերպեն գրքի շնորհահանդէսը. միջազգային ցուցահանդէսի շրջանակը  նեղ էր բովանդակային քննարկումների ու գնահատականների համար, այն բոլորովին այլ նպատակ ունէր: Մի խօսքով, փառք տուեցի Աստծուն, որ «հին ընկերները չեն դաւաճանում»: Ի դէպ, Պէյրութում ես յաւելում էի` «նորերը` նոյնպէս»:

Բախտը ժպտաց նաեւ ուղեկցիս հարցում` ՀՅԴ մամլոյ դիւանի պատասխանատու Արտաշէս Շահբազեանը` զարմանալի բարի եւ գրքի ու գրի մարդ, նաեւ հանդուրժող… գոնէ իմ` ոչդաշնակացկանիս` այդպէս էլ ոչ մի կուսակցութեան մէջ  չտեղաւորուած աջ ու ձախ «թարս» հայեացքների հանդէպ, եղբայրաբար կիսեց  ինձ հետ պէյրութեան փորձառութիւնները` իր սիրելի ընկերներին  եւ սիրելի ամենայնը անպայման լաւ լոյսի ներքոյ ներկայացնելու սիրուն եւ պտղաբեր ջանքով:

Օդանաւում Արտաշէսը գորովանքով պահպանում էր հայկական արեւահամ-արեւաժպիտ ծիրանով լեցուն կողովը, թերեւս, կանխավայելելով, թէ ինչ կարօտով  են դրանք ճաշակելու նրանք, ում նշխարի պէս բաժին կը հասնեն: Իսկ ես ակամայ զբաղուած էի Լիբանանի մասին հանրայայտ փաստերի իմ ամբողջ իմացութիւնն ի մի բերելով` յատկապէս հայ համայնքի մասով: Թաքուն յոյս ունէի, որ կը կարողանանք հանդիպում խնդրել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամն Ա.-ից, լինել Այնճարում, Պիպլոսում… Պէյրութը մեզ դիմաւորեց աւելի քան ջերմ` բարկ օդը այլեւս չլքեց մինչեւ վերադարձին օդանաւ նստելը: Իսկ  Շահան Գանտահարեանի եւ Յակոբ Հաւաթեանի ընդունելութիւնը կանխորոշեց նորածնունդ ընկերութիւն, որ պէտք է շարունակութիւն ունենայ: Տղաները բառացիօրէն ամէն ինչ արեցին, որ Պէյրութը հարազատ դառնայ: Եւ դարձաւ…

Սկզբից եւեթ գիտէի, որ  օրացուցային-ժամացուցային կարգով չեմ արձանագրելու պէյրութեան իմ տպաւորութիւնները, այլ գրառելու եմ հոգուս եւ սրտիս մէջ դաջուած պատկերները միայն, որովհետեւ Պէյրութը տեղով զգայական ցնցում է` հակասական ու խորաշերտ, պարզապէս բարկ` իր միջերկրածովեան մթնոլորտի, փիւնիկեան կնիքը կրող իր հինաւուրց եւ նորագոյն պատմութեան, աշխարհաքաղաքական դիրքի, ներքաղաքական եւ ներքին վիճակի բերումով, նաեւ` բազմազգ-բազմամշակութային-բազմակրօն  իրողութիւնների հետեւանքով:

Կանգ առանք Պուրճ Համուտում գտնուող «Համազգային» մշակութային միութիւնում. այս շէնքում են տեղաւորուած կարեւոր այլ կառոյցներ եւս` «Ազդակ»-ը, «Վանայ ձայն»-ը, «Բագին»-ը, պատկերասրահը, գրախանութը… Ապահովութեան նպատակով շէնքը մշտապէս հսկւում է հայազգի ոստիկանի կողնից:  Ուրախ էի մօտիկից տեսնել ֆեյսպուքեան ընկերոջս` Յովիկ Պելեանին:  Ափսոս, «Բագին»-ը մեր այցելութեան ժամերին բաց չգտանք. յուսանք` յաջորդ անգամ…

Առաջին խօսակցութիւնները, բնականաբար, Հայ կաթողիկէ համայնքի` վախճանած պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ.-ի  շուրջ էին` վաստակի, դերի եւ այն բանի շուրջ, թէ Հայաստանից ու Վատիկանից ովքեր են ժամանել յուղարկաւորութեանը: Թռուցիկ զրոյցների առաջին վայրկեաններից  տպաւորութիւն ունէի, թէ ամէնքն էլ ինձանից պակաս հայաստանաբնակ  չեն` այդքան տեղեակ են, այդքան ապրում են մայր հայրենիքով: Եւ Շահանի  հայեացքի մէջ տեսայ Արարատի պատկերը:

Արեւին Դէմ Յանդիման. Արամ Ա.-ին

Սխալմամբ կարծում էի, թէ Անթիլիասը Պէյրութի կենտրոնում է, իրականում այն  գտնւում է  արուարձանում` Պէյրութից մօտ 5 քմ հեռաւորութեան վրայ, Միջերկրականի ծովի ափին եւ բնակեցուած է հիմնականում  քրիստոնեաներով` հայեր, մարոնիթներ, յունադաւաններ: Անթիլիասում է տեղակայուած Հայ Առաքելական եկեղեցու չորս նուիրապետական աթոռներից մէկը` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը: Անունը շատ բանաստեղծական ստուգաբանութիւն ունի` «արեւին յանդիման»

Խոստովանեմ` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսն Արամ Ա.-ի  հետ տեսնուելու յոյսը փայփայել եմ 2001 թուականից, երբ պատեհութիւն ունեցայ մասնակցելու Հոպսոն ամուսինների կողմից` Հայաստանում քրիստոնէութեան 1700- ամեակին նուիրուած  փարիզեան քոնֆերանսին եւ հէնց այնտեղ էլ ծանօթացայ «Հանդիպման վայրը» գրքի բրիտանացի հեղինակին` Ֆիլիփ Մարստընին: Փարիզում  հասցրել էի ընդամէնը թերթել գիրքը, եւ արդէն նախաբանից հեղինակի հիացմունքը Արամ Ա.-ի կերպարով փոխանցուել էր ինձ: Յետոյ` տարիների հոլովոյթում, ամրապնդուեց համոզմունքս, որ Հայոց ամենապատուելի կաթողիկոսների շարքում իր պատկառելի տեղն ունի փիլիսոփայ, աստուածաբան եւ մանաւանդ համահայկական հայեացք ունեցող Արամ Ա.-ը:  Անթիլիասում մեր զրոյցը ամէն բանի շուրջ էր` Ցեղասպանութեան հարիւրամեակին մեր ունեցած արդիւնքների, Սսի կաթողիկոսանի հարցով դատական հայցից մինչեւ «էլեկտրիկ Երեւան» շարժում: Մարդկային եւ մտաւորական հզօր հմայքի, խիզախ մտածողի, բացառիկ պետական մտածողութեան տէր մարդու հետ շփուելիս ազնուանալու զգացողութիւն ունեցայ. երջանիկ եմ, որ իր գրքերից նուիրեց, եւ Երեւան հասնելուն պէս կարդալով` համոզուեցի, որ Արամ Ա.-ը Շնորհալու տեսակի կաթողիկոս է` Բառի ու Բանի տիրոյթում իր արքայավայել ներկայութեամբ, փիլիսոփայ-աստուածաբանի իր խոհականութեամբ: Ի դէպ, նախքան հանդիպումը` հասցրեցինք ներկայ լինել կաթողիկոսի փաստաբանների  սկսուած ասուլիսին`   ներկայացնում էին հայցի ընթացքը, փաստարկները եւ հեռանկարները:

Թող աստուածանարգ չհնչի, բայց ես տեսայ, որ արդէն 20 տարի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.ը կարող էր լինել անգերազանց պետական գործիչ` այսօր Հայաստանին այնքան պակասող իր տեսակով` յուզականի եւ իմացականի իր ապշեցուցիչ ներդաշնակութեամբ, իր վճռական կամքով, համահայկական տագնապներով ու խանդաղատանքով:

Անթիլիասը հայկականութեան  բարձրաճաշակ մի ովասիս էր` ոչ միայն քրիստոնէութեան եւ դպրութեան տաճար, ոչ միայն մեր սրբազան մասունքների շքեղաշուք թանգարան, այլեւ պետութեան նման նեցուկ, ընդհանրապէս` Հաւատ, Յոյս եւ Սէր:

Անթիլիասեան տպաւորութիւնը ամբողջացաւ ուխտագնացութեամբ դէպի  Անթիլիասից կէս ժամ հեռաւորութեան վրայ գտնուող հայկականութեան եւս մի փառահեղ ովասիս Պիքֆայա քաղաքի գեղադիր մի բարձունքի վրայ յառնած Կիլիկիայի կաթողիկոսութեան դպրեվանք, որի տարածքում է խոյանում  Հայոց ցեղասպանութեան 50-ամեայ տարելիցի առթիւ կառուցուած յուշարձանը, ինչպէս նաեւ` հայութեան ամենասրբազան խորհրդանշանները, այնքան, որ ոտք դնելով` քեզ լիովին Հայաստանում ես զգում:

Ճեմարան. Մեծերի Ապրեցնող Ներկայութիւնը  

Այն, ինչ տեսայ Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան ճեմարանում, կը դժուարանամ  նկարագրել անկորուստ` ճեմարանն աւելին է, քան սոսկ կրթական հաստատութիւնը, այն հայագիտական` պատկառանքի արժանի խոշոր կենտրոն է: Լիբանանում այսօր գործում են 26 հայկական դպրոցներ` շուրջ 8 հազար աշակերտներով, եւ ճեմարանը իրաւամբ առաջատարն է այդ շարքում: 2001-ից ճեմարանի գործադիր տնօրէն Տիգրան Ճինպաշեանը իմ եւ Արտաշէս Շահպազեանի հետ շրջում է ճեմարանով` ներկայացնելով կրթօճախի  փառաւոր պատմութիւնը: ՀՄՄ սեփականութիւնը հանդիսացող ճեմարանը հիմնուել է 1930-ին` որպէս միջնակարգ վարժարան` «Հայ ճեմարան», իսկ երբ լսում եմ հիմնադիրների անունները` Լեւոն Շանթ եւ Նիկոլ Աղբալեան, հազիւ եմ զսպում հիացախառն յուզմունքս: Գործելով տարբեր շէնքերում, 1988-ին վերջապէս օժտուելէ նորակառոյց` Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան ճեմարան համալիրով, որտեղ բացուել է Նորսիկեան (նախապէս` ՀՕՄ) մանկապարտէզը, իսկ Նշան Փալանճեան ճեմարանն աստիճանաբար փակուել է:  ճեմարանի «Հրաչ Դարբինեան» գրադարանն ունի աւելի քան 35 հազար հատոր գիրք եւ հարուստ արխիւային հաւաքածու: Հէնց միայն տնօրէնների անունները պատկառանք են ազդում` Լեւոն Շանթ (1930-1951), Սիմոն Վրացեան (1952-1969), Հրաչ Տասնապետեան (1969-1999) եւ այժմ` Տիգրան Ճինպաշեան: Գրքերի  եւ մեծահարուստ արխիւի աշխարհը տնօրինում է Երուանդ Փամպուքեանը: Խորագիտակ հայագէտը, չնայած 82-ամեայ հասակին` մի քանի երիտասարդի եռանդով շարունակում է իր առաքելութիւնը` բացի  հայոց պատմութեան եւ հայագիտութեան վերաբերեալ շուրջ երեք տասնեակ իր կազմած եւ խմբագրած գրքերը` վեր է հանում ՀՅԴ արխիւները, որոնք հատորների շարքով հրատարակում է Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչութիւնը «Նիւթեր ՀՅ դաշնակցութեան պատմութեան համար» խորագրով: Մեկրէի իր սիկարով եւ խորհրդաւոր ժպիտով մարդը հաճոյքով ծանօթացնում էր  գանձարանի նմուշներին` ձեռագրեր, մասունքներ: Հիւրընկալ տանտէրերը այնքան բարի գտնուեցին, որ թոյլ տուեցին լուսանկարուել` Նիկողայոս Ադոնցի գրիչը ձեռքիս:

Ապշած հայեացքիս ներքոյ  ընկեր Փամպուքեանը բացայայտում էր  յայտնի ազգային գործիչների ծածկանունները եւ հետաքրքիր դրուագներ նրանց մարդկային ու քաղաքական կեանքից` Ռոստոմի, Նժդեհի, Նիկոլ Աղբալեանի, Աւետիք Իսահակեանի, Սեւաքարեցի Սաքոյի, Անդրանիկի, Արմէն Գարոյի, Արամ Մանուկեանի, Գէորգ Չաուշի …

Տնօրէն Տիգրան Ճինպաշեանը առանց զլանալու պատմեց, որ դպրոցում գործում են հայկական, լիբանանեան եւ ֆրանսական կրթական ծրագրեր:  Անցեալ տարի ճեմարանի յոբելեանական հանդիսութեանը ասուած Արամ Ա. կաթողիկոսի բառերի հաւաստումը` «Վստահ եմ, որ ազատ, անկախ Հայաստանի ոգիին ու տեսիլքին հաւատարիմ, ինչպէս անցեալին, այսօր եւս, նոյն յանձնառութեամբ Ճեմարանը պիտի շարունակէ իր առաքելութիւնը», ես տեսայ տնօրէնի ոգեւորութեան եւ իր գործին փարուած լինելու մէջ: Ճեմարանի ամէն քարին ու գրքին, սովորողներին ու աշխատակիցներին ուղղուած հայեացքի մէջ: Պարզապէս պէտք էր տեսնել, թէ նա ինչ գորովանքով էր ցոյց տալիս հարիւրամեայ եւ աւելի հին հայ մամուլի բնօրինակ նմուշների հազուագիւտ հաւաքածուները: Եւ ինչ յուզմունքով ասաց, որ իրենց գրադարանի աշխատակցուհին Շուշիում նահատակուած Վիգէն Զաքարեանի քոյրն է:

Այնճար. Հայկական Պետականութեան Դրախտը`
Թիկունքին Գեհենի Շունչը  

Սուղ օրերի մէջ, բնականաբար, անկարելի էր տեսնել լիբանանահայութեան ներկան ամբողջութեամբ, թէեւ շատ կ՛ուզէի թափառել  Պէյրութի Պուրճ Համուտ եւ Հաճն թաղամասերում, լինել Լեռնալիբանանի բոլոր վայրերում, ուր հայեր կան, եւ սառը ջրի ու սուրճի գաւաթի շուրջ զրուցել նրանց հետ, հասկանալ նրանց յոյսերն ու տագնապները:

Կայ տեսակէտ, թէ մինչեւ քաղաքացիական պատերազմը` 1970-ականի կէսերը, հայերի թիւը կազմել է մօտ 250-300 հազար, իսկ այժմ`  շուրջ 140-150 հազար, բայց աւելի քաջատեղեակների պնդմամբ` մարդահամարների վրայ չհենուող այդ թուերը ստոյգ չեն, եւ իրականում հայ համայնքը աւելի մեծաթիւ է: Ինչեւէ, մեզ վիճակուեց լինել միայն Այնճարում…

Այնճարը Պէյրութից մօտ 50 քմ հեռաւորութեան վրայ է գտնւում, եւ երբ բաւականին գնացել էինք, հերթական անգամ անհամբեր հարցրեցի` ե՞րբ կը հասնենք, մեր սիրելի վարորդ Ափոն  ասաց` քանի մը վայրկեանէն/ արեւելահայերէնի փոխադրած` րոպէներից/, մի բնակավայր մտնելիս կրկին  հարցրեցի` Այնճա՞րն է, վիրաւորուած շրջուեց.

– Իիիիիիիի՞նչ, ինչպէ՞ս կրնայ  աս փնթի գիւղը Այնճարը ըլլալ:

Քիչ անց, երբ երեւաց Այնճարը, հասկացայ վրդովմունքը: 2400 բնակչութիւն ունեցող քաղաքը հեռուից պատկերանում էր որպէս կանաչ դրախտ, քանի մօտենում  էինք` լցւում էի խելագարեցնող յուսահատութեամբ եւ հպարտութեամբ. մենք ոտք դրեցինք հայկական պետականութեան զարմանալի մի կղզեակի վրայ, արեւմտեան քաղաքաշինութեան բոլոր օրէնքներով յօրինուած եւ կառուցուած  մի բնակավայր, որտեղ գեղեցիկն ու օգտակարը համատեղ էին, իսկ երբ դպրոցում, տնօրէն Արմէն Թաշճեանի հետ զրուցելիս, պարզեցի  համայնքային կառավարման մանրամասնները, ինքս ինձ հարցնում ու չէի գտնում պատասխանը, թէ ինչո՞ւ մենք չենք կարող ամբողջ Հայաստանը այսպէս կառավարել` բոլորը մէկի, մէկը բոլորի համար, ինչո՞ւ է մեզ լքում համապետական տեսլականը մեր մայր հողի վրայ:  Ինչո՞ւ մենք յաջողում ենք ամէն ինչում` բացի մեր երազած պետութիւնը ստեղծելուց:

Քաղաքը հիմնադրուել է 1939թ. մուսալեռցիների կողմից: Մուսա լեռան անփարատելի կարօտով  էլ «Նոր Մուսա լեռը» բաժանել են  6 թաղամասի` ըստ   Մուսա լերան  հայկական գիւղերի` Քեպուսիկ, Եողուն-Օլուկ, Պիթիաս, Վաքըֆ, Խըտըրպէկ, Հաճ Հապիպլի:

Այնճարի եկեղեցին վեհաշուք էր, բայց հայեացքս գամուեց եկեղեցու բակում յարմարեցուած կառոյցին, որտեղ գովական հարիսայի կաթսաներն էին. ճիշդ ինչպէս ամէն տարի հայաստանաբնակ մուսալեռցիներն են փայփայում հարիսայի աւանդոյթը: Արմէնից հետաքրքրուեցի, թէ՛ ինչ ազգանուններ կան. պարզուեց` կան Հաբեշեաններ եւ Կօշկարեաններ, Արարատի մարզի մեր Տափերական գիւղում նրանց ազգականներից  կան: Չափազանց մաքուր ու կոկիկ էր ամբողջ բնակավայրը` տները` կից պարտէզներով, բնորոշ հայկական բակերով, քաղաքապետարանը` դիմացի զբօսայգիով ու շատրուաններով, գլխաւոր ծառուղին, խնամքոտ ձեռքերում գտնուող դպրոցը: Նաեւ` գիւղի այգիներն ու բանջարանոցները:  Քաղաքի կենտրոնում գտնուող պուրակ-արգելոցը:

Մուսալեռցիները  հպարտանում են  քաղաքին մեծ համբաւ բերած հայկական շքեղ ճաշարաններով եւ  սիրում են ցոյց տալ Այնճարի պատմական բերդը` Քալքիսը, որի աւերակների տակ պատսպարուել են իրենց վտարանդի, անտէրունչ տատ ու պապերը` մինչ Այնճարը կառուցելը:

Աւանդութիւնը պատմում է, որ Քալքիսը  Մարկ  Անտոնիոսն է նուիրել Կղէոպատրա թագուհուն,   ապա այն փոխանցուել է Հերովդէսի թոռներին, աւելի ուշ` բերդը գրաւել են Օմայատները, կառուցուել են` պալատ, մզկիթ, դատարան, բաղնիք, յարեմ, կրպակներ:

Երբ մտանք հնավայր, ես նախ հարազատ Անիում լինելու զգացողութիւն ունեցայ. գուցէ նախ եւ առաջ` գլխաւոր պողոտայի, կիսականգուն սիւների, խոյակների, կրպակաշարի,  պալատի աւերակների շնորհիւ… Եւ թէեւ ասւում է, որ այն աւելի շատ արաբական կառոյց է, մինչեւ վերջ չլքեց յունա-հռոմէական պատմութեանը հաղորդուելու տպաւորութիւնը: Անշարժ օդի մէջ  ես որսացի   ձայներ, աղմուկ ու Բաբելոնի լեզուներով  սիրոյ եւ ատելութեան, կեանքի եւ մահուան բառեր, բայց մանաւանդ զգացի Կղէոպատրայի եւ Անտոնիոսի սիրոյ գիշերների  թափառիկ ու խելագար յուշերի հպուելն ինձ:

Այնճարի ելքն ու մուտքը հսկում են լիբանանեան զինուորները: Փորձեցի լուսանկարել` բարկացած սաստեցին` չի կարելի:

Հեռանալիս հայեացքս բլուրներին էր. Այնճարի  թիկունքին բլուրներն են, որոնցից անդին սահմանն է, եւ չնայած խիզախ այնճարցիները չասացին, բայց ես հասկացայ, թէ ինչո՛ւ են բանակը այնճարցի զգօն տղամարդիկ հերթապահում զօրուգիշեր:

Այնճարցիներս, հարազատներս, արիւնս ցաւեց ձեր տագնապից… Տէր, հնարաւոր դարձրու, որ աշխարհասփիւռ հայութիւնը վերադառնայ Հայաստան եւ հայոց հողի վրայ կերտի հայկական հրաշքը` ոչ միայն  արուեստի, արհեստի ու գիտութեան մէջ տաղանդների փայլատակումով, այլեւ` պետութեան: Որ գծուած կը լինի Ծովից ծովի տեսլականով: Եւ որին չի կարողանայ մօտ գալ ոչ մի թրքական կամ թրքախնամ «Իսլամական   պետութեան» ստուերը անգամ:

Մանդիլիոնի Խորհուրդը

Յուլիսի 1 -ին, «Ազդակ»  օրաթերթի եւ Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան նախաձեռնութեամբ, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահում հրաւիրուած Վահան Յովհաննիսեանի «Մանդիլիոն» եւ «Մայրամուտ, որը հարկաւոր է կասեցնելէ գրքերի շնորհահանդէսին մանրամասն չեմ անդրադառնում, նկատի առնելով, որ  «Ազդակ»-ը ընդարձակ լուսաբանել է, գումարած, որ «Վանայ ձայն»  ձայնասփիւռը նոյնպէս արդրադարձել է հանգամանալից: Միայն նկատեմ, որ ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, Ազգային ժողովի պատգամաւոր,  ազգային գործիչ Վահան Յովհաննիսեանի յիշատակին ու գործին  արժանի նախաձեռնութիւն էր . յատուկ շնորհակալութիւն` Յակոբ Հաւաթեանին եւ Շահան Գանտահարեանին: Բոլորին, ովքեր լումայ ունեն այս նախաձեռնութիւնը կեանքի կոչելու մէջ: Ի վերջոյ, Վահան Յովհաննիսեանի մտահոգութիւնները այնքան անկեղծ ու օրախնդիր  են, որ երբեք աւելորդ չէ նորից ու նորից արծարծելը եւ նրա տագնապների շուրջ միասին խորհրդածելը:   Ժամանակը ցոյց տուեց նաեւ, որ տեղին էր նա  իր վէպով քրիստոնեայ աշխարհին յիշեցնում, որ պետականօրէն առաջինը մկրտուած եւ ապա իր ազգային մարմնով ու կեցութեամբ դարպաս  դարձած, պատմութեան մէջ առաջինը ծրագրուած սպանդի ենթարկուած ազգի առջեւ առնուազն քրիստոնէական սիրոյ եւ ըմբռնումի պարտք ունի  դեռ: Մեծ է գայթակղութիւնը վերապատմելու   Վահան Յովհաննիսեանի «Մայրամուտ, որը հարկաւոր է կասեցնել» գիրքի խմբագիր Յարութիւն Յարութիւնեանի յուզիչ ու անմիջական խօսքը եւ ՀՅԴ մամլոյ  դիւանի պատասխանատու Արտաշէս Շահբազեանի բովանդակալից ու խորը անդրադարձը: Նաեւ գտնելու բառեր`  արտայայտելու Վահան Յովհաննիսեանի հանդէպ դահլիճում ծով տուած կարօտը….

Քաղաքական, Բայց Գրական-Ազգային Շեղումով

«Մեզ մօտ ասում են, որ Պէյրութը հայ սփիւռքի մայրաքաղաքն է»` հարցազրոյցներից մէկում ասել էր Շահան Գանտահարեանը: Իրօք, Պէյրութը սփիւռքի մայրաքաղաք համարելու` լիբանանահայերի յաւակնութեան մէջ կարեւոր դեր ունի այն, որ այստեղ գործում են բարեգործական, մշակութային եւ մարզական կազմակերպութիւնները (ՀԸԲՄ, Համազգային, ԼՕԽ, ԹՄՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ, ՀԷԸ եւ այլն: Բայց նախ եւ առաջ` Պէյրութը մեր երկրորդ մայրաքաղաք է դարձնում փաստը, որ այն հայ երեք աւանդական կուսակցութիւնների կենտրոնատեղին է` Հայ յեղափոխական դաշնակցութեան, Սոցիալ դեմոկրատ հնչակեան  եւ Ռամկավար-ազատական:  Ցաւօք, անկարելի էր մէկ-երկու օրում քաղաքական կտրուածքով ճանաչել պէյրութահայութեանը, բայց ազնիւ լինելով` պիտի խոստովանեմ այն, ինչ հասցրեցի ընկալել. «Ազդակ»-ի խմբագրութիւնում   հասկացայ դաշնակցական լինելով` հայրենիքից հեռու հայրենիքով ապրելու բանաձեւի իմաստը: Յատկապէս եմ ափսոսում, որ իմ վաղեմի բարեկամ, յարգարժան Արամ Սեփեթճեանն էր այդ օրերին մեկնել ամերիկեան շրջագայութեան. վստահաբար նրա հայեացքի օգնութեամբ Պէյրութը  պիտի աւելի լայն ու իրատեսական երեւար:

Լիբանանում հայ մամուլն ունի հարուստ անցեալ եւ յուսադրող ներկայ: Ի մօտոյ ծանօթ եմ գրական պարբերականներին` «Բագին»-ին» եւ «Կամար»-ին,  գիտեմ «Զարթօնք» եւ «Արարատ» թերթերը:  Շատ տպաւորուած եմ «Ազդակ»-ի ճաշակով եւ գրագիտութեամբ, ամենեւին պատահական չէ , որ  իր ամենամեծ  տպաքանակով օրաթերթը արդարացիօրէն  հռչակուել է սփիւռքի լաւագոյն լրատուամիջոց:

Պէյրութեան նախավերջին երեկոն անցկացրեցինք ծովափնեայ մի ճաշարանում, ուր վայելեցինք աշխարհի բոլոր ծովային բարիքները` սեղանակիցների յիշողութիւնների եւ սրախօսութիւնների, պարզապէս հաճելի ընկերակցութեամբ:  Լիբանանեան խոհանոցի համուհոտի գիտակ տիկին Սօսէն  խոստացաւ երեւանեան իրենց տուն գալուն պէս զանգահարել եւ սովորեցնել գաղտնիքները: Յիշեցինք  եւ յիշատակեցինք Պէյրութում հայկական ինքնութիւնը վերագտած արցախեան ազատամարտին մասնակցած պէյրութաբնակ հայերին… Իսկ վերջին երեկոն անցկացրեցինք Հրայր Մարուխեան կոմիտէութիւնում, ուր Արտաշէսը իր հին ընկերների հետ զրոյցի բռնուեց, իսկ ես հանդիպեցի  հարազատ հոգու` հրաշալի բանաստեղծ, հայեացքը առմիշտ մայր Հայաստանին յառած  Սարգիս Կիրակոսեանին, եւ մեր զրոյցը գրական թեքումով ընթացաւ: (Ցաւօք, մեր գալուց օրեր անց, մաքառելով ծանր հիւանդութեան դէմ, նա հոգին աւանդեց, եւ վիճակուած չէր հանդիպել Երեւանում` սեպտեմբերին պիտի գամ, ասում էր…):

Երբ հարցրեցի տղամարդկանցից մէկի անունը, ասաց` Յակոբ, ու ես նկատեցի, որ արդէն չգիտեմ` որերորդ Յակոբն է: «Մենք բոլորս ալ Յակոբ ենք, ասաց, կարող ես հանգիստ բոլորին Յակոբ ասել»: Գիշերը վաղուց կիսուել էր, երբ վեր կացանք, եւ իմ սիրտը ցաւում էր տարբեր տարիքի, ընկերային տարբեր կարգավիճակների հասած  իմ հայրենակիցների համար. նրանք գուցէ շատ բան ունեն, նրանցից իւրաքանչիւրը իւրովի ստեղծել է իր երջանկութիւնը, իր տաք օճախը,  բայց միեւնոյն է` նրանք ապրում են` առանց ոտքի տակ հայոց հողը զգալու: Ինքնաբաւ, կայացած, լաւ վաստակող մի ընկերոջ հարցրեցի` արդեօք ե՞րբ, ի՞նչ պարագայում է հնարաւոր, որ բոլորը վերադառնան Հայաստան: «Եթէ վստահ լինեն, որ կը կարողանան իրենց ընտանիքները պահել, իրենց գործը անել… ո՞վ չի ուզում հայրենիքում ապրել»` պատասխանեց:

Ես հասկացայ նրանց կարօտները, նրանց` լաց լինելու չափ հարազատ իմ «Յակոբների»  երազները, խնդիրները, յոյսերը. այդպէս պիտի մտապահեմ Միջերկրականի կէզ ափերին երկրորդ հայրենիք գտած տխուր եւ ուրախ, տաղանդաւոր եւ տարօրինակ հայերին:

Յետգրութիւն

Վերջին անգամ կարդալով` նկատեցի, թէ ինչքան բան է դուրս մնացել պէյրութեան իմ զգացողութիւններից` վաղ առաւօտեան հիւրանոցի պատշգամբում լսուող մեքենաների գւուոցից, ծովից հասնող տաք գրգանքներից, արմաւենիների ու ձիթենիների ժպիտներից, Պուրճ Համուտի նեղլիկ փողոցների գունագեղ-բազմաբոյր պատկերներից եւ հայ վաճառականների խօսքուզրոյցից: Պէյութից Երեւան վերադարձին, օդանաւի մէջ, գրկած բերուած մայրիի մատղաշ տնկիի` շուտով մեծն Հրանտ Մաթեւոսեանի յիշատակի պուրակում հաստատուելու անհամբերութիւնից…

Գուցէ Տիրոջ կամքով Պէյրութը յաջորդ անգամ գտնեմ իմ բարեմաղթած խաղաղութեան մէջ: Գուցէ, որովհետեւ ես Պէյրութին «մնաս բարով» չասացի, այլ` ցտեսութիւն….

 

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ (27 Յուլիս 1965)

Յաջորդը

ԼՕԽ-ի «Ն. Արտալճեան» Մանկապատանեկան Գրադարանի Ամառնային Գործունէութիւն

RelatedPosts

Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Օգնութեան Միութիւն (ՀՕՄ) (115-րդ Տարեդարձին Առիթով)

Հոկտեմբեր 18, 2025
Հաճնոյ Հերոսամարտը. Հայրենիքի Իմացութեան Անմահ Վկայութիւն
Անդրադարձ

Հաճնոյ Հերոսամարտը. Հայրենիքի Իմացութեան Անմահ Վկայութիւն

Հոկտեմբեր 18, 2025
Ժեներալը…
Անդրադարձ

Ժեներալը…

Հոկտեմբեր 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?