Ռուսական «Իսքրի» (Կայծեր) պարբերականի 1915 թ. հոկտեմբերի 18-ի համարում տպագրուած` կոտորածների զոհ դարձած հայ կանանց ու երեխաների երեք լուսանկարներից այս մէկը ներկայացնում է մի դրուագ Հայոց ցեղասպանութիւնից:
Նահատակուած կնոջ դիակի կողքին դատարկ սայլեր են. երիտթուրքերի կառավարութեան հրամանի համաձայն, բռնագաղթեալ հայերի այս քարաւանը շարժւում էր դէպի աքսորավայր` Միջագետքի անապատներ:
Ի տարբերութիւն Ողջակիզումին, որի մասին միջազգային լայն հասարակայնութիւնը երկար ժամանակ որեւէ տեղեկութիւն չունէր, Օսմանեան կայսրութիւնում երիտթուրքերի կառավարութեան կողմից իրագործուած հայերի զանգուածային բնաջնջման ծրագրի մասին արդէն 1915 թուականին հրապարակումներ էին յայտնւում հայկական եւ համաշխարհային մամուլի էջերում:
Կովկասեան ճակատում ռուսական բանակի առաջխաղացումը հնարաւորութիւն տուեց ռազմական գործողութիւնները լուսաբանող լրագրողներին, ինչպէս նաեւ մամուլին թղթակցող անձանց մուտք գործել տարածքներ, որտեղ բառացիօրէն օրեր ու շաբաթներ առաջ տանջում եւ կոտորում էին հայերին, կողոպտում նրանց ունեցուածքը, հիմնայատակ աւերում հայկական բնակավայրերը:
Շատ արագ մամուլում յայտնուեցին հայերի հանդէպ կատարուած թուրքական գազանութիւնները փաստող լուսանկարներ, որոնք հիմնականում արուել էին օտարերկրացի միսիոնարների, ռուս զինուորականների եւ հայ կամաւորների կողմից:
«Կոստանդնուպոլսի հայ պատրիարքը զեկուցել է կաթողիկոսին, որ առ այս պահը Թուրքիայում բնաջնջուել է 850.000 հայ: Ինչպիսի սարսափ է փչում այդ սառը թուերից: Անզէն մարդկանց սպաննում են, բնաջնջում, ինչպէս ճանճերի, միայն այն բանի համար, որ նրանք ձգտում են ազատութեան… Գերմանացի սպաների աջակցութեամբ «սահմանադրական» երիտթուրքերի կողմից մշակուած` Թուրքիայում համակարգուած ի կատար է ածւում հայ բնակչութեան բնաջնջման ծրագիրը, եւ շատ հաւանական է, որ մօտ ապագայում կը գայ մի օր, երբ Թուրքահայաստանում չի մնայ եւ ոչ մի հայ»:
«ԻՍՔՐԻ», հոկտեմբերի 18, 1915 թ.
Լուսանկարի աղբիւրը` Հայոց ցեղասպանութեան
թանգարան-հիմնարկի հաւաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ» գրքից