Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մենք Կարող Ենք Ստեղծել Կայացած Ու Զարգացող Հայրենիք, Եթէ Ունենանք Հզօր Հայաստան Եւ Հզօր Սփիւռք. Ալեքօ Պեզիքեան

Յուլիս 13, 2015
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

IMG_1676

Հարզազրոյցը վարեց`  ԼԻԼԻԹ ԴԱՄԻՐԵԱՆԸ

Աշխարհասփիւռ հայութիւնը պոկուած մարգարտեայ ապարանջանի հմայքն ունի` այս ու այն կողմ ցրուած մարգարիտները փայլում են` առանձնայատուկ որակ ու հմայնք հաղորդելով շրջակայ միջավայրին:

Այդ մարգարիտներից իւրաքանչիւրն անուրանալի արժէք ու հարստութիւն է իր շրջակայքի համար, նրանցից իւրաքանչիւրի գոյութիւնն առանձին-առանձին` էական է ու բովանդակային, մինչդեռ միասնական` մէկ շղթայով նրանց փայլն ու հանճարը ոչ թէ շրջակայքը, այլ ամբողջ աշխարհն է զարդարում:

Տաղանդաւոր հայի կեանքն ու գործը պատիւ ու համբաւ է բերում իւրաքանչիւր երկրին, բայց նրանք հանճարեղ են միասին` իրենց հայրենիքում:

Հէնց այս փաստը քաջ գիտակցելով` 20-րդ դարասկզբին թուրքն իրականացրեց Հայոց ցեղասպանութիւնը` ոչ միայն հայկական պատմական տարածքները «թուրքացնելու», այլեւ «այդ տարածքներում» ապրող ու արարող հայի հանճարը արմատախիլ անելու, երկրի երեսից վերացնելու համար:

Մի մարգարտի պատմութիւն

Ալեքօ Պեզիքեանի հայրը` 6-ամեայ Արամը միակն էր ողջ ընտանիքից, որ փրկուեց Հայոց ցեղասպանութիւնից ու հասնելով մինչեւ Լիբանան` ամուսնացաւ իրեն բախտակից հայուհու հետ:

Արամի որդին հետագայում պիտի մեծանար ու դառնար Եւրոպայի յաջողակ պիզնեսմեններից մէկը` միեւնոյն ժամանակ գիտակցելով, որ ինքը հայազգի մարգարտէ շղթայի մի հատիկն է, որ իր ծինի ու տեսակի համար պարտք է այն փոքրիկ, նորաստեղծ Հայաստան հայրենիքին, որն անկախացաւ Մեծ եղեռնից 77 տարի անց միայն:

Ալեքօ եւ Անի Պեզիքեանները վերջերս Հայաստանում էին` կատարելու հերթական բարեգործական քայլը: Յունիսի 13-ին նրանք մասնակցեցին «Անի Պեզիքեան» անունը կրող երիտասարդական կենտրոնի բացմանը, որտեղ անվճար իրենց ուսանողական տարիները կ՛անցկացնեն Հայաստանի տարբեր մարզերից Երեւան ուսանելու եկած անապահով ընտանիքների կամ մանկատների աղջիկները:

Մենք պատիւ եւ հնարաւորութիւն ունեցանք զրուցել տէր եւ տիկին Պեզիքեանների հետ.

ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Պեզիքեան, ձեր եւ ձեր կնոջ` Անիի ծնողները փրկուել են Հայոց ցեղասպանութիւնից, պատմէք խնդրեմ ձեր ընտանիքների պատմութիւնը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այո՛, ե՛ւ իմ, ե՛ւ կնոջս` Անիի ծնողները Արեւմտեան Հայաստանից էին. հայրս` Արամը եւ մայրս` Պերճուհին Ատանայից էին, կնոջս հայրը Զէյթունից էր, իսկ մայրը` Ուրֆայից:

Հայրս Հայոց ցեղասպանութեան տարիներին պատահած ծանր ընտանեկան վերյուշ է թողել մեզ: Հօրս եղբօրը` 17-ամեայ Ալեքսանդրին, թուրքերը գլխատել են իր եւ ծնողների աչքի առաջ, յետոյ վերացրել` ամբողջ ընտանիքը: Փրկուել է միայն 6-ամեայ Արամ հայրս, որ գաղթի ճամբան բռնած` քարաւանի հետ անապատներով հասել է Հալէպ ու մինչեւ 12-13 տարեկանը ապրել «Թռչնոց բոյն» որբանոցում: Յետոյ հայրս դերձակութիւն եւ ընթերցանութիւն է սովորել, ամուսնացել մօրս հետ ու  հիմնական բնակութիւն հաստատել Լիբանանում: Որոշ ժամանակ անց կարողացել է ընդլայնել գործունէութիւնը եւ կարի արտադրամաս է հիմնել:

Ընտանիքիս պատուհասած` հօրեղբօրս ողբերգական մահն էր պատճառը, որ հայրս ինձ անուանակոչեց  ոչ թէ իր հօր, այլ վաղամեռիկ եղբօր` Ալեքսանդրի անունով:

Մեր ընտանիքում ես չորրորդն էի` երեք քոյրերիցս յետոյ լոյս աշխարհ եկած` այնքան ցանկալի արու զաւակը, օճախի ծուխը:

Հ.- Աշխատանքով լեցուն ու պատասխանատու պատանեկութեան եւ երիտասարդութեան տարիներ էք ապրել` արդարացնելով մեծ վիշտ տեսած ձեր ծնողների յոյսերը: Մինչեւ ո՞ր թուականը մնացիք Լիբանանում:

Պ.- Մինչեւ 1975-1976 թուականները: Հիմնական կրթութիւն ստանալուց յետոյ ընդունուեցի բարձրագոյն ուսումնական հաստատութիւն, ինչը սակայն անհանգստացրեց հօրս. ինչպէ՞ս պիտի շարունակէի ընտանեկան գործը եւ ինչպէ՞ս պիտի օգնէի իրեն պահել ընտանիքը: Այդ մտավախութիւնն ինձ ստիպեց ընդունուել աշխատանքի. աշխատում էի առաւօտեան ու գիշերը, իսկ ցերեկը` ուսանում, օրս տեւում էր նուազագոյնը 18 ժամ: Այդպէս յառաջացայ եւ մեր ընտանիքը կարողացաւ ընդլայնել գործը մինչեւ 1970թ., այդ տարին մահացաւ հայրս: Մայրս աւելի շուտ` 1968-ին էր մահացել` 54 տարեկան հասակում:

Ի դէպ, ուսանողական տարիներիս մասին խօսելիս չեմ կարող չյիշել մի արտայայտութիւն, որ յաճախ էր ընկնում ականջիս` «հայու կտոր մըն է»: Արաբներն այդպէս էին վերաբերւում իրենց լեզուին չտիրապետող այլազգիներին: Սակայն այդ արտայայտութիւնն ստիպեց ինձ, որ սովորեմ ու հաղորդակցուեմ արաբերէնով աւելի լաւ, քան իրենք` արաբները:

Ես դաշնակցական եմ եւ իմ գաղափարական ուսուցիչը Սիմոն Վրացեանն է, իսկ հոգեւոր դաստիարակս երջանկայիշատակ Զարեհ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսն էր, ում անունով էլ կոչեցի կրտսեր որդուս:

Կրթուելով եւ ամուսնանալով Անիի հետ Լիբանանում` մենք ունեցանք երկու զաւակ` Արամ եւ Զարեհ: Այնուհետ որոշեցինք տեղափոխուել Իտալիա եւ այնտեղ շարունակել հօրս գործը` աւելի մեծ ծաւալներով ու միգուցէ աւելի լաւ որակով` կազմակերպութեան անունը բոլոր ժամանակներում թողնելով նոյնը` «Արամ հաստատութիւն»:

Հ.- Պարո՛ն Պեզիքեան, դուք եւ տիկին Անին այսօր այնքան խանդավառ էք, ծրագրերով ու կեանքով լի, որ ձեզ պիտի ձգտեն նմանուել ու հասնել շատ երիտասարդներ: Որ՞ն է երիտասարդ մնալու ձեր գաղտնիքը եւ ի՞նչ էր ձեզ սպասւում Իտալիայում:

Պ.- Նախ ասեմ` կնոջս ճանաչում եմ աւելի քան 52 տարի եւ 47 տարի է ամուսնացած ենք: Կեանքում ամէն բանի հասել ենք միասին, ինչ որոշել ենք ու ստեղծել, միասին ենք արել:

Մեր երիտասարդ մնալու գաղտնիքը աշխատանքն է: Կարծում եմ` մարդ միշտ պէտք է ձգտի հասնել աւելիին, նպատակ դնի իր առջեւ ու ջանքեր չխնայի այդ նպատակին հասնելու համար: 36 տարի ապրեցինք ու աշխատեցինք Իտալիայում: Մեր որդիներին լաւագոյն կրթութիւն տալը առաջնահերթութիւն համարելով` որոշեցինք 13-ամեայ Արամին եւ 11-ամեայ Զարեհին ուղարկել Զուիցերիա` այնտեղի լաւագոյն գիշերօթիկ դպրոցներից մէկում ուսանելու: Եօթ տարի նրանք սովորեցին ու ապրեցին մեզանից հեռու Զուիցերիայում` դառնալով ինքնուրոյն եւ կայացած տղաներ:

Արամին եւ Զարեհին կրթութիւն տալու գործում կարեւորել ենք ոչ այնքան ըստ մասնագիտութեան աշխատանք գտնելը, որքան` կրթուելու ընթացքում ուղեղը մարզելու եւ աշխարհայեացքն ընդլայնելու հնարաւորութիւնը:

Սակայն կար մի հանգամանք, որ ամենակարեւորն էր որդիներիս դաստիարակութեան գործում. նրանք պիտի քաջ գիտակցէին, թէ ո՛վ է հայը, իրենց իւրաքանչիւր քայլով բարձր պիտի պահէին հայի պատիւն ու արժանապատուութիւնը, պիտի տիրապետէին մայրենի լեզուին:

Հայեցի դաստիարակութեան, փայլուն հայերէնով հաղորդակցուելու ամբողջ գործը կնոջս` Անիի ուսերին էր, եւ այսօր վստահ կարող եմ ասել, որ կնոջս շնորհիւ ոչ միայն Արամն ու Զարեհը, այլեւ մեր թոռնուհին` 9-ամեայ Անին, հրաշալի տիրապետում են հայերէնին:

Այս առիթով` մի ուրիշ հետաքրքիր դիտարկում եւս: Մենք համոզուած ենք, որ ազգային պատկանելութեան, օտար ափերում ազգային աւանդոյթներից չհեռանալու լաւագոյն հնարաւորութիւնն է հայկական խոհանոցը: Իմ կինը տանը մշտապէս պատրաստել է հայկական աւանդական ճաշեր: Պարզ բան ասեմ` երբ որդիներս ընկերներով գնում էին որեւէ ճաշարան, ռեստորան կամ սննդի արագ սպասարկման սրահներ, նրանցից ոմանք պատուիրում էին սփակեթթի, միւսները McDonald՛s, իսկ Արամն ու Զարեհը` քեպապ ու քիւֆթա: Նոյնիսկ պատուիրելու ընթացքում հարց էր ծագում` ի՞նչ ազգութեան ուտեստներ են եւ ի՞նչ համ ունեն:

Հայկական խոհանոցը տան մէջ եւ իւրաքանչիւր պատանու ճաշացանկում տարիների հետ ազգային ինքնութեան գիտակցութեան միջոց է դառնում:

Հ.- Երկար տարիներ Հայ դատի գրասենեակի աշխատանքներ էք իրականացել, իսկ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին թանգարանի էք վերածել Եղեռնից մազապուրծ հայ մանուկների երբեմնի որբանոցը:

IMG_2991Պ.- Իտալիայում մենք ապրեցինք 36 տարի, որից յետոյ ընտանեկան գործերի անհրաժեշտութիւնից դրդուած` տեղափոխուեցինք ու մինչ այժմ ապրում ենք Զուիցերիայում: Իտալիայում ապրելու ողջ ժամանակահատուածում եւ մինչ օրս ծառայել եմ Պրիւքսելում գտնուող Հայ դատի գրասենեակին: Երկար տարիներ է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչն եմ Վատիկանում: Իտալիայում հիմնել եմ Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան մասնաճիւղը (ՀՄԸՄ), որտեղ հայոց լեզու եւ հայ ժողովրդի պատմութիւն են ուսումնասիրում հարիւրաւոր հայ մանուկներ: Զուիցերիայում նոյնպէս շարունակում եմ Հայ դատի գործը:

Մի բան, որ անպայման կ՛ուզէի շեշտել, ամէն տարի ապրիլ 24-ին մեր կազմակերպութիւնը յայտարարւում է ոչ աշխատանքային: Մեզ հետ համագործակցող եւրոպական տասնեակ ընկերութիւնների ու կազմակերպութիւնների հարիւրաւոր ներկայացուցիչներ առիթ են ունենում հետաքրքրուել դրդապատճառների մասին: Մենք ամէն տարի խօսում եւ բարձրացնում ենք 1915թ. Արեւմտեան Հայաստանում թուրքական իշխանութիւնների կողմից իրականացրած սոսկալի ոճիրի մասին: Եւրոպացի մեր գործընկերները հաշուի են նստում եւ յարգում յիշատակի ու ցաւի օրուայ շրջանակներում նախատեսուած մեր բոլոր արարողութիւնները:

Շուտով` յուլիսին, տեղի կ՛ունենայ Հայոց ցեղասպանութեան թանգարան դարձած` հայ մանուկների երբեմնի որբանոցի վերաբացման հանդիսութիւնը: Ընտանեկան ուժերով մենք վերակառուցեցինք  հօրս մանկութեան տարիների կացարանը` «Թռչնոց բոյն» որբանոցը` դարձնելով այն Հայոց ցեղասպանութեան թանգարան:

Հ.- Պարո՛ն Պեզիքեան, 1988-ի Սպիտակի երկրաշարժի տարիներին ձեր ներդրումն ու անմնացորդ նուիրումն էք բերել` օգնելով  ոտքի կանգնել հարիւրաւոր որբերի: Պատմէք մի փոքր այդ ժամանակների մասին:

Պ.- Այո՛, ցաւով պիտի արձանագրեմ, որ առաջին այցս հայրենիք եղել է 1989թ.` Սպիտակի աւերիչ երկրաշարժից անմիջապէս յետոյ: Մենք հիմնեցինք «Պերկամօ-Սպիտակ» համերաշխութեան հիմնադրամը, որը ոչ միայն երկրաշարժի առաջին տարիներին, այլ 18 տարի շարունակ օգնեց ոտքի կանգնել հարիւրաւոր հայ որբերի: 350 երեխայի 18 տարի շարունակ ապահովեցինք առաջին անհրաժեշտութեան ամէն ինչով` սնունդ, կացարան, բժշկական, կրթական ծախսեր: Մենք չցանկացանք որբերին թողնել մանկատներում, նրանց համար գտանք խնամակալ ընտանիքներ: Ամէն տարի սեպտեմբերին 15 օրով գալիս էինք Հայաստան, եւ մեզ հետ ծանրոցներ էինք բերում աղէտից տուժած երեխաների համար: Յաճախ հագուստն ու գրենական պիտոյքներն այնքան շատ էին լինում, որ բաժանում էինք Սպիտակի միւս բնակիչներին: Կ՛ուզեմ նշել, որ կապ ենք պահել մեր խնամատարութեան ներքոյ գտնուող բոլոր երեխաների հետ, հոգացել ենք նրանց դպրոցական, ըստ անհրաժեշտութեան` վիրահատական ծախսերը: Իսկ երբ հասաւ բուհեր ընդունուելու ժամանակը, մենք համաձայնութեան եկանք Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ եւ համատեղ ուժերով հոգացինք 42 գերազանցիկների վարձավճարները, ովքեր ընդունուեցին երեւանեան տարբեր բուհեր: Մեր սաներից շատերին տեղաւորեցինք աշխատանքի` սպասարկման ոլորտներում, որպէսզի ինչ-որ չափով հոգան իրենց կեցութեան ծախսերը եւ ի վերջոյ կայանան` որպէս ինքնուրոյն մարդիկ: Վճարել ենք մեր երեխաների` Երեւանում վարձակալած բնակարանների գումարները:

Վերջին տարիներին նրանցից ոմանք ամուսնացան, ու մենք էլ դարձանք նրանց կնքահայրն ու կնքամայրը: Հէնց այսօր մեզ պիտի հիւրընկալուեն երկու քոյրեր, որոնցից մէկը` Հերմինէն, փոքր տարիքում աչքերի հետ կապուած խնդիր ունէր եւ այստեղ ասում էին, թէ կը կուրանայ: Կինս, չհամակերպուելով այդ մտքին, երեխային իր հետ տարաւ Իտալիա: Երկու ամիս մեր տանը մնալով` աղջնակին տարանք լաւագոյն մասնագէտների մօտ, Հերմինէն վիրահատուեց, եւ այսօր հրաշալի տեսնում է: Այսօր արդէն նա յաջողութեամբ մեծացնում է իր փոքրիկին:

Հ.- Դժուար չի կռահել, թէ ինչո՛ւ որոշեցիք կառուցել «Անի Պեզիքեան» երիտասարդական կենտրոնը: Կարծում եմ, ձեր փորձից ելնելով` նպատակ էք ունեցել անապահով ընտանիքների երիտասարդների համար ստեղծել ուսումը շարունակելու  անհրաժեշտ պայմաններ:

7-13-15_Alecco

Պ.- Ճիշդ էք, մեր 42 պատանիների ուսանող դառնալուց յետոյ աւելի լաւ պատկերացրինք այն խնդիրները, որոնց բախւում են մարզերում ապրող անապահով ընտանիքների կամ մանկատներում ապրող երեխաները: Նրանցից շատերի համար բարձրագոյն կրթութիւն ստանալու` յաճախ անյաղթահարելի խոչընդոտ է դառնում մայրաքաղաքում կացարան գտնելու խնդիրը: Երկար փնտռտուքից յետոյ ի վերջոյ Թիֆլիսեան խճուղու վրայ ձեռք բերեցինք յարմար հողակտոր, որտեղ էլ կառուցեցինք 40 սենեակից բաղկացած կենտրոնը: Շնորհակալ ենք Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանին, որ գնահատեց մեր գործը եւ իր ներկայութեամբ պատուեց կենտրոնի բացման արարողութիւնը:

Անարատ յղութեան հայ քոյրերի միաբանութեան եւ քոյր Արուսեակի վերահսկողութեան ներքոյ կենտրոնում կ՛ապրեն Հայաստանի տարբեր մարզերից երեւանեան բուհերում ուսանելու տեղափոխուած անապահով ընտանիքների երեխաները կամ որբերը: Կենտրոնը նախատեսուած է միայն աղջիկների համար եւ այստեղ բնակուող հայուհիները կարող են մնալ նաեւ ուսումն աւարտելուց յետոյ, աշխատել ու ապրել մինչեւ ամուսնանալը:

Հ.- Պարո՛ն Պեզիքեան, դուք եւ տիկին Անին, լինելով հեռատես, հոգ էք տարել, որ ձեր թոռնուհու մէջ ծնուի ու ապրի սէրը հայրենիքի հանդէպ: Այսօր Անին ձեզ հետ միասին կտրեց նորակառոյց երիտասարդական կենտրոնի կարմիր ժապաւէնը: Եւ չնայած Անիի մայրը հայուհի չէ, միեւնոյնն է` հազարաւոր մղոններ հեռաւորութեան վրայ աղջնակը մեծանում է կատարեալ հայի արժեհամակարգով:

Պ.- Երբ ես եւ կինս իմացանք, որ մեր առաջին թոռնիկը պիտի ծնուի, երկար ժամանակ մտածում էինք` ի՛նչ նուիրել նրան: Ի վերջոյ հասկացանք, որ Անիի նուէրը խորհրդանշական պիտի լինի: Մենք Եւրոպայի լաւագոյն վարպետներից մէկին պատուիրեցինք կտաւ, որի վերեւի հատուածում` խաչի ներքոյ, ամբողջութեամբ ոսկուց Հայաստանի քարտէզն է` իր լեռներով ու Արարատեան դաշտավայրով, մի քիչ ներքեւ Կիլիկիան է, աւելի վարը` Լիբանանը: Կտաւի ձախից` ներքեւի մասում, Իտալիան է պատկերուած` սրունքի տեսքով, իսկ աջ կողմում` մեր պատգամը`

Հայորդի, դուն որ կապրի՛ս հեռուն,
Մի՛ մոռնար քու անուշ մայր լեզուն,
Կառչած մնացիր միշտ արմատներուդ,
Յարգէ՛ ու սիրէ՛ յիշատակը նախահայրերուդ:

Կտաւը Անիի ննջասենեակում ծննդեան առաջին իսկ օրուանից զարդարում է մահճակալի դիմացի պատը` խօսելով նրա հետ ու ճշգրիտ ճանապարհով ուղղորդելով Անիին այս մեծ աշխարհում:

Ամբողջ նրա սենեակն է մի լուսաւոր եռագոյն` զարդարուած Հայաստանից տարած զանազան իրերով:

Անիին մենք պատմել ենք, որ  ինքը կրում է հայոց հինաւուրց մայրաքաղաքներից մէկի անունը, որն աւերել ու զաւթել են թուրքերը: Մենք նրան պատգամել ենք հեռաւոր Պերկամոյից հայեացքը մշտապէս ուղղել դէպի նախնիների երկիր` Մայր Հայաստան, դէպի Կիլիկիա ու Լիբանան եւ յիշել, որ իւրաքանչիւր հայի սրբագոյն պարտքն է սերունդներին նախնիներից ժառանգած ազգային արժէքների փոխանցումը:

Հ.- Շնորհակալ ենք, պարո՛ն Պեզիքեան, ձեր ողջ կեանքով ու գործունէութեամբ դուք լաւագոյն օրինակ էք մեր երիտասարդ սերնդի համար: Ին՞չ կը մաղթէք այն բոլոր հայորդիներին, ովքեր նոր են կեանք մտնում:

Պ.- Ես նոյնպէս շնորհակալ եմ Հայաստանի սփիւռքի նախարարութեանը եւ նախարար Հրանուշ Յակոբեանին` իմ կեանքն ու գործը գնահատելու համար: Անկեղծ ասած` չգիտէի, թէ պիտի արժանանամ նախարարութեան ոսկէ մետալին: Այդ պարգեւը ե՛ւ ոգեւորիչ է, ե՛ւ պարտաւորեցնող:

Բոլոր հայ ծնողներին խորհուրդ կը տամ առանց ափսոսանքի սերմեր ցանել, որովհետեւ այդ սերմերի պտուղները վաղն իրենց զաւակներն են քաղելու: Իսկ լաւագոյն սերմը գիտելիքն է, որ ցանկացած շրջահայեաց հայ ծնող պէտք է տայ իր զաւակին: Մեր 9-ամեայ թոռնուհին այսօր արդէն տիրապետում է 3 լեզուի:

Հայ երիտասարդներին մաղթում եմ աշխատասիրութիւն եւ անկոտրում կամք` մեր հայրենիքի բարգաւաճման ու զարգացման դժուարին ճանապարհը պատուով կերտելու համար: Մենք կարող ենք ստեղծել կայացած ու զարգացող հայրենիք, եթէ ունենանք հզօր սփիւռք եւ հզօր Հայաստան:

 

 

Նախորդը

«Մայրամուտ, Որը Հարկաւոր Է Կասեցնել» Գիրքի Խմբագիր Յարութիւն Յարութիւնեանի Խօսքը

Յաջորդը

Հայկական Իւրայատուկ Եւ Տպաւորիչ Երեկոյ` Ժունիէի Մէջ

RelatedPosts

Հարցազրոյց` Պերճ Աբգարեանի Հետ. Բժշկական Քոնկրես Եւ Առաքելութիւն
Հարցազրոյց

Հարցազրոյց` Պերճ Աբգարեանի Հետ. Բժշկական Քոնկրես Եւ Առաքելութիւն

Սեպտեմբեր 23, 2023
«Կաշիով Ստեղծելու Արուեստ-Արհեստը`  Ապահով Ապագայի Մը Երաշխիքը»  «Ազակ»-ին Կ՛ըսէ Արփի Մանկասարեան
Հարցազրոյց

«Կաշիով Ստեղծելու Արուեստ-Արհեստը` Ապահով Ապագայի Մը Երաշխիքը» «Ազակ»-ին Կ՛ըսէ Արփի Մանկասարեան

Սեպտեմբեր 23, 2023
Հարցազրոյց «Կոմիտաս Քառեակ»-ի Ելոյթին Առիթով  «Կը Յուսամ, Որ Այս Անգամ Ալ Լիբանանահայութիւնը Մեծաթիւ Ներկայութեամբ Ու Գոհունակութեամբ Պիտի Վայելէ Քառեակին Ելոյթը»  Էդուարդ Թադեւոսեան
Հարցազրոյց

Հարցազրոյց «Կոմիտաս Քառեակ»-ի Ելոյթին Առիթով «Կը Յուսամ, Որ Այս Անգամ Ալ Լիբանանահայութիւնը Մեծաթիւ Ներկայութեամբ Ու Գոհունակութեամբ Պիտի Վայելէ Քառեակին Ելոյթը» Էդուարդ Թադեւոսեան

Սեպտեմբեր 20, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In