Վահան Յովհաննիսեանի մասին խօսելը դիւրին չէ, աւելի ճիշդ` ես չեմ կարող նրա մասին լիարժէք պատմել, ասել այն ամէնը ինչ կ՛ուզէի: Վահանը, ընկեր Վահանը միայն ինձ հետ չէ, որ մտերիմ էր: Նա բոլորի հետ ունէր իրեն յատուկ շփման եզրեր: Միանգամից ասեմ, որ նրա մէջ մարգարէական մի բան կար, որ էլ չեմ տեսնում ինձ ծանօթ քաղաքական գործիչների մօտ: Ես, ինչպէս հաւանաբար` շատերը, յաճախ եմ յիշում մեր զրոյցները, համարեա ամէ՛ն օր: Ինչո՞ւ եմ յիշում ամէն օր, որովհետեւ դրանք անկեղծ էին: Ինքը անկեղծ էր, չէր կեղծում, չէր շողոքորթում, չէր խաբում, ասում էր այն, ինչ մտածում էր եւ կրկնում եմ, ասում էր համոզուած եւ անկեղծ: Այստեղ, այս դահլիճում ներկաներից շատերը Վահանի հետ ընկերութիւն են արել, շփուել են, քննարկել են հարցեր, եւ վստահ եմ` բոլորի յուշերում նա մնացել է այն պայծառ կերպարը, ում հետ կարելի էր, ինչպէս ասում են, մարտի նետուել եւ չզղջալ: Վահանը, իրօք, կուսակցութեան համար վահան էր: Նա ամէն տեղ էր, որտեղ գործ կար, անելիք կար: Եթէ պէտք է, նա ազատամարտիկ էր, պէտք էր օրէնսդիր մարմնում աշխատել, նա պատգամաւոր էր, պէտք էր Հայաստանի սկաուտական շարժումը համաշխարհային խորհրդարանականների մակարդակում ներկայացնել, նա Համաշխարհային սկաուտական շարժման խորհրդարանականների միութեան անդամ էր, աւելի՛ն, նոյնիսկ` փոխնախագահ, պէտք էր պայքարել փողոցում, նա առաջին շարքում էր` պատնէշների վրայ: Կուսակցութեան դատը պէտք էր պաշտպանել` կրկին Վահանը: Սրիահայութեան տագնապը Վահանը դիմաւորեց ոչ թէ շատերի նման մխիթարիչ խօսքերով կամ սուտ խոստումներով, այլ միանգամից գործի անցաւ, ստեղծեց եւ շունչ տուեց «Օգնիր եղբօրդ» նախաձեռնութեանը, դարձաւ այդ նախաձեռնութեան շնչառութիւնը: Նրա բազմաբեւեռ գործունէութեան ցանկը կարելի է անսպառ շարունակել, նա մտաւորական էր, հնագէտ-պատմաբան, պէ՞տք էր հանդիպել երիտասարդութեան հետ, դասախօսել ուսանողներին, Վահանը պատրաստ էր: Պէտք էր դիւանագիտական ունակութիւնները օգտագործել երկրի համար, Վահանը չմերժեց: Այո՛, յատկապէս այս վերջինը ոչ թէ նրա ցանկութիւնն էր, կամ ինչպէս շատերի` երազանքը, այլ առաջարկ էր պետութեան կողմից` Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ լուրջ աշխատանքի կարիք կար Գերմանիայում: Շատերը այդ օրերին դժգոհ էին Վահանի որոշումից, այդ թւում` նաեւ ես, մեղքս ինչ թաքցնեմ, շատերը չարախօսեցին, բայց Վահանը լաւ իմանալով իր վատառողջ լինելը, որոշեց վերցնել իր ուսերին այդ բեռը եւ հետագայում մենք տեսանք, թէ կարճ ժամկէտում ինչ ահռելի ծաւալի աշխատանք կատարեց Գերմանիայում:
Մի օր, երբ ես «Երկիր»-ի խմբագիրն էի, Վահանը եկաւ ու թէ` «Որ յօդուած ուղարկեմ` կ՛ուզե՞ս»: Ասացի` Վահա՛ն, երազանքս է, որ մեր քաղաքական գործիչները յօդուածներով, վերլուծութիւններով հանդէս գան: Շատ լաւ կը լինի, իրօք կը գրե՞ս»: Չէք պատկերացնի, թէ խմբագրի համար ի՛նչ է նշանակում, երբ լուրջ քաղաքական գործիչը, մտաւորականը, վերլուծաբանը թղթակցում է քո պարբերականին: Մտածում էի, կատակեց, կը մոռանայ, կ՛անցնի, կը գնայ: Յաջորդ օրը զանգահարեց, ասաց` «Ճէ՛յմս մէյլիդ յօդուած եմ ուղարկել, կը թարգմանէք չէ՞»: Անմիջապէս գործի անցանք: Կարելի է ասել` լրատուադաշտը պայթեց: Բոլորը յղում էին կատարում Վահանին, արտատպում էին, հատուածներ մէջբերում: Լայն քննարկում ծաւալուեց ընկերային ցանցերում: Վահանը ինքն էլ էր ոգեւորուել այդ քննարկումներից, ասում էր, Ճէյմս էս ի՛նչ է կատարւում… Ես չէի պատկերացնում, որ «Երկիրը» այսքան մարդ կարդում է», ասում էր: Գիտէք, գործի բերումով Վահանը յաճախ էր գտնւում արտերկրում, Եւրազեսի նիստեր, Եւրոխորհրդարան, սփիւռք, ՀՅԴ Բիւրոյի աշխատանքներ եւ այլն, բայց յաջորդ յօդուածը երբեք չէր ուշացնում: Ինձ թւում էր` նա գիշերը չէր քնում, միայն թէ խոստացած ժամանակին հասցնի:
Ես հանգիստ էի: Նա պարտաճանաչ էր, խոստացած օրը յօդուածն ուղարկում էր, լինում էին դէպքեր, երբ ես էի ուշացնում հրապարակումը, զանգում էր
– Ճէյմս, յօդուած էի ուղարկել, չե՞ս ստացել:
– Ստացել եմ,- ասում էի,- մի երկու օրից կը դնեմ, էս մէկը դեռ քննարկում են:
Վահանը ամէնուր էր եւ կարողանում էր յարգել բոլոր պայմանաւորուածութիւնները: Վահանի ընկերական շրջանակն էլ էր բազմազան, բազմաբեւեռ… Նա եթէ ընկեր էր, ուրեմն անմնացորդ ընկեր էր եւ ամենակարեւոր յատկանիշը` Վահանը էրեւանցի տղայ էր, կայ այդպիսի հասկացողութիւն` «երեւանցի տղայ»: Երեւանում մարդը կարող է ապրել 40-50-60 տարի, նոյնիսկ ծնուի երեւանում, բայց երբեք «երեւանցի տղայ» չհամարուի: Օրինակ` Վահանի լաւ ընկերներից յայտնի մուլտիպլիկատոր Ռոպերտ Սահակեանցը, որ Երեւան էր եկել Պաքուից, երեւանցի էր, բայց շատերը, որ ծնուել, մեծացել են Երեւանում, այդ քաղաքի հետ, մեղմ ասած, աղերս չունեն: Էրեւանցի լինելը տիտղոս է, որ Վահանը վաստակել էր, եւ Երեւանը տխուր է առանց Վահանի: Եւ շատ կարեւոր փաստ եւս, Վահանը դաշնակցական էր ուղն ու ծուծով եւ երբեք չապրեց այնպէս, որ իր պատճառով ոեւէ դաշնակցական ամաչի, գլուխիկոր ման գայ: Ընկեր Վահանով հպարտ էինք, հիմա էլ…
Մի օր էլ ասեց` վէպ եմ գրում, կը տամ` կը կարդաս: Պարզուեց, որ յօդուածները գրում էր վէպին զուգահեռ: Եւ հիմա, երբ կարդաք «Մանդիլիոն»-ը եւ «Մայրամուտ, որ պէտք է կասեցնել» շարքը, ակնյայտ կը տեսնէք Վահանի մտածումները, ապրումները, ախտաճանաչումը, ձիրքը, հզօր մտածողութիւնը:
Ես ուրախ եմ, որ այս երկու գրքերի շնորհահանդէսը միասին են կազմակերպւում, որովհետեւ դրանք իրար լրացնում են, մէկը որպէս գրականութիւն, միւսը` հրապարակախօսութիւն: Վահանի հրապարակախօսութեան մէջ մարգարէական մի բան կայ, որ բացակայում է միւսների մօտ: Վահանը տեսնում էր վաղուայ օրը եւ մտահոգուած էր ներկայով: Ես այսօր նրան կը համեմատեմ մի քանի երեւելիների հետ, ովքեր ազդել են մտածողութեան վրայ, նաեւ` մեր: Վահանին կարդալուց յետոյ անընդհատ յիշում էի Լորենս աֆ Արապիացի մտքերը հայերի մասին: Գիտէք` ինչո՛ւ, նրան յաճախ, ժամանակ առ ժամանակ մենք` հայերս վերակենդանացնում ենք` առանց իսկ մտածելու, որ դրանով ազդում ենք սերունդների մտածողութեան վրայ: Ի՞նչ էր ասում Լորենս աֆ Արապիան, ասում էր հայերին հող պէտք չի, նրանք այդ հողերը վարձով կը տան: Լորենս աֆ Արապիան էլի բաներ էր ասում հայերիս մասին, որ չեմ ուզում դրանց անդրադառնալ եւ ամէն անգամ երբ տեսնում եմ, որ նրան կրկին վերահրատարակել են, ես, անկեղծ ասած, ինձ ստորացած եմ զգում: Դէմ չեմ կարդալ` տեղեկանալու համար օտարների կարծիքների մեր մասին, բայց ամէն անգամ դա հրատարակելով` կարծես մենք ինքներս մեզ համոզում ենք , որ այո՛, մենք այդպիսին ենք: Վահանը որպէս հնագէտ, պատմաբան, քաղաքական գործիչ` այլ տեսանկիւնից մօտեցաւ այդ հարցին: Նա ոչ թէ ուղղակի ցոյց էր տալիս մեր տեսակը եւ դրանով բաւարարւում, այլ մատնացոյց է անում պատճառները եւ փորձում դրանցից ելքեր գտնել: Վահանը անգլիացի չէ, Վահանը մերն է, մեր միջից, մեր ժամանակակիցը, մեր դարդուցաւով ապրողն ու պայքարողը` յանուն միացեալ, ազատ, անկախ Հայաստանի: Տարբերութիւնը ակնյայտ է, մի դէպքում խօսում է անգլիացին, ով Ափրիկէում,եւ Մերձաւոր Արեւելքում քարտեսներ էր ձեւում, միւս դէպքում խօսում է մեր մէջի մարդը` Հայը, զտարիւն հայի տեսակը: Եւ ես շատ կը ցանկանայի օտարների գրածներով հիանալուց` անուշադրութեան չմատնենք մերը: Օտարը մեր համար չի ցաւում, օտարինը օտարի համար է, մեր միջի օտարի, բայց ոչ երբեք` մեզ համար: Պէտք է նրանց կարդալ, պէտք է իմանալ` ի՛նչ են մտածում մեր մասին, բայց երբեք չհիանալ եւ դրանք չդարձնել մեզ համար լոզունգ:
Ահա ա՛յս մօտեցմամբ, երբ աշխարհի ընթերցասէր հասարակութիւնը, նաեւ մերոնք հիացած էին Տեն Պրաունի «Տա Վինչիի ծածկագիրը» վէպով եւ, աւելի՛ն, այն նկարահանեցին, Վահանը այն անուանեց հակաքրիստոնէական մօտեցում եւ քրիստոնէութեան արժէքների խարխլում: Մի օր ինձ ասաց` խայտակառութիւն է այդ վէպը, դա նոր սերնդին լրիւ ուրիշ տեղ է հասցնելու: Ի՞նչ իմանայի, որ իր մտքում կար քրիստոնէութեան թեմային անդրադառնալը: Մի գուցէ դրանից յետոյ ծնուեց «Մանդիլիոն»-ի գաղափարը: Բայց դա արդէն կարեւոր չէ, քանզի «Մանդիլիոն»-ը կայ եւ պէտք է մտածենք նրան ապրեցնելու մասին: Ինչո՞ւ: Ոչ նրա համար, որ Վահանը` հեղինակը մեր ընկերն էր, ո՛չ: Նրա համար, որ արդի ժամանակակից հայ գրականութիւնում նման մօտեցմամբ աշխատանք չկայ: Ասել, որ վէպը բարձրարժէք գրականութիւն է շռայլութիւն կը լինի, բայց ան գրուած է արկածային գրականութեան ոճով, պարզ, մատչելի, դիւրըմբռնելի լեզուով: Այսօր այդ են կարդում, այդ լեզուն են ընկալում: Վահանի գրիչը ընտրեց այդ ճանապարհը` իր ասելիքը տեղ հասցնելու համար: Վստահ եմ` նա կարող էր ծանրացնել, գեղարուեստականացնել, մտներ մոգական իրապաշտութեան մէջ, Վահանը կարող էր, բայց նա ընտրեց այդ ճանապարհը, որ շատերի համար ընկալելի լինի իր ասելիքը: Իսկ ի՞նչ էր ուզում ասել Վահանը: Այստեղ նա իր «փամփուշտները կրակեց» երկու ուղղութեամբ: Համամարդկային խնդիրներ, որ պէտք է յուզի բոլորին եւ այդ խնդիրների մէջ մեր արդար Դատի հանգամանքն ու իրավիճակը: Եւ ամենակարեւորը` Վահանը իր «Մանդիլիոն» վէպով, ի տարբերութիւն Տեն Պրաունի էժանագին, դրամի համար գրուած զգայացունց բնոյթի գրականութիւն չստեղծեց, այլ գրեց մի բան, որից պէտք է եզրակացութիւններ անել եւ հասկանալ, թէ ինչո՞ւ քաղաքակիրթ աշխարհը յայտնուեց այս վիճակում: Պատահական չէ, որ Գերմանիայում իր գրքի շնորհահանդէսին Վահանի` «Արթնանալու ժամանակն է» խօսքը ուղղուած էր Եւրոպային: Նա իրօք, իր վէպով արթնանալու կոչ է անում: Հնարաւոր չէ, կարդալ այս վէպը եւ չմտածել: Իսկ ի՞նչ պատգամ էր թողնուած այս վէպում մեզ` հայերիս համար: Նախ վէպն ամբողջութեամբ կառուցուած է ազգային մտածողութեամբ, բայց հէնց հզօրութիւնը նրանում է, որ այն համամարդկային խնդիրներ է վեր հանում: Կերպարները, որ ստեղծել է Վահան Յովհաննիսեանը, որքան էլ որ մտածածին են, նրանք իրական են: Եւ այդ իրականութեան հիմքում մեծ խորհուրդ է դրուած: Սա սոսկ գրական վէպ չէ, այլ պատմական անդրադարձ անցեալին եւ ներկային այլ տեսակէտից: Գնդապետ Ռալֆ Կոտերեանի կերպարի հիմքում հայի արմատն է, որ աշխարհի ո՛ր մասում էլ յայտնուի, ո՛ր երկրին էլ ծառայութիւններ մատուցի, միեւնոյն է, իր ազգութիւնն ու իր ազգի Դատը չի մոռանալու եւ այն փոխանցելու է իր` այսինքն ծառի բնից նոր` երիտասարդ շիվերին: Եւ վէպում մենք տեսնում ենք, թէ որքան իր արմատից հեռացած, արդէն օտարանալու ճամբան բռնած երիտասարդի մօտ յանկարծ ինչպէս է արթնանում պայքարողի, մաքառողի ոգին: Մենք այսօր Անի Մորանի պէս երիտասարդների մի հսկայ բանակ ունենք, ովքեր նոյնիսկ հայերէն չիմանալով, հասնելով ինչ-որ մի տարիքի` սկսում են հետաքրքրուել իրենց արմատներով եւ համալրում են Հայ դատի պաշտպանների շարքը: Հայկական բանակի սպայ Վիգէն Գասպարեանի կերպարը վէպում խորհրդանշում է Հայաստանի պետութիւնը եւ այլն: Չեմ ուզում մանրամասն վերլուծել, որովհետեւ շատ ժամանակ կը խլի, յատկապէս երբ արդէն բաւականին ներկայացուեց վէպը: Բայց մի բան չեմ կարող չնշել, ուզում եմ կարդալ թուրք մտաւորական գործիչ, մարդու իրաւունքների պաշտպան եւ «Պելկէ» հրատարակչութեան հիմնադիր-տնօրէն, Ռակըփ Զարաքոլուի խօսքից մի հատուած այս վէպի առիթով. «Այս պահին ձեռքիս է նրա` ռուսերէնով գրած «Մանդիլիոն» գրքի` ինձ համար արուած անգլերէն մակագրութիւնը: «Մանդիլիոն»-ը առեղծուածային դետեկտիւ ժանրով ներկայացնում է միջնադարում եւ հետագայում Միջին Արեւելքում մնացած ու ծանր պայմաններում բնակուել հարկադրուած քրիստոնեայ ժողովուրդների թուլացումը:
Գրքում կարծես թէ անուղղակի յիշեցում կայ նաեւ ներկայիս նոր-ժիհատական ալիքի պատճառով լիովին պատմութեան գիրկն անցնելու վտանգի տակ գտնուող Միջին Արեւելքի քրիստոնեայ հանրութիւնների վիճակի մասին:
Նրան կարող ենք անուանել նաեւ հայերի Ումպերթօ Էքօ: Նրան յաջողուել է հրաշալի կերպով միախառնել գրականութեան հանդէպ մոլուցքն ու պատմագրութիւնը»:


