«ԹԵՐԹ»
«Հաֆինկթըն փոսթ»-ի հայազգի յօդուածագիր Քրիստոֆըր Ադամեանը ներկայացրել է իր մտորումներն ու տպաւորութիւնը ամերիկահայ թատերագիր, դերասան եւ բեմագիր Էրիկ Պօղոսեանի «Նեմեսիս գործողութիւն. վրէժխնդրութիւն Հայոց ցեղասպանութեան համար» գիրքն կարդալուց յետոյ:
«Նեմեսիս գործողութիւնը վրէժխնդրութեան ուշագրաւ ծրագիր էր` կազմակերպուած լուծելու 1.5 միլիոն հայ զոհերի վրէժը` երիտթուրքերի իրագործած Հայոց ցեղասպանութիւնից յետոյ: Հասարակական-քաղաքական գործիչ Շահան Նաթալիի (Յակոբ Տէր Յակոբեան, (կեղծանունը` Նեմեսիս) ստեղծած «Նեմեսիս գործողութիւն» ծրագիրը ղեկավարւում էր Մասաչուսեցից: Դրա նպատակն էր` վերացնել երիտթուրքերի ղեկավարներին, ովքեր 1908-ին Սուլթան Ապտիւլ Համիտից յետոյ ստեղծեցին Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը», ներկայացնում է Ադամեանը` ընդգծելով, որ ամէն դէպքում` պէտք է զգուշանալ ցանկացած քաղաքական կուսակցութիւնից, որն օգտագործում է «առաջադիմութիւն» բառը:
Ինչպէս նկատում է Ադամեանը` «Նեմեսիս»-ի համար վրէժխնդրութեան ծրագիրը հեշտ ու արագ չի եղել, սակայն մանրակրկիտ մտածուած է եղել: Կէս տասնամեակում երիտթուրքերի ղեկավարութեան գրեթէ ողջ կազմը վերացուեց:
«Պօղոսեանի հրաշալի կերպով ներկայացուած, միանգամայն ընթեռնելի գիրքը կարեւորագոյն հարցեր է բարձրացնում. ինչպէ՞ս է «Նեմեսիս գործողութեան» իրական պատմութիւնն այսքան երկար ժամանակ թաքցուել, մինչդեռ յայտնի տարբերակի համաձայն, Սողոմոն Թեհլիրեանը Թալէաթ փաշային սպաննելիս ամբողջովին միայնակ է գործել», գրում է Ադամեանը:
Կիսով չափ պատմական գործ եւ կիսով չափ ոստիկանական պատմութիւն հանդիսացող ստեղծագործութեան վրայ Էրիք Պօղոսեանը 7 տարի է աշխատել եւ 800 գիրք կարդացել հայ-թուրքական եւ Միջին Արեւելքի պատմութեան վերաբերեալ:
«ԹԵՐԹ»

