ԱՐԷՆ ՊԵՏՈՒՆՑ
Այսպիսով, համաձայն սոյն որոշման, հայերին պատկանող հսկայական թուով շէնքեր չվերադարձուեցին իրենց տէրերին: 1919 թուականին սկսեց զինուորական գործիչ Մուսթաֆա Քեմալի վերելքը, որն աւելի ուշ պատմութիւն մտաւ «աթաթիւրք» («Թուրքերի հայր») անուամբ: Քեմալը Անգարայում ձեւաւորեց նոր կառավարութիւն, որն էլ 1920 թուականի ապրիլին նրան ընտրեց նախագահ: Այսպիսով, ստեղծուեց 2 կառավարութիւն, մէկը` Կ. Պոլսում դաշնակից պետութիւնների հսկողութեան տակ, միւսը` ազգայնական, որը համախմբուած էր Մուսթաֆա Քեմալի շուրջ: Քեմալականները, ընդհանուր առմամբ, շարունակեցին սուլթանական կառավարութեան հայաջինջ եւ հայահալած քաղաքականութիւնը: Նրանք նոյնպէս սկսեցին խանգարել պատերզամից յետոյ հայրենիք վերադառնալ եւ իրենց ունեցուածքին տէր կանգնել ցանկացող հայերին: 1920 թուականի ապրիլի 23-ին իր աշխատանքները սկսեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, որի կողմից ընդունուած առաջին փաստաթղթերի շարքում էր Թուրքիայի տարածքում հայերի տեղաշարժը եւ նրանց հայրենիք վերադարձն արգելելու որոշումը: Ազգային մեծ ժողովի կողմից ընդունուած 1921 թուականի օգոստոսի 8-ի որոշման 6-րդ կէտով երկրից հեռացածների պետական գանձանակին փոխանցած գոյքերը բռնագրաւուեց, եւ այդ գոյքերի վաճառքից գոյացած գումարը օգտագործուեց բանակի կարիքների եւ զինուորականների ու պաշտօնեաների աշխատավարձը բարձրացնելու նպատակով: Քեմալական ազգայնամոլական շարժումն իր ծրագիրը մշակել եւ հաստատել էր Կարինի եւ Սեբաստիայի համաժողովներում: Համաժողովներում քեմալականները այնպէս էին ներկայացնում իրավիճակը, իբր կայսրութեան քրիստոնեաները (այդ թւում հայերը), նրանց ունեցուածքը, պատիւն ու կեանքը այդ պահին գտնւում էր կատարեալ անվտանգութեան մէջ` համաձայն իսլամական կրօնի հիմունքների եւ աւանդոյթների:
Այսպիսի պնդումը կեղծ էր եւ անհիմն, քանի որ քեմալական կոչուած ազգայնամոլական շարժման շրջանում Թուրքիայի ողջ տարածքում շարունակւում էր արեւմտահայութեան բեկորների հալածանքի, ոչնչացման, նրանց ունեցուածքի կողոպուտի քաղաքականութիւնը: Երիտթուրքերի գործելակերպն ամբողջութեամբ փոխանցուել էր քեմալականներին: Հայերի տների խուզարկութիւնները նրանց ունեցուածքի բռնագրաւումը, վաճառքն ու կողոպուտը սովորական երեւոյթ էին: Դրա վառ ապացոյցն է այն, որ 1922 թուականի սեպտեմբերի առաջին օրերին Մուրանիայից 4 շոգենաւով Կ. Պոլիս հասած հայ գաղթականները ենթարկուեցին ոստիկանների կողմից արուող խուզարկութեան եւ ձերբակալութեան: Հայ գաղթականների գոյքը խուզարկւում էր` որպէս կողոպտուած եւ բռնագրաւուում: Ոստիկաններին յանձնարարուած էր հայ ունեւորներին որպէս ջարդարարներ ձերբակալել: Ձերբակալուածներին ազատելու եւ Կ. Պոլիս գաղթականների մուտքի արտօնագրեր ստանալու համար Կ. Պոլսոյ հայոց պատրիարքութիւնը դիմեց տարբեր ատեանների, սակայն` ապարդիւն: Բացի պետութեան կողմից իրականացուող հալածանքներից եւ կողոպուտից, հայերի նկատմամբ հալածանքներ եւ կողոպուտ էին իրականացնում նաեւ զինուած աւազակախմբերը, որոնց թիւն անընդհատ աւելանում էր: Գոյութիւն ունէին նաեւ կողոպուտի պաշտօնական ձեւեր` հարկերի եւ տուրքերի տեսքով: Կառավարութիւնը հայերից տուրք էր պահանջում եւ դա այն պարագայում, երբ հայերը գտնւում էին թշուառ վիճակում եւ հազիւ էին հոգում օրուայ հացը:
Այն տարագիրները, ովքեր վերադառնալով` աւերակ էին գտել իրենց տները, ստիպուած` տեղաւորուել էին իրենց չվերադարձած հայրենակիցների տներում: Իշխանութիւնները հայերի կրած վնասի փոխհատուցման փոխարէն, ստիպում էին վարձ վճարել այդ տներում բնակուելու համար: Քեմալական կառավարութիւնը գաւառներում, մասնաւորապէս հայերից եւ յոյներից, սկսել էին պատերազմական շահատուրք անունը կրող 10-ից մինչեւ 2000-3000 ոսկուն համարժէք գումար գանձել: Այս տուրքը պահանջւում էր ամենայն խստութեամբ:
Գաւառային իշխանութիւնները այն հայերից, որոնք վերադարձել էին իրենց տները, սկսել էին գանձել տասանորդի տուրքը: Նրանք ամէն ջանք գործադրում էին` հայկական գաւառներում տեղաւորելու թուրք վերաբնակներին, կազմակերպելու նրանց պարէնաւորումն ու ամէն կարգի խնամքը եւ հայերից գանձած տասանորդի հարկից գոյացած գումարները տրամադրելու նրանց: Մի խօսքով, իշխանութիւնները, ստեղծելով ծանր պայմաններ հայերի համար, մղում էին նրանց տեղահանուելու, հեռանալու երկրից: Արդէն 1922 թուականի սեպտեմբերի 14-ին քեմալականները յայտնեցին, որ իրենք չեն ընդունում սուլթանական կառավարութեան կողմից ժամանակաւոր օրէնքի անվաւերութեան մասին փաստաթուղթը, իսկ Լոզանի համաձայնագիրը կնքելուց անմիջապէս առաջ` 1923 թուականի ապրիլի 15-ին, Թուրքիայում օրէնք ընդունուեց «լքեալ ունեցուածքի» մասին, որով հայերի ամբողջ ունեցուածքը բռնագրաւուում էր, անկախ նրանից, թէ ինչ դրդապատճառներով ու ինչ հանգամանքներում էին նրանք թողել երկիրը:
Ազգային փոքրամասնութիւնների մասին Լոզանի համաձայնագրի դրոյթների կիրառումը թոյլ չտալու եւ նոյն պայմանագրի յօդուածների հիման վրայ Ազգերի լիկայի միջամտութեան հնարաւորութիւնը բացառելու նպատակով` Թուրքիայի քեմալական կառավարութիւնը վճռեց փախստական հայերին զրկել թուրքական քաղաքացիութիւնից: 1923 թուականի սեպտեմբերին` Լոզանի պայմանագրի վաւերացումից յետոյ, Թուրքիայում օրէնք ընդունուեց, որով վերադառնալու իրաւունքից զրկւում էին Կիլիկիայից եւ արեւելեան վիլայեթներից «տարագրուած» հայերը: Լքեալ գոյքերի յանձնաժողովները տեւական ժամանակ դիմումներ էին ստանում այն անձանցից, ովքեր 1922 թուականի նոյեմբերի 4-ից առաջ, առանց կառավարութեանը տեղեակ պահելու, մեկնել էին երկրից: Յանձնաժողովը, կասկածի տակ դնելով դիմողների սեփականութեան իրաւունքները եւ քննութեան ենթարկելով երկրից երկար բացակայելու ու յանկարծակի յայտնուելու պատճառները, տեղեկացնում է, որ 1922 թուականի նոյեմբերի 4-ից յետոյ առանց թուրքական անձնագրի մտնողների ինչքերը կը բռնագրաւուեն: 1923 թուականի հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետութեան հռչակումից 4 ամիս անց` 1924 թուականի մարտի 13-ին, պետականացուեց «Լքեալ գոյքերի մասին» օրէնքով քրիստոնեաների բռնագրաւուած կալուածքները, որոնք արդէն իսկ յափշտակուած էին, շնորհուեցին մահմետական բնակչութեանը` որպէս հատուցում քրիստոնեաների կողմից նրանց «պատճառուած չարչարանքների» դիմաց: Անգարայի Ազգային մեծ ժողովը 1922 թուականից սկսած մինչեւ 1926 թուականը ընդունել է «լքեալ գոյքերի մասին» 9 օրէնք: Ամէն անգամ, փոփոխութիւն կատարելով նախորդ օրէնքում, Թուրքիայի օրէնսդիր մարմինը ձգտում էր երկրում առկայ իրավիճակին համապատասխանօրէն «օրինականօրէն» շարունակել հայ ժողովրդի ունեզրկման գործընթացը: Հայերից բռնագրաւուած գոյքերից քեմալական իշխանութիւնները բաժանել են երիտթուրքերի կուսակցութեան այն ղեկավարների ընտանիքներին, ովքեր նոյն` քեմալական կառավարութեան օրօք` 1919 թուականի ապրիլ-յունիս ամիսներին Ռազմական արտակարգ ատեանների կողմից ճանաչուել էին որպէս Հայոց ցեղասպանութեան մէջ մեղաւոր: 1926 թուականի մայիսի 31-ին հրապարակուած 882 օրէնքով երիտթուրքական պարագլուխներ Թալէաթի, Ճեմալի, Պէհաէտտին Շաքիրի եւ երիտթուրքական այլ 12 պարագլուխների ընտանիքներին 20 հազար լիրայ արժողութեան հայկական գոյք է ընծայուել: Հայերից բռնագրաւուած գումարներից Մուսթաֆա Քեմալը Հայոց ցեղասպանութեան մեղաւորների ընտանիքներին նաեւ թոշակ է նշանակել եւ նրանց յատկացրել հայերից մնացած տները: 1919-1922 թուականներին քեմալականների յաղթանակը Թուրքիայում աշխարհացրիւ արեց 1915 թուականի Ցեղասպանութիւնից փրկուած հայ ժողովրդի բեկորներին իրենց բնակավայրերից: 1915 թուականի եղեռնը վերապրած հարիւրհազարաւոր հայեր վերադարձել էին իրենց նախկին բնակավայրերը: Այդ հայերից մեծ մասը 1922 թուականի վերջին քեմալականների հալածանքներից մազապուրծ, կողոպտուած եւ ունեզրկուած, վերջնականապէս լքեց պապենական օճախները եւ արտագաղթեց Խորհրդային Հայաստան, Հիւսիսային Կովկաս, Պարսկաստան, Սուրիա, Լիբանան, Պալքաններ, Ամերիկա եւ այլն: Քեմալականները հայերի սպանդ, հալածանքներ եւ կողոպուտ իրականացրեցին ոչ միայն Արեւմտեան Հայաստանում, Կիլիկիայում եւ կայսրութեան տարբեր շրջաններում, այլ նաեւ` Հայաստանի Հանրապետութեան տարածքում 1920 թուականին Հայաստանի Ա. Հանրապետութեան դէմ վարած պատերազմում: 1919 թուականին, Հայկական ազգային պատուիրակութեան նախաձեռնութեամբ, օտարերկրեայ մասնագէտներից յատուկ յանձնաժողով կազմուեց` Օսմանեան կայսրութիւնում Ցեղասպանութեան իբրեւ հետեւանք հայերին հասցուած նիւթական վնասի գնահատման համար: Յանձնաժողովը եկաւ այն միաձայն եզրակացութեանը, որ հայերից զաւթուած արժէքները 3 միլիառ 750 միլիոն ամ. տոլար արժողութիւն ունեն:
Այս թիւն ընդունեց նաեւ ամերիկեան քոնկրեսի յանձնաժողովը` Ճէյմս Ճերարտի գլխաւորութեամբ: Բնաջնջելով, բռնի տեղահանելով Արեւմտեան Հայաստանի եւ Օսմանեան կայսրութեան տարբեր վայրերում ապրող հայերին` երիտթուրքական եւ քեմալական իշխանութիւնները տնտեսական ասպարէզից վերացրին նաեւ իրենց հզօր մրցակցին` հայ ազգաբնակչութեանը: Հայերի ունեցուածքի, հարստութեան հաշուին, անհատական եւ հաւաքական անշարժ եւ շարժական գոյքերի իւրացմամբ թուրքերն ստեղծեցին ազգային քաղքենիութիւն: Հայերի տնտեսութեան ոչնչացումը դարձաւ թուրքական տնտեսութեան զարգացման հիմքը: Եւ վեջապէս, թուրքական ազգայնամոլական շարժումը, որի արդիւնքում 1923 թուականի հոկտեմբերի 29-ին ստեղծուեց Թուրքիայի Հանրապետութիւնը, նոյնպէս հայկական ունեցուածքի հաշուին էր: Այս առումով տեղին է յիշել թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետեւեալ բնութագրումը` «Հանրապետական Թուրքիան 1915-ի վրայ է հիմնուած»: Ժամանակակից Թուրքիայի հանրապետութիւնը նոյնիսկ 100 տարի անց ժխտում է, որ կատարել է մարդկութեան ամենածանր յանցագործութիւնը` Հայոց ցեղասպանութիւնը:
Վերջաբան
Ամփոփելով` հարկաւոր է փաստել: Մեր ուսումնասիրութիւնը ցոյց տուեց, որ կոտորելով, ունեզրկելով մի ողջ ժողովրդի, տիրելով դարերի տքնութեամբ ու քրտինքով ստեղծած ունեցուածքին` թուրքական իշխանութիւնները կարողացան լուծել պետութեանը եւ թուրքերի ազգային անվտանգութեանը սպառնացող բազմաթիւ հարցեր: Ունեզրկելով հայերին` թուրքերը կարողացան լցնել պետական դատարկ գանձարանը, հոգալ Ա. Համաշխարհային պատերազմի ընթացքում առաջացած պատերազմական մեծագումար ծախսերը, ինչպէս նաեւ` վճարել արտաքին պարտքի զգալի մասը, որը պատերազմի նախօրեակին կազմում էր 64 միլիոն սթերլին: Նաեւ այս հարցերի լուծմանն էր միտուած երիտթուրքական պարագլուխների կողմից ծրագրուած հայասպանութեան քաղաքականութիւնը:
Քեմալական իշխանութիւնները շարունակեցին երիտթուրքական կառավարութեան կողմից ծրագրուած եւ իրականացուած հայաջինջ քաղաքականութիւնը. հայ ժողովրդին կոտորելով եւ ունեզրկելով` ստեղծեցին մի երկիր, որը մեզ յայտնի է որպէս ժամանակակից Թուրքիայի Հանրապետութիւն:
Թուրքիայի Հանրապետութիւնը իր գոյութեան ողջ ընթացքում ոչ միայն չճանաչեց իր նախնիների կողմից իրականացուած Հայոց ցեղասպանութիւնը, այլեւ մինչ օրս չի խնայում ոչ մի միջոց` Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը փակելու ուղղութեամբ: Հայոց ցեղասպանութեան ճանաչման, քաղաքական եւ նիւթական պատասխանատուութեան հարցը փորձել է փակել ոչ միայն Թուրքիան: Այս հարցի շուրջ գործնական քայլեր են ձեռնարկել եւ շարունակում են ձեռնարկել որոշ եւրոպական երկրներ եւս, որոնք մեղաւոր են Հայոց ցեղասպանութեան թողտուութեան (Անտանտի երկրներ) եւ նոյնիսկ մասնակցութեան (Գերմանիա) մէջ:
Ցեղասպանութեան ժամանակ հայերից կողոպտուած հարստութիւնը, որը պահւում է ֆինանսների նախարարութիւնում, բազմիցս օգնել է Թուրքիայի Հանրապետութեանը դուրս գալ տնտեսական դժուարին իրավիճակներից: Թուրքիայի Հանրապետութիւնը Ցեղասպանութեան ճանաչումից բացի` նիւթական պատասխանատուութիւն պէտք է կրի, քանի որ հռչակուել եւ որպէս պետութիւն կայացել է ի հաշիւ հայերի հարիւրամեակներով ստեղծած հարստութեան կողոպուտի:
ԱՐԷՆ ՊԵՏՈՒՆՑ
Թուրքագէտ
«Թուրքագիտական Փորթալ»
(Վերջ)