Ուսումնասիրող Էրոլ Քեթենճիի` Պոլսում գտնուող Վարչապետարանի օսմանեան արխիւում յայտնաբերած երկու փաստաթղթեր խիստ կարեւոր տեղեկութիւններ են պարունակում Համշէնի եւ համշէնահայութեան վերաբերեալ:
Փաստաթղթերից առաջինը գրուել է 1913 թ. յունիսի 1-ին: Տուեալ ժամանակաշրջանի օսմանեան գլխաւոր սպայակոյտի կողմից ներքին գործերի նախարարութեանը յղուած սոյն փաստաթղթում նշւում է, որ Համշէնի շրջանում տեղ գտած որոշ գիւղերի բնակիչները, գիւղեր, որոնց անուանումները մէկ առ մէկ տրւում են, «Համշէն անուամբ յայտնի հայերից կրօնափոխուած մահմետականներ» են: Իսկ 1913 թ. յունիսի 1-ի ամսաթիւը կրող միւս փաստաթուղթը մի պաշտօնական գրութիւն է` ներքին գործերի նախարարութիւնից յղուած Տրապիզոնի նահանգապետարանին: Սոյն գրութեան մէջ նշւում է, որ առաջին փաստաթղթում մէկ առ մէկ յիշատակուած գիւղերի բնակչութիւնը «թէեւ ծագմամբ հայ է, սակայն դաւանափոխ է եղել»: Այս երկու գրութիւնների ընդհանուր նպատակը համշէնահայերի «միամտութեան եւ անգրագիտութեան պատճառով միսիոնարների խաբէութիւններին տրուելուն» արգելք հանդիսանալն է:
Փաստաթղթերը «Ակօս»-ի ընթերցողների համար մեկնաբանել է հայագէտ Հայկազուն Ալվրցեանը: Իսկ պատմաբան Թաներ Աքչամն անդրադարձել է համշէնահայերի մասին հանրայայտ «գաղտնիքներին»: Թէ՛ Թաներ Աքչամը եւ թէ՛ համշէնցի ուսումնասիրող Էրոլ Քեթենճին արձանագրեցին, թէ վերոյիշեալ փաստաթղթերը որքան կարեւոր են տուեալ շրջանի ժողովրդի պատմութիւնն ու մշակոյթն ըմբռնելու առումով:
Ներքին գործերի նախարարութիւն
Փաստաթուղթ թիւ` 388
պատրաստման ամսաթիւը` 1913 թ. յունիսի 3
մաքրագրման ամսաթիւը` 1913 թ. յունիսի 4
Տրապիզոնի նահանգապետարանին
Ծագումով հայ, սակայն կրօնափոխ եղած եւ Համշէն անուամբ յայտնի Խոպայի սահմանային գումարտակի կողմերում գտնուող Զուրփիճի (Եոլտերէ), Արվալա (Էշմեքայա, Չիմենլի), Հայկի, Զարկինա (Կիւնեշլի), Կարճի (Հենտէք) գիւղերը միամտութեան եւ անգրագիտութեան պատճառով կարող են տրուել միսիոնարների խաբէութիւններին: Տեղական իշխանութիւնները պէտք է լուսաբանեն համշէնցիներին եւ նրանց ճիշտ ուղին ցոյց տան: Այդ անհրաժեշտութեան մասին մեզ է յայտնել մեր պաշտպանութեան նախարարութիւնը` Ռուսաստանի հետ սահմանին գտնուող մեր կոմիսարութեան գրութեան վրայ հիմնուելով եւ ուշագրաւ համարելով իրավիճակը մեկնաբանող այդ գրութիւնը: Պէտք է այդ ուղղութեամբ անել այն, ինչ անրաժեշտ է:
***
Գլխաւոր սպայակոյտի նախագահութիւն
չորրորդ մասնաճիւղ
321
1
Ստամպուլ
Թեման` Խոպայի սահմանային գումարտակի շրջանում գտնուող գիւղերի բնակչութեան մասին
ներքին գործերի նախարարութեանը
Գաղտնի է
Յարգարժա՛ն պետական այր, Տրապիզոնի նահանգին ենթակայ Խոպա գաւառում գտնուող Խոպայի սահմանային գումարտակի կողմերի Զուրփիճի /Եոլտերէ/, Արվալա /Էշմեքայա, Չիմենլի/, Չաւուշլու, Հայկի, Զարկինա /Կիւնեշլի/, Կարճի /Հենտէք/ գիւղերի բնակչութիւնը յայտնի է Համշէն անունով եւ բաղկացած է հայ կրօնափոխ մուսուլմաններից. մնացած բնակչութիւնը կազմուած է մահմետական լազերից: Քանի որ համշէնցիները միամիտ եւ անգրագէտ են, ոեւէ միսիոնար կարող է յաջող կերպով գործունէութիւն ծաւալել այնտեղ: Այդ պատճառով մեր տեղական իշխանութիւնների կողմից բնակչութեան նախազգուշացման եւ ուղեցոյց լինելու անհրաժեշտութիւնը վերին աստիճանի կարեւոր է: Այդ կարեւորութիւնը շեշտուել է Ռուսաստանի հետ սահմանային կոմիսարութեան Խոպայի գումարտակին պատկանող զեկոյցի մի պարբերութեան մէջ: Եւ մենք սոյն հարցն ուշագրաւ համարելով` ցանկանում ենք, որ անհրաժեշտն արուի այդ ուղղութեամբ:
1913 թ. յունիսի 1
պաշտպանութեան նախարարի անունից` խորհրդական
Ստորագրութիւն
Հայագէտ Հայկազուն Ալվրցեան. «Միսիոնար ասելով` հայերին նկատի ունեն»
Համշէնի եւ համշէնահայերի վերաբերեալ վերջին տասնամեակներին բաւականին հետաքրքրութիւն է նկատւում. յատկապէս շատ է խօսւում իսլամացած համշէնահայերի մասին: Գիտական անաչառ ուսումնասիրութիւնների կողքին ի յայտ են գալիս յատուկ պատուերով գրուող նիւթեր, որոնցում փորձ է արւում իսլամացած համշէնահայերի պատմութիւնն ամբողջութեամբ նենգափոխել կամ աղաւաղել: Դրանցում, որպէս օրէնք, համշէնահայերն անպայման ներկայացւում են որպէս թուրքական այս կամ այն ցեղից սերուածներ: Այս պարունակում աւելի անհեթեթ եւ անլուրջ են այն բացատրութիւնները, թէ նրանք ինչո՛ւ են խօսում հայոց լեզուի Համշէնի բարբառով:
Թուրքիայի բազմաթիւ ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ գործադրուող պետական այս քաղաքականութեան խարխլուելու հետեւանքով այսօր երկրի բազմաթիւ քաղաքացիներ հնարաւորութիւն են ստացել, թէեւ առայժմ զգուշաւոր կամ վարանոտ, խօսել իրենց ազգային ինքնութեան մասին:
Այս պարունակում համշէնցիների վիճակը փոքր ինչ շահեկանօրէն տարբերւում է: Ճիշդ է` նրանք երբեք իրենց թուրք չեն համարել, սակայն հիմնական զանգուածը, վախի կամ այլ գործօնների ազդեցութեան տակ, նաեւ իր հայկական ինքնութեան մասին բարձրաձայն չի խօսել:
Այսօր նորանոր հետազօտութիւններ են ի յայտ գալիս համշէնահայերի պատմութեան, մշակոյթի, լեզուի եւ ինքնութեան վերաբերեալ, որոնք, անշուշտ, աւելի են հիմնաւորւում պատմական-արխիւային փաստաթղթերի առկայութեամբ:
Այս առումով ներկայացուող փաստաթուղթը ձեռք է բերում գիտական-ապացուցողական կարեւոր նշանակութիւն յատկապէս այն պատճառով, որ`
1. Հերքում է Թուրքիայի այսօրուայ իշխանութիւնների եւ նրանց կողմից ուղղորդուող այն «գիտնականների» պնդումները, թէ հէմշիլները հայկական ծագում չունեն:
2. Յատկապէս ուշադրութիւն է գրաւում այն միտքը, թէ` «Քանի որ համշէնցիները միամիտ եւ անգրագէտ են, ոեւէ միսիոնար կարող է յաջող կերպով գործունէութիւն ծաւալել այնտեղ»: Ակնյայտ է, որ սահմանապահ ծառայութիւնները անհանգստացած են համշէնցիների եւ Հայաստանի այլ շրջանների հայերի միջեւ շփումներից, որոնք, ինչպէս պէտք է ենթադրել, եղել են բաւականին աշխուժ, այլապէս իշխանութիւնների համար անհանգստանալու առիթ չէին դառնայ: Ասուածի ապացոյց է նաեւ այն, որ` «Ծագումով հայ, սակայն կրօնափոխ եղած եւ Համշէն անուամբ յայտնի Խոպայի սահմանային գումարտակի կողմերում», ինչպէս նշուած է փաստաթղթում, բնակւում են նաեւ գրագիտութեամբ համշէնցիներից չտարբերուող մահմետական լազեր, որոնց առիթով, սակայն, չի նշւում միսիոնարների ազդեցութեան տակ ընկնելու վտանգի մասին: Դժուար չէ ենթադրելը, որ «միսիոնար» անուան տակ փաստաթղթի հեղինակը նկատի ունի հայերի:
3. Փաստաթղթից բխող միւս կարեւոր եզրակացութիւնն էլ այն, է որ 200 տարի անց էլ իշխանութիւնները վախեցել են, թէ բռնի իսլամացած համշէնահայերը կարող են վերադառնալ իրենց հայկական ինքնութեանն ու նախնիների կրօնին:
4. Եւ, վերջապէս, փաստաթուղթը աներկբայ պատասխան է տալիս նաեւ մի խիստ կարեւոր հարցի. ո՞վ, ե՞րբ եւ ինչո՞ւ սկսեց կեղծել Համշէնի եւ համշէնահայերի պատմութիւնը: Այդ մասին յստակ նշուած է. «Տեղական իշխանութիւնները պէտք է լուսաբանեն համշէնցիներին եւ նրանց ճիշտ ուղին ցոյց տան: Այդ անհրաժեշտութեան մասին մեզ է յայտնել մեր պաշտպանութեան նախարարութիւնը»:
Ուսումնասիրող Էրոլ Քեթենճի. «Մահմետական հայ» իրողութիւնը
Իթթիհատականների` գրեթէ Ալլահի դէմ պատերազմ յայտարարելով` ժողովուրդներին եւ նրանց լեզուներն անտեսող բռնապետական կիրառումների հետեւանքով իրենց ինքնութիւնները թաքցնել հարկադրուած ժողովուրդների մէկը եղող համշէնական ժողովրդի ծագման վերաբերեալ ի յայտ եկած սոյն փաստաթղթերը խիստ մեծ կարեւորութիւն ունեն: Այս վաւերագրերը մեզ մէկ անգամ եւս ցոյց են տալիս, որ ոչ մի բան չի կարող մինչեւ վերջ գաղտնի մնալ: Ինքս, որպէս այդ շրջանից գաղթած մի ընտանիքի անդամ, արդէն իսկ ներքուստ գիտէի այդ փաստի մասին: Բազմաթիւ համշէնցիներ եւս առնուազն կասկածներ ունեն այդ հարցի վերաբերեալ: Թէ՛ ծինաբանական ուսումնասիրութիւնները եւ թէ՛ տուեալ շրջանի ժողովորդի օգտագործած լեզուն եւս վերջին տարիներին վերստին օրակարգ են բերել այդ իրողութիւնը: Սակայն այսօր մեր կողմից հրապարակուած այս փաստաթղթերը վերջ են տալիս այդ բանավէճին: Այսօրուայ իմաստով օսմանեան Գլխաւոր սպայակոյտի եւ ներքին գործերի նախարարութեան` իրար հետ ունեցած գաղտնի նամակագրութիւններում բացէիբաց ցոյց է տրուած, որ Համշէնի բնակչութիւնը «Մուսուլման հայ է»: Սոյն հարցն այլեւս դադարեց քննարկման թեմա լինելուց եւ այնպիսի պարզորոշութիւն ձեռք բերեց, որը ոչ մի կասկածի տեղիք չի տալիս:
Սոյն փաստը մի կողմից` մեզ ցոյց տուեց, որ այսուհետեւ հայերը եւս պարտաւոր չեն իրենց միայն քրիստոնեայ ինքնութեամբ բնորոշել, իսկ միւս կողմից Անատոլիայի բնակչութեանը ներկայացրեց այն իրողութիւնը, թէ ինչպէս որ կարող են լինել քիւրտ, վրացի, չերքէզ կամ ալպանացի մուսուլմաններ, այնպէս էլ` հայ մահմետական եղբայրներ:
Թաներ Աքչամ. Հանրայայտ «գաղտնիքները»
Պատմաբան Թաներ Աքչամը «Ակօս»-ի ընթերցողների համար գրել է, թէ ուսումնասիրող Էրոլ Քեթենճիի` Վարչապետարանի օսմանեան արխիւում յայտնաբերած այս երկու փաստաթղթերը ինչեր են իրեն յիշեցրել.
Հայերի շրջանում առկայ են բազմաթիւ հանրայայտ «գաղտնիքներ»: Երջանկայիշատակ Հրանտը (նկատի ունի Տինքին-«Ակունք»-ի խմբ.) շատ էր սիրում մեզ հետ կիսուել այդ «գաղտնիքներով»: Երբ ընդգծելով, թէ այդ գաղտնիքների մասին տեղեակ է իւրաքանչիւր հայ, մեզ հետ կիսւում էր այդ գաղտնիքներով, ծիծաղում էր` մեր մէջ յարուցուած զարմանքը նկատելով: Բոլորս գիտէինք, որ համշէնցիները հայ են, սակայն երբ նա յիշատակում էր նրանց յայտնիներին, բոլորս ապշում էինք: Հետագայում ես նոյնպէս սկսեցի առաջին վկան դառնալ այդ «գաղտնիքներից» մի քանիսին:
Հիմա Էրոլ Քեթենճիի` օսմանեան արխիւում գտած այդ փաստաթղթերը թէեւ չափից դուրս յայտնի փաստերի արձանագրում են, սակայն դա չէ էականը: Ինչպէս յայտնի է, խիստ յաճախ ասում են` «իսկ որտե՞ղ է փաստաթուղթը, փաստաթուղթը»… Ահա՛ եւ ձեզ փաստաթուղթը:
Կարեւոր չէ, թէ իրենց ինչ են զգում համշէնցիները` մահմետական, հայ, թուրք: Նրանք այս երկրի գեղեցկութիւնը կրկնապատկո՜ւմ են:
Սկզբնաղբիւրը` «Ակօս» շաբաթաթերթ
Թարգմանեց ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ
«Ակունք»