Զրոյցը` ԱՐՄԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆԻ
Իսլամացած համշէնահայերի ինքնութեան սեփական ընկալումը, համշէնական մշակոյթը: Այս եւ այլ թեմաների շուրջ է մեր զրոյցը «Լազարեան հիմնարկ» գիտակրթական ՀԿ-ի նախագահ ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆԻ եւ Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի թուրքերէնի բաժնի ղեկավար ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԻ հետ, ովքեր վերջերս են վերադարձել Թուրքիայից:
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ նպատակ ունէր այցը Թուրքիա:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի շրջանակներում մինչ այս այցն էլ բազմաթիւ շփումներ էի ունեցել համշէնահայերի հետ թէ՛ նոյն Խոպա քաղաքում, թէ՛ Պոլսում եւ թէ՛ Երեւանում: Նշեմ, որ Պոլսում 2011-ից գործում է համշէնահայերի «Հատիկ» միութիւնը, որի նպատակն է համշէնական մշակոյթի պահպանումը: Մեր այս այցի հիմնական նպատակն էր ուսումնասիրել եւ հայաստանեան ու սփիւռքահայ հանրութեանը ներկայացնել Թուրքիայի Արդուին նահանգի Խոպա գաւառում եւ նոյնանուն քաղաքում բնակուող իսլամացած համշէնահայերի ինքնութեան սեփական ընկալումն ու համշենական մշակոյթը:
Հարկ է նշել, որ գիտական շրջանակներում ընդունուած է բոլոր համշէնահայերին բաժանել երեք հիմնական խմբի. 1. արեւմտեան կամ Ռիզէի, որում ընդգրկուած համշէնահայերը թէ՛ թուրքախօս են, թէ՛ իսլամացած, 2. արեւելեան կամ Խոպայի, որի կազմում եղող համշէնահայերը հայախօս են, այսինքն` խօսում են Համշէնի բարբառով, սակայն իսլամացած են, 3. հիւսիսային կամ Ռուսաստանի եւ Աբխազիայի, որում ընդգրկուած համշէնահայերը եւ՛ հայախօս են, եւ՛ քրիստոնեայ: Մեր ուսումնասիրութեան թիրախում են եղել միայն արեւելեան կամ Խոպայի խմբի համշէնահայերը: Ինչպէս նշեցի, նրանք հայախօս են, սակայն շեշտեմ, որ գրեթէ բոլոր հարցազրոյցներն իրականացուել են թուրքերէն, քանի որ Համշէնի բարբառը դիւրընկալելի չէ հայաստանցի հայերիս: Այնուամենայնիւ, մենք աշխատում էինք նրանց հետ զրուցել նաեւ մեր մայրենիով: Ի դէպ, մեր ուղեւորութիւնը հնարաւոր եղաւ «Գալուստ Կիւլպենկեան» հիմնադրամի հովանաւորութեամբ, ինչի համար մեր խորին երախտագիտութիւնն ենք յայտնում հիմնադրամին:
Հ.- Համշէնցիներն ինչպէ՞ս են վերաբերւում նման այցերին, իրենց նկատմամբ հայաստանցիների հետաքրքրութեանն ու ուշադրութեանը:
Մ. Ա.- Ասացի, որ համշէնցիները բաժանւում են երեք հիմնական խմբի, սակայն այս խմբերն էլ միատարր չեն: Օրինակ, Խոպա գաւառի համշէնահայերը միմեանցից տարբերւում են թէ՛ քաղաքական հայեացքներով, թէ՛ աշխարհընկալմամբ, թէ՛ սեփական ինքնութեան մասին պատկերացումներով: Այնուամենայնիւ, Խոպայի համշէնահայերի մէջ կայ խումբ, որն ընդունում է իր հայկական ծագումը: Այս հարցում յատկապէս պէտք է յիշատակել համշէնցիների ձախակողմեան զանգուածը, որն ունի մարքսիստական հայեացքներ:
Համշէնցիները հիւրասէր են, եւ անգամ հայկական ծագումը չընդունողները մեր հանդէպ դրսեւորում էին բարեացակամ վերաբերմունք: Հարկ է յատկապէս ընդգծել հայութեան եւ հայկականութեան նկատմամբ այն հետաքրքրութիւնը, որն առկայ է անխտիր բոլոր համշէնցիների մէջ: Կարելի է արձանագրել, որ իրենց հայկական ծագումը յամառօրէն չընդունող համշէնահայերի վրայ անգամ նման այցերը դրական ազդեցութիւն եւ հետեւանք են թողնում: Վստահ եմ, որ փոխճանաչման եւ փոխընկալման առումով նման շփումները եկուստէք կարեւոր են` թէ՛ համշէնահայերի, թէ՛ հայաստանցի հայերի համար:
ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ.- Խոպայի համշԷնահայերն առանձնանում են իրենց ինքնատիպ ջերմութեամբ: Նրանց շրջապատում պաշտպանուածութեան եւ հարազատութեան իւրայատուկ զգացում է առաջանում: Մեր այցելութիւնը կարեւոր էր ոչ միայն մեզ` որպէս հետազօտողների, այլեւ իրենց համար, քանի որ ինքնութեան բարդ ու հակասական փնտռտուքների մէջ գտնուող համշԷնահայերի համար այնքան կարեւոր դարձան մեր հանդիպումներն ու փոխշփումները, որ նրանք, որքան էլ զարմանալի թուայ, իրենց զաւակներին անուանակոչելու համար խնդրում էին հայկական անուններ թուարկել:
Հ.- Համշէնահայերի երգն ու պարը, սովորոյթները, լեզուն, կենցաղը, ինքնութեան ընկալումներն ինչո՞վ են առանձնանում:
Մ. Ա.- Կարելի է ասել, որ գործ ունենք ընդհանրապէս համշէնական մշակոյթ երեւոյթի հետ, որը թէեւ իր ակունքներով հայկական է, սակայն դարերի ընթացքում վերածուել է մի ուրոյն մշակոյթի: Նաեւ հարկ է նշել, որ համշէնական մշակոյթի մէջ միաժամանակ առկայ են թէ՛ հայկական, թէ՛ սեւծովեան շրջանի մշակութային տարրեր: Որպէս զուտ համշէնական մշակոյթի տարր` կարելի է յիշատակել, օրինակ, պարկապզուկը, որը շատ հնում օգտագործել են բոլոր հայերը, բայց որքան ինձ է յայտնի, պահպանուել է միայն համշէնահայերի մօտ: Դա առանձին ուսումնասիրութեան հարց է: Ի դէպ, համշէնահայերի մշակոյթով հետաքրքրուողներին խորհուրդ կը տամ կարդալ 2007-ին Պէյրութում եւ Երեւանում հայերէն եւ թուրքերէն առանձին գրքերով հրատարակուած «Համշէն եւ համշէնահայութիւն» գիտաժողովի արժէքաւոր նիւթերը:
Ինչ վերաբերում է մեր կատարած ուսումնասիրութեանը, ապա ընդհանրացնելով` կարելի է արձանագրել, որ համշէնահայերը սեփական մշակոյթի եւ լեզուի հանդէպ մշակել են մի ուրոյն մօտեցում, համաձայն որի` իրենց ընկալում են ոչ թէ հայ կամ մէկ այլ ժողովրդի ներկայացուցիչ, այլ ուղղակի համշէնցի, իսկ իրենց մշակոյթն էլ` համշէնական:
Հ.- Համշէնի մշակոյթը մեզ մօտ տարածելու, համատեղ ծրագրեր իրականացնելու քայլեր առանձնապէս չեն իրականացւում: Մենք հեշտութեամբ համշէնական արուեստը, երգն ու պարը կարող ենք շփոթել թուրքականի հետ:
Մ. Ա.- Քայլեր, թերեւս, արւում են, սակայն ինչպէս իրաւամբ նկատեցինք, դրանք իրօք բաւարար չեն: Եթէ անդրադառնանք համշէնական մշակոյթը ներկայացնելուն ուղղուած աշխատանքներին, ապա նախ պէտք է յիշատակենք արդէն տասը տարի անընդմէջ Հայաստանում հրատարակուող «Ձայն համշէնական» ամսաթերթը, որի գլխաւոր խմբագիրն է կրօնափոխ համշէնահայերի բանահիւսութեան, բարբառի եւ երգարուեստի վերաբերեալ բազմաթիւ ուսումնասիրութիւնների հեղինակ Սերգէյ Վարդանեանը: Հարկ է նաեւ նշել 2005-ին Սոչիում համշէնահայութեանը նուիրուած առաջին միջազգային գիտաժողովի կազմակերպիչներից եւ «Համշէն եւ համշէնահայութիւն» գիտաժողովի նիւթերի խմբագիրներից Հայկազուն Ալվրցեանին, ով նաեւ Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէնն է: Թող անհամեստ չհնչի, սակայն մեր կենտրոնը ոչ միայն յատուկ ուսումնասիրութիւններ է կատարում Համշէնի եւ համշէնահայութեան ուղղութեամբ, այլեւ այդ բոլոր նիւթերը միաժամանակ ներկայացնում է հայերէն եւ թուրքերէն` Akunq.net երկլեզու կայքէջում, որում առանձնացուած է յատուկ բաժին` նուիրուած համշենահայերին: Յիշատակման են արժանի նաեւ թուրքագէտ Լուսինէ Սահակեանի կատարած ուսումնասիրութիւնները եւ նրա հեղինակած վաւերագրական ժապաւէնը` «Համշէնը անցեալի եւ ներկայի խաչմերուկներում»: Կարծում եմ` իրականում այնքան էլ հեշտ չէ համշէնական մշակոյթը շփոթել թուրքականի հետ. այն, ըստ իս, լիովին տարբերւում է թուրքական մշակոյթից:
Հ.- Կար մի շրջան, երբ շատ էր խօսւում ինքնութեան վերահաստատման դէպքերի մասին: Իրականում ի՞նչ թիւ են կազմում դրանք: Կա՞յ այսօր ինքնութիւնը գաղտնի պահելու անհրաժեշտութիւն:
Մ. Ա.- Անկեղծ ասած` ես նման թեմաների դէպքում սովորաբար խուսափում եմ թուերից, քանի որ կարծում եմ` թուեր սահմանելու համար անհրաժեշտ է յատուկ ուսումնասիրութիւն: Ներկայումս իրօք յաճախ է նկատւում իսլամացած հայերի վերադարձ քրիստոնէութեանը: Սակայն պէտք է տարբերակել իսլամացած հայերի խմբերը, որոնց մէջ առանձնայատուկ տեղ են գրաւում համշէնահայերը, ովքեր բռնի իսլամացուել են ոչ թէ Ցեղասպանութեան ժամանակ, թէեւ Մեծ եղեռնի տարիներին եւս գրանցուել են քրիստոնեայ համշէնահայերի մահմետականացման դէպքեր, այլ Ցեղասպանութիւնից մի քանի դար առաջ, դեռեւս 17-18-րդ դարերում: Եթէ վերադարձ ինքնութեանը ասելով` նկատի ունենք վերադարձ քրիստոնէութեանը, ապա պէտք է նշել, որ այնքան էլ մեծ չէ այն համշէնահայերի թիւը, ովքեր վերջին տարիներին ընդունել են քրիստոնէութիւն: Եթէ մի կողմ թողնենք հաւատի հարցը, ապա կարող ենք արձանագրել, որ նրանց պարագայում ինքնութեանը վերադառնալու խնդիր, որպէս այդպիսին, գոնէ իրենց համար գոյութիւն չունի, քանի որ իրենք իրենց ընկալում են որպէս համշէնցի: Ինչ վերաբերում է ինքնութիւնը գաղտնի պահելու անհրաժեշտութեանը, պէտք է արձանագրել, որ այսօրուայ Թուրքիայում, առաջուայ համեմատ, որոշ ազատութիւններ են շնորհւում փոքրամասնութիւններին: Այդ փաստը պայմանաւորուած է մի շարք գործօններով` վերջին քսանամեակում քրտական հարցի աշխուժացմամբ, ԽՍՀՄ-ի փլուզմամբ, Թուրքիայի` ԵՍ-ին անդամակցելու գործընթացով եւ այլն: Կարծում եմ` այսօր ինքնութիւնը գաղտնի պահելու անհրաժեշտութիւն կարող են զգալ փոքրամասնութիւնների առաւելապէս բարձր պաշտօններ ունեցող ներկայացուցիչները, այդ թուում` համշէնահայերը:
Հ.- Ժամանակակից Թուրքիայում ապահո՞վ է ապրում համշէնցին, առհասարակ, ի՞նչ խնդիրների է բախւում այսօր:
Մ. Ա.- Ներկայումս համշէնցիների ամենամեծ խնդիրը լեզուի եւ մշակոյթի պահպանումն է, քանի որ համշէնահայերէնը հետզհետէ անհետանում է: ԵՈՒՆԵՍՔՕ-ի հրապարակած «Վտանգի տակ գտնուող լեզուների ատլասը» ցոյց է տալիս, որ 18 լեզու Թուրքիայում վերացման վտանգի տակ է: Համշէներէնը տեղ է գտել «բացայայտ վտանգի տակ եղող» լեզուների շարքում: Մեր կատարած ուսումնասիրութիւնները եւս ցոյց տուեցին, որ համշէնահայերի նոր սերունդը, ցաւօք, արդէն գրեթէ չի կարողանում հաղորդակցուել համշէնահայերէնով: Դրա պատճառները մի քանիսն են. քաղաքայնացման, համաշխարհայնացման, ինչպէս նաեւ զուտ ենթակայական գործօնը, երբ բազում համշէնահայ ծնողներ իրենց զաւակների հետ միտումնաւոր չեն խօսել համշէնահայերէն, որպէսզի նրանք կարողանան «աւելի լաւ իւրացնել պաշտօնական լեզու թուրքերէնը եւ լաւ կրթութիւն ու աշխատանք ունենալու հնարաւորութիւն ունենան»:
Հ.- Ի՞նչ ծրագրեր ունէք առաջիկայում:
Մ. Ա.- Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի հիմնական նպատակն է գիտական ուսումնասիրութիւններ իրականացնել Արեւմտեան Հայաստանի շրջաններում, պատմական Կիլիկիայում, Համշէնում եւ ընդհանրապէս ներկայիս Թուրքիայի Հանրապետութեան տարբեր շրջաններում Ցեղասպանութիւնից փրկուած արեւմտահայութեան բեկորների` իսլամացած եւ ծպտեալ հայութեան վերաբերեալ: Կենտրոնի կատարած ուսումնասիրութիւնները եւ յիշեալ հարցերի, նաեւ Կոստանդնուպոլսի հայկական համայնքի խնդիրների եւ Ցեղասպանութեան մասին արուած այլ հետազօտութիւններ եւ լուրեր ներկայացուած են կենտրոնի երկլեզու` հայերէն եւ թուրքերէն կայքէջում, ինչպէս նաեւ հրատարակւում են հայերէն ու թուրքերէն մենագրութիւնների տեսքով: Կենտրոնի կարգախօսն է` «Վերադարձ ձեր ակունքներին. ոմանց համար` դէպի Արեւմտահայաստան, ուրիշների համար` դէպի հայութիւն»: Հասկանալի է, որ գոնէ մտքով Արեւմտահայաստան վերադառնալու հասցէատէրերը հիմնականում Արեւելեան Հայաստանի հայերն ու յատկապէս սփիւռքահայերն են, իսկ դէպի հայութիւն վերադարձողները` Արեւմտեան Հայաստանում, Փոքր Հայքում, Կիլիկիայում եւ Թուրքիայի այլ տարածքներում հրաշքով վերապրած հայերը: Կենտրոնի թուրքերէն կայքէջի հասցէատէրը հէնց իսլամացած կամ ծպտեալ հայերն են, ովքեր ճակատագրի բերումով մոռացել են իրենց մայրենին: Հէնց այդ հայերի համար կենտրոնը թուրքերէնով ներկայացնում է ոչ միայն Արեւմտեան Հայաստանի բոլոր նահանգների, գաւառների եւ քաղաքների պատմութիւնը, այլեւ` ամբողջական հայոց պատմութիւնը եւ Հայ Առաքելական եկեղեցու հիմնական դրոյթները: Թէեւ կայքն ունի բազմաթիւ այլ բաժիններ, սակայն ես կ՛առանձնացնէի յատկապէս վերջին երկուսը, քանի որ Թուրքիայում ապրող հայերը հարկադրուած են սեփական պատմութեանը ծանօթանալ թուրքական աղճատուած եւ խեղաթիւրուած աղբիւրներից, իսկ մեր կայքը հնարաւորութիւն է տալիս տեղեկանալու ճշգրիտ պատմական փաստերին: Խիստ կարեւոր է նաեւ «մեր հաւատքը» բաժինը, քանի որ թուրքերէն ներկայացնելով Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրոյթները` մենք վերստին քրիստոնէութեան վերադառնալ ցանկացող հայերի համար հնարաւորութիւն ենք ստեղծում առնչուելու հայոց հաւատին:
Թ. Մ.- Հաշուի առնելով այն փաստը, որ «Լազարեան հիմնարկ» գիտակրթական հասարակական կազմակերպութեան առաջնահերթ նպատակներից մէկն էլ երիտասարդ գիտնականների մասնագիտական զարգացման գործընթացը խրախուսելն է, կարեւորում ենք յատկապէս գիտաժողովների, կլոր սեղանների, սեմինարների կազմակերպումը: Մեր առաջիկայ ծրագրերից է Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի հետ համատեղ երկօրեայ երիտասարդական գիտաժողովի կազմակերպումը` նուիրուած «Հայոց ցեղասպանութեան» 100-րդ տարելիցին: Գիտաժողովը, որը կրում է «Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման գործընթացը, նոր սերնդի ակնկալիքներն ու անելիքները» խորագիրը, տեղի կ՛ունենայ 2015 թ. մայիսի 14-ին եւ 15-ին` Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնում: Մայիսի 15-ին` գիտաժողովի փակումից յետոյ, կը հրաւիրուի կլոր սեղան-քննարկում, ապա կ՛իրականացուի քայլարշաւ դէպի Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր` որպէս յարգանքի տուրք Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
«Իրատես»