Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեան Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով յղեց հետեւեալ ուղերձը:
«Մեր ազգի յիշողութեան մէջ 1915-ի վէրքերը չեն սպիացել եւ չեն էլ կարող սպիանալ, քանի դեռ 20-րդ դարասկիզբին աշխարհի աչքի առջեւ Օսմանեան կայսրութեան կողմից հայ ժողովրդի դէմ իրականացուած այդ հրէշաւոր ոճրագործութիւնը չի ստացել արժանի գնահատական, քանի դեռ այդ յանցաւոր քաղաքականութիւնը շարունակւում է նաեւ մեր օրերում` ամէն անգամ ստանալով նոր կերպարանք ու նոր անուն:
Մենք խորապէս շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր այն ժողովուրդներին ու պետութիւններին, ովքեր օգնութեան ձեռք մեկնեցին թուրքական եաթաղանից հրաշքով փրկուած մեր հայրենակիցներին` ապաստան եւ ապրելու հնարաւորութիւն տալով տասնեակ հազարաւոր հայ ընտանիքների ու որբերի: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը բարձրացրին բարբարոսների դէմ` մարդասիրական, բարոյական ու քաղաքական զօրակցութիւն յայտնելով մեր ժողովրդին, ճանաչեցին ու դատապարտեցին Հայոց ցեղասպանութիւնը:
Այսօր Մայր Հայաստանը, ազատ ու անսասան Արցախը եւ հայրենանուէր Սփիւռքը միասին ու ձեռք ձեռքի կառուցում են իրենց կեանքի ճանապարհը. դա հայ ժողովրդի յաւերժութեան ճանապարհն է, արդարութեան ու լոյսի յաղթանակի ճանապարհը»: