Սիրելի՛ լիբանանահայեր,
2015թ. յատուկ նշանակութիւն ունի հայութեան համար: Ողջ աշխարհով սփռուած հայ ժողովուրդը պատշաճ կերպով անցկացնում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներ: Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում անցկացուող բազմաթիւ միջոցառումների նպատակն է միջազգային հանրութեան լայն զանգուածներին իրազեկ պահելը եւ հայ ժողովրդի պահանջատիրութիւնը լսելի դարձնելը միջազգային քաղաքացիական հասարակութեանը, պատմաբաններին եւ ցեղասպանագէտներին, իրաւաբաններին եւ քաղաքական գործիչներին, պետութիւններին: Ոգեկոչման միջոցառումներն անցկացւում են յիշողութիւն, երախտագիտութիւն, միջազգային պայքար եւ վերածնունդ հիմնական ուղղութիւններով: Ինչպէս նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը «2015 թուականը ոչ թէ հայոց պահանջատիրութեան սահմանագիծն է, այլ ազգային վերազարթօնքի նոր հանգրուանը: Հայաստանը շարունակելու է կոչ անել Թուրքիայի ղեկավարութեանը` վերջ դնել ուրացման անհեռանկար քաղաքականութեանը, թարմացնել խամրած յիշողութիւնը, վերանայել անցեալի մութ էջերը, ճանաչել ու դատապարտել անցեալում կատարուած ոճիրը, մաքրել սեփական խիղճը եւ ազատուել դարաւոր բեռից»:
Այսօր խոնարհւում ենք հայ ժողովրդի 1.5 միլիոն նահատակների սուրբ յիշատակի առջեւ: Միաժամանակ նշում ենք կեանքի յաղթանակը մահուան հանդէպ` ընդգծելով վերապրելու, վերածնուելու եւ ազատագրուելու այն հերոսական ու փառահեղ ուղին, որ անցել է մեր ժողովուրդը: Գիտակցում ենք, որ միայն մեր միասնական կամքով եւ հաւաքական ուժով կարող ենք հզօրացնել մեր հայրենիքը, Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեամբ յաղթահարել բոլոր մարտահրաւէրները եւ ապահովել մեր հայրենանուէր եւ ազգանուէր իղձերի եւ ծրագրերի իրականացումը:
Կրկին անգամ մեր երախտագիտութիւնն ենք յայտնում Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած բոլոր երկրներին եւ միջազգային կազմակերպութիւններին, Լիբանանի խորհրդարանին: Համոզուած եմ, որ պատմական արդարութեան վերականգնումը հնարաւոր է ողջ միջազգային հանրութեան միասնական կամքով եւ հաւաքական ուժով:
Յանուն ազատութեան մղուող մեր ժողովրդի պատմութիւնը լի է եղել զրկանքներով, տառապանքներով, պայքարով, արարչութեամբ եւ յաղթանակներով: Յունուարին Երեւանում անցկացուած Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի հերթական նիստի արդիւնքում ընդունուեց համահայկական հռչակագիր: Հռչակագրի ընդունումը բացառիկ էր եւ աննախադէպ, հայ ժողովրդի միասնութեան եւ համախմբուածութեան արդիւնք: Կը ցանկանայի նաեւ բարձր գնահատել Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կենտրոնական մարմինի արդիւնաւէտ եւ նպատակաուղղուած գործունէութիւնը եւ նրա սերտ համագործակցութիւնը Լիբանանում Հայաստանի դեսպանութեան հետ:
Սիրելի՛ լիբանանահայ հայրենակիցներ,
Ձեր կազմակերպուած եւ հետեւողական համայնքը մեր կողքին է եղել 23-ամեայ անկախ Հայաստանի Հանրապետութեան բոլոր օրհասական պահերին: Այսօր ձեր ներդրումներով, փորձով, գիտելիքներով եւ նուիրուածութեամբ մասնակցում էք Հայաստանում եւ Արցախում իրականացուող տարբեր ծրագրերում, շարունակում էք նպաստել բարեկամ Լիբանանի եւ ի հարկէ` հայ-լիբանանեան բարեկամական յարաբերութիւնների զարգացմանն ու խորացմանը: Մաղթում եմ բոլորիդ հետեւողականութիւն ձեր պայքարում, միասնականութիւն, նորանոր յաջողութիւններ ու տոկունութիւն` ի կատարումն մեր հաւաքական իղձերի: