Երեւանի պետական համալսարանի հրատարակչութիւնը լոյս է ընծայել բանասիրական գիտութիւնների թեկնածու Մարիամ Յովսէփեանի «Արեւմտահայ մամուլի պատմութիւն (1832-1915 թթ.)» դասախօսութիւնների ժողովածուն: Այն հրատարակուել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտխորհրդի երաշխաւորութեամբ: Խմբագիրը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Նաղաշ Մարտիրոսեանն է:
Հայ մամուլի պատմութեան առանձին բաժին է կազմում արեւմտահայ մամուլը: Այս հարուստ ու բազմազան մամուլի մասին ուսանողների գիտելիքներն առաւել ամբողջական եւ ընդգրկուն դարձնելու նպատակով են գրուել արեւմտահայ մամուլի պատմութեան (1832-1915 թթ.) մասին դասախօսութիւնները: Գրքում ամփոփ կերպով ներկայացուած են արեւմտահայ պարբերական մամուլի ինչպէս յայտնի, այնպէս էլ քիչ ուսումնասիրուած այն օրգանները, որոնք լուրջ դերակատարութիւն են ունեցել մեր ժողովրդի կեանքում:
Արեւմտահայ մամուլի պատմութեան (1832-1915 թթ.) դասախօսութիւնները ներկայացնում են արեւմտահայ աւելի քան քսան պարբերականի խմբագիրներին, աշխատակիցներին եւ թղթակիցներին, դրանց հիմնական բաժիններն ու խորագրերը, որդեգրած ուղղուածութիւնը եւ խաղացած դերը հայ հասարակական-քաղաքական ու մշակութային կեանքում:
Գիրքը պատկերացում է տալիս մեր ժողովրդի համար էական ու վճռորոշ իրադարձութիւնների նկատմամբ այս կամ այն պարբերականի դրսեւորած կեցուածքի եւ դիրքորոշման մասին: Այս տեսանկիւնից են առանձնացուած ու ներկայացուած պարբերականների խմբագրականները եւ հրապարակախօսների ու վերլուծաբանների յօդուածները եւ հրապարակումները:
Այսպիսով` փորձ է արուել ամբողջապէս եւ ոչ թէ միայն որեւէ կողմով ուսումնասիրել արեւմտահայ պարբերականները: Դրանք 1832-1915 թթ. կտրուածքով ներկայացուած են պոլսահայ, զմիւռնահայ եւ գաւառահայ բաժինների ներքոյ: Դասախօսութիւններին կցուած է բաւական հարուստ օժանդակ մասնագիտական գրականութեան եւ մամուլի ցանկ: Այստեղ ընդգրկուած մատենագիտական գրքերը, յօդուածները եւ ուսումնասիրութիւնները օգտակար կը լինեն արեւմտահայ մամուլի ուսումնասիրութեամբ զբաղուող ուսանողների ու գիտաշխատողների կամ խնդրոյ առարկայ ժամանակաշրջանի արեւմտահայ մամուլի դասընթացը ներկայացնող դասախօսների համար: