ՍԵԴԱ ՊԱՐՍԱՄԵԱՆ

1894-96թթ. հայերի զանգուածային կոտորածներն ուղեկցուել են հայկական մշակութային ժառանգութեան` համակարգուած եւ հետեւողականօրէն իրագործուած ոչնչացմամբ: Կասկածից վեր է, որ Օսմանեան կայսրութիւնում հայութեան ազգային զարթօնքի դէմ պայքարը սուլթան Ապտիւլ Համիտ II-ի ներքին քաղաքականութեան առաջնային խնդիրներից էր: Այդ քաղաքականութիւնն առաջին հերթին ուղղուած է եղել հայկական հոգեւոր-մշակութային հաստատութիւնների դէմ: Յայտնի է, որ թուրքական բռնատիրութեան պայմաններում հայկական վանքերն ու եկեղեցիները պարզ աղօթատեղիներից եւ կրթամշակութային օճախներից վերածուել էին նաեւ հասարակութեանը համախմբող, սատարող կառոյցների` կատարելով ազգապահպանութեան կարեւոր գործառոյթ: Արեւմտահայ իրականութեան մէջ եկեղեցին ու նրա գլուխ կանգնած պատրիարքը հադիսանում էին այն առանցքը, որի շուրջ կենտրոնանում էին բնակչութեան համար կենսական կարեւորութիւն ունեցող խնդիրները եւ դրանց լուծմանը միտուած մօտեցումները: Այս իմաստով հայկական վանքերի ու եկեղեցիների գոյութիւնն Օսմանեան կայսրութիւնում եւ դրանց այդչափ կարեւոր դերակատարութիւնը հայերի ազգային-մշակութային կեանքի զարգացման գործում արդէն իսկ դարձել էին անցանկալի եւ նոյնիսկ դիտւում էին որպէս վտանգ ինչպէս մուսուլման հասարակութեան մեծամասնութեան, այնպէս էլ օսմանեան իշխանութիւնների կողմից: Համիտեան կոտորածները յարմար առիթ դարձան հայկական մշակութային արժէքների զանգուածային ոչնչացման համար: Ինչպէս իրաւացիօրէն նկատել է դէպքերի ժամանակակից անգլիացի հոգեւորական, հասարակական գործիչ Մալքոլմ Մաքքոլը, հայերի դէմ ուղղուած համիդեան քաղաքականութիւնն առաջին հերթին պատերազմ էր նրանց կրթութեան, մշակոյթի եւ դաւանանքի դէմ:
Ժամանակի բազմաթիւ վաւերագրեր ու տեղեկագրեր, մասնաւորապէս օտարերկրեայ դիւանագէտների վկայութիւնները փաստում են, որ համիտեան կոտորածների ընթացքում հայկական մշակութային արժէքների ոչնչացումն իրագործուել է պետական քաղաքականութեան մակարդակով, կենտրոնական եւ տեղական իշխանութիւնների անմիջական հրահրմամբ ու հովանաւորութեամբ: Ըստ Փոլ Կամպոնի վկայութեան, 1894թ. Սասունի կոտորածի ընթացքում գնդապետ Իսմայիլ պէյը կարգադրել է զինուորներին հրօ ճարակ դարձնել եւ աւերել գիւղերը` աւելացնելով, որ նրանք իրաւասու են անելու այն ամէնը, ինչ կամենում են, քանի որ այդպիսին է սուլթանի հրամանը:
Կոտորածների ընթացքում հայկական մշակութային հաստատութիւնների կողոպուտն ու ոչնչացումն ուղղորդել են թէ՛ կենտրոնական ու տեղական իշխանութիւնները, թէ՛ հոգեւորական շրջանակները, թէ՛ կանոնաւոր զօրքը եւ թէ՛ մուսուլման ազգաբնակչութեան լայն զանգուածները: Աւելի՛ն. նրանք իրենց գործուն մասնակցութիւնն են ունեցել դրանց իրականացմանը` իւրաքանչիւրն իրեն յատուկ գործելակերպով: Անշուշտ, այս գործում կարեւորագոյն դերը պատկանում էր իշխանութիւններին, որոնք, փաստօրէն, հրահրել եւ սադրել են ամբոխի գործողութիւնները, այնուհետեւ անպատիժ թողել իրականացնողներին:
1895թ. փետրուարի 4-ին Կամպոնը հաւաստում է, որ իշխանութիւններն իրենց օրինակով ու վարքագծով մոլեռանդութիւն էին հրահրում: Ալեքսանտրեթի սանճաքում Ֆրանսայի փոխհիւպատոս Մ. Լոնգուիլը Կամպոնին յղած` 1896թ. յունուարի 3-ի թուակիր տեղեկագրում գրում էր. «Մեր կողմերում մահմետականների մոլեռանդութիւնը հեռու է մարելուց: Վայրագութիւնները շարունակւում են ներքին նահանգների բազմաթիւ բնակավայրերում…»:
Կոտորածների ընթացքում թուրքերն ամէնուր առանձնակի վայրագութեամբ են կործանել հոգեւոր-մշակութային հաստատութիւնները` կից շինութիւններով հանդերձ, եւ դաժանաբար սպանել քահանաներին ու վանականներին` որպէս այդ հաստատութիւնների առաջնորդների` սպանութիւնները զուգակցելով խոշտանգումներով, ծանակումներով ու ողջակիզմամբ: 1896թ. հրատարակուած տեղեկագրերից մէկում մասնաւորապէս հաղորդւում է.
«Մահմետական խուժանն իւր կատաղութիւնը ամէնէն աւելի թափեց հայ վանօրէից, եկեղեցեաց, դպրոցաց եւ մատենադարանաց վրայ: Ասոնք այսօր առհասարակ աւերակաց կոյտեր դարձած են, մանաւանդ` գիւղերու եւ գաւառներու մէջը»:
Հակաքրիստոնէական տրամադրութիւնների բորբոքման, հայերի հանդէպ թուրք մոլեռանդ զանգուածների մէջ ատելութիւն սերմանելու գործում մեծ է եղել յատկապէս մուսուլման հոգեւորականութեան դերը, ովքեր ջարդերից առաջ մզկիթներում մուսուլման ազգաբնակչութեանը յորդորել են հնարաւորինս բազմապատկել ոճիրների, կողոպուտների ու աւերածութիւնների թիւը` ըստ այդմ արժանանալով Մոհամետ մարգարէի գոհունակութեանը: Այդ յորդորները մեծապէս նպաստում էին զանգուածների մոլեռանդութեան աճին, խթանում նրանց գործողութիւնների ազատութիւնը` պատճառ դառնալով նոր, աւելի մեծ չափերի հասնող աւերածութիւնների: Նման եղանակով 1895թ. հոկտեմբերի 20-ին Տիգրանակերտում Ֆաթիհ փաշայի մզկիթից դուրս գալով` ելուզակներն աւերել են Ս. Սարգիս եկեղեցին` առանձնակի դաժանութեամբ կոտորելով ներսում գտնուող հոգեւորականներին: Ականատեսի վկայութեան համաձայն,
«Նրանք քանդեցին տաճարներն (խորանները) ու գարշելի պղծութիւն գործածեցին անդ. պատառեցին, գնդակահարեցին սրբոց պատկերները, ս. գրեանց մատենադարանի եւ դպրոցի գրեանքը պատառելով` կոյուղիներն ու ջրհորները լեցուցին, վերջապէս, բնաջինջ ըրին թանկարժէք հնութիւնքը»:
Բազմաթիւ փաստեր վկայում են յատկապէս կանոնաւոր զօրքերի գործուն մասնակցութեան մասին հայկական ազգային-մշակութային հաստատութիւնների կողոպտման ու աւերման գործընթացին: 1894թ. Սասունի կոտորածների ընթացքում թուրքական զօրքերի ու քրտական հեծելազօրի կողմից ամբողջովին ոչնչացուել ու հրկիզուել են շրջանի 48 գիւղեր` տասնեակ դպրոցներով ու եկեղեցիներով: Մերսինում (Ատանայի նահանգ) Ֆրանսայի հիւպատոս Սումարիպայի` Կամպոնին յղած` 1895թ. նոյեմբերի 12-ի թուակիր տեղեկագրում հաղորդւում է, որ Միսիսում (ն/տ նոյեմբերի 9-ին) զինուորներն ու «զափթիէ»-ները մուտք են գործել հայկական եկեղեցի, ոտնատակ տուել սուրբ գրքերը, պղծել եկեղեցական սպասները: 1896թ. յունուարի 13-ին Կամպոնն այս առիթով գրում էր, որ Աղճակիւնէում (գիւղ Տրապիզոնի նահանգի Ճանիկ գաւառում) կանոնաւոր բանակի զինուորները պատճառ են դարձել տարատեսակ անկարգութիւնների, պարաններով կապկպուած քահանայի ներկայութեամբ պղծել ու կողոպտել են տեղի հայկական եկեղեցին: Սեբաստիայում եւ Խարբերդում զինուորները բացայայտ յայտարարել են, որ հայերին թալանելու բարձրագոյն հրաման ունեն. կառավարական զօրքերը, ըստ այդ հրամանի, մուսուլման ամբոխի հետ մէկտեղ թալանել ու աւերել են Տիւրիկի, Շապին Գարահիսարի, Ակնի եւ Արաբկիրի շրջակայ բոլոր գիւղերը, այդ թւում բազմաթիւ եկեղեցիներ` «Ջարդ ու փշուր անելով» սրբապատկերները, ջահերն ու խորանները: Վանի նահանգից «Արարատ»-ի թղթակիցը յայտնում է, թէ ինչպէս են զինուորներն ու քրտերի խմբերը ձուլելու համար քաղաքներ տեղափոխել նահանգի բազմաթիւ վանքերից ու եկեղեցիներից կողոպտուած եկեղեցական սպասքը, հնագոյն ձեռագրերի արծաթէ կազմերը, թանկարժէք շուրջառները: Ըստ 1896թ. տեղեկագրերից մէկի,
«Նարեկայ վանուց մէջը գտնուած Կենաց Փայտի մասունքն եւ ուրիշ զանազան մասունքներն ալ գերուեցան. իսկ Սբ. Գրիգոր Նարեկացիի գերեզմանն ալ խորտակուեցաւ: Այսօր զօրքեր եւ ուրիշ թիւրք կամ քիւրտ աւարառուներն կը բերեն ու կը ծախեն կամ ջարդել (ձուլել) կը տան արծաթեայ եւ ոսկեայ ծանրակշիռ սկիհներ, խաչեր, գաւազաններ, թագեր, բուրվառներ, արծաթապատ կամ ոսկեպատ աւետարաններ եւ այլն»:

Լուսանկարի աղբիւրը` J. Rendel Harris and B. Helen Harris, Letters from the Scenes of the Recent Massacres in Armenia, London: James Nisbet & Co., 1897.
Կողոպուտին ու աւերածութիւններին թուրքական զօրքերի գործուն մասնակցութեան մասին է վկայում նաեւ դէպքերի ականատես, Այնթապում ամերիկացի միսիոնար եւ քարոզիչ Էտուին Պլիսը` հաղորդելով, որ թալանից յետոյ թուրքական զօրքերն իրենց հետ բերուած նաւթով հրկիզել են բազմաթիւ տներ, եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ ու խանութներ: Չկարողանալով հրկիզման միջոցով ոչնչացնել մեծ ու քարաշէն եկեղեցիները` նրանք դիմել են այլ միջոցների: Որոշ եկեղեցիներ փոխակերպուել են մզկիթների, այլ եկեղեցիներ` անարգուել, սուրբ գրքերը` բաժան-բաժան արուել: Յաճախ յատկապէս քաղաքներում, մզկիթները դարձնելով յենակէտեր, զինուորները կրակ են բացել վանքերի ու եկեղեցիների վրայ: Այսպէս, Տիգրանակերտում Ֆրանսայի փոխհիւպատոս Կիւսթաւ Մէյրիէն, լինելով թուրքական գազանութիւնների ականատեսը, 1895թ. դեկտեմբերի 18-ի թուակիր իր զեկուցագրում գրում է.
«Կիրակի օրը, կէսօրուայ ժամը երեքին իմ լուսամուտից տեսայ, ինչպէս բոլորը կարող էին տեսնել, զինուորների, զափթիէների, քրտերի եւ մուսուլմանների, որոնք միասին տանիքներից ու մինարեթներից կրակ էին բացել հայ լուսաւորչական եկեղեցու վրայ»:
Կոտորածների ընթացքում, հիմնականում քաղաքներում, մեծ թուով հոգեւոր-մշակութային հաստատութիւններ զինուորներն աւերել են յատուկ այդ նպատակով բերուած հրետանու օգնութեամբ: 1895թ. Մարաշում (Հալէպի նահանգ) կենտրոնացնելով երեք թնդանօթ եւ նոյնքան գնդացիր` զինուորները ռմբակոծել են Ս. Գէորգ եկեղեցին, որբանոցն ու զօրանոցը: Խարբերդի, Հուսէյնիկի եւ Մեզրէի ուղղութեամբ երկուական հրանօթ կենտրոնացնելով` զինուորներն աւերակների են վերածել ազգային հաստատութիւնների մեծ մասը: Այս մասին է վկայում նաեւ թուրքական կառավարութեան կողմից Մարզուանից վտարուած բողոքական քարոզիչ Ճորճ Ֆիլեանը, ով, վկայակոչելով մուսուլման մի սպայի` գրում է, որ` «Խարբերդ քաղաքի Վերին թաղի Գրիգորեանների (լուսաւորչականների) ու միսիոնարների դպրոցները, եկեղեցիներն ու տները հրկիզուել էին թնդանօթների միջոցով»: Ի դէպ, աւերածութիւններից զերծ չեն մնացել անգամ միսիոնարական մշակութային հաստատութիւնները, որոնք եւս մեծ թիւ են կազմել:
Այսպիսով, կանոնաւոր զօրքերի այսչափ գործուն մասնակցութիւնը հայկական մշակութային հաստատութիւնների կողոպտմանն ու աւերմանը, նրանց գործողութիւնների բացարձակ ազատութիւնն ու անպատժելիութիւնը եւս մէկ անգամ անուղղակիօրէն փաստում են այդ գործընթացի կազմակերպումն ու իրագործումը պետական քաղաքականութեան մակարդակով:
Կոտորածների ընթացքում հայկական վանքերն ու եկեղեցիները յաճախ օգտագործուել են որպէս հաւաքատեղի սպանութեան, կանանց անարգման կամ ողջակիզման համար: Հայկական հոգեւոր հաստատութիւնների պղծման այս եղանակը, թերեւս, թրքական մոլեռանդութեան այն բազմաբնոյթ դրսեւորումներից է, որն ուղեկցուել է 1894-96թթ. կոտորածների ողջ ընթացքում: Աւելի՛ն. յուշարձանի պղծումն ու ոչնչացումը նման եղանակով ոճրագործների կողմից դիտուել է որպէս խորհրդանշական զոհաբերութեան գործողութիւն, որը կոչուած է խորագոյն անարգանք հասցնել զոհ ազգային հանրութեան հոգեւոր զգացումներին եւ աւանդոյթներին: Ասուածի վառ ապացոյցը, թերեւս, Ուրֆայի (Հալէպի նահանգ) մայր եկեղեցիի հրկիզումն է: Ականատեսներից մէկի վկայութեամբ, 1895թ. դեկտեմբերի 29-ի կէսօրին Ուրֆայում թուրքերը, խմբուելով մայր եկեղեցիի առջեւ, որտեղ ապաստանել էր շուրջ 3.000 հայ` հիմնականում կանայք ու երեխաներ, կոտրում են եկեղեցու դուռը, ներս խուժում, սակայն տեսնելով, որ շատ ժամանակ կը կորցնեն հայերին մէկ առ մէկ սպաննելու համար, եկեղեցու բակում դրուած 50 արկղ նաւթը լցնում են մայր եկեղեցիի վրայ` հրի ճարակ դարձնելով այն, միաժամանակ ողջակիզելով այնտեղ ապաստանած բնակչութեանը: Օսմանեան կայսրութիւնում Մեծն Բրիտանիայի փոխհիւպատոս Ճ. Հ. Ֆիցմորիսի` Կ. Պոլսում Անգլիայի դեսպան Ֆիլիպ Քերիին յղած` 1896թ. մարտի 16-ի թուակիր պաշտօնական տեղեկագրում Ուրֆայի եկեղեցու հրկիզումը որակւում է որպէս`
«Արարք մը, որ իր հրէշային բարբարոսութեամբ անգերազանցելի կը մնայ վերջին հայկական կոտորածներու սարսափներէն որեւէ մէկէն, եւ որուն նման քանի մը դէպքեր հազիւ կարելի է գտնել պատմութեան տարեգրութեանց մէջ… անոնք կը կողոպտեն եկեղեցւոյ գանձը, խորանները եւ զարդերը` 4,000 թրքական ոսկի արժէքով, կը քանդեն ու կը փճացնեն նկարներն ու նշխարները»:
Ի դէպ, համիտեան, ապա նաեւ 1909թ. Ատանայի ու յարակից շրջանների կոտորածների ընթացքում մարդկանց զանգուածային ողջակիզման նմանօրինակ դէպքերն են հիմք ստեղծել, որպէսզի ամերիկեան ու արեւմտեան հրապարակումներում շրջանառութեան մէջ դրուի «Հոլոքոստ» (Ողջակիզում) բառեզրը` որպէս բնորոշիչ նորագոյն ժամանակների զանգուածային կոտորածների:
Նոյն սկզբունքով են ոչնչացուել նաեւ Պուզսու գիւղի (Խարբերդի նահանգ) եկեղեցին, Տիգրանակերտ քաղաքին ամենամօտը գտնուող Ալի-փունար գիւղի Ս. Աստուածածին եւ Գըթրպիլի Ս. Թումայի եկեղեցիները: Վերջինիս պարագայում, սակայն, թուրքերը, չկարողանալով կոտրել եկեղեցու դուռը, բարձրացել են տանիք, քանդել այն` ցած նետելով այրուած գերանները: Մէկ այլ դէպքում` Տալուորիկ գիւղի (Սասունի գաւառակ) բնակչութեան 1894թ. կոտորածի ժամանակ թուրքերը, հաւաքելով 600 կին, լցրել են եկեղեցին. նրանցից յիսունին` առաւել գեղեցիկներին, առանձնացրել են, միւսներին` թողել զօրքերի ու քրտերի քմահաճոյքին: Կանանց անարգելուց յետոյ կոտորել են, իսկ եկեղեցին քանդել են հրանօթի կրակոցներով:
Ատելութեան ու մոլեռանդութեան դրսեւորումներն առանձնակի ընդգծուած են եղել հայերի հոգեւոր հաստատութիւնները պղծելու եւ աւերածութիւնների ենթարկելու թուրքական վարքագծում, որը յաճախ դրսեւորուել է շօշափելի եւ խորհրդանշական գործողութիւններով, ինչպիսիք են օրինակ` խաչի ու զանգի տապալումը, եկեղեցական, սրբազան իրերի պղծումը եւ այլն: Դրանով իսկ թուրքերը ցանկացել են աւելի նսեմացնել թիրախ դարձած ազգային հանրութեան դաւանական զգացումները: Նմանօրինակ գործողութիւնների ուղեկցութեամբ 1895թ. ընթացքում աւերուել են հայկական բազմաթիւ վանքեր ու եկեղեցիներ: Հուսէյնիկում (Խարբերդի նահանգ) ոճրագործները, իջեցնելով հայկական եկեղեցու զանգը, գլորելով այն տարել են գետափ ու նետել ջուրը: Մալաթիա քաղաքի եօթ եկեղեցիներն ամայացրել են ու աւերել` աւետարաններն ու միւս սուրբ գրքերը պատառոտելուց եւ խորանները պղծելուց յետոյ: Գուրլէ գիւղում (Իզմիթի գաւառակ) պաշիպոզուքները (խուժան) լցուել են եկեղեցի, աւերածութիւններ արել, աւետարանի կազմի վրայից պոկել են արծաթեայ խաչը, աւետարանը նետել արտաքնոց: Լուսոնք եւ Ալմեղքայ գիւղերի (Էրզրումի նահանգ, Բաբերդի գաւառ) եկեղեցիները կողոպտելուց յետոյ դրանք պղծել են ,«աղտեղութիւններով»: Համընդհանուր աւերումից ու պղծումից զերծ չեն մնացել նաեւ հայկական գերեզմանոցները: Շատ դէպքերում ոճրագործները, եկեղեցական հագուստներ հագնելով, նմանակման միջոցով փորձել են ծաղրել քրիստոնէական հաւատքն ու եկեղեցու խորհուրդը: Ուրֆայի մայր եկեղեցիի աւերումն ուղեկցուել է քրիստոնեաներին ու հայ հոգեւորականութեանն ուղղուած բացայայտ ծաղրանքներով ու հայհոյանքներով: Ականատեսներից մէկի վկայութեամբ.
«Ոմանք սրբազան անօթներու մէջ կ՛ապականեն եւ ոմանք եկեղեցական զգեստները ծաղր ու ծանակ կ՛ընեն… մին Կենաց Փայտի խաչատուփը եւ սուրբ միւռոնի ոսկեայ աղաւնին կը գրպանէ, եւ միւսը եպիսկոպոսական թագը հագած` միմոսութիւններ կ՛ընէ: Ոմանք խաչերը ոտքով կը փշրեն, եւ այլք քահանայական սաղաւարտները եւ զգեստները հագած` ծաղրածութիւններ կ՛ընեն»:
Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկ (ՀՑԹԻ)
(Շարունակելի)