ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ
«Ես ձախակողմեան եմ, իմ ընտանիքը` նոյնպէս…» մեզ հետ զրոյցում ասաց համշէնահայ բեմադրիչ Օզճան Ալփերի «Աշուն» ժապաւէնում գլխաւոր հերոսի մօր դերը կատարած Ռայիֆէ Ենիկիւլ: Նա մասնագիտութեամբ դերասանուհի չէ, «Աշուն»-ն էլ թերեւս միակ ժապաւէնն է, որում խաղացել է, սակայն այնքան բնական է կատարել իր դերը, որ ակամայից մտածում ենք` այս անսահման բարի համշէնահայուհին ընդամէնը խաղացել է ինքն իրեն, եղել իրեն այնքան հոգեհարազատ մօր կերպարում…
Akunq.net-ի ընթերցողները վստահաբար ծանօթ են Օզճան Ալփերի այդ առաջին լիամեթրաժ ժապաւէնին, նրանցից շատերը նաեւ դիտել են այն 2009 թուականին, երբ «Աշուն»-ը ոչ միայն ցուցադրուեց «Ոսկէ ծիրան» ժապաւէնի փառատօնի շրջանակներում, այլ նաեւ արժանացաւ դատակազմի յատուկ եւ FIPRESCI մրցանակներին:
Այնուամենայնիւ յիշեցնենք` համշէնահայ բեմադրիչ եւ բեմագիր Օզճան Ալփերը ծնուել է ներկայիս Թուրքիայի Արդուին նահանգի Խոպա գաւառում, աւարտել Տրապիզոնի լիսէն: 1992 թ. սովորել է Պոլսի համալսարանի բնագիտութեան բաժանմունքում: Բեմադրիչի առաջին ինքնուրոյն ստեղծագործութիւնը «Մոմի»-ն է, որը Համշէնի բարբառով ստեղծուած առաջին կարճամեթրաժ ժապաւէնն է, իսկ «Մելանխոլիան եւ ռափսոտիան Թոքիօ քաղաքումէ վաւերագրական ժապաւէնը նկարահանուել է Ճափոնում: Բեմադրիչի մէկ այլ փաստագրական ժապաւէն է «մի գիտնականի հետ ճանապարհորդութիւն` ժամանակի մէջ»-ը:
«Աշուն»-ը նրա առաջին լիամեթրաժ ժապաւէն է, որը մրցանակների է արժանացել բազմաթիւ փառատօներում: Սոյն ժապաւէնը ձախակողմեան քաղաքական հայեացքների պատճառով իր երիտասարդութեան 10 տարիները բանտում անցկացրած մի համշէնահայ երիտասարդի` Եուսուֆի մասին է, ով երկաթէ ճաղերից դուրս գալով` վերադառնում է իր հայրենի Խոպա գաւառը եւ փորձում վերագտնել իր արմատները: «Աշուն» ժապաւէնում ներկայացւում է 1990-ական թուականների Թուրքիան, տարիներ, երբ ձախակողմեան լինելն ըստ էութեան մեծ յանցանք էր համարւում այս պետութիւնում:
Օզճան Ալփերը «Դրօշակ»-ի խմբագրատանը Ռուբէն Յովսէփեանի, Կարէն Խանլարեանի եւ Հայկազուն Ալվրցեանի հետ ունեցած զրոյցում հետեւեալն էր ասում սոյն ժապաւէնի վերաբերեալ. «Ես շատ եմ կարեւորում տան թեման, սակայն տունն ինձ համար չի սահմանափակւում զուտ շինութիւն լինելով: Տունը մարմնաւորում է անցեալի պատմութիւնը, մշակոյթը, լեզուն… «Աշուն» ժապաւէնում ներկայացւում է մի համշէնցու պատմութիւնը, որը տասը տարի տեւած բանտային կեանքից յետոյ վերադառնում է Խոպա` իր տուն: «Աշուն» ժապաւէնի հիմքում իրական պատմութիւն է ընկած: Խօսքը իմ համալսարանական ընկերներից մէկի` Ճեմիլ Աքսուի** մասին է, որը կալանաւորուած է եղել…»:
Եւ ահա ժամանակաւորապէս գտնուելով Խոպա քաղաքում` ցանկացանք անպատճառ ծանօթանալ ժապաւէնում մօր դերը խաղացած Ռայիֆէ Ենիկիւլի հետ:
Տիկին Ռայիֆէն մեզ ընդունեց համշէնահայերին բնորոշ սիրալիրութեամբ եւ խանդավառութեամբ: Ռայիֆէ Ենիկիւլը թէեւ սակաւախօս էր եւ հակիրճ էր պատասխանում մեր հարցերին, այնուամենայնիւ նրա լռութեան մէջ պերճախօսութիւն կար, որն արտայայտուած էր նրա անսահման բարի աչքերում:
Տիկին Ռայիֆէն ծնուել է Խոպա գաւառի Խիկօ (պաշտօնական անուանումը` Բաշոբայ) գիւղում: Օզճան Ալփերի ազգականուհի տիկին Ռայիֆէն ժապաւէնում խաղացել է 65-66 տարեկան հասակում: Նա այդ դերը կատարել է բեմադրիչի խնդրանքով, առանց որեւէ ակնկալիքի:
Մեր այն հարցին, թէ արդեօք նախքան ժապաւէնի նկարահանումն իր կեանքում եղե՞լ է որեւէ նախադէպ, երբ իր ծանօթներից կամ ազգականներից ոեւէ մէկը կալանաւորուել կամ հալածուել է ձախակողմեան հայեացքների պատճառով, տիկին Ռայիֆէն պատասխանեց, թէ իր ամուսնու եղբօր տղան Տրապիզոնում սպաննուել էր ձախակողմեան լինելու համար:
Իսկ այն հարցին, թէ` «Մտահոգութիւն ունեցե՞լ էք, որ ժապաւէնում խաղալը կարող էր վտանգաւոր լինել ձեր ընտանիքի համար», նա պատասխանեց. «Այդ մտավախութիւնները, բնականաբար, միշտ էլ եղել են: Մանաւանդ որ նախքան ժապաւէնի նկարահանումը տղաս ձերբակալուել էր եւ 10-12 օրուայ ազատազրկման ենթարկուել ձախակողմեան լինելու պատճառով…»:
Խոպա 16.03.2015 թ.
* Խոպա ուղեւորութիւնը եւ հարցազրոյցն իրականացուել են «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի հովանաւորութեամբ:
** «Աշուն» ժապաւէնի գլխաւոր հերոսի նախատիպարը հանդիսացած Ճեմիլ Աքսուն բանտարկուած է եղել 8 տարի: Նրա հետ հարցազրոյցը տես` http://akunq.net/am/?p=43867
Akunq.net