Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը, որն Միացեալ Նահանգների Քլարք համալսարանում ուսումնասիրում է Այնթապի հայերի կոտորածները, հարցազրոյց է տուել Պոլսի «Ակօս» թերթին: Ումիթ Քուրթի ուսումնասիրութեան կենտրոնում Օսմանեան կայսրութեան այս կամ այն գաւառում իրականացուած Հայոց ցեղասպանութեան հարցն է: Նա պատմում է, թէ ինչպէս է Այնթապի հայութիւնն աքսորուել, ինչ պաշտօններ են ստանձնել հայերի կոտորածների մասնակիցները հանրապետական Թուրքիայում եւ ինչպէս է Թուրքիան իւրացրել հայկական գոյքը: «Սիվիլնեթ» յօդուածը թարգմանութեամբ եւ կրճատումներով ներկայացնում է ստորեւ:
ՀԱՐՑՈՒՄ.- 1915 թուականից առաջ հայերի եւ Այնթապում ապրող միւս ազգերի յարաբերութիւնները շա՞տ լարուած էին:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Մինչեւ 19-րդ դարի վերջին քառորդը Այնթապում հայերի եւ տեղի մահմետական բնակչութեան միջեւ յարաբերական ներդաշնակ յարաբերութիւններ էին հաստատուել: Սակայն հէնց այդ շրջանում` յատկապէս տնտեսական եւ կրթական ոլորտում, հայերի յաջողութիւնները եւ դրան զուգահեռ թուրք-մուսուլման բնակչութեան տեղում դոփելը պատճառ դարձան, որ նոյն տարածաշրջանի երկու տարբեր ժողովուրդների միջեւ բաժանարար գծեր առաջանան: Մահմետական բնակչութիւնը չէր ընդունում հայերի «գերազանցութիւնը», նախանձում էր հայերին, ինչն էլ վերջ տուեց գոյութիւն ունեցող յարաբերական ներդաշնակութեանը:
Հ.- Ե՞րբ սկսեցին վատթարանալ յարաբերութիւնները:
Պ.- Հայ առեւտրականների առանձնայատուկ դիրքը պատճառ էր դառնում, որ նախանձը վերածուի ոխի եւ յարաբերութիւնները գնալով վերածուեն առճակատման: Առաջին անգամ այն սկսուեց 1895թ. նոյեմբերին: Այդ ժամանակ հայերի ջարդ տեղի չունեցաւ տնտեսական յարաբերութիւնների կենտրոն համարուող շուկայում: Տնտեսական շարժառիթի առումով բացարձակապէս զարմանալի չէ:
Սահմանադրութեան հռչակումից յետոյ Այնթապում հայերը, որոնք արդէն զանգուածային կոտորածների ենթարկուելու փորձառութիւն ունէին, սկսեցին զինուել: Յատկապէս Դաշնակցութեան գլխաւորութեամբ այնթապցիներն աւելի քաղաքականացուեցին: Դա էր հիմնական պատճառը, որ 1909թ. ապրիլին Ատանայում սկսուած եւ Տէօրթեոլը, Օսմանիյէն, Տիւզճեն, Քիլիսն ընդգրկած ջարդերը Այնթապում չեղան:
Հ.- Այնթապում 1915թ. ո՞ր ամսին սկսուեց տեղահանութիւնը:
Պ.- Այնթապի հայութեան տեղահանութիւնն սկսւում է Անատոլիայի (Արեւմտեան Հայաստան եւ Փոքր Ասիա-Սիվիլնեթ) միւս վիլայեթներից բաւական ուշ` յուլիսին 30-ից օգոստոսի 1-ը: Այնթապը մինչ 1915թ. յատկապէս Զէյթունի, Մարաշի, Սեբաստիայի, Էլպիստանի, Կիւրիւնի եւ Ֆըռնուզի վայրերից աքսորուած հայերի համար կարծես տարանցիկ ուղի լինէր: Հայերն Այնթապի Աքչաքոյուն եւ Քաթման գնացքի կայարաններից ուղարկւում էին Հալէպ: Այդ պատճառով տեղեկութիւններ ունենք, թէ ինչ է տեղի ունեցել Այնթապի հայութեան հետ: Արդէն 1915թ. մայիսի 3-ին, թուարկուած գաւառներից Այնթապ 300 հոգանոց հայ աքսորեալների կարաւան է գալիս:
Աքսորեալների կարաւանը` ամբողջութեամբ բաղկացած կանանցից ու երեխաներից, գալիս էր Զէյթունից: նրանց սպասեցնում են Այնթապից 15 քմ. հեռավարութեան վրայ գտնուող Քաւաքլըք կոչուող վայրում: Քաղաք հասցնելու կամ նրանց օգնելու համար աքսորեալները պէտք է կաշառք տային կարաւանները հսկողներին: Գիշերը Քաւաքլըքում մնացած աքսորեալները յարձակման են ենթարկւում ու թալանւում, կողոպտւում է նրանց ունեցած-չունեցածը:
Մինչեւ յուլիսի վերջին շաբաթը աքսորեալների կարաւանները շարունակում էին հասնել քաղաք, իսկ նրանց դէմ յարձակումները կազմակերպում էր դեռեւս 1915թ. ապրիլին քաղաք եկած Թեշքիլաթը մախսուսայի բարձրաստիճան անդամներից հրոսակապետ Ալի պէյը:
Հ.- Ինչո՞ւ էր Այնթապի աքսորն ուշանում:
Պ.- Այնթապը մինչեւ յուլիսի վերջ տեղահանուող գաւառների ցանկում չլինելու պատճառներից մէկն այն էր, որ քաղաքի կառավարիչ Շիւքրու Պէյը եւ ռազմական հրամանատար Հիլմի պէյը դէմ էին նման որոշմանը: Սա յստակօրէն ի ցոյց է դնում, որ Ցեղասպանութեան ընթացքում կենտրոնական եւ տեղական իշխանութիւնների միջեւ անվերապահ համաձայնութիւն չկար: Չնայած նրանց դիրքորոշմանը` Այնթապի երեւելի մարդիկ` Ալի Ճենանի եւ Ֆատըլ պէյերը 1915թ. մարտից հակահայկական քաղաքականութեամբ են զբաղւում եւ հսկայական ջանքեր գործադրում համոզելու կենտրոնական կառավարութեանը աքսոր կազմակերպելու համար:
Նրանք Պոլիս հեռագրեր են ուղարկում եւ կառավարութեանը յայտնում, թէ հայերը նախապատրաստւում են յարձակուել տեղի մզկիթների վրայ, սպաննել թուրքերին, բռնաբարել կանանց, վառել ու աւերել թուրքերի տները, թալանել դրանք: Այդ զեկոյցների հիման վրայ Ռազմածովային ուժերի նախարար Ճեմալ փաշան իր տեղակալ Ֆահրի փաշային ուղարկում է Այնթապ` տեղում դրութիւնը հանգամանօրէն քննելու համար: Նրա պատրաստած զեկոյցում ասւում է, որ չի գտնուել որեւէ փաստ, որը կ’ապացուցի հեռագրերում առկայ տեղեկութիւնները:
Հ.- Ինչո՞ւ է յուլիսին ընդունւում տեղահանութեան որոշումը:
Պ.- Յուլիսի վերջին Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան պատասխանատու քարտուղար Ճեմալ փաշան Այնթապ է գալիս: Նրան Այնթապ ուղարկելու նպատակը հետեւեալն էր. Այնթապի ճանաչուած եւ ղեկավար մարդկանց միջոցով համոզել Պոլսին` աքսորելու Այնթապի հայերին: Ջանքերն արդիւնք են տալիս եւ յուլիսի 29-ին Պոլիսն ընդունում է տեղահանութեան որոշումը: Քաղաքում հաւաքուած իթթիահատականներն անմիջապէս կազմում են Այնթապից աքսորուող հայերի ցուցակը: Այդ ընթացքում քաղաքի կառավարիչ Շիւքրու պէյն ու ռազմական հրամանատար Հիլմի պէյը հրաժարական են ներկայացնում:
Յուլիսի 30-ին շրջիկ մունետիկները կարդում են աքսորի հրամանը: 1915թ. օգոստոսի 1-ին, 4-ին, 8-ին, 11-ին եւ 13-ին այնթապցի առաքելական հայերի վեց կարաւան բռնում է աքսորի ճանապարհը: 1915թ. սեպտեմբերին հետեւում է կաթոլիկ հայերի, իսկ դեկտեմբերին` բողոքական հայերի տեղահանութիւնը:
Հ.- Այնթապի առեւտրականները ներգրաւուա՞ծ էին Ցեղասպանութեան մէջ:
Պ.- Այնթապի վարչական, քաղաքական եւ քաղաքացիական դերակատարները աքսորելու գործում կենտրոնական կառավարութիւնից շատ աւելի պատրաստակամ եւ հաճկատար էին: Յատկապէս ցանկանում եմ խօսել Այնթապի երկու տեղական ղեկավարի մասին: Նրանից մէկը` Այնթապի պատգամաւոր, Այնթապում Միութիւն եւ առաջադիմութիւն կոմիտէի հիմնադիր անդամ Ալի Ճենանին էր, իսկ միւսը հայերի տեղահանութեանը մշտապէս դէմ արտայայտուող եւ տեղահանութեան որոշումից յետոյ հրաժարական ներկայացրած Շիւքրու պէյին փոխարինած Ահմետ պէյը:
Ալի Ճենանին եւ Ահմեթ պէյը ոչ միայն աշխուժ դեր են կատարում Այնթապի հայերի տեղահանութեան գործում, այլեւ ժողովրդի մեծ մասին ներքաշում են այդ գործընթացի մէջ: Այնթապի հայերին աքսորելուց յետոյ նրանց գոյքը, հարստութիւնը բռնագրաւելու եւ թալանելու գործում էլ աշխուժ մասնակցութիւն են ցուցաբերում: Յատկապէս Ահմեթ պէյը տեղի բնակչութեանը հայերի գոյքին ու տունուտեղին տիրանալու երաշխիք է տալիս եւ ներառում կոտորածների իրականացման մէջ:
Շուրջ 15 հազար հայերի գոյքը բռնագրաւելու համար յատուկ կոմիտէ է ստեղծւում, որի անդամներից Տապպաղ Քիմազատէն, Քատիր Նուրիպէյօղուն եւ Զեքի Հաճըհալիլզատէն մեկնում են Տէր Զօր եւ երբ անձամբ համոզւում են, որ հայերը կենդանի մնալու եւ Այնթապ վերադառնալու հնարաւորութիւն չունեն, որից յետոյ վերադառնում եւ արագացնում են գոյքի բաժանման գործընթացը: