«Արմէնփրես» լրատուական գործակալութեան Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացուող «ականատեսը» յատուկ նախագիծը շարունակւում է ընթերցողին ներկայացնել 1915 թ. ոճրագործութեան ականատես-վերապրողների յուշերը:
Արմաւիրի մարզի Արմաւիր քաղաքի բնակիչ, 1914 թ. Կարսում ծնուած Եպրաքսի Գէորգեանը մէկն է այն հազարաւորներից, ում համար Ցեղասպանութիւնն անմիջականօրէն միաձուլւում է մանկատանն անցկացրած երկար ու ձիգ, բայց իր գնահատմամբ` նաեւ մարդկային ջերմութեամբ լեցուն տարիների հետ:
«Ես ծնուել եմ Կարսի շրջանի Լալոյի Մաւրակ գիւղում: Չորս հօրեղբայր ունէի, պապ, տատ: Ամէն ինչ ունէինք: Կով ունէինք, ոչխար, հողամաս, բալա՛ ջան, ամէն ինչ էլ կար…», տան բակում նստած այսպէս է վերյուշը սկսում պատմութեան հերոսուհին:
Կարսից նա գաղթել է Աշտարակ, ապա Եղուարդ, յետոյ` Ալեքսանդրապոլ (ներկայում` Գիւմրի), որտեղից էլ ճակատագրի բերմամբ յայտնուել է ամերիկեան մանկատանը: Յատուկ ոգեւորութեամբ է յիշատակում յեղափոխական, պետական գործիչ Ասքանազ Մռաւեանի դրական վերաբերմունքը կոտորածներից մազապուրծ եղածների հանդէպ: «Թուրքի, պատերազմի մասին խօսելիս իմ աչքերը լցւում են..: Երանի, որ չէք տեսել»,- շուտով 100-ը բոլորել պատրաստուող ականատեսը: «Պապիկիս, հօրս սպաննեցին: Մեզ ասում էին` պահ մտէք քարափներում, որ բան չլինի: Քեռիս ինձ տարաւ մանկատուն`ամերիկական մանկատուն», – յստակեցնում է զրուցակիցը: նա յիշում է` ամերիկացիները շատ լաւ էին իրենց խնամում: Կերակրում էին, հագցնում, շաբաթը երեք անգամ էլ տանում բաղնիք:
«Յովհաննէս Շիրազի, Թադէւոս Կարապետեանի հետ մի դասարանից էինք: Շատ լաւ էին մեզ պահում նաեւ ուսումով»,– ասում է ականատեսը` վարժ մէջբերելով նաեւ մանկատան տարիներից իրեն որպէս յուշ մնացած խօսքեր եւ արտայայտութիւններ:
Պատմական Ակնարկ
Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կոմիտէն Ալեքսանդրապոլում բացուել է 1915 թ. նոյեմբերի 20-ին «Երիտասարդական միութեան» կողմից: Այն հայ կարիքաւորներին օգնելու համար դրամահաւաք էր անցկացնում: կոմիտէի ջանքերով նորաստեղծ առաջին որբանոցը կոչուեց «Միացեալ ընկերութիւնների առաջին որբանոց», որտեղ ապրում էր 5-13 տարեկան 30 երեխայ: 1916 թ. ապրիլի 25-ին բացուել է «Միացեալ ընկերութիւնների երկրորդ որբանոցը»` 62 որբերով: 1919թ. Նպաստամատոյց կոմիտէի ջանքերով Ալեքսանդրապոլի փողոցներից հաւաքում էին թափառաշրջիկ հայ որբերին, որոնց բժշկական զննման ենթարկելուց յետոյ տեղաւորում էին կա՛մ հիւանդանոցներում, կա՛մ որբանոցներում: Կովկասի որբանոցներում երեխաները օրական երեք անգամ սնունդ էին ստանում, այն դէպքում, երբ նրանց թիւը շուրջ 25 հազար էր: Սա մարդկութեան պատմութեան մէջ երբեւիցէ գոյութիւն ունեցած ամենամեծ որբանոցն էր եւ կոչւում էր «Որբաքաղաք»: Երբ 1920թ. նոյեմբերին Հայաստանում հաստատւում են խորհրդային կարգեր, Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց կոմիտէն, այնուամենայնիւ, ստանում է ազատ գործելու հնարաւորութիւն, քանի որ այն զուտ մարդասիրական բնոյթ կրող կազմակերպութիւն էր եւ որեւէ քաղաքական նպատակ չէր հետապնդում:
Կոմիտէի ծաւալած մարդասիրական օգնութեամբ` որբանոցների ստեղծում, դպրոցների ու հիւանդանոցների բացում, սննդամթերքի, հագուստի ու դեղորայքի հայթայթում եւ այլն, իրական մահից փրկուեցին տասնեակ հազարաւոր հայ երեխաներ: Կոմիտէի որբախնամ գործունէութիւնը կանոնակարգուած բնոյթ ստացաւ Հայաստանի առաջին հանրապետութեան տարիներին եւ շարունակուեց նաեւ Հայաստանի խորհրդայնացումից յետոյ անգամ` մինչեւ 1929 թուականը:
Մանկատան տարիներից պատկերաւոր յիշում է Լենինի հետ կապուած պատմութիւններն ու նրա մասին բանաստեղծութիւնները. «Ընկե՛ր Լենին, հանգիստ իջի գերեզման, բայց իմացի, որ նոր աշխարհը քո ուղով կը գնայ»:
Եւս մի քանի տարի մանկատանը անցկացնելուց յետոյ, երբ արդէն շուրջ 14-15 տարեկան էր, հետաքրքիր հանգամանքներում նրան գտնում է հօրաքոյրը, ում հետ բնակութիւն է հաստատում այժմեան Շիրակի մարզի Անիպեմզա գիւղում: Պատմութեան հերոսուհին յիշում է, որ ամուսնանում է լենինականցի Բալադ անունով երիտասարդի հետ դեկտեմբերի 29-ին, սակայն, ի տարբերութիւն ամուսնութեան օրուայ, տարեթիւը ստոյգ չի մտաբերում: նրանք ունենում են ինը երեխայ` հինգ տղայ եւ չորս աղջիկ: Միայն չորսն են այժմ ողջ:
Ամուսնութեան հետ կապուած յիշում է հետաքրքիր մի դրուագ: Ամուսնու համար թուաբանութիւն պարապելու համար ուսուցիչ են վարձում: Եպրաքսին, հետեւելով դասին, տեսնում է, թէ ինչպէս ուսուցիչը չի կարողանում գտնել մի թուաբանական գործողութեան` կոտորակի լուծումը, մինչդեռ նա կարողանում է արագ լուծել խնդիրը: Կէս կատակ-կէս լուրջ նշում է, որ մանկատանը ստացած գիտելիքներն իրեն մշտապէս օգնել են ամբողջ կեանքում: «Ամուսնուս մարդ դարձրի»,– կէս կատակ-կէս լուրջ շարունակում է պատմութիւնը:
Թուրքերի հանդէպ բացայայտ հակակրանք ունեցող տարեց կինը գտնում է, որ Հայոց ցեղասպանութիւնը մինչեւ այժմ չի ճանաչուել հէնց աշխարհաքաղաքական «խառնակչութիւնների» պատճառով: «Հայն աշխատեց, թուրքը լծեց բեռները», ասում է Եպրաքսին` մեզ հետ զրոյցը եզրափակելով մանկատան «Լուսին եկաւ էն սարից» բանաստեղծութեամբ: Նա, չնայած առողջական խնդիրներին, սիրում է դիտել հեռուստացոյց, հետեւել գիւղում եւ նրա սահմաններից դուրս կատարուող իրադարձութիւններին:
Լրատուական գործակալութիւնը Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ 2013 թուականի ապրիլի 23-ի հանրութեան դատին յանձնեց «Ականատես»-ի առաջին պատմութիւնը: Նախագիծն ամփոփում է ականատես-վերապրողների արժէքաւոր յուշերն ու պատմութիւնները: Ցեղասպանութիւնը վերապրած անձանց թիւը հանրապետութեան տարածքում ամէնից շատը Արմաւիրի մարզում է:
Պատրաստեցին Տաթեւիկ Գրիգորեանը եւ Անահիտ Մինասեանը
Լուսանկարները` Արթուր Յարութիւնեանի
«Արմէնփրես»