Լիբանանում ՀՅԴ Կենտրոնական Կոմիտէի
ներկայացուցիչ Պարոն Յակոբ Բագրատունուն
Յարգելի պարոն Բագրատունի,
Ուրախութեամբ տեղեկացանք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան Լիբանանի Շրջանային ժողովի ընթացքում ընտրուել էք ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ:
Յիրաւի, հայ ազգի համար բեկումնային այս ժամանակահատուածում, երբ լրանում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը, երբ ազգովի ոգեկոչում ենք անմեղ նահատակներին, եւ երբ նոր փուլ է թեւակոխում մեր մէկդարեայ պայքարը յանուն արդարութեան, մարդու իրաւունքների, ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգների իրաւունքների վերականգնման, յատկապէս կարեւորւում են շրջահայեաց եւ սկզբունքային, լաւատեղեակ եւ փորձառու առաջնորդների խօսքի ուժն ու ղեկավարման հմտութիւնը:
Բարձր ենք գնահատում ինչպէս Ձեր ազգային-հասարակական ազգանուէր գործունէութիւնը, այնպէս էլ` աւանդը Լիբանանի օրէնսդիր ու գործադիր իշխանութեան մարմիններում ու հայ լիբանանեան յարաբերութիւնների զարգացման գործում:
Ձեզ նման նուիրեալ հայորդիների շնորհիւ է նաեւ, որ Լիբանանի Հանրապետութիւնը ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը: Լիայոյս ենք, որ արաբական միւս երկրները եւս կը հետեւեն Լիբանանի օրինակին` կը ճանաչեն ու կը դատապարտեն Օսմանեան կայսրութիւնում հայերի հանդէպ իրականացուած ցեղասպանութիւնը:
ՀՅԴ-ն` իր 125-ամեայ պատմութեամբ, դարձել է ազգային արժէք, աշխարհասփիւռ հայութեան համախմբան եւ կազմակերպման հսկայածաւալ ուժ, հայապահպանութեան եւ Հայրենիք-սփիւռք գործակցութեան զարգացման հիմնարար սիւներից մէկը:
Լիբանանի հայ համայնքում եւս ՀՅԴ-ն ունի ծանրակշիռ ներկայութիւն, որի առաջնորդի բարդ եւ պատասխանատու, սակայն պատուաբեր ղեկը Ձեր ձեռքում է:
Չեմ կասկածում, որ յատկապէս այս տարում առաւել ակտիւ կը գործակցենք յանուն Հայաստանի զօրացման, Արցախի անվտանգութեան եւ Հայ դատի առաջընթացի:
Սրտանց շնորհաւորելով Ձեզ պատասխանատու այս պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ` մաղթում ենք ուժ, եռանդ եւ ոգու տոկունութիւն:
Յարգանքով`
ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ