ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Ձեռքս առնելով աւելի քան հազար էջանոց, մուգ կապոյտ գոյնի լաթակազմ եւ ճաշակով ձեւաւորուած հատորը` մտածեցի, որ Արեւմտեան Հայաստան եւ կամ Կիլիկիա իմ յաջորդ այցելութեանս ընթացքում այն պէտք է իր տեղն ունենայ իմ մեքենայի մէջ ու միասին շրջենք կորուսեալ հայրենիքի գաւառներով, քաղաքներով ու գիւղերով: Ամէն մի հայագէտ, պատմաբան կամ լաւ ընթերցող այդ հատորները պէտք է ունենայ իր գրադարանում: Ամէն մի հայագէտ, պատմաբան կամ լաւ ընթերցող, ով փափաք ունի մանրամասնօրէն հասկանալ ու զգալ Արեւմտեան Հայաստանն ու Կիլիկիան, պէտք է կարդայ այդ հատորները:
Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը դեռ երեք տարի առաջ` 2012-ի գարնանը, որոշել էր հրատարակել Արեւմտեան Հայաստանի ու Կիլիկիայի քաղաքներին, աւաններին ու գիւղերին նուիրուած յուշամատեանների շարք, որը պէտք էր ընդգրկէր` Մալաթիան, Տարօնը, Երզնկան, Սիսը, Այնթապը, Զէյթունը, Ուրֆան, Սեբաստիան, Հաճընը, Կարինը, Արաբկիրը, Ատանան, Մարաշը, Խարբերդը, Սասունը եւ այլ շրջաններ: Ընդհանուր առմամբ, պէտք է հրատարակուի մօտ 100 հատոր:
Արդէն հրատարակուել է եօթ հատոր: Պէյրութում գտնուելու ընթացքում` կէսգիշերից առաջ ազատ ժամերին, հասցրեցի թերթատել կամ հատուածաբար ընթերցել հատորներից առաջին երկուսը` «Ատանայի հայոց պատմութիւն»-ը եւ «Պատմութիւն Տարօն աշխարհի»-ն:
Անցնող տասնամեակների ընթացքում Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիայի տարբեր քաղաքների, աւանների ու գիւղերի մասին հրատարակուել են հարիւրից աւելի յուշամատեան-պատմութիւններ, որոնք կարճ ժամանակում սպառուել են փոքր տպաքանակ ունենալու պատճառով: Այդ գրքերի մեծ մասը այսօր դարձել է անմատչելի եւ հազուագիւտ: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը վերահրատարակում է եղածը, ինչպէս նաեւ ուսումնասիրելու եւ հրատարակելու է այն շրջանների պատմութիւնը, որոնք հիմնականում անծանօթ են հայ ընթերցողին ու հայագիտութեանը:
«Ատանայի հայոց պատմութիւն»-ը, որի խմբագիրը եղել է Բիւզանդ Եղիայեանը, կարեւոր տեղեկութիւններ է տալիս Հայկական Կիլիկիայի, նրա բերդերի, վաճառականութեան, դրամների, պետական վարչակազմի ու տնտեսութեան, 1895-96 թուականների հայկական ջարդերի, 1909-ի Կիլիկիայի աղէտի, 1915-ի օգոստոս-հոկտեմբերին իրականացուած Ատանայի հայոց տեղահանութեան մասին եւ բազմաթիւ այլ մանրամասներ` Ատանայի հայութեան կենցաղն ու նկարագիրը, երգեր ու զրոյցներ:
Հատորի նախաբանում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.-ն գրում է. «Հաւաքական յիշողութիւնը ժողովրդի գոյութեան ամուր կռուանն է եւ նրա յաւերժութեան երաշխիքը: Ժողովուրդների պատմութիւնը, կրօնը, քաղաքականութիւնը եւ մշակոյթը իրենց ընթացքը, կազմաւորումը, զարգացումը ստանում են հաւաքական յիշողութիւնից… Մեր ժողովուրդը եւս ունի իր հաւաքական յիշողութիւնը, երբեմն արձանագրուած, երբեմն` անգիր… Անհրաժեշտ է մեր կեանքի բոլոր բնագաւառներին առնչուած հաւաքական յիշողութիւնը ճշգրիտ եւ ամբողջական ձեւով փոխանցել նոր սերունդներին»:
Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիայի յուշամատեանների շարքի երկրորդ հատորը «Պատմութիւն Տարօն աշխարհի»-ն է: Այս հատորի խմբագիրը Կարօ Սասունին է: Նա եղել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան խորհրդարանի անդամ, Շիրակի նահանգապետ, 1921-ի փետրուարեան Փրկութեան կոմիտէի ներքին գործերի նախարար:
Ինչպէս այս, այնպէս էլ շարքի առաջին եւ ցարդ վերահրատարակուած եօթ հատորներն ունեն տեղանունների, անձնանունների, նկարների ու քարտէզների ցանկեր: «Պատմութիւն Տարօն աշխարհի» հատորը ներառում է աշխարհագրական Տարօնը` վարչական բաժանումները, լեռները, գետերը, լճակները, բուսական եւ հանքային հարստութիւնը: Ընդարձակ անդրադարձներ կան Պիթլիսի, Մշոյ, Սղերդի, Խնուսի, Սասնոյ գաւառներին, Տարօնի բանահիւսութիւնը, 1914-15թթ. կոտորածներին, Մուշի եւ Նեմրութի հերոսամարտերին, Մշոյ դաշտի կռիւներին ու Սասունի ապստամբութեանը, Տարօնի վերակենդանացմանը (1916-18 թթ.):
«Ատանայի հայոց պատմութիւն»-ից եւ «Պատմութիւն Տարօն աշխարհի»-ց բացի` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը վերահրատարակել է նաեւ հետեւեալ հինգ հատորները` «Պատմութիւն Այնթեպի հայոց» (երկու մասով), «Պատմութիւն Հաճընի հայոց», «Դիւցազնական Ուրֆան եւ իր հայորդիները» եւ «Պատմութիւն Կիւրինի»: Բոլոր յուշամատեանները ծաւալով, չափով, թղթի տեսակով եւ միւս մանրամասնութիւններով միաձեւ են:
Առաջիկայ շաբաթներին ընթերցողների սեղանին է դրուելու Քեսապի մասին հատորը:
Որքան էլ դժուար լինի, անհրաժեշտ է, անգամ` պարտադիր, այս հատորներից իւրաքանչիւրը ներկայացնել Հայաստանում, ամէն մէկի համար կազմակերպել քննարկում-սեմինար, ինչպէս նաեւ` վաճառքի դնել Երեւանի գրախանութներում:
ԱՆԻ կենտրոն