Օրացուցային 2015 թուականն իր իրաւունքների մէջ է մտել, ինչպէս եւ` քաղաքական տարին: Նա ի՞նչ կը ներմուծի ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի մէջ, կարելի՞ է արդեօք որեւէ տեղաշարժ յուսալ հիմնախնդրի լուծման գործում, եւ դրա համար անհրաժեշտ նախադրեալներ կա՞ն արդեօք: Այս հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է յետադարձ հայեացք գցել անցած տարուան:
Հարկ է խոստովանել, որ բանակցային գործընթացը, որը նախկինում էլ մի առանձին ուժականութեամբ աչքի չի ընկել եւ գտնուել է քրոնիկ տեղապտոյտի վիճակում, 2014 թուականին ակնյայտ յետընթաց է ունեցել: Ինչպէս մեզ է պատկերանում, կարգաւորման գործընթացի անյաջողութեան մէջ Զուիցերիային ամէնից քիչ պէտք է մեղադրել, որը, ինչպէս յայտնի է, անցած տարում նախագահել է ԵԱՀԿ-ում: ԵԱՀԿ գործող նախագահ, Զուիցերիայի արտաքին գործերի նախարար Տիտիէ Պուրքհալթերը 2014 թուականի սկզբին յայտարարել էր, որ ղարաբաղեան հակամարտութիւնը գտնուելու է ԵԱՀԿ-ի կարեւորագոյն առաջնային խնդիրների թւում: «Մենք լաւ ենք հասկանում, որ առաջադիմութիւնը չի կարող վրայ հասնել րոպէապէս, եւ որ ոչ մի կարգաւորում չի կարող տեղի ունենալ, մինչեւ որ դա չկամենան հակամարտութեան կողմերն իրենք», ասել է ԵԱՀԿ նախկին ղեկավարը: Եւ նրա հետ չհամաձայնել չի կարելի: Միայն թէ նրան` որպէս ԵԱՀԿ գործող նախագահի, կարելի է յանդիմանել Ազրպէյճանի իշխանութիւնների նկատմամբ բարեհոգի վերաբերմունքի համար, որն էլ հէնց կարգաւորում չցանկացող կողմն է հանդիսանում:
Կարգաւորման գործընթացում ստեղծուած իրադրութիւնն անցեալ տարում իրօք եղել է բաւականին երերուն ու փխրուն, սակայն հրադադարի կոպիտ խախտումներն Ազրպէյճանի կողմից, նրա բազմաթիւ խափանարարական գործողութիւնները Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ սահմանում, որոնք յանգեցրել են մարդկային զոհերի, արտակարգ կերպով շիկացրել են իրադրութիւնը: Այդ գործողութիւնները գործնականում արտացոլում են Ազրպէյճանում կառավարող վարչակարգի քաղաքականութիւնը, որը, հակառակ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների` հիմնախնդիրը խաղաղ լուծելու կոչերին, շարունակում է իր ռազմապաշտ քաղաքականութիւնը, ինչը սպառնալիք է բերում ամբողջ տարածաշրջանին: Հասկանալով պաշտօնական Պաքուի նման քաղաքականութեան հետեւանքների արտակարգ վտանգաւորութիւնը` Ռուսաստանը, Միացեալ Նահանգները եւ Ֆրանսան, որպէս ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրներ, անցեալ տարի նախաձեռնել են Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հանդիպումները` նպատակ ունենալով թոյլ չտալ իրադարձութիւնների վտանգաւոր զարգացում եւ ռազմական գործողութիւնների նոր շրջապտոյտ:
Յանուն արդարութեան անհրաժեշտ է նշել, որ միջնորդների ջանքերը թոյլ տուեցին որոշ չափով լիցքաթափել իրադրութիւնը, սակայն Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի վերջին` փարիզեան հանդիպումից ընդամէնը երկու շաբաթ անց ազրպէյճանական կողմը խոցեց ԼՂՀ պաշտպանութեան բանակի ուղղաթիռը, որն ուսումնավարժական թռիչք էր կատարում: Ուղղաթիռի հետ տեղի ունեցած միջադէպը դարձաւ Ազրպէյճանի գրգռիչ, թշնամական գործողութիւնների բարձրակէտը եւ, կարելի է ասել, զերոյի հաւասարեցրեց հակամարտութեան կարգաւորման գործընթացում ստեղծուած իրավիճակը: Կը յաջողուի՞ արդեօք վերակենդանացնել բանակցային գործընթացը. սա չափազանց բարդ հարց է, առաւել եւս` ազրպէյճանական կողմի զինուած գրգռութիւնների ու խափանարարական գործողութիւնների հաշուառումով, որոնք վերջին ժամանակներս ուժգնացել են եւ նոյնիսկ մշտական բնոյթ ստացել: Այս հարցին առաջիկայում պէտք է Սերպիան պատասխանի, որը 2015 թուականին նախագահութիւնն ընդունել է Զուիցերիայից եւ գլխաւորում է ԵԱՀԿ-ն:
ԵԱՀԿ գործող նախագահի պաշտօնն ստանձնելուց առաջ Սերպիայի արտաքին գործերի նախարար Իւիցա Տաչիչը յայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն առաջնահերթային է լինելու ԵԱՀԿ-ում սերպական նախագահութեան համար: Ի հարկէ, առայժմ վաղ է խօսել նոր ձեւաչափի մասին, բայց մենք առարկայականօրէն ենք աշխատելու բոլոր կողմերի հետ: Ես… ամէն ջանք կը գործադրեմ հակամարտութեան կարգաւորման համար»: Ուշագրաւ է Տաչիչի որոշակի զսպուածութիւնը, ով բարձր պարտաւորութիւններ չվերցրեց իր վրայ, եւ նրա խօսքերը կարելի է դիտել որպէս իւրատեսակ «արձանագրութիւն մտադրութիւնների մասին»: Սակայն ուշադրութեան է արժանի նաեւ նրա միտքը` բոլոր կողմերի հետ աշխատելու պատրաստակամութեան մասին: Ինչպէս յայտնի է, ԵԱՀԿ նախորդ գործող նախագահներն ի հաճոյս պաշտօնական Պաքուի` չեն կամեցել փոխել բանակցութիւնների ներկայիս խեղուած ձեւաչափը, որում չկայ հիմնական կողմը` Լեռնային Ղարաբաղը, ինչն աղճատում է հակամարտութեան իրական ուրուանկարը:
Ամէն դէպքում, հակամարտութեան կարգաւորման հասնելը, ինչի մասին խօսում է արտաքին գործերի սերպական նախարարը, մեծապէս կախուած է լինելու այն բանից, թէ միջազգային հանրակցութիւնը եւ մասնաւորապէս ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութիւնը կը կարողանա՞ն արդեօք սթափեցնել Ազրպէյճանի իշխանութիւններին ու նրանց դրդել կառուցողական երկխօսութեան, որը հիմնուած լինի ստեղծուած յետխորհրդային իրողութիւնների առարկայական ընկալման վրայ: Այս հարցը որքան հրատապ, նոյնքան էլ բարդ է, քանի որ պաշտօնական Պաքուն իր անիրատեսական դիրքորոշումից նահանջելու չնչին ցանկութեան նշաններ անգամ ցոյց չի տալիս: Պաշտօնական Պաքուի գործողութիւնները, դատելով նախագահ Ալիեւի վերջին յայտարարութիւններից, ամենայն համոզչութեամբ ապացուցում են Ազրպէյճանի հրաժարուելը հակամարտութիւնը ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների հիման վրայ կարգաւորելուց: Դեռ աւելի՛ն. յունուարի 10-ին կայացած կառավարութեան նիստում Ալիեւը քննադատութեան ենթարկեց Մինսքի խմբին` նրան մեղադրելով անարդիւնաւէտութեան մէջ: Ամենեւին չցանկանալով նկատել, որ այդ անարդիւնաւէտութիւնն իր կոշտ ու վտանգաւոր քաղաքականութեան հետեւանքն է, որը յենւում է ռազմական ուժի վրայ: Չէ՞ որ միջնորդների առաջարկութիւններին հակառակ` Պաքուն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշել բացառապէս Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում, ինչը հակասում է կարգաւորման հայեցակարգին եւ յղի է նոր պատերազմով:
Յանուն առարկայականութեան պէտք է նշել, որ ղարաբաղեան կարգաւորման գործընթացի վրայ ազդող կարեւոր գործօն է հանդիսանում նաեւ տարածաշրջանում ու աշխարհում տիրող քաղաքական իրադրութիւնը: Ակնյայտ է, որ Մերձաւոր Արեւելքում ընթացող վտանգաւոր գործընթացների, մասնաւորապէս` «Իսլամական պետութիւն» ահաբեկչական կազմակերպութեան գործունէութեան, ինչպէս նաեւ ուքրանական ճգնաժամի եւ Ռուսաստանի հետ Արեւմուտքի յարաբերութիւնների սրման հետ կապուած իրադարձութիւնների հեռապատկերի վրայ ղարաբաղեան հակամարտութիւնը երկրորդ գիծ կը մղուի: Չնայած աշխարհաքաղաքական իրադրութեան բարդութեանը, ԼՂՀ-ին, այնուամենայնիւ, անհրաժեշտ է 2015 թուականին եւս ամրապնդել ինքնիշխան պետականութիւնը եւ ձգտել հասնելու իր անկախութեան միջազգային ճանաչման: