Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ
Հայրենի երեք երիտասարդ գեղանկարիչներ` Գայ Ղազանչեանը, Ժորա Գասպարեանն ու Արփի Վարդանեանը Համազգայինի «Լիւսի Թիւթիւնճեան» ցուցասրահում հանդէս են գալու համատեղ ցուցահանդէսով: Նոյն սերնդին պատկանող երեք երիտասարդ նկարիչներն ունեն միանգամայն տարբեր ստեղծագործական ձեռագիր եւ մտածողութիւն: Բայց նրանց երեքին էլ միաւորել է ազատ մտածելու եւ արուեստի մէջ նոր խօսք ասելու ձգտումը: Ցուցահանդէսից առաջ երիտասարդ գեղանկարիչներն իրենց մտածումներն ու սպասելիքները ներկայացրին լիբանանահայ արուեստասէրին:
Գայ Ղազանչեան.
Ապրում եւ ստեղծագործում ենք հիմա,
ուրեմն ժամանակակից ենք»
Գայ Ղազանչեանը հայրենի ճանաչուած գեղանկարիչներ Գագիկ Ղազանչեանի եւ Լիլիթ Սողոմոնեանի որդին է: Լիբանանահայ արուեստասէրը ծանօթ է Գագիկ Ղազանչեանի եւ Լիլիթ Սողոմոնեանի արուեստին. նրանք 2012 թուին «Լիւսի Թիւթիւնճեան» ցուցասրահում համատեղ ցուցահանդէս են ունեցել: Գայ Ղազանչեանը, ինչպէս ասաց մեզ հետ զրոյցի ընթացքում, բնականաբար ազդուել է հօր եւ մօր նկարիչ լինելու հանգամանքից, սակայն ոչ` արուեստից. «Եթէ արուեստում էլ ծնողներիցս ինչ-ինչ ազդեցութիւններ են եղել, փորձել եմ արագ ազատագրուել` անընդհատ բացայայտելով ինքս ինձ: Արուեստի մէջ ինքդ քեզ բացայայտելով` կարող ես կերտել ինքնուրոյն ճանապարհ, բայց երբեք պէտք չէ այն գիտակցութիւնն ունենաս, թէ հասել ես վերջնական բացայայտմանը. Այդ առումով, արուեստը անվերջ մի ուղի է, մանաւանդ` երիտասարդ ստեղծագործողի համար, որ կարիք ունի յաճախ ու միշտ ցուցադրուելու, ոչ միայն իր ապրած միջավայրի մէջ, այլ նաեւ տարբեր միջավայրերում, որպէսզի նաեւ` կարողանայ զգալ, թէ տարբեր երկրներում ինչպէ՛ս են մարդիկ վերաբերւում արուեստին, նկարչութեանը, երիտասարդ ստեղծագործողին», ասաց Գայ Ղազանչեանը: Նա նշեց, որ երիտասարդ նկարիչը շատ առաւելութիւններ ունի. «Բացի այն, որ ինքը աւելի թարմ, աւելի անմիջական է զգում աշխարհը եւ նոյնքան անմիջական էլ արտայայտում է իր արուեստում, նա նաեւ սխալուելու իրաւունք ունի»: Ըստ նկարչի, բոլոր արուեստագէտներն էլ սխալական են եղել եւ սխալներով են հասել յաջողութիւնների կամ այն ճշմարտութիւններին, որոնք այսօր ունեն իրենց կեանքում.
«Մենք ապրում ենք այս ժամանակում, զգում ենք ժամանակի շունչը, արտայայտում ենք այդ շունչը մեր նկարներում, ստեղծագործում ենք հիմա, այսօր, ուրեմն, մենք ժամանակակից ենք: Իսկ ներկայ ժամանակը քարացած հասկացութիւն չէ, նա ունի լաւ, վատ, դրական, բացասական կողմեր, ուրախ ու տխուր յոյզեր: Նայած` թէ այդ բոլորը ոնց ես արտայայտում քո արուեստում: Ընկալման հարց կայ նաեւ. դու նկարում ես այն, ինչ զգում ես, բայց դիմացինը` ամէն մէկը իր ձեւով է ընկալում», ասաց Գայ Ղազանչեանը:
Նա ծնուել է Երեւանում, սովորել է Երեւանի Գեղարուեստի պետական ակադեմիայում, Իսաբէկեանի անուան լաւագոյն վկայականի առաջին մրցանակակիր է, մի շարք ցուցահանդէսներ է ունեցել Թիֆլիսում, Երեւանում, Գերմանիայում: Գայ Ղազանչեանը նկարել սկսել է շատ փոքր տարիքից, նոյնիսկ չի էլ յիշում` երբուանից. «Ինձ ինչ յիշում եմ` նկարում էի, չգիտէի էլ, որ կեանքում այլ մասնագիտութիւններ կամ այլ զբաղմունքներ կան: Մինչեւ դպրոց գնացի եւ տեսայ», որ այլ բաներ էլ կան նկարչութիւնից բացի: Ինձ թւում է` ամէն մարդ էլ նկարիչ է եղել փոքր տարիքում, յետոյ ոմանք մեծացել են, դադարել են նկարել, իսկ ոմանք պարզապէս չեն կորցրել մանկութեան հետ կապը», ասում է երիտասարդ գեղանկարիչը: Նա Լիբանանում ներկայանալու է առաջին անգամ եւ ինչպէս ասաց, սպասում է լիբանանահայ արուեստասէրի հետ ծանօթութեանը: Վստահ է, որ նոր լիցքերով է վերադառնալու ցուցահանդէսից:
2013-ին իր առաջին անհատական ցուցահանդէսում (Երեւան) Գայը ներկայացրել էր կանանց գեղեցիկ պատկերներ եւ ասում է, որ իր նպատակը նաեւ արուեստի միջոցով կնոջ գեղեցկութեան, առեղծուածի ու գաղտնիքի լիարժէք բացայայտումն է: Գայը ցուցադրել էր նաեւ ագռաւների նկարներ, որոնց մասին ասում է, թէ ագռաւն իր համար յեղափոխութեան փոխակերպուած պատկերումն է իր արուեստում եւ այդ առումով իւրաքանչիւր նկարիչ ինչ-որ տեղ յեղափոխական է, նա հաւատում է, որ իր արածը կը փոխի մի բան` թեկուզեւ իր շրջապատում. «Ես կարող եմ նաեւ ինչ-որ բացասական մտածումներ ունենալ եւ դրանք արտայայտել նկարում, եթէ նկարը դիտողը զգայ դա եւ մի բան փոխուի իր մէջ, ուրեմն արուեստը իր դերը կատարել է: Բայց արուեստագէտը երբեք պէտք չէ վարդագոյն ակնոց դնի նկարը դիտողի աչքերին եւ ասի, որ կեանքում ամէն ինչ լաւ է, կատարեալ է: Արուեստասէրը նկարչի նկարների մէջ պիտի տեսնի կեանքը` ինչպէս որ է: Այդտեղ է կայանում նրա անկեղծութիւնը», ասում է նա:
Երիտասարդ նկարիչը չի սիրում իր ժանրը տեղաւորել ինչ-ինչ ուղղութիւնների մէջ, ասում է, որ դա շնորհակալ գործ չէ` նկարչի ազատ արտայայտումներն ու զգացած անկեղծութիւնը կաշկանդել եւ դնել ինչ-որ ուղղութիւնների մէջ. «Ես բաց եմ բոլոր ընկալումների, բոլոր ուղղութիւնների համար: Ես ու իմ ընկերներս, որ նաեւ արուեստի մէջ համախոհ ենք, ժամանակակից ենք, եթէ ապրում եւ ստեղծագործում ենք հիմա, այս ժամանակի մէջ, ուրեմն կրում ենք այս ժամանակի բոլոր ուղղութիւնները, այդ թւում եւ` յառաջապահականը», ասում է Գայ Ղազանչեանը` նշելով, որ Երեւանում կայ մի փոքր միջավայր, որի մէջ նկարիչներն իրենց ազատ են զգում, բայց ընդհանրապէս նա այն կարծիքին է, որ Երեւանը, Հայաստանն առհասարակ, շատ փոքր միջավայր է ստեղծագործող մարդու համար:
Այդ կարծիքին է նաեւ միւս երիտասարդ նկարիչ Ժորա Գասպարեանը:
Ժորա Գասպարեան.
«Պէյրութը միշտ հայ նկարիչների համար
ներկայանալու լաւագոյն դաշտ է եղել»
Ժորա Գասպարեանն ու Գայ Ղազանչեանը ընկերներ են կեանքում, ինչպէս նաեւ արուեստում համախոհներ են: Դա շատ կարեւոր է այսօրուայ հայրենի մեկուսացուած արուեստի դաշտում, երբ նկարիչները, ստեղծագործողները առանձնանում են եւ դառնում ինքնամփոփ: Արուեստը դարձել է մի տեսակ մեկուսի մի աշխարհ, որտեղ միայն իրենք` նկարիչներն են: Բայց կան երիտասարդներ, որոնք ստեղծում են դաշտ, միջավայր, ուր առողջ քննարկումներ եւ շփումներ են լինում: Ժորան ու Գայը այդ սերնդին պատկանող Հայաստանի վառ արտայայտուած անուններից են: Միասին ցուցադրուել են Գերմանիայում, ծանօթ են նաեւ եւրոպացի արուեստասէրին, որի մասին Ժորա Գասպարեանն ասում է. «Մենք Եւրոպան գիտենք իբրեւ արուեստի կեդրոն, այո՛, այն դեռեւս այդպիսին է, բայց չեմ կարող ասել, որ այն արուեստի զարգացման լաւագոյն միջավայրն է այսօր: Այնտեղ էլ արժէքների նուազում, փոխակերպում կայ: Այնպիսի տպաւորութիւն է, որ եւրոպացիներն իրենց առօրեայ շատ յագեցած կեանքի, վազքի մէջ խոր ապրումների ժամանակ չեն էլ ունենում: Սպառողական կեանքը իշխել է այնտեղ:
Ես մէկ տարի սովորել եմ Ֆլորանսի Պետական Ակադեմիայում եւ իտալացի դասախօսը, տեսնելով իմ մտածումները, վերաբերմունքը` արուեստին, ինձ ասում էր, որ գնայ ուրիշ տեղ, այստեղ անելիք չունես: Մենք գիտենք Իտալիան իբրեւ արուեստի, վերածննդի կեդրոն, բայց այնտեղ էլ կան փոփոխութիւններ, նոյնը չէ մնացած: Եւ այդ առումով ինձ համար հիասթափութիւն էր: Ի հարկէ, Հայաստանն էլ փոքր երկիր է նկարչի համար: Արուեստի կեանքը նեղ սահմաններում է: Ունենում ենք ցուցահանդէսներ, բայց գալիս են նոյն մարդիկ, նոյն մեր ընկերները, նայում են, գնում, ոչինչ նորութիւն չէ այլեւս: Արուեստի շուկայ չկայ: Հայաստանում այդպէս էլ չզարգացաւ արուեստի շուկան: Մենք կարիք ունենք նոր, աւելի մեծ, աւելի զարգացած միջավայրերի: Արուեստը ինքը տնտեսապէս զարգացած երկրների մենաշնորհն է: Հայաստանի նկարչական ներուժը շատ մեծ է, մի փոքր երկրի մէջ շատ որակով նկարիչներ կան, որոնք չեն զիջում այսօր աշխարհում յայտնի շատ անունների, բայց ցաւօք մեր նկարիչները նեղ սահմաններում են: Ասեմ նաեւ, որ այս մասնագիտութիւնը ոչ մի ժամանակաշրջանում էլ հեշտ չի եղել: Նկարչութիւնը բարդ ճանապարհ է եղել բոլոր ժամանակներում: Այսօր ի հարկէ` կան խնդիրներ, բայց այդ խնդիրները եթէ խանգարէին մեզ, մենք չէինք ստեղծագործի: Մենք ստեղծագործում ենք անկախ այդ խնդիրներից, քանի որ պիտի ստեղծագործենք», ասաց Ժորա Գասպարեանը: Ի տարբերութիւն Գայ Ղազանչեանի, Ժորա Գասպարեանն աւելի ուշ է սկսել նկարել, ընտանիքում նկարիչներ չեն եղել, բայց ինքը վստահ է, որ նկարչութիւնն իր համար վաղուց կանխորոշուած ճանապարհ էր, որ յանկարծ բացայայտուել է: Վան Կոկի մասին կարդացած գիրքը բացել է այդ կանխորոշման ուղին, եւ այսօր Ժորա Գասպարեանը Էջմիածնի յայտնի նկարիչներից է, որ իր ուրոյն տեղն ունի նաեւ Հայաստանի նկարչական միջավայրում: Նա նոյնպէս չի սիրում ուղղութիւնների մէջ դնել իր նկարածը, բայց ասում է, որ ժամանակի ընթացքին ինչ-ինչ տարրեր մաքրուել են, եւ այսօր տրամադրութեան, զգացողութեան ազդեցութեամբ նկարելով` փորձում է հնարաւորինս քիչ գոյներով, սպիտակով, մոխրագոյնով արտայայտել իր ապրած կեանքը, ինչ որ տեղ գնալով նաեւ վերացականութեան. «Իզմ-երը, ուղղութիւնները շատ կարճ կեանք են ունենում, միակ ուղղութիւնը նկարչի համար այն է, որ նա կարողանայ հնարաւորինս անկեղծ լինել ինքն իր հետ: Անկեղծութիւնն ամենամեծ ուղղութիւնն է արուեստում», ասաց նա:
Ժորա Գասպարեանը նշեց, որ Պէյրութը հայ նկարիչների համար միշտ էլ արտայայտուելու լաւագոյն դաշտն է եղել, եւ ուրախ է, որ առաջին անգամ պիտի ներկայանայ նոր արուեստասէրի:
Արփի Վարդանեան
«Արուեստն ինքդ քեզ ճանաչելու
միակ ուղին է»
30-ամեայ նկարչուհի Արփի Վարդանեանի գործերը մէկ անգամ հայրենի գեղանկարիչների հաւաքական ցուցահանդէսի շրջանակներում ցուցադրուել են «Լիւսի Թիւթիւնճեան» ցուցասրահում: Նա Հայաստանի յայտնի նկարչական ընտանիքներից մէկի երրորդ սերնդի ներկայացուցիչն է: Արփի Վարդանեանը թոռնուհին է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Բեքարեանի (1913-1986) եւ դուստրը` ժամանակակից նկարչուհի Սեդա Բեքարեանի: Արա Բեքարեանը 1930-ականներին մուտք գործելով հայրենի գեղանկարչութիւն եւ իր տեղն ունենալով իբրեւ տաղանդաւոր արուեստագէտ` այսօր արդէն համարւում է հայ դասական նկարչութեան դէմքերից մէկը: Նրա դուստրը` Սեդա Բեքարեանը հայրենի ժամանակակից գեղանկարչութեան կին արուեստագետների յայտնի անուններից է, որ շարունակում է ստեղծագործել եւ մասնակցել տարբեր ցուցահանդէսների, ինչպէս նաեւ` ունենալ անհատական ցուցահանդէսներ: Նրա դուստրը` Արփի Վարդանեանը, փոքր տարիքից մուտք գործելով նկարչական ասպարէզ, շարունակում է ընտանիքի արուեստի աւանդոյթները:
Արփին ցուցադրուել է մի շարք երկրներում, մեզ հետ զրոյցի ընթացքում ասաց, որ տարբեր թեմաներով նկարելուց յետոյ այսօր իր արուեստում գերակշռող են դարձել քաղաքային թեմայով նկարները.
«Նկարչութիւնն իմ կեանքն է: Ես ամէն օր գտնւում եմ նկարակալի առջեւ: Իւրաքանչիւր լուրջ նկարիչ ամէն օր պէտք է մօտենայ նկարակալին, դա շատ կարեւոր է, եւ առհասարակ, նկարչութեան մէջ միայն տաղանդը հերիք չէ, պէտք է նաեւ աշխատանք: Յամառ ու անվերջ աշխատանքի շնորհիւ կարող ես հասնել արդիւնքի»:
Նկարչուհին մի շարք մրցանակների հեղինակ է: Հայաստանի Նկարիչների միութեան անդամ է, Աւարտել է Երեւանի գեղարուեստի ակադեմիան, եւ ներկայացնելով իր աշխատանքներն ու անցած ուղին` իբրեւ օժտուած երիտասարդ նկարիչ, շահել է Միացեալ Նահանգների կառավարական մրցանակը` լինելու Միացեալ Նահանգներում եւ ուսումնասիրելու տեղի արուեստի կեանքը: Արփի Վարդանեանը մեզ հետ զրոյցում ասաց, որ դա իր համար մեծ հնարաւորութիւն է աշխարհաճանաչողութեան, նոր միջավայրեր թափանցելու համար եւ լրջօրէն պատրաստւում է իր կեանքի նոր փուլին: Իսկ մինչ այդ, ներկայանալու է Պէյրութում. «Իւրաքանիչիւր երկիր, իւրաքանչիւր հանդիսատես հետաքրքրական է իւրովի: Ամէն մի երկրում էլ կարող ես մի լիցք գտնել, որը կարեւոր կը լինի նկարչի, ստեղծագործողի համար», ասաց Արփի Վարդանեանը նշելով, որ ցուցահանդէսները ինքդ քեզ այլ հայացքով նայելու հնարաւորութիւն են, իսկ ընդհանրապէս, խօսելով արուեստի դերի մասին, նա ասաց, որ արուեստի միջոցով նկարիչը նախ ինքն իրեն ճանաչելու խնդիր ունի, յետոյ նոր միայն ` աշխարհը. «Ինքս ինձ ճանաչելու այլ ուղի չեմ պատկերացնում, քան` արուեստը», ասաց նա: