ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
«Անվճար». այս ցուցանակով շարուած էին հիմնականում հայերէն գրքեր` սեղանի վրայ, որ տեղադրուած էր Հայաստանեայց Առաքելական եկեղեցու բակում (Պըրպենք), անցեալ կիրակի, յաւարտ Ս. պատարագի:
Կէսօր էր: Այնտեղ էինք գտնւում` մասնակցելու այդ համալիրի սրահում կազմակերպուած ամանորեայ խրախճանքին:
Ու պատահաբար անցնելով այդ կողմից` տեսնում ենք գրքերով սեղանը: Հայերէն գիրք տեսնելուց աւելի` կանչողը «Անվճար» գրութիւնն էր:
Զարմանալի՛, միեւնոյն ժամանակ գրաւիչ խայծ էր այն` հրաւիրելու անցորդներին: Եթէ ինքնակամ եկեղեցի եկող էր, ուրեմն քիչ թէ շատ կարող էր հետաքրքրուել գրքով, իսկ որեւէ այլ առիթով այնտեղ եղողը անվճար լինելու պատճառով թերեւս փորձէր մօտենալ գրքերին: Չգիտենք` ովքե՞ր էին տրամադրել. մէկ մասի մէջ կային մակագրութիւններ: Արդէն նօսրացած օրինակներից ընտրեցինք մի քանիսը` «Հայոց լեզուի յապաւումների բառարան», «Հայ սովետական գրականութիւն», «Անգլուհու արցախեան ոդիսականը»:
Ահա միջոց` իրենց հայերէն գրքերից «ազատուել» ցանկացողների համար. այն նուիրելու վայր, որտեղից այդ գրքերը կը տարածուեն տարբեր հասցէների` մէկ անգամ եւս վերակենդանանալու համար` անվճար:
Վերադարձին սեղանն արդէն չկար, իսկ գրքերն ապաստանել էին իրենց նոր տէրերի մօտ, հայերէն գրքերը…