ԳԱՐԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Գերմանական BICC (Պոնն ինթըրնեշընըլ սենթըր աֆ քոնվըրզէյշըն) կենտրոնը դեկտեմբերի 9-ին հրապարակել է իր ամէնամեայ «Համաշխարհային ռազմականացուածութեան ցանկ» (Global Militarization Index 2014, GMI-2014) հետազօտութիւնը, որի դասակարգման մէջ Հայաստանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Հայաստանից այս ցուցանիշով առաջ են անցել միայն Իսրայէլն ու Սինկափուրը: Հարեւաններից Ազրպէյճանը 10-րդ տեղում է, Թուրքիան` 24-րդ, Իրանը` 30-րդ, Վրաստանը` 47-րդ:
Հետազօտութիւնը բաւական հետաքրքրութիւն առաջացրեց Հայաստանում (եւ ոչ միայն Հայաստանում), սակայն դրա իրական արժէքն ու խորքը հասկանալու համար անհրաժեշտ է քննել հետազօտութեան մեթոտները, ինչպէս նաեւ` նախկին հրապարակումները:
Չափանիշներն Ու Ինտեքսի Հաշուարկը
Հիմնարկը հետազօտութիւնը կատարել է աշխարհի 151 երկրների վերաբերեալ` հիմնուելով տարբեր չափանիշների վրայ: Չափանիշները յստակօրէն ներկայացւում են հրապարակման մէջ, ու հիմնականում տրւում է նաեւ բացատրութիւն, թէ ինչո՛ւ է հիմնարկը քննել հէնց այդ չափանիշը:
Այսպիսով, հետազօտութիւնն արուել է վեց չափանիշների հիման վրայ.
1.- Երկրի ռազմական ծախսերի տոկոսը` նոյն երկրի համախառն ներքին արտադրութեան մէջ:
2.- Երկրի ռազմական ծախսերի յարաբերութիւնը երկրի առողջապահական ծախսերին:
3.- Երկրի զինուած ուժերի ու այլ զօրքերի (ռազմականացուած ստորաբաժանումների) անձնակազմի քանակի յարաբերութիւնը երկրի ընդհանուր բնակչութեան քանակին:
4.- Երկրի զինուած ուժերի եւ այլ զօրքերի (ռազմականացուած ստորաբաժանումների) պահեստի զինծառայողների քանակի յարաբերութիւնը երկրի ընդհանուր բնակչութեան քանակին:
5.- Երկրի զինուած ուժերի ու այլ զօրքերի (ռազմականացուած ստորաբաժանումների) անձնակազմի քանակի յարաբերութիւնը երկրի բժշկական անձնակազմի քանակին:
6.- Երկրի զինեալ ուժերի եւ այլ զօրքերի ծանր սպառազինութեան ընդհանուր քանակի յարաբերութիւնը երկրի ամբողջ բնակչութեան քանակին:
Չափանիշների թուային արդիւնքները համադրւում են ու ներկայացւում 0-1000 սանդղակով, ինչի արդիւնքում ստացւում է ամէն երկրի առանձին ինտեքսը, որով էլ երկրները զբաղեցնում են այս կամ այն տեղը:
Չափանիշների մէջ հետաքրքիր է ռազմական ու առողջապահական ոլորտների համեմատութիւնը: Բժշկական ու «զինուորական» անձնակազմերի քանակի համեմատութիւնը հետազօտութիւնն անողները բացատրում են այսպէս. բժշկական անձնակազմերի քանակը, ռազմական ոլորտից անկախ, ընկերային խմբի չափորոշիչ է, ինչի հետ կարելի է համեմատել զինուած ուժերի ու այլ զօրքերի անձնակազմի քանակը` պարզելու համար, թէ երկրից երկիր որքան է տարբերւում «զինուորականների» քանակը «զուտ քաղաքացիականների» համեմատութեամբ: Իսկ ռազմական ու առողջապահական ծախսերի համեմատութեան նպատակն ընդհանրապէս չի մեկնաբանւում:
Սակայն, օրինակ, Հայաստանում բժշկական համալսարան աւարտած արական սեռի շրջանաւարտները նոյնպէս ծառայութեան են անցնում զինուած ուժերում, իսկ դրանից յետոյ էլ համալրում են զինուած ուժերի պահեստը, այս դէպքում նշուած բժիշկները լինում են ինչպէս զինեալ ուժերի (յետոյ` պահեստի), այնպէս էլ քաղաքացիական բնակչութեան մաս: Նման խնդիր է նաեւ առողջապահական ծախսերի համեմատութիւնը ռազմականի հետ, որովհետեւ հակամարտութիւններ ունեցող երկրները շահագրգռուած են լինում աւելացնել առողջապահութեան յատկացուող գումարները, հիւանդանոցներ բացել` ռազմական գործողութիւնների դէպքում վիրաւորների վերականգնումն ապահովելու նպատակով: Այսպիսով, բժշկական, առողջապահական ոլորտը որպէս «զուտ քաղաքացիական» ներկայացնելն արդիւնաւէտ չէ: Դրա համար կարելի էր որպէս «զուտ քաղաքացիական» վերցնել մէկ այլ մասնագիտութիւն, որը որեւէ կապ չունի ռազմական ոլորտի հետ:
Առաջին հայեացքից խնդրայարոյց կարող է լինել նաեւ պահեստուժի քանակը որպէս չափանիշ վերցնելը, սակայն հետազօտութիւնը օրինակ է բերում Զուիցերիան ու նշում, որ այնտեղ կան փոքր անձնակազմ ունեցող զինուած ստորաբաժանումներ, սակայն կայ լաւ պատրաստուած ու գործող պահեստուժ, ինչը մեծ ազդեցութիւն է ունենում երկրի ռազմականացուածութեան վրայ:
Հետաքրքիր է ներկայացւում նաեւ երկրի զինուած ստորաբաժանումների անձնակազմի ընդհանուր քանակը: Այստեղ հէնց զինուած ուժերից բացի ներառւում են նաեւ այն ստորաբաժանումները, որոնք վերահսկւում են կառավարութիւնների կողմից, սպառազինուած են, ունեն համազգեստ ու կայազօրներ: Այս ստորաբաժանումներն, ըստ հետազօտողների, անհրաժեշտութեան դէպքում նոյնպէս կարող են ներգրաւուել ռազմական գործողութիւններին, հետեւաբար նոյնպէս ազդում են երկրի ռազմականացուածութեան աստիճանի վրայ:
Որպէս երկրի ռազմականացուածութեան վրայ գործօն` հետազօտողները վերցրել են ծանր սպառազինութեան (զինատեսակների) քանակի յարաբերութիւնը երկրի բնակչութեան թուաքանակին: Հարկ է նշել, որ ծանր սպառազինութիւն են համարւում, օրինակ, թեթեւ ու հիմնական մարտական հրասայլերը, զրահապատ մարտական մեքենաները, այդ թւում` հետեւակազօրքի մարտակեդրոններն ու զրահափոխադրիչները, 100մմ եւ աւելի մեծ տրամաչափով հրետանային միջոցները, համազարկային կրակի հրթիռային կայանները, մարտական ինքնաթիռներն ու հարուածային ուղղաթիռները, խոշոր ռազմանաւերը, սուզանաւերը եւ այլն: Հետազօտողները նշում են, որ իրենք ծանր սպառազինութեան հետ չեն վերցրել «թեթեւ» սպառազինութեան քանակը, որովհետեւ վերջիններիս մասին տուեալները սովորաբար խիստ կասկածելի ու անհաստատ են լինում:
(Հետազօտութեան համար օգտագործուած տուեալները Պի. Այ. Սի. Սի. հիմնարկի մասնագէտները վերցրել են մի շարք հեղինակաւոր աղբիւրներից. երկրների համախառն ներքին արտադրութեան մասին տուեալներն հիմնարկը վերցրել է Արժոյթի միջազգային հիմնադրամից, երկրների բնակչութեան մասին տուեալները` ՄԱԿ-ի բնակչութեան ու բնական աճի զեկոյցից, ռազմական ծախսերը` SIPRI (Stockholm International Peace Research Institute) հիմնարկի հրապարակումներից, առողջապահական ծախսերն ու բժշկական անձնակազմերի քանակը` Առողջապահութեան միջազգային կազմակերպութեան հրապարակումներից, սպառազինութեան մասին տուեալները` IISS (International Institute for Strategic Studies) հիմնարկի Միլիթըրի պալանս ամէնամեայ զեկոյցից):
Նախորդ Տարիների Զեկոյցները
Հայաստանի` հետազօտութեան մէջ երրորդ հորիզոնական զբաղեցնելը կարծես թէ սպասելի չէր գոնէ Հայաստանի լրատուական դաշտի համար, սակայն պէտք է նշել, որ անկախութիւնից ի վեր Հայաստանը մշտապէս եղել է այս դասակարգման եթէ ոչ առաջին տասնեակում, ապա` դրան շատ մօտ: Մասնաւորապէս Հայաստանի ամենաբարձր ցուցանիշը եղել է առաջին տեղը (1992 թուականին), իսկ ամենացածր ցուցանիշը եղել է 13-րդը (2001 թուական):
Սակայն սրանք բացարձակ թուեր չեն ու պայմանաւորուած են այլ երկրների գրանցած ցուցանիշներով: Բացարձակ թուերով պատկերն այլ է: Մասնաւորապէս 0-1000 միաւոր սանդղակով (տարբեր տարիների տուեալները համադրելի են) վերջին երկու տարիներին Հայաստանը գրանցում է 782,99 ու 783,09 նիշեր, մինչդեռ դրանից առաջ` մինչեւ 1992 թուականը, Հայաստանի միջին ցուցանիշը եղել է 842 միաւորը, ցուցանիշը տատանուելով 820-860 միաւորի սահմաններում:
Ինչ վերաբերում է Ազրպէյճանին, ապա Հայաստանի արեւելեան հարեւանը անկախանալուց ի վեր հիմնականում եղել է այս ցուցակի դասակարգման երկրորդ տասնեակում, եւ միայն վերջին երեք տարիներին է, որ զբաղեցնում է իններորդ (2012) ու տասներորդ (2011, 2013) հորիզոնականները:
Միւս կողմից, այս երկրի պարագայում նոյնպէս բացարձակ թուերը այլ բան են ասում: Մասնաւորապէս վերջին երկու տարիներին Ազրպէյճանը գրանցել է 746,19 ու 746,73 միաւորներ, իսկ մինչ այդ նրա ցուցանիշը տատանուել է 780-830 միաւորի սահմաններում, իսկ 1992-93 թուականներին մօտեցել է 870 միաւորի սահմանին:
Ամփոփում
Global Militarization Index 2014 զեկոյցն իր առջեւ չի դրել աշխարհի երկրների ռազմական հզօրութիւնը համեմատելու խնդիր, ու սա պէտք չէ շփոթել: Զեկոյցի խնդիրն է ներկայացնել ամէն երկրի ռազմական ոլորտի (ծախսերի, անձնակազմի) ու ընդհանուր կամ «զուտ քաղաքացիական» ոլորտի (ծախսերի, անձնակազմի/բնակչութեան) համեմատութիւնները, ցոյց տալ, թէ երկրի բնակչութեան ու ծախսերի ո՛ր մասն է ուղղուած ռազմական ոլորտին:
Չնայած դրան` չափանիշներում առողջապահութեան/բժշկութեան ոլորտի` որպէս «զուտ քաղաքացիական» ոլորտ ընտրելը արդիւնաւէտութեան տեսանկիւնից թոյլ է ու կարող է որոշակիօրէն ազդել ընդհանուր ցուցանիշների վրայ:
Ռազմ. Ինֆօ