Զրուցեց` ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆԵԱՆ
Հայաստան-Թուրքիա փոխյարաբերութիւնների վերաբերեալ «Ասպարէզ»-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի գիտաշխատող, թուրքագէտ Լեւոն Յովսէփեանի հետ:
ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Յովսէփեան, 2014 թուականին Թուրքիան շարունակեց Հայոց ցեղասպանութեան հանդէպ իր ժխտողական քաղաքականութիւնը: Ձեր կարծիքով, գալիք տարում ե՞ւս Թուրքիայի նման պահուածքը կը շարունակուի:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Թուրքիայի ժխտողական կեցուածքը որոշակի վերախմբագրումների ենթարկուեց վարչապետ Էրտողանի` ապրիլի 23-ին յղած ցաւակցական ուղերձով, սակայն մինչ այդ էլ արդէն ժխտողական ուղեգծի վերախմբագրման միտումներ էին առկայ. ինչպէս, օրինակ, նախկին արտաքին գործերի նախարար Ա. Տաւութօղլուի ձեւակերպած «արդար յիշողութեան» հայեցակարգը: Հասկանալի է, որ Թուրքիան այլեւս չի կարող կիրառել իր բացայայտ կոշտ ժխտողական զինանոցը: Պէտք է փորձի նոր մօտեցումներով ժխտողականութիւնն ընկալելի դարձնել միջազգային հանրութեանը: Սա է խնդիրը, որ պաշտօնական Անգարան ամէն կերպ փորձում է շրջանառել: Ի հարկէ, բուն ժխտողականութեան հարցում էական փոփոխութիւն չի կարող լինել, եւ դա շարունակուելու է, քանի որ Հայոց ցեղասպանութեան խնդիրը Թուրքիայի համար «կարմիր գիծ» է, որը գծուած է այդ երկրի անվտանգութեան «դարպասների» մօտ: Ահա այս ընկալումն է, որով Թուրքիան առնչւում է հիմնախնդրին, ընկալում է խնդիրը: Եւ այդ գիծը ոչ մի իշխանութիւն, ինչպիսի իշխանութիւն էլ լինի, չի համարձակուի ինքնուրոյնաբար հատելու:
Հ.- Հնարաւո՞ր է` Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացի միջազգայնացմամբ ստիպել Թուրքիային` ճանաչել այն:
Պ.- Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը, ի հարկէ, իր կարեւոր դերն ունի եւ կարող է լուրջ ճնշումների տակ դնել Թուրքիային, սակայն ընդունել, որ միայն միջազգային ճանաչմամբ հնարաւոր է պարտադրել Թուրքիային` ընդունելու այն, կարծում եմ, այնքան էլ իրատեսական չէ: Եւ հարցը միայն ճանաչմանը չի վերաբերում, ինչն էլ լրջօրէն անհանգստացնում է Անգարային: Միայն միջազգային ճնշումներն այդ հարցում բաւարար չեն. պէտք է սթափ գնահատել ու ունենալ հեռանկարի ամբողջական պատկերացումներ: Անհրաժեշտ է այդ ամէնին զուգահեռ նաեւ իրաւական դաշտում գործընթաց սկսել, ինչը, սակայն, երկար ժամանակ ու աշխատանք կը պահանջի:
Հ.- Այս տարին նշանաւորուեց եւս մէկ փաստով, որ Իսլամական պետութիւնն հաստատուեց Իրաքում: Որքանո՞վ էին անբարենպաստ մեզ համար Իսլամական պետութիւն-Թուրքիա փոխյարաբերութիւնները:
Պ.- Ձեւակերպումը նախ պէտք է յստակեցուի, ճշգրտուի: Ոչ թէ «Իսլամական պետութիւնն» հաստատուեց Իրաքում, այլ ահաբեկչական կառոյցն ինքնահռչակուեց որպէս «Իսլամական պետութիւն»` Իրաքի տարածքի եւ Սիրիայի մի մասի նկատմամբ ռազմական վերահսկողութեամբ: Ընդհանրապէս, թէ՛ Իրաքում եւ թէ՛ յատկապէս, Սիրիայում ոչ միայն «Իսլամական պետութեան», այլ նաեւ ծայրայեղ արմատական իսլամական կառոյցների աշխուժացման ու գործողութիւնները խիստ անբարենպաստ էին յատկապէս տեղի հայկական համայնքների եւ ընդհանրապէս քրիստոնեաների ու ոչ մահմետական հանրոյթների համար: Յիշենք Քեսապի դէմ իրականացուած յարձակումը, Տէր Զօրի Սրբոց Նահատակաց եկեղեցու, համալիրի հիմնայատակ աւերումը, Հալէպի հայկական համայնքի ծանր իրավիճակն ու կորուստները եւ այլն: Ինչ վերաբերում է «Իսլամական պետութիւն»-Թուրքիա յարաբերութիւններին, ապա յստակ փաստեր դրանց համագործակցութեան մասին չկան: Սակայն գործընթացների, առանձին զարգացումների վերլուծութիւնը որոշակիօրէն ի ցոյց է դնում Թուրքիայի եւ դրա միջեւ հնարաւոր կապերն ու նաեւ որոշակի համագործակցութիւնը: Այդուհանդերձ, Թուրքիան որոշակի շփումներ է ունեցել «Իսլամական պետութեան» առանձին շրջանակների հետ, որոնք նաեւ ուղղորդուել են:
Հ.- 2014-ին Թուրքիայի պատմութեան մէջ առաջին անգամ քուէարկութեան միջոցով ընտրուեց 12-րդ նախագահ Ռեճեփ Թայիպ Էրտողանը: Մեզ համար ձեռնտու է կիւլենականների՞, թէ՞ Էրտողանի կողմնակիցների հետ գործ ունենալը:
Պ.- Հարցադրումը, կարծում եմ, ճշգրտման կարիք ունի: Նախ, առաջին անգամ համաժողովրդական քուէարկութեան արդիւնքում ընտրուեց նախագահը, այլ ոչ նախկինի նման խորհրդարանի կողմից: Եւ միւսը, եթէ խօսքը վերաբերում է Հայաստանի տեսանկիւնից յարաբերութիւններին, ապա կիւլենականները երբեք իշխանութեան ղեկին չեն եղել, որ հիմա հնարաւոր լինի համեմատականներ տանել ներկայիս իշխանութիւնների հետ: Չնայած, որ կիւլենական համայնքն իր ուրոյն ազդեցութիւնն ու դերն է ունեցել քաղաքական գործընթացներում, այդ թւում` իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան իշխանութեան հասցնելու հարցում, այդուհանդերձ, կիւլենականները կամ կիւլենական համայնքը երբեք իշխանութեան ղեկին չի եղել եւ հնարաւոր չէ այս առումով համեմատական մեթոտաբանութեամբ ու վերլուծութեամբ փորձել դիտարկել քաղաքականութիւնը: Հայաստանը յարաբերութիւնների հարցում յարաբերուել, յարաբերուելու է պաշտօնական Անգարայի հետ:
Հ.- 2015-ի յունիսին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրութիւններ: Արդեօ՞ք Էրտողանի կողմնակիցներին կը յաջողուի մեծամասնութիւն կազմել թուրքական խորհրդարանում:
Պ.- Թուրքիայի ներքաղաքական գործընթացները, միտումները հիմք են տալիս ենթադրելու, որ գալիք խորհրդարանական ընտրութիւններում իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը կը պահպանի իր իշխանութիւնը: Էրտողանի նախագահ ընտրուելուց եւ մի շարք ներքաղաքական գործընթացներից յետոյ ԱԲԿ-ն իրեն աւելի ինքնավստահ է զգում ներքաղաքական գործընթացներում: Բացի այդ, ներկայում ընդդիմադիր հիմնական կուսակցութիւնները չեն կարող լուրջ այլընտրանք լինել ԱԲԿ-ի դէմ: ԱԲԿ-ն դեռեւս լրջօրէն պահպանում է իր մեծ ընտրազանգուածը, որը Թուրքիայի հասարակութեան մեծամասնութիւն կազմող կրօնամէտ-պահպանողական հատուածն է, որն իր մեծ ազդեցութիւնն ունի քաղաքական, ընտրական գործընթացների վրայ: Փաստօրէն, հիմնական ընդդիմադիր «ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցութիւնների համար փորձաքարային էին այս տարի կայացած նախագահական ընտրութիւնները, որտեղ դրանք հանդէս էին եկել միասնական թեկնածուի առաջադրմամբ: Եւ սա կրկին ցոյց տուեց, որ Էրտողանը եւ ԱԲԿ-ն լուրջ հակակշիռներ չունեն քաղաքական համակարգում, որոնք կարող են ընտրութիւնների միջոցով հեռացնել ներկայիս իշխանութիւններին: Չափազանցութիւն չի լինի պնդել, որ այլեւս Թուրքիայում ԱԲԿ-ի համար վերացուած կամ գոնէ առաւելագոյն կերպով սահմանափակուած են հակակշիռներն ու վտանգները, որոնք կային նախկինում: Ուստի, 2015-ի խորհրդարանական ընտրութիւններում պատկերն էականօրէն չի փոխուի, չնայած Էրտողանի եւ ԱԲԿ-ի համար ստեղծուած վերջին շրջանի բարդ իրավիճակին:
Հ.- Ռուս-թուրքական ջերմացող յարաբերութիւններն ի՞նչ հետեւանքներ կ’ունենան մեզ համար:
Պ.- Հարցադրումն ինքնին ամբողջացնում է մեր հասարակութեան մեծ մասի մօտ առկայ ընկալումները, ինչն առնչւում է պատմական իրողութիւններին. այսինքն նաեւ կարծրատիպային է այս առումով: Ռուս-թուրքական յարաբերութիւնների խնդիրը մեզանում յաճախ դիտարկւում է նաեւ պատմական փորձառութեան մտավախութեան ու անհանգստութիւնների պրիսմակով, ինչը, մեծ հաշուով, հասկանալի է նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանն հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Սակայն ես այդ յարաբերութիւնները բնութագրելու համար չէի կիրառի ջերմացում բառը, ինչը, կարծում եմ, ռուս-թուրքական յարաբերութիւնների համար այնքան էլ տեղին չէ: Ի հարկէ, վերջին տարիներին ռուս-թուրքական յարաբերութիւնների զարգացում է նկատւում: Սակայն դա պայմանաւորուած է առաւելապէս ուժանիւթային-տնտեսական գործօնով, եւ կողմերը փորձում են, որքան հնարաւոր է շատ օգուտ քաղել մէկը միւսից: Այսինքն օգտախնդրական, գործնապաշտ շահերն են, որոնք ձեւաւորել են այդ յարաբերութիւնները, եւ որոնք էլ պայմանաւորում կամ այլ կերպ ասած ձեւաւորում են քաղաքական յարաբերութիւնները: Իսկ վերջին շրջանի աշխարհաքաղաքական բարդ իրողութիւնները երկու երկրներին, այսպէս ասած, միաւորում են իրավիճակային եւ այլընտրանքային հնարաւորութիւնների վերհանման ու բանեցման շրջանակի մէջ: Ռուս-թուրքական զարգացող յարաբերութիւններում, սակայն, կան սահմաններ ռազմաքաղաքական ոլորտում, որոնք կողմերը չեն ցանկանում անցնել: Այս պարունակում Կովկասում, մեր տարածաշրջանում նոյնպէս կան նման սահմաններ:
Հ.- Ինչպէ՞ս կարելի է բնութագրել 2014 թուականին մեր տարածաշրջանում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականութիւնը:
Պ.- Պարզ ասած` Հայաստանի մեկուսացման շարունակմանը միտուած, Ազրպէյճանի ու Վրաստանի հետ ռազմավարական համագործակցութեան ամրապնդմանն ուղղուած քաղաքականութիւն: Հայաստանի հետ յարաբերութիւնների հարցում 2014-ը նոյնն էր, ինչ նախորդ մի քանի տարիները, որեւէ բանով այն չառանձնացաւ նախորդներից: Տարածաշրջանը Թուրքիան դիտարկում է որպէս նաեւ իր ազդեցութեան գօտի, որտեղ, պատկերաւոր ասած, Վրաստանն ու Ազրպէյճանը, փաստօրէն, թուրքական շահերի կիրարկման յենասիւներն են: Թուրքիան շարունակել է Հայաստանի հետ յարաբերութիւնների հարցում իր ապակառուցողական քաղաքականութիւնը, մինչդեռ Վրաստանի եւ Ազրպէյճանի հետ յարաբերութիւնները մնում են Թուրքիայի առաջնահերթութիւններից: Անգարան շարունակել է անցնող տարում Թուրքիա-Վրաստան-Ազրպէյճան ռազմավարական առանցքի կայացմանն ուղղուած տարբեր մեքանիզմների ամրապնդումը, որը պայմանաւորուած է առաւելապէս ուժանիւթային-տնտեսական գործօնով: Նաեւ կարեւոր է ռազմական ոլորտում առկայ համագործակցութիւնը, ինչը, ինչպէս նախկինում, զօրաւոր է եղել յատկապէս Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ:
Հ.- Գիւմրի-Կարս երկաթուղին չվերագործարկուեց, մինչդեռ դրա վերագործարկումը ոչ միայն որոշակի տնտեսական աշխուժութիւն կը ստեղծէր Կարսի մարզում, այլեւ` Գիւմրու համար: Փոխարէնը, ըստ շրջանառուող լուրերի, 2015 թուականից գործարկուելու է Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղին: Կարելի՞ է պնդել, որ Գիւմրի-կարս երկաթուղին չվերագործարկուեց, քանի որ Թուրքիան դա չէր ցանկանում:
Պ.- Նախ` Գիւմրի-կարս երկաթուղու գործարկումը կախուած է քաղաքական գործօններից: Այսինքն խնդիրը վերաբերում է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ու սահմանի բացմանը: Առանց քաղաքական կարգաւորման երկաթգծի գործարկման հաւանականութիւնը զրոյական է: Ի հարկէ, քաղաքական դաշտում առաջընթացը կը բերէր նաեւ տնտեսական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման, միգուցէ նաեւ Գիւմրի-Կարս երկաթգծի առումով: Թուրքիայի համար առաջնահերթութիւնը Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթգծի գործարկումն է, որն ունի ինչպէս աշխարհաքաղաքական, այնպէս էլ հաղորդակցային կարեւոր նշանակութիւն: Նաեւ տնտեսական հիմնաւորուածութեան առումով է այն առաջնային Թուրքիայի ու նախագծի մասնակից միւս երկրների համար: Իսկ ինչ վերաբերում է 2015 թուականին Պաքու-Թիֆլիսի-Կարս երկաթգծի գործարկմանը, ապա դեռեւս հարց է, թէ արդեօ՞ք այդ ժամանակահատուածում այն պատրաստ կը լինի: Երկար ժամանակ նախագծի իրականացումն ինչ-ինչ խոչընդոտների է հանդիպել եւ` յարաձգուել: Կարծում եմ, որ հերթական անգամ նախատեսուած վերջնաժամկէտը կ՛երկարաձգուի:
«Ասպարէզ. ամ»