Հարցազրոյց` ԼՂՀ Փոխվարչապետ
Արթուր Աղաբէկեանի Հետ
ՀԱՐՑՈՒՄ.- Երկու տարուց աւելի է, ինչ դուք նշանակուել էք ԼՂՀ փոխվարչապետի պաշտօնում: Ծանօթ ենք ձեր կենսագրութեանը. 7 տարի աշխատել էք որպէս Հայաստանի պաշտպանութեան նախարարի տեղակալ եւ կեանքի էք կոչել ռազմավարական նշանակութիւն ունեցող մի շարք ծրագրեր: Փոխվարչապետի պաշտօնը որքանո՞վ նպաստեց, որ դուք շարունակէք կեանքի կոչել ձեր ծրագրերը:
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Փոխվարչապետ նշանակուելը ինչ-որ տեղ յանկարծակի էր ինձ համար, որովհետեւ երբեւէ մտքովս չէր անցել, որ կարող է նշանակուեմ այդ պաշտօնում եւ պատասխանատուութիւն ստանձնեմ ԼՂՀ կառավարութիւնում: Բայց այն, որ ոչ մի օր չեմ կտրուել Արցախից, լինի դա զօրահրամանատար եղած ժամանակ, թէ Հայաստանի կառավարութեան տարածաշրջանային համարկման վարչութեան պետի պաշտօնում, կամ Հայաստանի պաշտպանութեան նախարարի տեղակալ լինելու ժամանակ, գիտեն իմ հայրենակիցները, հադրութցիները, բոլոր նրանք, ովքեր առիթ առ առիթ շփուել են ինձ հետ: Մինչեւ այս պաշտօնում նշանակուելը, 2007-ից սկսած,` յաճախ եմ քննարկումներ ունեցել Արցախի իշխանութիւնների հետ` կապուած Արցախի ընկերային-տնտեսական վիճակի, Արցախում իշխող տրամադրութիւնների հետ:
Պաշտօնը ստանալուց անմիջապէս յետոյ նախանշել եմ այն աշխատանքների ուղղութիւնները, որ պէտք է իրագործեմ: Ի պաշտօնէ պարտականութիւններ կատարելը մէկ խնդիր է, մէկ այլ խնդիր է, որ շարունակում ես քո անձնական կապերն օգտագործել` ի շահ քո երկրի: Դրանով էլ աւելի մեծ հնարաւորութիւններ ես ունենում երկրում իշխանութիւնների առաջ ծառացած խնդիրները, ժողովրդի խնդիրները ներկայացնելու: Դա բաւական բարենպաստ պայման է, երբ փորձում ես քո ընկերներին ներգրաւել թէ՛ ընկերային, թէ՛ այլ խնդիրների լուծման մէջ: Ի դէպ, ժամանակ առ ժամանակ յորդորում եմ արցախցի պաշտօնեաներին, որ իրենք եւս օգտագործեն իրենց անձնական կապերը Արցախի հետ կապուած ծրագրերի կեանքի կոչման գործում:
ՀԱՐՑՈՒՄ.- Անցնող տարում ի՞նչ ծրագրերով էք հանդէս եկել` որպէս ԼՂՀ փոխվարչապետ: Որո՞նք են արդէն իսկ կայացած, եւ ի՞նչ ակնկալիքներ ունէք:
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- 2012 թուականին սկիզբ դրուած ծրագրերի մի մասն այսօր մտնում է աւարտական փուլ, միւս մասն արդէն լաւ հիմքերի վրայ է: Կարելի է ասել` երկու տարիների իմ ծրագրերը յաջողուել են: Ուզում եմ բերել մի կարեւոր օրինակ. մենք առաջնորդուեցինք այն կոչով, որ սեփական բանակին կերակրելը պատուաբեր գործ է, եւ այդ պատուաբեր գործը կեանքի կոչելու համար կարողացանք մի շատ կարեւոր սկզբունք որդեգրել` համագործակցելով Հայաստանի կառավարութեան հետ, պաշտպանութեան նախարարի հետ առանձին քննարկումներ անելով: Այդ ձեռքբերումն այն է, որ այսօր ԼՂՀ ՊԲ-ին մատակարարւում է մի շարք սննդատեսակներ, որոնց ծագումն Արցախից է:
Եթէ երկու տարի առաջ այս մասին խօսելն անհեթեթութիւն կարող էր թուալ, ապա այսօր արցախցու արտադրած` տարեկան 350 թոն միս է մատակարարւում ՊԲ-ին: 2014 թուականին նաեւ գետնախնձոր եւ այլ բանջարեղէն է մատակարարուել: Այս ծրագիրը լինելու է շարունակական: Եթէ Արցախում գտնուեն արտադրողներ, ովքեր կարող են բաւարարել ՊԲ-ին մատակարարուող մթերքների ցանկը, ապա նրանց արտադրանքը սպառուելու է ՊԲ-ում:
Այս պայմանաւորուածութիւնը, մասնաւորապէս Հայաստանի կառավարութեան հետ, բերեց նրան, որ Ստեփանակերտում ստեղծուեցին հարիւրաւոր աշխատատեղեր: Զինուորական հանդերձանքի, անկողնային պարագաների, հագուստի, կօշիկի արտադրութիւնը կանոնակարգուած արտադրութիւններ են, պիզնըս ծրագրեր, որոնք լծուած են ամբողջ տարին ՊԲ-ին մատակարարելու: Մենք դեռ նոր առաջարկով հանդէս ենք գալու: Ակնկալում ենք, որ 2015-ին 700 հազար զոյգ գուլպաներ բանակի համար արտադրուելու են հէնց Արցախում:
Խրախուսելու ենք նաեւ այն նախաձեռնողներին, որոնք փորձելու են Արցախի բանակի համար արտադրել ուսապարկ եւ քնապարկ: Եթէ չինացին կարող է արտադրել քնապարկ կամ ուսապարկ, ապա արցախցին դա աւելի որակեալ կ՛անի:
Միւսը` պիզնըս միջավայրի նոր սկիզբ դնելն է. այդ նոր սկիզբը յաջողութեամբ արդէն ընթանում է: 2015-ին մենք կ՛աւարտենք «Ղարմետաքս կոմբինատ» նախագիծը: 15 հազար քառ. մեթր տարածք պետութիւնը տրամադրել է արտադրողներին: Այսօր այդ տարածքում յաջողութեամբ գործում է 6 արտադրութիւն եւ աշխատում է 400-ից աւելի աշխատող: Այդ նախագծի շրջանակում ուզում եմ կարեւորել արցախեան գորգագործութեան` որպէս վերացուող մշակոյթի վերածնունդը, որի պտուղներն արդէն տեսնում ենք:
2014 թուականի կարեւոր նախաձեռնութիւն էր Արաքսի հովտի ծրագիրը: 2012 թուականից մենք բաւականին լուրջ միջոցներ ենք ծախսել, որպէսզի Արաքսի հովտի հողատարածքները դարձնենք օգտագործման համար պիտանի: Գիտակցում էինք, որ էլ աւելի մեծ ներդրումներ անելու անհրաժեշտութիւն կայ թէ՛ ջրագծերի կառուցման, թէ՛ ենթակառուցուածքների կառուցման ուղղութեամբ: Տարածքը պիտի ներդրողների համար հետաքրքիր դառնայ:
2014 թուականին լաւ նախադրեալներ են ստեղծուել, որպէսզի 2015-ին է՛լ աւելի գրաւիչ լինի հողօգտագործողների համար: Այս առումով քարոզչութեան պակաս կայ: Հողօգտագործողներին եւ ներդրողներին 2015 թուականին է՛լ աւելի լաւ պէտք է ներկայացուի Արաքսի հովիտը: Ակնկալում եմ, որ ԼՂՀ նախագահի յորդորներն այս ուղղութեամբ աւելի կ՛աշխուժացնեն «Արաքսի հովիտ» նախագիծը:
Արաքսի հովտում աշխատանքներն «Արաքս» ՓԲԸ-ի կողմից շարունակուելու են նաեւ 2015-ին: Գիւղի եւ գիւղատնտեսութեան աջակցութեան հիմնադրամը հիմնելու է նռան այգիներ եւ վաճառուելու է բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են որպէս ներդրող հանդէս գալու, բայց ի վիճակի չեն լինել հողօգտագործող:
Արաքսի հովտի ծրագրերի իրականացումը կառավարութեան կարեւորագոյն ծրագրերից է, եւ մենք անելու ենք ամէն ինչ, որ այն հասանելի լինի ողջ հայութեանը:
Կարեւոր նախագծերից մէկն էլ ազգային վիճակախաղի նախագիծն է, որը 2013 թուականի ծրագրի շարունակութիւնն է: Թիւրըմբռնում կայ հասարակութեան մէջ, որ այդ վիճակախաղն ունի իրավիճակային նշանակութիւն: Ուզում եմ նշել, որ 2014 թուականը եզրափակելուց յետոյ հանդէս ենք գալու նոր առաջարկութիւններով:
Մենք գտնում ենք, որ մեր հայրենակիցներին պէտք է հնարաւորութիւն եւ միջոց տանք նոր նախաձեռնութիւններով հանդէս գալու` լինեն դրանք աշխատատեղերի ստեղծում, վերաբնակեցման աջակցութիւն, թէ այլ ծրագրեր:
Կարեւոր ձեռքբերումներից էր նաեւ ուժանիւթային հնարաւորութիւնների ընդլայնումը: ԼՂՀ կառավարութիւնը շարունակելու է այդ բնագաւառում իր աշխատանքները: Մենք դեռ ելեկտրականութեան սպառման մեծ պահանջարկ ունենք. այդ առումով ողջունելի է ցանկացած նախաձեռնութիւն:
Անձնական կարեւոր նախաձեռնութիւններից մէկը, որ 2015 թուականին պէտք է իրականութիւն դառնայ, շրջակայքը մաքրելու, մաքուր միջավայր ձեւաւորելու հետ է կապուած: Մենք դեռ չենք կարողանում ճիշդ սանմաքրում իրականացնել մեր համայնքներում: Այս առումով հանդէս ենք եկել երկու թռիչքային ծրագրերով: Նպատակ ունենք գիւղական համայնքներում համայնքի ուժերով կազմակերպելու աղբահանման ծրագիր, եւ գիւղական համայնքի բնակիչներն իրենց մասնակցութիւնը ցուցաբերեն այդ աշխատանքներին: 2015 թուականի պիւտճէում ներգրաւուել է 9 գիւղերում սանմաքրում իրականացնելու վերաբերեալ ծախսային յօդուած:
ՀԱՐՑՈՒՄ.- Գիտենք, որ բնակչութեան համար յատուկ ընդունելութեան օրեր էք նշանակել, եւ բնակիչները կարող են անձամբ իրենց մտահոգող հարցերը ներկայացնել ձեզ: Ի՞նչ հարցերով են հիմնականում դիմում բնակիչները:
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Փոխվարչապետ նշանակուելուց յետոյ նկատեցի, որ քաղաքացիները, տարբեր հարցերի հետ կապուած, յաճախ են գալիս կառավարութիւն, նամակներով դիմում պաշտօնատար անձանց: Ինձ թւում է` մենք բաց ունենք այս առումով: Այն, ինչ չեմ արել այս երկու տարիների ընթացում, այսինքն` կազմակերպուած ընդունելութիւն, պէտք է վերանայուի: Բոլոր այն մարդկանց խնդիրները, որ ներկայացւում են, անհրաժեշտ է խմբաւորել, կանոնակարգել եւ ներկայացնել բոլոր պատասխաններն այնպէս, որ քաղաքացին համոզուած լինի, որ ինքը անտեսուած չէ, որ կայ փոխադարձ կապ պաշտօնատար անձի եւ իր միջեւ:
ՀԱՐՑՈՒՄ.- Շատ է խօսւում սահմանադրական բարեփոխումների եւ այդ տողատակում նաեւ երկրի կառավարման համակարգի փոփոխութեան մասին. ո՞րն է ձեր կարծիքն այդ հարցի վերաբերեալ:
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Նոր ստեղծուող պետութիւնները միշտ էլ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտութիւն են ունենում: Մեզ նման երկրներում, երբ արդէն սահմանադրութիւնն իր լաւ գործն արել է, եւ արդէն զգացւում է, որ նոր սահամանդրական փոփոխութիւններն ուղղակի պայմանաւորուած են անհրաժեշտութեամբ, պէտք է ժամանակ առ ժամանակ տեղի ունենան բարեփոխումներ, մանաւանդ եթէ հասարակութիւնն աշխուժ է:
Վերջերս խօսւում է սահմանադրական բարեփոխումների վերաբերեալ կառավարման ուղղահայեացի արդիւնաւէտութեան եւ ոչ արդիւնաւէտութեան մասին: Դժուար է յստակ խօսք ասել, եթէ ծանօթ ես աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, եթէ գիտես պետութիւն, որտեղ գործում է նախագահական լաւ կառավարմանն ուղղահայեաց: Խօսել ոչ արդիւնաւէտութեան մասին` կը նշանակի թիւր անձնական կարծիք արտայայտել: Ասել, որ միայն խորհրդարանական կառավարումն է ամենաընդունելի կառավարման ձեւը, նորից հարցականներ կ՛առաջացնի մարդկանց մօտ:
Կառավարման բոլոր ձեւերն ընդունելի են, եթէ համապատասխանում են այն խնդիրներին, մարտահրաւէրներին, որոնք ծառացած են տուեալ հասարակութեան առջեւ: ՀՅԴ-ն, անկախութեան առաջին օրուանից սկսած, բարձրաձայնել է, որ փոքր Հայաստանի համար ընդունելի է կառավարման խորհրդարանական ձեւը, որ իրականում ՀՀ-ի համար կիսանախագահական կառավարման ձեւն անընդունելի է: Ինչո՞ւ չէ, նաեւ լրիւ նախագահական հաստատութենական ուղղահայեացն ունի իր բացերը: Լաւագոյն տարբերակը խորհրդարանական կառավարման ձեւն է, երբ խորհրդարանում ընդգրկուած պատգամաւորներից իւրաքանչիւրն առանձին-առանձին պատասխանատուութիւն է ստանձնում երկրի կառավարման գործում: Այս ամէնը գեղեցիկ է, իրականանալի, եթէ այդ խորհրդարանը քաղաքական խորհրդարան է:
Եթէ խօսենք Արցախի մասին, ապա այս առումով մենք պէտք չէ անմասն մնանք ՀՀ-ում ընթացող քննարկումներից, որովհետեւ ՀՅԴ իւրաքանչիւր նախաձեռնութեան հիմքում ընկած է միացեալ Հայաստան ունենալու նպատակը:
Սահմանադրական պահանջ է, որ 2015 թուականին Արցախը պէտք է ունենայ մասնագիտական խորհրդարան: Սա պէտք է գիտակցի մեր հասարակութիւնը:
ՀԱՐՑՈՒՄ.- 2015 թուականը քաղաքական տարի է, առջեւում խորհրդարանական ընտրութիւններ են: Ի՞նչ ծրագրեր եւ ակնկալիքներ ունէք` որպէս ՀՅԴ ԿԿ անդամ:
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- Իրականում հարցը ճիշդ էք ձեւակերպում այն առումով, որ մինչեւ փոխվարչապետ նշանակուելն իմ գործունէութիւնը մի կողմից պայմանաւորուած էր որպէս դաշնակցական, միւս կողմից, մաս չկազմելով տեղի կառոյցին, մեծ առնչութիւն չեմ ունեցել կառոյցի` ԿԿ խնդիրների կեանքի կոչմանը: Սակայն, ի պաշտօնէ աշխատելով Արցախում, արդէն կամայ թէ ակամայ գործում ես այդ ուղղահայեացում: ԿԿ անդամ ընտրուելուց յետոյ կուսակցութեան գործունէութեան մէջ յստակ պարտականութիւններ եմ ստանձնել, որը ե՛ւ ուրախալի, ե՛ւ պատասխանատու գործ է:
Այն ոգին, որով ՀՅԴ Արցախի ԿԿ-ն գործել է 1991 թուականին, երբ Արցախը շրջափակուած էր, եւ ամբողջ պատասխանատուութիւնն ընկած էր Արցախի կառոյցի վրայ, առանձնապէս չի փոխուել: Ժամանակներն անցել են, խնդիրները վերանայուել են, բայց ինչ առաքելութեամբ ՀՅԴ-ն գործել է Արցախում, նոյն առաքելութեամբ պէտք է շարունակի գործել` համագործակցելով տեղի կուսակցութիւնների հետ, մասնակցելով համապետական նշանակութեան բոլոր քաղաքական միջոցառումներին, ԱԺ ձեւաւորմանը:
Ժամանակին կէս կատակ, կէս լուրջ ասում էի` Արցախի հասարակութեանը «Ազատութիւն կամ մահ»-ը նորից մատուցելու անհրաժեշտութիւն կայ: Արցախցիները «Ազատութիւն կամ մահ»-ը յաճախ շփոթում են վաղը պատերազմ սկսելու ցանկութեան հետ: Այս առումով, ԿԿ անդամ լինելով, կրկին բարձրաձայնում եմ, որ ՀՅԴ-ն Արցախում է, որովհետեւ Արցախը դրա կարիքն ունեցել է եւ ունի: Մենք անելիքներ ունենք Արցախում, եւ մեր անելիքները մեր հասարակութեան ամէնօրեայ, երկարաժամկէտ եւ համահայկական նշանակութեան խնդիրների լուծումն է:
ՀԱՐՑՈՒՄ.- 2015-ին ի՞նչ կը մաղթէիք Արցախի հասարակութեանը եւ Արցախին:
ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԷԿԵԱՆ.- 2014 թուականը ծանր տարի էր, որովհետեւ հակառակորդը ժամանակ առ ժամանակ փորձում էր ահաբեկել մեր հասարակութեանը: Փա՛ռք հայութեանը, որ կարողացաւ եւս մէկ անգամ ապացուցել, որ հաստատակամ է իր որոշումներում: Պէտք է շնորհակալ լինենք իրարից եւ մաղթենք, որ 2015 թուականին ունենանք կամք, կարողութիւն եւ համբերութիւն, որպէսզի Արցախը կարողանայ դիմակայել ինչպէս մարտավարական նշանակութեան մարտահրաւէրներին, այնպէս էլ շարունակի կառչած մնալ իր հողին, որպէսզի միջազգային հանրութիւնը գիտակցի, որ արցախցին հաստատակամ է, որպէսզի մի օր տարածաշրջանում իշխի խաղաղութիւնը: Ցանկանում եմ ընտանեկան երջանկութիւն` իւրաքանչիւր արցախցու: Վստահ եմ` դա այն ամուր հենքն է, որ եղել է դարեր առաջ, հիմա եւ ընդմիշտ:
«ԱՊԱՌԱԺ»