ԹՈՒՐՔԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐԹԱԼ
«Նոր Թուրքիա ռազմավարական կենտրոնը» (YTSAM) 4000 էջից բաղկացած 5 հատորեակ է հրատարակել, որի նպատակը Հայոց ցեղասպանութեան ժխտումն է: Այս մասին տեղեկացնում է ազգայնական «Ենի Աքիթ» պարբերականը:
Թուրքիայի կրթութեան նախկին նախարարներից մէկի, գրող եւ քաղաքագէտ Հասան Ճելալ Կիւզելի գլխաւորութեամբ ստեղծուած «նոր Թուրքիա ռազմավարական կենտրոնը» այլ հարցերի հետ մէկտեղ զբաղւում է հակահայկական քարոզչութեամբ:
Մինչ օրս պատմական իրողութեան դէմ ժխտողական բովանդակութեամբ 7 լեզուներով 20 տարբեր պրոշիւրներ տպագրած կենդրոնը այս անգամ Հայոց ցեղասպանութեան փաստը ժխտելու նպատակով 4000 էջից բաղկացած 5 հատորեակ է հրատարակել:
«Նոր Թուրքիա»-ի 5 հատորեայ «Հայկական հարցի յատուկ ամսագիրն» իրենից ներկայացնում է 249 գիտական եւ ակադեմական յօդուածներ, բաղկացած է 15 գլուխներից եւ 31 ենթագլուխներից: Հատորեակը թուրքերէն է: Գրքի հեղինակները չեն թաքցրել, որ տպագրութիւնն իրականացուել է 2015 թուականին ընդառաջ:
Նշենք, որ յատկապէս վերջին տարիներին մեծ քանակութեամբ հակահայ բովանդակութեամբ գիտական գրականութիւն է տպագրուել: Բազմահատորեայ գրքերը թարգմանւում են այլ լեզուներով եւ մեծաքանակ տարածւում արտասահմանեան տարբեր կառոյցներում, ուսումնական հաստատութիւններում: